Հայ ֆիդայական շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ ֆիդայական շարժման դրոշ (ՀՅԴ)
Հայդուկների պուրակը Գյումրիում

Հայ հայդուկային շարժում, ֆիդայական շարժում, թուրքական բռնատիրության դեմ արևմտահայերի ազգային-ազատագրական զինված պայքարի ձև։ Ձևավորվել է 19-րդ դարի 80-ական թվականների կեսին։ Սկզբնական շրջանում հստակ քաղաքական նպատակներ չուներ։

Շարժման խնդիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդիրն էր պաշտպանել հայ բնակչությանը թուրք հարստահարիչների ոտնձգություններից, վրեժխնդիր լինել նրանց կամայականություններին ու չարագործություններին զոհ դարձող արևմտահայ աշխատավորի համար։ Հայդուկների գործողությունները տարերային էին ու ցրված։ Հայերի կյանքը, կայքն ու արժանապատվությունը պաշտպանելիս ֆիդայիները միշտ ստացել են ժողովրդի օգնությունը։ Նրանց շարքերը մշտապես լրացրել են պայքարին զինվորագրված հայրենասեր նոր երիտասարդներ։ Հայ մարտիկներն աչքի են ընկել համարձակությամբ ու անձնազոհությամբ, հաճախ, կռվի բռնվելով թշնամու գերակշիռ ուժերի հետ, դիմակայել են ու հաղթել։ Դա ոգևորել է հայ բնակչությանը՝ զինված պայքարի ելնելու հարստահարիչների դեմ։

Արաբո (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան, 1863 - 1895)

Հայդուկային առաջին խմբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ հայդուկային առաջին խմբերն առաջացել են Տարոնում, Վասպուրականում, Կեսարիայում և Արևմտյան Հայաստանի այլ վայրերում։ Առավել հայտնի էին Մարգար Վարժապետի, Արաբոյի, Ռ.Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գ.Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Ա.Աչըքպաշյանի, Մինասօղլու խմբերը, Մեծ և Փոքր «Չելլոները» և ուրիշներ։ Այս շրջանում հայդուկների որոշ ղեկավարներ (Ա.Աչըքպաշյան և ուրիշներ) փորձեր են արել համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ-անջատ ֆիդայական խմբերի գործողությունները։ Սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ հետևողական չէին և շոշափելի արդյունք չեն տվել։ Հաջողություն չի ունեցել և չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը դաշինք հաստատել Օսմանյան կայսրությունում ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի, ազգազատագրական շարժման հետ։ Հայդուկները որոշակի աշխատանք են կատարել՝ ամրապնդելու կապերը հայ ժողովրդի երկու հատվածների միջև, նրանցից շատերը այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։ 1880-1890-ական թթ. կովկասահայ երիտասարդների, ինչպես նաև Ռուսաստանում ապրող հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի հանդեպ, և գնալով ծավալվել է օգնության շարժումը։ Շատ հայ երիտասարդներ, գլխավորապես ուսանողներ, գալիս էին Թուրքիային մոտ կամ սահմանակից շրջաններ (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն), կազմում հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով փորձում անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Վարդան Գոլոշյանի, Սարգիս Կուկունյանի ձեռնարկները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք էին փոխադրում Ռուսաստանից, Անդրկովկասից, Պարսկաստանից։

Անդրանիկ Օզանյան

Հայ հայդուկային շարժման 2-րդ փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1890-ական թթ. սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ է ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպանական մարտերը, ինչը պայմանավորված էր հայ ազգային կուսակցությունների՝ հնչակյան կուսակցության և հայ հեղափոխական դաշնակցության ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց կազմակերպությունների առաջացումով (Հայ հայդուկային շարժուման 2-րդ փուլ)։ Եվ քանի որ ազգային կուսակցությունները ծնվել էին հայ ժողովրդի ազատագրական պայքարի հետևանքով, և նրանց հիմնական նպատակն էր հայկական հարցի լուծումը՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, ուստի պետք է համագործակցեին այնտեղ գործող հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Սկզբից ևեթ կուսակցությունները ֆիդայիներին համարել են իրենց մարտական ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունել ազգային կուսակցությունների գաղափարական ղեկավարությունը։ Հայդուկային շարժումը, որ սկզբնավորվել էր անկախ հայ քաղաքական կուսակցություններից, հետագայում զարգացավ նրանց ղեկավարությամբ։

Համագործակցություն կուսակցությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիդայիների հարելը հնչակյաններին կամ դաշնակցականներին սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսակցություններից որն էր ավելի ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում։ Քիչ չեն դեպքերը, երբ ֆիդայիները նախ գործակցել են հնչակյանների, ապա դաշնակցականների հետ։ Հետագայում՝ 19-րդ դարի 90-ական թթ. 2-րդ կեսից դաշնակցությունը, դառնալով ավելի ազդեցիկ, ղեկավարեց հայդուկային շարժումը, և մեծ թվով ֆիդայիներ դարձան դաշնակցության անդամ։ Լայնորեն ծավալվում էր ֆիդայական շարժումն Արևմտյան Հայաստանի շատ շրջաններում և Կիլիկիայում։

Հայերի ինքնապաշտպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը ձեռնամուխ եղավ Թուրքիայում հայ բնակչության զանգվածային բնաջնջմանը (Հայկական կոտորածներ 1894-1896), ֆիդայիներն ակտիվորեն մասնակցեցին հայերի ինքնապաշտպանությանը (Խլաթ,  Սասուն, Վան, Շապին Գարահիսար և այլն)։ Հայդուկների հաջող գործողությունները նորից հույս ներշնչեցին Արևմտյան Հայաստանում ընդհանուր ապստամբության նախապատրաստման և անցկացման, ինչպես նաև սուլթանական բռնության դեմ կայսրության բոլոր ճնշված ժողովուրդների միացյալ ճակատ ստեղծելու համար։ Այս գաղափարը պաշտպանեցին դաշնակցական որոշ գործիչներ։ Սակայն քրդերի հետ միություն կազմելու փորձն արդյունք չտվեց։ Ավելին, Թուրքիայի կառավարող շրջաններին հաջողվեց իրենց կողմը քաշել քուրդ ցեղերին ու ցեղապետներին ընդդեմ հայերի։

Աղբյուր Սերոբ (Սերոբ Վարդանյան)

Պայքարի հիմնական ուժը դարձյալ զինված հայդուկային խմբերն էին, որոնք համառ դիմադրություն էին ցույց տալիս թուրք ու քուրդ հրոսակներին, մարդասպաններին, «ջանբեզարների» ավազակախմբերին (Բաբշենի կռիվ 1898, Խաստուրի կռիվ 1899, Սպաղանքի կռիվներ 1899, 1900, Ցրոնքի կռիվ 1899, Բերդակի կռիվ 1901, Նորշենի կռիվ 1901, Առաքելոց վանքի կռիվ 1901)։ Հայդուկային շարժման պոռթկում էր 1904-ի Սասունի ապստամբությունը։ Այս շրջանում հանդես եկան ժողովրդի մեջ մեծ համբավ հանած ֆիդայիներ Աղբյուր Սերոբը, Անդրանիկը, Գևորգ Չավուշը, Նիկոլ Դումանը, Ժիրայրը, Հրայրը, Սպաղանաց Մակարը և ուրիշներ։ Նրանցից շատերը հերոսաբար ընկան անհավասար մարտերում՝ ժողովրդի մեջ թողնելով բարի հիշատակ։

