Բագրատունիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox prétendant à un trône.png
Բագրատունիներ
Բագրատունիներ
Bagrotouni.jpg
Bagratuni flag.svg
Երկիր Բագրատունյաց Հայաստան
Ծագել են Բագադատ կամ Բագարատ, ըստ "հրեական" ծագման կողմնակիցների՝ Շամբատից
Տիտղոսներ Շահնշահ Հայոց
Աղվանքի թագավոր
Վրաստանի թագավոր
Վասպուրականի թագավոր
Վանանդի թագավոր
Լոռու թագավոր
Սյունիքի թագավոր
Տարոնի իշխան
Տայքի իշխան
Խաչենի իշխան
Հիմնադիր Աշոտ Ա
Մեծագույն ներկայացուցիչ Գագիկ Ա
Վերջին ներկայացուցիչ Գագիկ Բ
Հիմնում 885
Ավարտ 1045
Ազգային պատկանելիություն Հայ
Դավանանք Քրիստոնեություն
Կրտսեր
ճյուղեր
Բագրատիոնիներ Կյուրիկյաններ
Հասան-Ջալալյաններ Ռուբինյաններ Թոռնիկյաններ
1rightarrow.png  Տես նաև Բագրատունիներ (այլ կիրառումներ) 

Բագրատունիներ, հայկական նախարարական տոհմ և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։

Բագրատունիների ծագումնաբանական արմատները հասնում են Արատտա պետության և Վանի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա անունները կրած տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանունն ու դիցանունը, որոնք ծագում են հնդեվրոպական-արիական բագ (bag) արմատից։

Բագրատունյաց նախարարական ապա արքայական տոհմի անունը կապված է նաև Մեծ Հայքի Բագրևանդ կամ Բագրավանդանե գավառի անվան հետ։ Ըստ Մովսես Խորենացու "Հայոց պատմութեան" խմբագրող-աղավաղողների, Բագրատունիները, սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ Բագրատին Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը տվել է թագադիր և ասպետի պաշտոն. նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։

Բագրատունիներից են ծագում վրաց Բագրատիոնիները, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Տարոնի և Տայքի կրտսեր ճյուղերը, Լոռու և Տավուշի Կյուրիկյանները, Արցախի Հասան-Ջալալյանները, Կիլիկիայի Ռուբինյանները, Սասունի Թոռնիկյանները:

Պատմություն[խմբագրել]

Մեծ Հայք[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մեծ Հայք

Բագրատունիների ընտանիքը վաղ ավատատիրական շրջանում՝ Արշակունիների թագավորության (66-428) ժամանակ, կարևորագույն տեղ է զբաղեցրել հայոց զորանամակում և գահնամակում։ Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը (Սյունյաց նախարարությունից հետո)։ Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի։ Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Թագավորության վերացումից և Հայաստանի մարզպանության ստեղծումից հետո (428) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ՝ միացնելով Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով։

Օտար տիրապետություն[խմբագրել]

5-րդ դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան։ 7-8-րդ դարերում Բագրատունիները մրցակցության մեջ էին Մամիկոնյանների հետ՝ հանուն քաղաքական առաջնության։ 7-րդ դարի վերջին Հայոց իշխան է դառնում Աշոտ Բագրատունին (685-689)։ Քաղաքական պայքարն ավարտվում է Բագրատունիների հաղթանակով, ովքեր իրենց տիրույթներին են միացնում Կամսարականների (Շիրակ) և Մամիկոնյանների (Տարոն) կալվածքները։ Այրարատի (Ոստան Հայոց) տարածքին տիրել են 9-րդ դարի կեսերին։ 8-րդ դարում Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները։ Նրանք քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս են վանել Մամիկոնյաններին։ Նրանց գերիշխանության տակ էին բազմաթիվ նախարարական տներ, որոնց մեջ առանձնանում էին Վասպուրականի և Վրաստանի գահերեց իշխանները, Սյունիները և ուրիշներ։

Հզորացում[խմբագրել]

8-րդ դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայք նահանգում ու Կղարջք գավառում (Գուգարք9-րդ դարի վերջին Վրաստանում հիմնել են թագավորական հարստություն, որը հայտնի է որպես Բագրատիոնի։ Նրա ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը (1089-1125), Գեորգի III-ը (1156-1184), Թամար թագուհին (1184-1213)։ Բագրատունիների տիրույթներն ավելի են ընդարձակվել 9-րդ դարի սկզբին, երբ Աշոտ Մսակեր Բագրատունին ձեռք է բերել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը։ Այս շրջանում Բագրատունիների տոհմական կենտրոնը Բագարանն էր։ 9-րդ դարից Բագրատունիները դարձել են ամենաազդեցիկ տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը, նախ որպես Հայոց իշխան, ապա՝ Իշխանաց իշխան և վերջապես 885-ից՝ Հայոց թագավոր։

Հայոց իշխաններ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայոց իշխան
Անունը Իշխել է Նշումներ
Թեոդորոս Ռշտունի 639-654 սպարապետ, Հայոց իշխան
Համազասպ Մամիկոնյան 654-661 Մուշեղ Մամիկոնյանի ծոռ, Հայոց իշխան
Գրիգոր Մամիկոնյան 661-685 Հայոց իշխան
Աշոտ Ա Բագրատունի 685-689 Հայոց իշխան
Ներսեհ Կամսարական 689-693 Հայոց իշխան
Սմբատ Ա Բագրատունի 693-701 Հայոց իշխան
Սմբատ Բ Բագրատունի 701-726 Հայոց իշխան
Արտավազդ Կամսարական 726-732 Հայոց իշխան
Աշոտ Բ Բագրատունի (Կուրագյալ) 732-748 Վարազ-Տիրոց Բագրատունու ծոռ, Հայոց իշխան
Մուշեղ Մամիկոնյան 748-753 Հայոց իշխան
Սահակ Ա Բագրատունի 753-770 Աշոտ Կուրագյալի հորեղբոր՝ Բագրատի որդի, Հայոց իշխան
Սմբատ Գ Բագրատունի 770-775 Աշոտ Կուրագյալի որդի, Հայոց իշխան
Աշոտ Գ Բագրատունի 775-781 Սահակ Բագրատունու որդի, Հայոց իշխան
Տաճատ Անձևացի 781-785 Հայոց իշխան
Սմբատ Դ Բագրատունի 785-804 Սմբատ Գ-ի որդի, Հայոց իշխան
Աշոտ Դ (Մսակեր) Բագրատունի 804-826 Սմբատ Գ-ի որդի, Հայոց իշխան
Բագարատ Ա Բագրատունի 826-851 Աշոտ Մսակերի որդի, Իշխանաց իշխան
Սմբատ Ե Բագրատունի (Խոստովանող) 851-855 Աշոտ Մսակերի որդի, Հայոց իշխան
Աշոտ Բագրատունի 855-862 Սմբատ Խոստովանողի որդի, Հայոց իշխան
862-884 Իշխանաց իշխան
885-890 Թագավոր հայոց

Թագավորության շրջան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բագրատունիների թագավորություն

Աշոտ Ա և Սմբատ Ա[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Աշոտ Ա և Սմբատ Ա
Աշոտ Ա Բագրատունի

Բագրատունիների արքայատան և թագավորության (885-1045) հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է։ Նա 855 թվականից եղել է Հայոց սպարապետ, 862 թվականին Արաբական խալիֆայությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը։ Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ։ Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 000-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին։ Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր։ Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը։

869 թվականին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին։ Վերջինս 885 թվականին արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա։ Բյուզանդիայի հայազգի Վասիլ (Բարսեղ) I կայսրը, ով հայկական դինաստիայի հիմնադիրն էր, նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ։ Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թվականին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը։

Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբական ամիրությունները։ Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս (Շիրակավան)։ Նա չեզոք դիրք է գրավել խալիֆայության և Բյուզանդիայի միջև՝ նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը։ 893 թվականին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ։ Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ՝ Ալանաց դուռը։

908 թվականին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը։ 909 թվականին Ատրպատականի ամիրա Յուսուֆը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն։ Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուֆին, որը, դրժելով խոստումը, Դվինում գլխատել է հայոց արքային։

Աշոտ Երկաթ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Աշոտ Բ

Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում (914-922) վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը։ Նրա գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թվականին Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ-ն մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։

Աշոտ Բ-ն ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ-ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա-ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915 թվականին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ-ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։ Աշոտ Բ-ի դեմ դուրս եկան նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։

Սևանի ճակատամարտում նրան հաջողվեց պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնեց Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922 թվականին Աշոտ Բ-ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։ Այս պատմական դեպքերը տեղ են գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպում։ Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը։ Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ։

Աշոտ Ողորմած և Սմբատ Տիեզերակալ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Աշոտ Գ և Սմբատ Բ

Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան։ Նրա թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953 թվականին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։

961 թվականին Աշոտ Գ-ն արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Նա հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։

Բյուզանդիան 967 թվականին զավթել է Տարոնի իշխանությունը։ 973 թվականին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։

Աշոտ Գ-ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թվականին հիմնել է Սանահինի, իսկ 976 թվականին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտա-կրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ բարեգործ էր, որի համար էլ անվանել են «Ողորմած»։

Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մուսուլմանական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով։ 958 թվականին դարձել է հոր՝ Աշոտ Գ Ողորմածի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բ-ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր Մուշեղ Ա-ն։ Վերջինս 982 թվականին Սմբատ Բ-ի դեմ արշավանքի է դրդել Ատրպատականի Սալարիների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988-ին Ատրպատականի Ռավվադիների ամիրայության արշավանքը չեն սասանել Անիի թագավորությանը։

Սմբատ Բ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ-ի հեղինակությունը։ Կարսում, Վասպուրականում, Սյունիքում և Տաշիր-Ձորագետում ձևավորված հայկական թագավորությունները ու Տարոնի, Տայքի ու վրաց իշխանությունները անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ-ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։

Գագիկ շահնշահ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Գագիկ Ա

Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք (990-1020)։ Նա կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Նրա օրոք զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, Գագիկ թագավորը հաջողությամբ շարուկակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։

Գագիկ Ա-ն կազմակերպել է արքունի մշտական զորք, որի թվաքանակը հաասնում էր 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ, վերջնականապես նվաճել է Դվինի արաբական ամիրայությունը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ 10-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրապաղատի և Գագիկ Ա-ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա-ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998 թվականին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։

Գագիկ Ա-ն օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փատլունի զորքերը։ 1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II-ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա-ն՝ ոչ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել նրան, Գագիկ Ա-ն խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։

Հայոց թագավորը մայրաքաղաք Անիում կառուցում է մի քանի նոր շինություններ, որոնցից հատկապես նշանավոր էր Զվարթնոցատիպ եկեղեցին։ Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա-ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։ Նրա կինը՝ Կատրանիդե թագուհին, կառուցել է տալիս աշխարհահռչակ Անիի մայր տաճարը, որի ճարտարապետն էր Տրդատը։

Բագրատունի Հայոց թագավորների արքայացանկը[խմբագրել]

Անունը Իշխել է Նշումներ
Աշոտ Ա 885-890 նախկին Հայոց իշխան, Իշխանաց իշխան, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Ա 890-914 Աշոտ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Բ Երկաթ 914-928 Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աբաս Ա Բագրատունի 928-953 Սմբատ Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Աշոտ Գ Ողորմած 953-977 Աբաս Ա-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Սմբատ Բ Տիեզերակալ 977-990 Աշոտ Գ-ի որդի, շահնշահ հայոց և վրաց
Գագիկ Ա 990-1020 Սմբատ Բ-ի եղբայր, շահնշահ հայոց և վրաց
Հովհաննես-Սմբատ 1020-1041 Գագիկ Ա-ի որդի, Շիրակի թագավոր
Աշոտ Դ 1022-1042 Գագիկ Ա-ի որդի, Սևանի թագավոր
Գագիկ Բ 1042-1045 Աշոտ Դ-ի որդի, Անիի վերջին թագավոր
1045-1079 Կեսարիայի իշխան-թագավոր
Աշոտ Ե 1079-1088 Գագիկ Բ-ի որդի, Կեսարիայի իշխան-թագավոր

Բագրատունիների խորհրդանիշները[խմբագրել]

Բագրատունիների դրոշ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բագրատունիների դրոշ

Բագրատունիների դրոշը 10-րդ դարի 60-ական թվականների կեսին դառնում է համահայկական թագավորության խորհրդանիշ։

Bagratuni flag.svg

855 թվականին Արաբական խալիֆայությանը ենթակա Հայաստանի կառավարիչ էր նշանակվել Հայոց իշխան Աշոտ Բագրատունին։ 862 թվականին վերջինս դառնում է նաև իշխանաց իշխան։ Աշոտը, հենվելով իր տոհմի ռազմական ուժի վրա, համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ 3 տասնամյակում քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 885 թվականին վերականգնեց 428 թվականին կորսված Հայաստանի անկախությունը և մեծ շուքով օծվեց Հայաստանի թագավոր։ Բագրատունիների հայոց թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Գագիկ Ա թագավորի օրոք (990-1020) թվականներին, երբ կրկին վերանվաճվեցին Դվինն ու Նախճավանը, և Երասխը կրկին սահման դարձավ Հայաստանի և Ատրպատականի միջև։

Բագրատունիների թագավորության տարիներին առաջացան Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի թագավորությունները, Խաչեն-Փառիսոսի, Տարոնի իշխանությունները, որոնք ենթակա էին Բագրատունիների կենտրոնական թագավորությանը։

Անին Հայաստանի մայրաքաղաքն է եղել 961-1045 թվականներին։ Այն կառուցվել է Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում՝ կիրճերով պաշտպանված, ծովի մակերևույթից 1500 մետր բարձրությամբ հրվանդանի վրա։ Քաղաքի տարածքը Հայաստանի հնագույն բնակավայրերից է եղել։ Այստեղ պահպանվել են կիկլոպյան պարիսպի մնացորդներ, մ.թ.ա. 8-7-րդ դարերի դամբարաններ։ Անիի ստորգետնյա քարայրներից մեկում գտնվել է մ.թ.ա. 1-ին հազարամյակի բրոնզե ապարանջան, քաղաքի տարածքից հայտնաբերվել են Տիգրան Մեծի արծաթյա դրամներ։

Բագրատունիների դրոշի քանդակը Անիի պարիսպներին

Պատմիչներ Եղիշեն և Ղազար Փարպեցին Անին առաջին անգամ հիշատակում են 5-րդ դարում՝ որպես Կամսարական իշխանների ամրոց։ 783 թվականին Բագրատունի իշխան Աշոտ Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցի հետ։

Կամսարականների շրջանին են պատկանում Աղջկաբերդի և Անիի միջնաբերդի կառույցները։ Միջնաբերդը շրջափակված է բուրգավոր պարիսպներով։ Հետագայում դրանք Բագրատունիների կողմից ներառվել են ընդհանուր պաշտպանական համալիրի մեջ։

Աշոտ Գ Ողորմած (953-977) թագավորը 961 թվականին Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի ձեռամբ՝ մեծ հանդեսով, բազմաթիվ հյուրերի ու հայոց ողջ բանակի ներկայությամբ թագադրվեց Անի քաղաքում ու Անին հայտարարվեց երկրի մշտական մայրաքաղաք։

992 թվականին, Գագիկ Ա թագավորի օրոք, Ամենայն Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին տեղափոխվեց Անի։ Եվ Անին ստացավ այնպիսի դեր, ինչպիսին ունեին քրիստոնեական Հայաստանի մայրաքաղաքներ Վաղարշապատն ու Դվինը։

1045 թվականին՝ Բագրատունիների անկումով, դադարեց նաև մայրաքաղաքի հետագա բարգավաճ կյանքը։ Անին, թերևս, մի թռիչք էլ ունեցավ Զաքարյանների իշխանապետության մայրաքաղաք եղած ժամանակ (1201-1236

Բագրատունիների դրոշի քանդակը Անիի պարիսպներին

Սմբատ Տիեզերակալ (977-990) թագավորը, կառուցելով արտաքին մեծ պարիսպները, գլխավոր դարպասի մոտ՝ պարսպի վրա տեղադրել տվեց զինանշանի պատկերը։

Այս զինանշանային պատկերը բազմաստիճան ու բարդ է։ Ներքևի կամ առաջին աստիճանը կազմում է բարձր շրջանակով ընդհանուր պատից առանձնացված երկհարկ եկեղեցատիպ ուղղանկյուն շրջանակը։ Առաջին հարկի կամ մեծ ուղղանկյան մեջ արձանային եղանակով քանդակված է գլխով դեպի ձախ ուղղված հովազ՝ վարգի պահին։ Հովազի մարմինը երկայնակի ձգված է, երկար վիզը ձգված է վեր, մեջքը ճկված է ներքև, առջևի ձախ թաթը հետ է ընկած, հետևի նույն ոտքը՝ առաջ, որով ապահովված է հավաստի վարգը, պոչը՝ մարմնին զուգահեռ, ձգված է օդում։ Քանդակն իրականացված է հարթ մշակումով։ Շրջանակի երկրորդ հարկի քարի վրա կլոր շրջանակ-փոս է փորված, ինչը փոխարինում է գնդին՝ իշխանության նշանին։ Երկրորդ հարկի շրջակալի կենտրոնից դեպի վեր, ինչպես եկեղեցու գմբեթի վրա, գունավոր, ռոմբավոր խաչ է դրված։ Խաչը հենված է եռանկյունաձև ռոմբի վրա։ Խաչի կենտրոնական ռոմբի կենտրոնում ևս շրջանակ-փոսիկ է փորված՝ որպես իշխանության նշան։

Ամբողջ պատկերն իր համաչափության մեջ եկեղեցու կերպար ունի։

Անի քաղաքի զինանշանին հետագայում էլ մնացել է հովազը։ Այդ է ապացուցում 1273 թվականին Անի քաղաքում պատրաստված փորագրազարդ գրակալի վրայի հովազի պատկերը։ Կենդանին այստեղ գլխով ուղղված է դեպի աջ և դարձյալ պատկերված է վարգի պահին։ Գլուխը ուղղահայաց դիրքով է, վզի գնդավոր օղակը, ինչպես նաև առջևի աջ թաթի վրա պատկերված գունդը, իշխանության նշան են։ Հովազի մեջքին հենված հիմքի վրա փորագրված է շրջանակավոր վարդյակ, որ փոխարինում է կենաց ծառին և խորհրդանշում է հավերժությունը։

Բագրատունիների զինանշան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բագրատունիների զինանշան

Բագրատունիների զինանշանը 9-րդ դարի 50-ական թվականների կեսին դառնում է համահայկական թագավորության խորհրդանիշ։

Bagrotouni.svg

855 թվականին Արաբական խալիֆայությանը ենթակա Հայաստանի կառավարիչ էր նշանակվել Հայոց իշխան Աշոտ Բագրատունին։ 862 թվականին վերջինս դառնում է նաև իշխանաց իշխան։ Աշոտը, հենվելով իր տոհմի ռազմական ուժի վրա, համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ 3 տասնամյակում քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 885 թվականին վերականգնեց 428 թվականին կորսված Հայաստանի անկախությունը և մեծ շուքով օծվեց Հայաստանի թագավոր։ Բագրատունիների հայոց թագավորությունն իր հզորության գագաթնակետին հասավ Գագիկ Ա թագավորի օրոք (990-1020) թվականներին, երբ կրկին վերանվաճվեցին Դվինն ու Նախճավանը, և Երասխը կրկին սահման դարձավ Հայաստանի և Ատրպատականի միջև։

Բագրատունիների թագավորության տարիներին առաջացան Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի թագավորությունները, Խաչեն-Փառիսոսի, Տարոնի իշխանությունները, որոնք ենթակա էին Բագրատունիների կենտրոնական թագավորությանը։

Հայոց Արշակունի թագավորների թագադիրներ կամ Մարզպանական Հայաստանի իշխաններ եղած ժամանակ Բագրատունիների զինանշանի մասին տեղեկութոյւններ չկան։ Հայաստանի թագավոր եղած ժամանակ նրանց զինանշանի վրա առկա են թե՝ առյուծի կամ հովազի, թե՝ արծվի պատկերներ։

Բագրատունիների առյուծի պատկերով հնագույն զինանշանը գտնվում է Կարսի Առաքելոց եկեղեցու հարավային ճակատին։ Առաքելոց եկեղեցին կառուցվել է Աշոտ Երկաթի եղբոր՝ Աբաս Բագրատունի թագավորի օրոք՝ 930-943 թվականներին։

Առյուծի պատկերն իրականացված է հարթաքանդակի եղանակով քարի վրա փորված քառակուսու ներսում։ Առյուծը գլխով ուղղված է դեպի աջ և նայում է դիտողին։ Որպես իշխանության նշան՝ առջևի աջ թաթը բարձրացրած է վեր,պոչը՝ վեր տնկված։ Փաստորեն, լինելով Առաքելոց եկեղեցու պատին, ամենայն հավանակությամբ, զինանշանը պատկանում է Աբաս թագավորին։

Անիում գտնված սալաքարի վրա առյուծի պատկերը իրականացված է քանդակային եղանակով։ Առյուծը գլխով ուղղված է դեպի աջ և բացարձակապես կրկնում է Կարսի քանդակը։ Առավել մանրամասնորեն են քանդակված կենդանու ուռեցրած կուրծքը, հարթ բաշը, հաստ ու ընդգծուն հոնքերը, վիզը, դեմքը։ Ճակատին փորագրված ռումբիկը խորհրդանշում է իշխանապետ լինելը։

Հենց այս առյուծապատկերն է որպես Բագրատունիների խորհրդանիշ պատկերվել է Հայաստանի Առաջին Հանրապետության և Հայաստանի Երրորդ Հանրապետության զինանշաններին՝ վահանի առակողմյան վերին հատվածում։

Անիում գտնվել են գլխով դեպի աջ ուղղված ևս երկու զինանշանային քանդակներ։ Վստահորեն կարելի է փաստել, որ Բագրատունիների կենտրոնական իշխանության զինանշանը ևս գտնվում է Կարսի Առաքելոց եկեղեցու գմբեթի խորշերից մեկում։ Բագրատունիների զինանշան-արծիվը քանդակված է արձանային եղանակով և ունի ուղղահայաց կառուցվածք։ Թռչնի թևերը հպված են մարմնին, կուրծքը դուրս ցցված է, վիզը թեքված է մի փոքր ձախ, գլուխը ջարդված է։ Հզոր ճանկերի մեջ պոչին սեղմած պահում է ինչ-որ անորոշ կենդանու։ Քանդակն իրականացված է թեփուկաքանդակային եղանակով։

Բագրատունիների անիական շրջանից հայտնի է զինանշանային մեկ այլ տարբերակ, որը գտնվում է հայոց մայրաքաղաքի գլխավոր եկեղեցու՝ Անիի Մայր տաճարի արևմտյան ճակատին։ Այստեղ՝ կենտրոնական մասում, իրար զուգահեռ, երկու խորշերի գլխին , գրեթե նույն ոճով քանդակված են զինանշան-արծվի պատկերներ։ Թռչունն ունի հորիզոնական կառուցվածք, պատկերված է այն պահին, երբ երկնքից, թևաբախումով, բացված պոչով իջնում ու ճանկում է զոհին։ Ամբողջ պատկերը շարժման մեջ է. հզոր թևերը ալիքաձև, ոլորուն ճախրում են օդում, մագիլները խրվել են աննշան ու անորոշ զոհի մարմնի մեջ ու սեղմվել են հզոր պոչին։

Թռչնի գլուխը մի փոքր ձախ է թեքված եղել, որով որոշվում է նաև կրծքի ձախ ուղղվածությունը։ Ինչպես և Կարսում, Անիի Մայր տաճարի երկու արծիվների գլուխներն էլ կոտրված են, որով զինանշանային այս անզուգական պատկերները որոշ չափով խամրում են։ Զինանշանային արծվաքանդակները թեև զուրկ են մանրամասների ընգծումից և ընդհանրապես մշակված չեն, սակայն լավագույնս են արտահայտում հզոր թագավորների՝ Բագրատունիների կարգավիճակը. նրանք այնքան հզոր էին, որ նրանց դեմ թշնամիներն աննշան ոչնչություն են։ Բագրատունիների այս զինանշանը կերտվել է Գագիկ Ա թագավորի օրոք, երբ Բագրատունիները գտնվում էին փառքի գագաթնակետին, և նրանց զինանշանն էլ այդ է ապացուցում։

Անիի մայր տաճարի զինանշանային պատկերի նմանությամբ՝ երկու նույնատիպ արծվապատկերներ են փորագրված Անիի միջնաբերդի պալատական եկեղեցու ներսում։ Եկեղեցին կառուցվել են Բագրատունիները՝ 10-11-րդ դարերում։

Ավելի ուշ Բագրատունիների զինանշանային պատկերները որդեգրեցին իրենց Բագրատունյաց տոհմից սերված համարող՝ նրանց իրավահաջորդ Զաքարյանները։ Զաքարե Բ-ի և Իվանե Աճի համար որոշ փոփոխություններով օգտագործվեց Կարսի Առաքելոց եկեղեցու արծվապատկերները, իսկ Վահրամյանները որդեգրեցին Անիի Մայր տաճարին գտնվող զինանշանը՝ դրանում որոշ հավելում կատարելով։

Պետության կառավարում[խմբագրել]

Բագրատունյաց Հայաստանում պետության գլուխ կանգնած էր թագավորը, ով կոչվում էր նաև արքա կամ Հայոց շահնշահ։ Անիի Բագրատունի թագավորին էին ենթարկվում հպատակ թագավորները և Հայաստանում առաջացած մի քանի արաբական ամիրայություններ։

Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որը գործակալությունների մի համակարգ էր։ Նրանք սովորաբար արքայական տան անդամներ էին կամ արքային մերձավոր խոշոր ավատատերեր։ Կարևոր էին հատկապես իշխանաց իշխանի և հայոց սպարապետի պաշտոնները։ Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար։ Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները։ Իշխանաց իշխանի բարձր պաշտոնը սովորաբար տրվում էր արքայի եղբայրներից մեկին կամ թագաժառանգին։ Հայոց սպարապետը պետության զինված ուժերի՝ բանակի հրամանատարն էր։ Պատերազմի ժամանակ ենթակա թագավորությունների զորքերի հրամանատարները (սպարապետները) ենթարկվում էին Անիի թագավորության սպարապետին։

Բագրատունի թագավորները հատուկ նշանակություն էին տալիս բանակին։ Պատերազմների ժամանակ բանակը համալրվում էր, և զորքի թիվը մեծանում էր։ Խաղաղ պայմաններում այն հասնում էր 80-100 հազարի։ Բանակը կազմված էր արքունական և մարզպանական գնդերից։ Արքունի գունդը անմիջականորեն ենթարկվում էր թագավորին, իսկ մարզպանական գունդը կազմվում էր իշխանական զորաջոկատներից։ Բանակը կազմված էր հեծելազորից, հետևակից և սակրավորական զորամասերից։ Զորքը համալրում էին ազատները, շինականները և քաղաքաբնակները։

Միջնադարում եկեղեցին մեծ մասնակցություն ուներ երկրի կառավարման մեջ։ Բագրատունի թագավորների համար եկեղեցու դերը ավելի մեծացավ։ Թագավորների տիրապետությունը հեռավոր իշխանությունների վրա հաճախ ձևական բնույթ էր կրում։ Եկեղեցին էր ապահովում երկրի միասնականությունը։ Եպիսկոպոսական բոլոր թեմերը ենթակա էին հայոց կաթողիկոսին, որն իր հերթին ճանաչում էր թագավորի գերիշխանությունը։ Հայոց կաթողիկոսները մնայուն նստավայր չունեին։

Անին մայրաքաղաք դառնալուց հետո նրա մերձակայքում գտնվող Արգինան ի վերջո դարձավ մշտական նստավայր։ Բագրատունիների ժամանակաշրջանում չկար Արշակունյաց շրջանի այնքան հատուկ հակասությունը թագավորական իշխանության և եկեղեցու միջև։

Հայոց թագավորի դիրքորոշումը վճռական էր կաթողիկոսի ընտրության ժամանակ։ Գլխավոր դատավորի իրավունքն առաջվա նման պատկանում էր հայոց կաթողիկոսին։ Փոքր գործերի դատավարությունը կատարվում էր եկեղեցական ժողովների մշակած կանոններով և սովորութային իրավունքով։

Քաղաքները։ Մայրաքաղաք[խմբագրել]

Անիի քարտեզը

428 թվականին կործանվել էր հայոց պետակնությունը։ Հայաստանի մարզպանության ստեղծումը և պարսից զորքերի իրականացրած քաղաքային բնակչության բռնագաղթը հանգեցրել էին երկրի թուլացմանը։ Վաղ միջնադարի հետագա շրջանում միայն Դվինն էր, որ շարունակում էր գոյատևել որպես մեծ քաղաք։ Հայաստանի անկախության վերականգնման շնորհիվ 9-11-րդ դարերում հին քաղաքները վերականգնվեցին, հանդես եկան շուրջ երեք տասնյակի հասնող նոր քաղաքներ։ Դրանք առաջացան առևտրական ուղիների կարևոր խաչմերուկներում։ Քաղաքային կյանքի բուռն վերելքը պայմանավորված էր աշխատանքի հասարակական բաժանման արագ խորացմանբ։ Արհեստագործությունն անջատվեց գյուղատնտեսությունից, արհեստներն ու առևտուրը գերազանցապես կենտրոնացան քաղաքներում։

