Մանազկերտ
Մանազկերտ, քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառում, Արածանիի միջին հոսանքում, ձախ ափին:Եղել է Ապահունիք գավառի կենտրոնը, Մանավազյան նախարարների աթոռանիստը: Մանազկերտի դաշտը պատված է հարթ, մի քանի շերտից բաղկացած սև քարերով: Մատենագրության մեջ Մանազկերտը հիշատակված է որպես գյուղ, գյուղաքաղաք կամ բերդաքաղաք: Հայկական հնագույն ավանդության համաձայն, Հայկ Նահապետի որդի Մանավազը հիմնադրել է Մանազկերտը և անվանել Մանավազակերտ, որը հետագայում կրճատ ձևով կոչվել է Մանազկերտ: Ենթադրվում է, որ Մանազկերտը հիմնադրել է ուրարտական Մենուա թագավորը (մթա մոտ 810-778): Այստեղ պահպանվել են Մենուայի սեպագիր մի քանի արձանագրություններ, որոնք զետեղված են ուրարտական արձանագրությունների ժողովածուներում: Մինչև IV դ Մանազկերտին տիրել են Մանավազյանները: Այս տոհմի բնաջնջումից հետո Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակը Մանազկերտը գավառով հանդերձ, պարգևել է Աղբիանոսյան տոհմին, որը Մանազկերտը դարձել է եպիսկոպոսանիստ քաղաք: Բյուզանդական Հովհաննես Սկիլիցես պատմագիր (XI դ) հաղորդում է, որ Մանազկերտը եղել է ամենաամուր և անառիկ քաղաք ամբողջ Հայաստանում և ունեցել է սև քարից կառուցած եռաշար, աշտարակավոր ամրակուռ պարիսպներ՝ 5 դարպասներով: XI-XIII դդ Մանազկերտը Շահ ի-Արմենների ամիրայության երկրորդ կենտրոնն էր և իր նշանակությամբ զիջում էր միայն աթոռանիստ Խլաթ քաղաքին: Մանազկերտում զարգացած են եղել արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը: Արածանիի հովտով ու Մանազկերտի դաշտով անցող ճանապարհով այն կապված էր Հայաստանի մի շարք քաղաքների հետ: 968-ին բյուզանդական զորքը գրավել է Մանազկերտը: 1000-ին Վասիլ կայսրը այն նվիրել է Արծրունի իշխաններին: 1054-ին Մանազկերտի վրա են հարձակվել սելջուկները՝ սուլթան Տուղրիլի գլխավորությամբ: Մանազկերտի կայազորն ու բնակիչները, Վասակ իշխանի ղեկավարությամբ, սելջուկյան զորքին հարկադրել են նահանջել: Հյուսիսային Հայաստանը ամբողջապես գրավելով՝ սելջուկյան զորքերը 1071-ի օգոստոսի 10-ին Մանազկերտում ընդհարվել են բյուզանդական, հայկական և այլ զորքերի հետ, սելջուկներին ավերել, կողոպտել եմ Մանազկերտը, սրի մատնել բնակչությանը, որից հետո քաղաքը շարունակ անկում է ապրել՝ աստիճանաբար վերածվել սովորական գյուղաքաղաքի: 1915-ին ունեցել է 5000 բնակիչ, մեծ մասամբ՝ հայեր, որոնք զբաղվել են հացահատիկի մշակությամբ, մասամբ՝ առևտրով և արհեստագործությամբ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերածվել է անշուք գյուղի: 1915-ի Մեծ եղեռնից հետո Մանազկերտի հայ բնակչությունը ևս ենթարկվեց կոտորածների ու տեղահանման, և այնտեղ դադարեց հայկական կյանքը: