Տիբերիոս
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տիբերիոս (լատիներեն` Tiberius Caesar Augustus, ծնունդով` Տիբերիոս Կլավդիոս Ներոն (Tiberius Claudius Nero), մ.թ.ա. 42 թ. – մ.թ. 37թ.), հռոմեական կայսր 14 - 37թթ., Հուլիոսների-Կլավդիոսների հարստությունից: Մայրը` Լիվիան մ.թ.ա. 38թ., երբ Տիբերիոսը չորս տարեկան էր, ամուսնալուծվել է առաջին ամուսնուց, որպեսզի ամուսնանա Օկտավիանոս Օգոստոսի հետ: Մ.թ. 4թ. երբ Տիբերիոսը որդեգրվեց Օգոստոսի կողմից, նա սկսեց անվանվել Տիբերիոս Կեսար, իսկ Օգոստոսի մահից հետո` Տիբերիոս Կեսար Օգոստոս: Նախքան գահը ժառանգելը զբաղեցնում էր մի շարք պաշտոններ, կատարում կայսրի հատուկ հանձնարարությունները: Աչքի է ընկել նաև որպես ռազմական գործիչ, հռոմեական զորքերի հրամանատար` մ.թ.ա. 12-9 թթ. գրավելով Պանոնիան (Դանուբ գետի վրա), հաջող ռազմական գործողություններ վարելով Գերմանիայում (մ.թ.ա. 9–7 թթ և նորից մ.թ. 4–6 թթ): Մ.թ. 6–9 թթ. ճնշել է Իլիրիկում և Պանոնիայում ծագած ապստամբությունները: Տիբերիոսը հպատակեցրել է Հռոմի իշխանությանը առ Հռենոս և Դանուբ ընկած տարածքները` դարձնելով այդ գետերը կայսրության սահմանագիծ:
Տիբերիոսի անձնական կյանքը Օգոստոսի կողմից զոհաբերվեց կասերական դինաստիական շահերին: Մ.թ.ա. 11թ. Օգոստոսը ստիպեց Տիբերիոսին ամունալուծվել իր հղի կնոջ` Վիպսանիա Ագրիպայի հետ, որից նա արդեն ուներ որդի և ամուսնանալ Օգոստոսի այրի դստեր Յուլիայի հետ: Ամուսնությունը հաջող ընթացք չունեցավ և, հնարավոր է, բացասաբար անդրադարձավ Տիբերիոսի բնավորության վրա: Մ.թ.ա. 6 թ. Տիբերիոսը թողնում է Հռոմը և հեռանում հունական Հռոդոս կղզի, որտեղ մնում է մինչև մ.թ. 2թ.: Տիբերիոսի այդ քայլը հարուցում է Օգոստոսի դժգոհությունը, նամանավանդ, որ մինչ այդ նա հինգ տարով շնորհել էր Տիբերիոսին տրիբունի լիզորություններ: Մ.թ.ա. 2 թ. Օգոստոսը դատապարտում է իր աղջկան` Յուլիային ամուսնական անհավատարմության համար և խզում նրա ու Տիբերիոսի միջև ամուսնությունը: Մ.թ. 4 թ., Օգոստոսի թոռներ` Լուցիոս և Գայոս Կեսարների հաջորդական մահերից հետո, կայսրը որդեգրում է Տիբերիոսին` պարտավորեցնելով նրան իր հերթին որդեգրել Գերմանիկոսին, որը Տիբերիոսի եղբորորդին էր և Օգոստոսի քրոջ թոռը: Հաջորդ 10 տարիներին Տիբերիոսը փաստորեն Օգոստոս կայսեր գահակիցն էր:
Մ.թ. 14թ. օգոստոսի 19-ին Օկտավիանոս Կեսարի մահից հետո Տիբերիոսը ժառանգում է գահը` սեպտեմբերի 17-ին ստանալով սենատի համաձայնությունը: Տիբերիոսի պրինցիպատը անցնում էր Օգոստոսի պատգամներին հավատարիմ մնալու նշանի տակ: Արտաքին քաղաքականության բնագավառում նոր կայսրը հետևում էր գոյություն ունեցեղ սահմանների պահպանման և ամրապնդման սկզբունքին: Մ.թ. 17 թ. հռոմեական նահանգ է դառնում Կապադովկիան, որը մինչ այդ կախվածության մեջ էր Հռոմից: Մ.թ. 21թ. Գաղիայում ծագած խռովությունը հեշտությամբ ճնշվում է: Տիբերիոսի գահակալության տարիներին Հռոմեական կայսրությանը երկու անգամ սպառնում էր պատերազմ Պարթևաստանի հետ, սակայն մ.թ. 18 թ. կոնֆլիկտը հաջողվեց մարել Արևելք արտակարգ լիազորություններով ուղարկված Գերմանիկոսի միջոցով, իսկ 30-ական թթ. սկզբներին խաղաղությունը հաջողվեց պահպանել Ասորիքի կուսակալ Լուցիոս Վիտելիոսի շնորհիվ: Հռոմի նահանգները Տիբերիոսի օրոք ծաղկում էին, առաջին հերթին շնորհիվ կայսեր խնայողական քաղաքականության և խաղաղասիրության:
Այլ էր կացությունը Հռոմ քաղաքում, որտեղ Տիբերիոսն իր իշխանությանը սպառնացող իսկական և երևակայական վտանգները չեզոքացնելու համար հալածանքների քաղաքականություն էր վարում, որին զոհ գնացին բազմաթիվ սենատորներ և անգամ իր բարեկամներն ու ընտանիքի անդամները: Սովորական երևույթ էին դարձել պետական դավաճանության մեղադրանքով դատավարությունները, որոնց արդյունքում շատերը դատապարտվում էին մահապատժի կամ աքսորի: Երբ մ.թ. 19 թ. Ասորիքում մահացավ Գերմանիկոսը հռոմեացիները կասկածեցին, որ նա թունավորվել է Տիբերիոսի հրամանով: Մ.թ. 23 թ. Հռոմում մահանում է Տիբերիոսի որդին` Դրուզոսը, որը թունավորվել էր Տիբերիոսի աջ ձեռք հանդիսացող պրետորիանական գվարդիայի հրամանատար Էլիուս Սեանուսի կողմից: Ատելությունը Հռոմի բնակչության նկատմամբ կամ իր կյանքի համար վախը ստիպում են Տիբերիոսին հեռանալ Հռոմից և մ.թ. 26թ. հաստատվել Կապրի կղզում: Տիբերիոսի բացակայությունը բացասաբար անդրադարձավ կայսրության կառավարման վրա: Սեանուսը, որը փոխարինում էր Տիբերիոսին Հռոմում, ձգտում էր իշխանության և դավադրություն կազմեց, սակայն մ.թ. 31թ. կայսրը նախահարված հասցրեց` նրան մահապատժի ենթարկելով: Դրանից հետո Տիբերիոսը իր ժառանգ նշանակեց Գերմանիկոսի որդուն` ապագա Կալիգուլային: Մ.թ. 37թ. կայսեր առողջությունը սկսեց կտրուկ վատթարանալ և 37թ. մարտի 16-ին նա մահանում է Կամպանիա երկրամասի Միզեն բնակավայրում իր առանձնատանը: Հռոմեացի պատմիչ Կոռնելիոս Տակիտոսը հաղորդում է, որ Տիբերիոսը սկզբում կորցրել էր գիտակցությունը, սակայն բոլոր ներկաները կարծեցին, որ կայսրը մահացել է և սկսեցին շնորհավորել Կալիգուլային: Այդ ժամանակ Տիբերիոսը բացում է աչքերը` սարսափի մատնելով ներկաներին, որոնք արագ ցրվեցին: Սակայն պրետորիանական գվարդիայի հրամանատար Մակրոնը, որը Կալիգուլայի կողմնակիցն էր, չկորցնելով սառնասրտությունն ու վճռականությունը, խեղդամահ արեց Տիբերիոսին` թաղելով նրան Կապրիից բերված հագուստների կույտի տակ: