Գագիկ Ա

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գագիկ Ա (ծն. թ. անհայտ– 1020), Հայոց թագավոր 989–ից։ Բագրատունիների հարստությունից։ Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց և վրաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարուկակել է պայքարը՝ Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինզկզն դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ Xդ. վերջին Ատրպատականի ամիրա Մամլունը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրապաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ 1000–ին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունիների թագավորության սահմանները տարածել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։ Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։

[խմբագրել] Աղբյուներ, նշումներ, հղումներ

Աղբյուրներ, նշումներ, հղումներ:
  1. Հայկական Սովետական Հանրագիտարան
Անձնական գործիքներ
Այլ լեզուներով