Զարգացած մրջնադարի քաղաքը շարունակում էր պահպանել իր կառուցվածքը։ Նրա առավել անառիկ մասում գտնվում էր պարսպապատ միջնաբերդը։ Այստեղ էին գտնվում արքայական կամ իշխանական դղյակներն իրենց օժանդակ կառույցներով։ Միջնաբերդում էին գտնվում նաև այլ իշխանավորների ու բարձրաստիճան հոգևորականության պալատները։ Միջնաբերդի շուրջը տարածվում էր բուն քաղաքը կամ արդյունագործական մասը, որը շարունակում էր կրել շահաստան անունը։ Այստեղ էին կենտրոնացած արհեստավորների և առևտրականների արհեստանոցներն ու կրպակները, շուկաները, հյուրանոցները և այլ շինություններ։ Բացառությամբ առանձին դեպքերի, շահաստանը շրջապատված էր լինում պարսպով, որից դուրս գտնվում էին քաղաքային արվարձանները։ Այստեղ բնակվում էր քաղաքի բնակչության ընչազուրկ մասը՝ աղքատ արհեստավորներ, սևագործ բանվորներ և քաղաքային ռամիկներ, որոնք պատերազմների ժամանակ ապաստանում էին շահաստանում։ Երկարատև խաղաղության պատճառով Արծնը և մի շարք այլ քաղաքներ այդպես էլ չպարսպապատվեցին։ Պայմանականորեն դրանք կարելի է անվանել բաց քաղաքներ։ Հետագայում Արծնը վերակառուցվում է Ռումի սելջուկների կողմից և կոչվում Արծնա Ռում կամ Արզնա Ռում, որը անվանափոխվում է և դառնում Էրզրում։

Քաղաքային ավագանու գլուխ կանգնած էր քաղաքապետը կամ շահապը։ Մուհթասիբ կոչված պաշտոնյան հսկում էր հարկահավաքությունը, շուկաները, առևտրական կրպակները և արհեստագործական գործատները։ Նրանք իրենց գործունեությունն իրականացնում էին ստորադաս պաշտոնյաների միջոցով։ Խոշոր քաղաքներն ունեին ավագների խորհուրդ կամ երիցանի։

Հատկապես բուռն զարգանում էին մանր թագավորությունների և խոշոր իշխանությունների կենտրոնները։ Իրար հետ մրցելով՝ հայ արքայիկներն ու իշխանները իրենց կենտրոնները զարդարում էին հոյաշեն պալատներով, հյուրատներով և այլ շինություններով։ Քաղաքներում կրպակներ կամ խանութներ, արհեստանոցներ, ջրաղացներ և ձիթհաններ ունեին նաև մեծ ու փոքր իշխանները և բարձրաստիճան հոգևորականությունը։ Դրանք նրանց մեծ եկամուտներ էին բերում։

Այսպիսով՝ Հայաստանի այդ ժամանկվա նշանավոր քաղաքներն էին Վանը, Հերը, Մանազկերտը, Խլաթը, Արճեշը, Բերկրին (Վասպուրականի թագավորություն), Կապանը, Սյունին, Նախճավանը (Սյունիքի թագավորություն), Մուշը, Արծնը, Արտանուջը, Դվինը, Կարսը, Բագարանը, որպես միջնադարյան քաղաք սկսել էր զարգանալ Երևանը։ Այս քաղաքնեի շարքում յուրահատուկ շուք էր վայելում քաղաքամայր Անին։

Հայոց թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք։ Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում։ Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից։ Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք։ Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն։ Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Աշոտ Գ Ողորմածը 961 թվականին հռչակեց մայրաքաղաք։ Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում։ Դառնալով մայրաքաղաք՝ այն արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց։

Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր Բագրատունյաց թագավորության հզորացումը։ Մայրաքաղաքի տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ։ Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝ Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը։ Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար։ 963-964 թվականներին կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը (Աշոտաշեն պարիսպներ)։ Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989 թվականին, անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը։ Այն ուներ 2500 մ երկարություն, 8-10 մ բարձրություն։ Այն ավարտվում էր ատամնաշարով։ Պատերից մեկի վրա Սմբատ Բ-ի քանդակն էր, ձեռքում՝ քաղաքի մանրակերտը։

Քաղաքն ունեցել է 40 դուռ, ամրոցը շրջապատվել է խորը փոսով։ Ախուրյան գետի վրա կառուցվել է կամուրջ, որը թշնամու հարձակման ժամանակ բարձրացվում էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ, ըստ արհեստների, զբաղեցնում էին ամբողջական թաղամասեր։ Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500 - 4000 քառակուսի մետր է։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով կատարված որմնանկարներով։ Գործում էր յոթ սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ։

Անին հայտնի էր իր եկեղեցիներով։ Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր։ Անիի զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին, որը ոչ թե վերջինիս կրկնությունն էր, այլ կատարելագործված տարբերակը։ Այստեղ, պատերից մեկի վրա ամրացված էր Գագիկ թագավորի 2,26 մ բարձրություն ունեցող արձանը։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Սուրբ Փրկիչը, Տիգրան Հոնենցի, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի։

Անին առևտրական հանգույց էր զանազան երկրների միջև։ Չինաստանից ներմուծվում էր մետաքս և ճենապակի, Բյուզանդիաից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակեղեն, ներկեր, Պարսկաստանից՝ ճենապակի և այլն։ Անին նաև արդյունաբերող քաղաք էր. այստեղ արտադրվում էին բարձրորակ խեցեղեն, պղնձե իրեր, գորգեր, ոսկուց, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեղեն, զենք, որոնք լայն պահանջարկ ունեին։ Անիի պեղումների ընթացքում հայտնաբերված կիրառական արվեստի նմուշները աչքի են ընկնում բազմազանությամբ, ոճերի և ճաշակների խայտաբղետությամբ։

Քաղաքում գործել են բազմաթիվ դպրոցներ, որոնցից հռչակված էր Հովհաննես Իմաստասերի կողմից հիմնած համալսարանը։

Բագրատունիների թագավորության մասնատումն ու անկումը[խմբագրել]

Bagratids 11century BSE ru.png

10-րդ դարում՝ հայոց թագավորության հզորացման ու ծաղկման դարաշրջանում, առաջանում են մի քանի կիսանկախ թագավորություններ ու իշխանություններ, որոնց գլուխ կանգնած էին հիմնականում Բագրատունիները։ Դա ավատատիրական մասնատվածության շրջան էր, որին հետևել է հայոց պետության անկումը։

Ավատատիրական հասարակարգի զարգացման դարաշրջանում մասնատվածության ուլ են ապրել տասնյակ երկրներ։ Վերջիններն էին Գերմանիան և Իտալիան, որոնք մասնատված էին մնացել նույնիսկ նոր դարաշրջանում՝ 19-րդ դարում։ Նրանք միավորվել են 1870-ական թվականներին՝ որպես կայզերական Գերմանիա և Իտալիայի թագավորություն։

Վասպուրականի թագավորություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վասպուրականի թագավորություն