Հայդուկային շարժումները 20-րդ դարի սկզբին[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին շարունակվում էր Կովկասից և Իրանից զենքի ու զինամթերքի փոխադրումն Արևմտյան Հայաստան։ Խմբերը կազմակերպում, հանդերձավորում և զինում էին հայ ազգային կուսակցությունները։ Այդ ճանապարհին, սակայն, խոչընդոտ էին ինչպես թուրքերը, այնպես էլ ռուս, սահմանապահ իշխանությունները, ինչի հետևանքով այդ ձեռնարկումները հաճախ մատնվում էին անհաջողության։ 1901 թ-ի մայիսի 25-ին սահմանն անցել և Սասուն է հասել Թորգոմի գլխավորած «Մրրիկ» հեծյալ խումբը (33 մարդ)։ Նույն թվականի սեպտեմբերի սկզբին Գերմանիայում ուսանող Աբրահամյանը 50 մարդուց կազմված զինված խմբի գլուխ անցած փորձել է անցնել սահմանը և ձերբակալվել է։ Սեպտեմբերի 30-ին Բասենում թուրք, զորաջոկատի հետ ընդհարվել է «Կայծակ» հեծելախումբը (53 մարդ)։ 1904-ի մայիսի վերջին Աշոտ Երկաթի (Արմենակ Լևոնյան) և քղեցի Պողոսի (Թոխմախ) գլխավորած մարտական խումբը (35 մարդ) Իգդիրից Սասուն գնալիս, Արճեշի Սոսկուն գյուղի մոտ ընդհարվել է քրդերի հետ, պաշարվել թուրք, կանոնավոր բանակի կողմից և զոհվել անհավասար կռվում։ Նույն ամսին Փոխիկի ղեկավարությամբ 14 հեծյալից կազմված խումբը Սալմաստից Վան ճանապարհին ընդհարվել է թուրք զինվորների ու քրդերի հետ և զոհվել։ Հունիսին Դժոխքի (Վաղարշակ) գլխավորած «Դժոխք» հեծելախումբը (29 մարդ) Արևմտյան Հայաստան անցնելիս Զևինի մոտ կռվի է բռնվել թուրք զինվորների ու քրդերի հետ և պարտվել։ Նույն ամսին Նիկոլ Դումանի հեծյալ խումբը (18 մարդ, այդ թվում բժիշկ Յա. Զավրիևը), սահմանագլխին բախվելով թուրք, զինված ուժի հետ, ցրվել է և վերադարձել Պարսկաստան։ Հուլիսի 24-ին 102 մարդուց կազմված հայ կամավորների մի խումբ Գայլ Վահանի և Կապիտան Բաբկենի (Նիկողոս Տեր-Խաչատրյան) ղեկավարությամբ անցել է սահմանն Արարատի ուղղությամբ։ «Արտավազդ» խումբը Գայլ Վահանի գլխավորությամբ շարժվել է դեպի Մոսուն գյուղը, իսկ «Մասիս» խումբը Միհրանի (Գաբրիել Քեշիշյան) գլխավորությամբ դեպի Զոր։ Հանդիպելով թուրք զինվորների և քուրդ հրոսակների՝ ընդհարվել են։ Խումբը հետ է դարձել, անցել սահմանը և ցրվել։ Արևմտահայերին օգնության շտապող այդ խմբերը չեն հաջողել, քանի որ կազմակերպվել են հապճեպ, առանց գործողությունների մշակված ծրագրերի, հաշվի չեն առնվել առկա պայմաններն ու հնարավորությունները։

Խանասորի արշավանք

Հայդուկային արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի են նաև վրեժխնդրության և առանձին թուրքական ու քրդական խմբեր ոչնչացնելու նպատակով կազմակերպված հայդուկային արշավանքներ։ Առավել հայտնի է 1897 թվականին իրականացրած Խանասորի արշավանքը։ 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո հայդուկային շարժումը վայրէջք է ապրել։ Մնալով հիմնականում որպես առանձին խմբերի գործողություններ (Ալվառինջի կռիվ 1905, Սուլուխի կռիվ 1907)՝ Հայ հայդուկային շարժումը դատապարտված էր անհաջողության։ Գործողությունների միասնական ծրագրի բացակայությունը, ուժերը միավորելու ապարդյուն փորձերը, ինչպես նաև թշնամու ուժերի գերակշռությունը հիմնական պատճառներն էին, որոնք կանխորոշեցին հայդուկային շարժման ելքը։ Դրա հետ մեկտեղ ֆիդայիների քաջությունը, անձնազոհությունը, ամենաաննպաստ պայմաններում պայքարի նրանց պատրաստականությունը մեծ դեր խաղացին հայ ժողովրդին ազատագրական պայքարի պատրաստելու համար։ Հայ հայդուկային շարժում հայ ժողովրդի ազգազատագրական պայքարի վառ էջերից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։