Դարձվածաբանական բառարան
Դարձվածաբանական բառարան, բառարանի տեսակ. բառացանկի մեջ ընդգրկվում են լեզվի դարձվածքները, դարձվածաբանական միավորները։ Երբ այն բացատրական բնույթ ունի, կոչվում է դարձվածաբանական-բացատրական բառարան։ Լինում են նաև թարգմանական և թարգմանական-բացատրական։
Մեզանում այս բնագավառի առաջին խոշոր գործը Սահակ Ամատունու «Հայոց բառ ու բանն» է (Վաղարշապատ, 1912)։ Բառարանում տեղ են գտել խոսակցական հայերենի, բարբառների բառերն ու դարձվածաբանական նյութը։ Բառացանկում կան 16 հազար բառ և դարձվածաբանական միավոր։ Դարձվածքներ են ըդգրկում նաև Հրաչյա Աճառյանի «Գավառական բառարանը» (Մոսկվա, 1913), Կարապետ Գաբիկյանի «Բառգիրք սեբաստահայ գավառաբարբառի» (Երուսաղեմ, 1952) աշխատությունը։
Իր տեսակի մեջ ամենախոշոր աշխատությունը Աշոտ Սուքիասյանի և Սերգեյ Գալստյանի «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարանն» է (Երևան, 1975)։
Աղբյուրներ [խմբագրել]
- Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 173—174։
- Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 81։