Բագրատունյաց միասնական թագավորությունից առաջինը անջատվել է Վասպուրականը։ Դեռ Արաբական տիրապետության դարաշրջանում Վասպուրականի առաջնորդները՝ Արծրունիները, յուրահատուկ տեղ էին զբաղեցնում։ Նրանք համարվում էին գահերեց իշխան՝ այդպիսով գերակայություն ունենալով Վասպուրականի մյուս իշխանների, ինչպես նաև Մոկաց, Ռշտունյաց, Կորդվաց տերերի հանդեպ։

Վասպուրականի թագավորությունը հիմնադրվել է 10-րդ դարի սկզբին։ Դա կատարվել էր Հայաստանում ավատատիրական հարաբերությունների խորացման, ինչպես նաև արտաքին ուժերի միջամտության հետևանքով։ Վասպուրականի գահերեց իշխան Գագիկ Գ Արծրունին Ատրպատականի արաբական ամիրայության օգնությամբ անջատվել է Բագրատունյաց միասնական պետությունից և իրեն հռչակել անկախ թագավոր։ Գագիկ Արծրունու և նրա հաջորդների օրոք Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելք ապրեց, ամբողջ Վասպուրականով մեկ լայն շինարարություն ծավալվեց։ Աղթամար կղզին արհեստականորեն մեծացվեց, որտեղ թագավորը կառուցեց Աղթամարի կամ Uուրբ Խաչ եկեղեցին, նավահանգիստ ու արքունական պալատներ։

Վասպուրականի թագավորությունը ընդգրկել է հիմնականում Վասպուրական (բացառությամբ Գաբիթյան և Պարսպատունիք գավառների), Մոկք նահանգները, 910-ական թվականներին՝ նաև Այրարատի Մասյացոտն, Կոգովիտ, Բագրևանդ, Ծաղկոտն գավառները, Դվինն իր մերձակայքով, Աղձնիքի Սասուն և Կորճայքի Ճահուկ գավառը։ Վերջիններս եղել են միայն Գագիկ թագավորի իշխանության շրջանում, իսկ ավելի ուշ Բագրևատունիները խլել են մի շարք այլ գավառներ։ Նրա տարածքն ընդգրկում էր Վանա և Կապուտան (Ուրմիո) լճերի միջև ընկած շրջանները՝ կազմելով 40 000 քառ. կմ։ Բնակչությունը 11-րդ դարի սկզբին հասնում էր մոտ մեկ միլիոնի։ Նույն ժամանակաշրջանում Վասպուրականում կար ավելի քան 8 քաղաք, 4 000 գյուղ, 72 բերդ և ամրոց, 115 վանք ու եկեղեցի։

Թագավորության անջատման պատճառը Նախճավանի հարցն էր։ Այն 902 թվականին հայոց թագավոր Սմբատ Ա-ի կողմից շնորհվեց Աշոտ Արծրունի գահերեց իշխանին նրա ծառայությունների դիմաց, սակայն իբրև պայմանական և ոչ ժառանգական սեփականություն։ Այս հանգամանքի ուժով Աշոտ Արծրունու մահից (904) հետո այն խլվեց Վասպուրականից և 908 թվականին տրվեց Սյունիքին, որով խիստ սրվեցին հակասությունները Բագրատունիների և Արծրունիների միջև։

Անունը Իշխել է Նշումներ
Գագիկ Ա 908 - 943 Աշոտ-Սարգսի որդին
Դերենիկ-Աշոտ 943 - 959 Գագիկ Ա-ի որդին
Աբուսահլ-Համազասպ 959 - 972 Գագիկ Ա-ի որդին
Աշոտ-Սահակ 972 - 991 Աբուսահլ-Համազասպի որդին
Գուրգեն-Խաչիկ 991 - 1003 Աբուսահլ-Համազասպի որդին
Սենեքերիմ 1003 - 1021 Աբուսահլ-Համազասպի որդին

Տարոնի իշխանություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Տարոնի իշխանություն

Տարոնի Բագրատունիների իշխանությունը ստեղծվել էր դեռ 830 թվականին։ Այն հիմնադրել է Բագարատ Բագրատունին։ Ինչպես հայտնի է, Տարոնը նախապես Մամիկոնյան նախարարական տան տիրույթն էր, սակայն 8-րդ դարի ընթացքում աստիճանաբար անցնում է Բագրատունիների ձեռքը։

Բագարատի՝ արաբներին գերի ընկնելուց և Բաղդադում վախճանվելուց հետո՝ նրա իշխանությունը ժառանգում է որդին՝ Աշոտը, իսկ վերջինիս մահից հետո (878)՝ Դավիթ-Արքայիկը։ Բագարատի որդի Սմբատը Մոկքում հիմնում է առանձին իշխանություն։ Մոկաց Բագրատունիները իրենց տիրույթները պահել են մինչև 10-րդ դարի կեսերը։

Կոստանդին Ծիրանածին կայսեր ժամանակ Տարոնի իշխանն էր Գրիգորը, որի մահից հետո՝ նրա երկու որդիները՝ Բագարատն ու Աշոտը։ Նրանք իրենց տիրույթները «կտակում են» Բյուզանդիային։ 966 թվականին Բյուզանդական կայսրությունը տիրացավ ողջ տարոնին՝ վերացնելով այնտեղ հայկական իշխանությունը։ Նրա սահմանները ընդհուպ մոտեցան Կարսին ու Շիրակին։

Տարոնի Բագրատունիների մի ճյուղը հաստատվեց Սասունում և երկար դարեր գոյատևում էր որպես անկախ միավոր։ Դա Գրիգոր Բագրատունու եղբոր՝ Թոռնիկի հիմնադրած հարստությունն էր։

Այսպիսով, Տարոնում իշխել են Բագրատունի ընտանիքի ներկայացուցիչներ՝

Անունը Իշխել է Նշումներ
Բագարատ Բագրատունի 830-855 Հայոց իշխան
Աշոտ Ա 855-878 Բագարատի որդի
Դավիթ-Արքայիկ 878-895 Բագարատի որդի
Գուրգեն Ա Բագրատունի 895-895 Աշոտ Ա-ի որդի
Գրիգոր Ա Բագրատունի 895-936 Աշոտ Ա-ի որդի, համիշխան
Ապուղանեմ Մամիկոնյան 895-900 համիշխան
Նիկոլայոս-Թոռնիկ Մամիկոնյան 900-945 համիշխան
Չորտվանել Ա Մամիկոնյան 945-967 համիշխան
Աշոտ Բ Բագրատունի 936-966 Գրիգոր Ա-ի որդի, համիշխան
Գրիգոր Բ Բագրատունի 936-987 Գրիգոր Ա-ի որդի, համիշխան
Բագարատ Բ Բագրատունի 936-987 Գրիգոր Ա-ի որդի, համիշխան
Թոռնիկ Մամիկոնյան 967-987 Չորտվանելի որդի, համիշխան
Վարազ-Վաչե Մամիկոնյան 967-987 Չորտվանելի որդի, համիշխան
Չորտվանել Բ Մամիկոնյան 987-991 Վարազ-Վաչեի որդի, համիշխան
Չորտվանել-Բագրատ Մամիկոնյան 987-998 Վարազ-Վաչեի որդի, համիշխան
Բագրատ Գ Մամիկոնյան 998-1020 Թոռնիկի որդի
Մուշեղ Ա Մամիկոնյան 1020-1030 Բագրատ Գ-ի որդի
Թոռնիկ Մեծ Մամիկոնյան 1030-1073 Մուշեղ Ա-ի որդի
Չորտվանել Դ Մամիկոնյան 1073-1120 Թոռնիկ Մեծի որդի
Վիգեն Մամիկոնյան 1120-1175 Չորտվանել Դ-ի որդի
Շահնշահ Մամիկոնյան 1175-1188 Չորտվանել Դ-ի թոռ
Հեթում Մամիկոնյան 1188-1194 Շահնշահի որդի

