Քանդակագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քանդակագործությունը պատկերում է հիմնականում մարդուն, կենդանիներ (անիմալիստական ժանր), սակավ՝ բնությունը (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտ)։ Քանդակը, սովորաբար, նախ կերտում են կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլում գիպսից. գիպսե ձուլածոները ծառայում են նաև որպես մոդել՝ քանդակն ավելի մնայուն նյութերով (փայտ, քար, մետաղ) վերստեղծելու համար։ Քանդակն ունի 2 ենթատեսակ՝ բոլորաքանդակ (ստեղծագործությունը բոլոր կողմերից տեսանելի է) և ռելիեֆ (պատկերը հարթության վրա փորագրվում է կամ կերտվում որոշակի ցցունությամբ)։ Ռելիեֆները, ըստ ծավալային պատկերաձևերի, լինում են բարձրաքանդակ (քանդակապատկերի ծավալի կեսից ավելին դուրս է մակերեսից), հարթաքանդակ (քանդակապատկերի ծավալի կեսից պակասը դուրս է մակերեսից) և խորաքանդակ (մակերեսից խոր ընկած քանդակապատկեր), որոնք հարդարում են շենքի ճակատը, գոտին, ճակտոնը, ներսի պատերն ու առաստաղը (առաստաղապատկեր)։ Քանդակագործության մեջ տարբերակում են մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ և փոքր ձևերի քանդակներ։ Մոնումենտալ քանդակի նպատակը կարևոր գաղափարների, պատմական իրադարձությունների, ականավոր մարդկանց դերի քարոզումն է և հիշատակի հավերժացումը. դրվում է բաց տարածության մեջ և հասարակական վայրերում։ Հաստոցային քանդակը բնական կամ ճարտարապետական միջավայրից կախում չունի. դրվում է թանգարաններում, հասարակական կամ բնակելի շենքերի ներսում։ Մեծ հնարավորություններ ունի թե՜ բոլորաքանդակում, թե՜ ռելիեֆում մարմնավորելու թեմատիկ զանազան իրավիճակներ և արտահայտելու կերպարի ներաշխարհի առանձնահատկությունները։ Դեկորատիվ քանդակը զարդարման միջոց է և սովորաբար համադրվում է ճարտարապետության հետ։