Երվանդունիներ
Երվանդունիներ՝ հայկական թագավորական և սատրապական տոհմ մթա VI-II դարերում։ Երվանդունիների մասին պահպանված տեղեկությունները հակասական են։ Այդ պատճառով Երվանդունիների ծագումը, Հայաստանում նրանց միասնաբար և անընդմեջ իշխելու հանգամանքները դեռևս վիճելի են պատմագիտության մեջ։ Ըստ Մովսես Խորենացու, Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը և նրա գահաժառանգ որդի Տիգրանը Մարաց թագավոր Աժդահակի ժամանակակիցներ էին։ Այս տեղեկությունը հաստատվում է նաև Տիգրանի և նրա հոր մասին Քսենոփոնի հաղորդմամբ։ Ուստի, հավանական է Երվանդունիների ծագումը այս թագավորներից։ Պերգամոն քաղաքից 12 կմ հեռավորության վրա գտնված մի հունարեն արձանագրության մեջ Հայաստանի սատրապ Երվանդ Բ–ին վերագրված է բակտրիական ծագում։ Իսկ Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի նախնիներին նվիրված Նեմրութ լեռան արձանագրության մեջ Երվանդունիները դասված են Դարեհ Աքեմենյան արքայի հաջորդների ցանկում։ Քանի որ Երվանդ Բ Աքեմենյան Արտաքսերքսես II արքայի փեսան էր, ուրեմն նրա սերունդը կարող էր մայրական գծով ճանաչվել Աքեմենյան։ Երավնդունիների Աքեմենյան շառավիղ լինելու հանգամանքը երբեմն ընդգծվել և գերագնահատվել է։ Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I–ի զինակից Հիդարնեսի սերունդ։ Ստրաբոնի այդ վկայության հիման վրա ուսումնասիրողները կարծում են, որ Դարեհ I, վերացնելով Հայաստանի թագավորությունը, որի գահակալները սերում էին Երվանդ Ա Սակավակյացից, Հայաստանի սատրապ է նշանակել Հիդարնեսին, և նրա հաջորդները ժառանգաբար իշխել են մինչև մթա III դ վերջը։ Որովհետև այդ տոհմում հիշատակվում են Երվանդ անունով չորս թագավոր ու սատրապ, ուստի ենթադրում են, որ Հիդարնես Ա կամ նրան հաջորդած համանուն որդին, իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու համար խնամիացել են Հայոց Երվանդունիների տոհմի հետ։
[խմբագրել] Երվանդունիների արքայացանկը
- Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. մոտ 570-560
- Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535
- Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515
- Հիդարնես Ա մ.թ.ա. VI դ.
- Հիդարնես Բ մ.թ.ա. V դ.
- Հիդարնես Գ մ.թ.ա. V դ. կես
- Արտաշիր մ.թ.ա. V դ. 2–րդ կես
- Երվանդ Բ մ.թ.ա. 404-360
- Երվանդ Գ մ.թ.ա. 330-300
- Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. III դ. վերջին քառորդ
[խմբագրել] Աղբյուրներ
Հ. Մանանդյան, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ 1-3, Երևան.1945-52