Կարսի թագավորություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Կարսի թագավորություն

Կարսի թագավորությունը ձևավորվել է 963 թվականին։ Թագավորությունում իշխող Բագրատունիները կախման մեջ էին գտնվում Անիի Բագրատունիներից։

Մուշեղ արքայի օրոք (963 - 984) Կարսի թագավորությունը գրավում էր կարևոր տեղ Բյուզանդիայի դեմ պայքարում։ Այն սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունների մեջ էր Անիի Բագրատունյաց թագավորության հետ։ Գոյատևելով մեկ դարից մի փոքր ավելի (963-1065), այն կարևոր դեր կատարեց Հայոց տերության կազմում։ Աշոտ Գ Ողորմած թագավորը ճանաչեց Մուշեղի գահակալությունը՝ պայմանով, որ նա ընդունի իր գերագույն իշխանությունը։ Դրանով ստեղծվեց Բագրատունյաց երկրորդ թագավորությունը։

Թագավորության մայրաքաղաքը Կարսն էր։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Կարսում բերդ է գոյություն ունեցել դեռ ուրարտական ժամանակներում։ Սակայն որպես քաղաք Կարսը հայտնի դարձավ 10-րդ դարից։ Կարսն այն եզակի միջնադարյան հայկական քաղաքներից է, որոնք ստեղծման օրից մինչ օրս պահպանվել են և երբևէ չեն կորցրել իրենց քաղաքային կերպարը։ Կարսը գտնվում է Այրարատ նահանգի Վանանդ գավառում, համանուն գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա։ Աշոտ Բ Երկաթը վերջնականապես թոթափեց արաբական լուծը, իսկ նրա հաջորդը՝ Աբաս արքան (928-953), գահ բարձրանալով, իր պետության մայրաքաղաքը տեղափոխեց Կարս, որը հեռու էր արաբական ամիրայությունների սահմաններից և ավելի պաշտպանված քաղաք էր։ Նա կառուցում է մինչ այժմ կանգուն Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին, որը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է և այժմ գործող մզկիթ է։ Մզկիթի վերածվելուց հետո եկեղեցու ճարտարապետական կառուցվածքը չի աղճատվել։ Բացի եկեղեցու կառուցումից, հայոց արքան ամրացնում է Կարսի բերդը, որ ժամանակին Առաջավոր Ասիայի ամենաամուր ամրոցներից էր համարվում և մինչ օրս ծառայում է իր նպատակին։

Կարսի թագավորությունը գոյատևել է շուրջ մեկ դար, և այնտեղ իշխել են 3 Բագրատունի արքաներ՝

Անունը Իշխել է Նշումներ
Մուշեղ Ա Բագրատունի 963-984 Աշոտ Ողորմածի եղբայր, Կարսի թագավոր
Աբաս Բագրատունի 984-1029 Մուշեղ Ա-ի որդի, Կարսի թագավոր
Գագիկ Կարսեցի 1029-1065 Աբաս Ա-ի որդի, Կարսի թագավոր
1065-1081 Ծամնդավի իշխան-թագավոր

Տայքի կյուրոպաղատություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Տայքի կյուրոպաղատություն

Բագրատունիների հիմնական հայրենիքը՝ հորից որդի դարերով ժառանգված տարածքը, Արշակունիների ժամանակներից շարունակում էր լինել Տայքը։ 9-րդ դարում Տայքին է միանում նաև Գուգարքի արևմտյան հատվածը՝ Կղարջքը։ Նոր իշխանությունը կոչվում է Տայք-Կղարջքի կյուրոպաղատություն կամ իշխանություն (վրաց.՝ ტაო-კლარჯეთის სამეფო՝ Տաո-Կլարջեթի իշխանություն)։ Հետագայում Բագրատունիների այս կենտրոնական ճյուղից առանձնանում են վրաց Բագրատունիները կամ Բագրատիոնիները։

Իշխանության տարածքը այժմ համապատասխանում է Թուրքիայի Կարին, Արդվին, Արդահան նահանգներին։ Այն հիմնադրել է Աշոտ Ա Կյուրապաղատը, ով միութենական պայմանագիր է կնքել Բյուզանդիայի հետ արաբական տիրապետությունից Վրաստանը ազատելու համար և ընդունել կյուրապաղատի տիտղոսը։ Մայրաքաղաքն է դարձել Աշոտի կողմից ամրացված Արտանուջ (այժմ՝ Արդանուչ) քաղաքը, որը հաջող դիրք էր զբաղեցնում է Մետաքսե մեծ ճանապարհի երկարությամբ։

Աշոտ Բագրատունին հզոր և խոշոր պետություն է ստեղծել, որի հետ հաշվի էին նստում իր ժամանակորդ վրացական և օտարերկրյա պետական գործիչները։ Նրան հաջորդում է Դավիթ կյուրոպաղատը (966-1000)։ Իշխանությունը գոյատևել է մինչև 1000 թվականը, ապա միացել Բյուզանդական կայսրությանը։

Տաշիր-Ձորագետի թագավորություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Տաշիր-Ձորագետի թագավորություն

Գուգարաց աշխարհի արևելյան գավառները, հիմնականում՝ Տաշիրն ու Ձորոփարը, գտնվում էին Բագրատունիների թագավորության կազմում և ղեկավարվում նշանակովի կառավարիչների միջոցով։ Վերջիններիս կենտրոնախույս ձգտումների պատճառով արքունիքը շուտով իշխանությունը հանձնեց իր տոհմակիցներին։ Այնուհետև երկրի սահմանները Տփղիսի ու Գանձակի ամիրայությունների ներքին ոտնձգություններից պաշտպանելու նպատակով Տաշիր-Ձորագետում ստեղծեց հատուկ ռազմավարչական մարզ։

Կյուրիկյանների թագավորության կենտրոնը սկզբում Շամշուլդե բերդավանն էր, իսկ 1065 թվականից՝ Լոռե բերդը (այժմ՝ ՀՀ քաղաք Ստեփանավանի մոտ)։ Երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու նպատակով 10-11-րդ դարերում Կյուրիկյանների թագավորության տարածքում կառուցվեցին և ամրացվեցին բազմաթիվ ամրություններ՝ Կայան, Լոռե, Մահկանաբերդ, Գագ, Մածնաբերդ և այլն, որոնք հսկում էին նաև կարևոր առևտրական ճանապարհները։ 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի առաջին կեսին Դավիթ Անհողինի օրոք, Կյուրիկյանների թագավորությունը հուսալի պատվար էր Բագրատունյաց թագավորության համար՝ Գանձակի Շադդադյան ամիրների ներխուժումների դեմ

