Ուղղախոսական բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուղղախոսական բառարան, բառարանի տեսակ. կարող է ընդգրկել լեզվի մեջ գործածվող բոլոր բառերը` սահմանված, նորմավորված արտասանությամբ. կարող է և ներառել միայն գրության և արտասանության տարբերության կամ արտասանական դժվարություն ունեցողները։

Մեզանում տիպիկ ուղղախոսական բառարաններ չեն ստեղծվել, մեծ մասամբ դրանք ունեցել են առանձին բառարաններին կից կազմված բառացանկերի տեսք կամ էլ զուգակցված այլ բնույթի (օրինակ` ուղղագրական) բառարանի բառացանկի հետ. օրինակ, Արարատ Ղարիբյանի և Գևորգ Պարիսի «Դպրոցական ուղղագրական բառարանի» բառացանկին կից` վերջում կա «Ուղղախոսական համառոտ բառարան» հատվածը։

Ամենաընդարձակը այս բնագավառում Հովհաննես Բարսեղյանի կազմած «Ուղղագրական-ուղղախոսական, տերմինաբանական բառարանն» է (Երևան, 1973)։ Գլխաբառի դիմաց (փակագծերում) ցուցադրված են գրությանը չհամապատասխանող արտասանությունները (բառերը կամ համապատասխան հնչյունակապակցությունները). շեշտի նշանը գործածված է շեշտադրության մեջ կանոնական դեպքերի համար. ձայնարկություններն ունեն համապատասխանաբար բացականչական նշան կամ շեշտանշան։

Աղբյուրներ [խմբագրել]

  • Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 598։