Բագրատունիների թագավորության առաջին շրջանում Տաշիրը տնօրինվում էր արքայատոհմին չպատկանող նշանակովի կառավարիչ-վերակացուների միջոցով։ Աշոտ Գ Ողորմածը (953-977) մինչ թվականը Տաշիրի կառավարիչ նշանակեց իրեն գահակից ավագ որդուն՝ Սմբատին, ով Գուգարքում իշխեց 14 տարի՝ 958-972 թվականներին։ Հայոց թագավոր դառնալուց հետո Սմբատը Տաշիրում վերակացու հաստատեց կրտսեր եղբորը՝ Գուրգենին կամ Գուրգեն-Դերենիկին։ Այսպիսով, առաջանում է ևս մեկ վարչաքաղաքական միավոր՝ Բագրատունիների իշխանության ներքո։ Գուրգեն Ա-ի անունով նրանք կոչվեցին Գուրգենյաններ կամ Կյուրիկյաններ։

Կյուրիկյանների իշխանությունը պայմանական-ժառանգական էր, տիրույթները՝ ավատ։ Բագրատունիների կենտրոնական թագավորության անկումից (1045) հետո Կյուրիկյաններ դարձան հայրենատեր՝ գլխավորելով Բագրատունյաց տոհմը։ Սելջուկյան տիրապետության սկզբնական շրջանում, հպատակության գնով, Կյուրիկյանները պահպանեցին իրենց կիսանկախությունը։

Տաշիր-Ձորագետի թագավորությունը կործանվում է 1113 թվականին, և նրա վերջին արքաներ Աբասը և Դավիթը հիմնում են Տավուշի ու Մածնաբերդի իշխանությունները, ինչպես նաև որպես առանձին իշխանություն հանդես է գալիս Նոր-Բերդը։ Կյուրիկյանների պատմությունը այսպիսով, բաժանվում է 2 փուլի՝ թագավորական և իշխանական։ Այդ ժամանակահատվածում իշխել են Բագրատունիների հետևյալ ներկայացուցիչները՝

Անունը Իշխել է Նշումներ
Կյուրիկե Ա 982-989 Սմբատ Տիեզերակալի եղբայրը, Տաշիր-Ձորագետի թագավոր
Դավիթ Ա Անհողին 989-1050 Կյուրիկե Ա-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր
Կյուրիկե Բ 1050-1089 Դավիթ Ա-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր
Աբաս Ա 1089-1113 Կյուրիկե Բ-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր
1113-1145 Տավուշի իշխան
Դավիթ Բ 1089-1113 Կյուրիկե Բ-ի որդին, Տաշիր-Ձորագետի թագավոր
1113-1145 Մածնաբերդի իշխան
Կյուրիկե Գ 1145-1170 Մածնաբերդի իշխան
Աբաս Բ 1170-1176 Մածնաբերդի իշխան
Աղսարթան Ա 1176- Մածնաբերդի իշխան
Աղսարթան Բ Մածնաբերդի իշխան
Թաղիադին Ա Մածնաբերդի իշխան
Սարգիս Ա Մածնաբերդի իշխան

Սյունիքի թագավորություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սյունիքի թագավորություն

Սմբատ Սյունին Սյունիքի գահերեց իշխան Աշոտի 4 զավակներից մեկի՝ Սահակի որդին էր։ 963 թվականից որպես Սյունիքի իշխան՝ իր տիրապետությունն էր հաստատել Ծղուկ և Բաղք գավառներում։ 976-980 թվականներին Սյունիների իշխանության դրոշն էր հաստատել ամբողջ Սյունիքի վրա։ 987 թվականին, օգտվելով Անիի թագավորության ժամանակավոր թուլացումից, Ռավվավի ամիրաների ու Արցախի իշխանների օժանդակությամբ Սյունիքը հռչակել է անկախ։ Իր թագավորության մեջ, սակայն չեն մտել Սյուիք նահանգի Գեղարքունիք և Երնջակ գավառները։ Սմբատ Ա-ն հիմնում և ձևավորում է թագավորական ապարատը, բացում դատարաններ, նորոգում ամրոցները և ժամանակակից տեսքի բերում բանակը։ Սյունիքի առաջին գահակալը՝ Սմբատ Սահակյանը վախճանվեց 998 թվականին և ամփոփվեց Տաթևի վանքում։ Գահը ժառանգեց որդի Վասակը (998-1040), որը «ազատակոյտ բազմութեամբ» թագավոր օծվեց Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով։ Նրա կրտսեր եղբայր Սևադան դարձավ իշխանաց իշխան։ Վասակ թագավորի միամորիկ դուստրը՝ Կատրամիդեն, ամուսնացած էր Գագիկ Ա Բագրատունի թագավորի (989–1020) հետ և իր մոր՝ Սյունյաց թագուհի Շահանդուխտի նման զբաղված էր շինարարական լայն գործունեությամբ։

Վասակ թագավորի խնդրանքով և նրա դստեր՝ թագուհի Կատրանիդեի միջամտությամբ վերականգնվում է Սյունիքի մետրոպոլիտությունը, որը շնորհված էր նահանգի հոգևոր առաջնորդներին դեռևս 4-րդ դարում Ներսես Մեծի կողմից և վերացվել էր Անանիա Մոկացի կաթողիկոսի կոնդակով 960-ական թվականներին։ Սյունիքի թագավորության մեջ կային 43 բերդ, 48 վանք և 1000-ից ավելի գյուղեր։ Մայրաքաղաքը սկզբնական շրջանում Շաղատ գյուղաքաղաքն էր, իսկ 10-րդ դարի վերջերից Կապան քաղաքը։

1166 թվականին մահանում է Սյունիքը 70 տարի իշխած Գրիգոր Բ թագավորը, ով սերում էր Խաչենի Հասան-Ջալալյան իշխանական տոհմից։ Նույն տարում մահանում է նաև իր եղբայրը։ Գրիգորը իր միակ դստերը՝ Կատային, կնության էր տվել Խաչենցի իշխանազն Հասան Գեռաքարեցուն։ Վերջինս էլ դառնում է Սյունիքի 7-րդ թագավորը։ Սակայն Հասան Խաչենցի թագավորը, ով հայտնի էր նաև որպես Գեռաքարեցի, անկարող գտնվեց կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը և, ընտանիքը վերցրած, հեռացավ Արցախ։ Սյունիքը ղեկավարել են յոթ արքաներ՝

Անունը Իշխել է Նշումներ
Սմբատ Ա 987–998 Սիսակ իշխանի որդի, Աշոտ Սյունի գահերեց իշխանի թոռ, Սյունիքի թագավոր
Վասակ Ա 998-1040 Սմբատ Ա-ի որդի, Սյունիքի թագավոր
Սմբատ Բ 1040–1051 Աշոտի (Աշոտիկի) որդի, Սյունիքի թագավոր
Գրիգոր Ա 1051–1072 Աշոտի (Աշոտիկի) որդի, Սյունիքի թագավոր
Սենեքերիմ Սևադյան 1072–1096 Սևադայի որդի, Սյունիքի թագավոր
Գրիգոր Բ 1096–1166 Սենեքերիմի որդի, Սյունիքի թագավոր
Հասան Խաչենցի 1166–1170 Սյունիքի վերջին թագավոր

Սյունիքի բոլոր յոթ թագավորներն էլ հանգչում են իրենց մայր հողում։ Այդ մասին վկայում են մեր օրերը հասած նրանց խնկարկված շիրմաքարերը։

Բագրատունյաց Հայաստանի անկումը[խմբագրել]

Թուլացած և մասնատված Հայաստանը մաս-մաս նվաճվում է հարևան Բյուզանդական կայսրության կողմից։ Նախ 966 թվականին Տարոնի իշխան Աշոտ Բագրատունուն բյուզանդացիներ ստիպում են գրել կտակ, որի համաձայն նրա մահից հետո կալվածքը անցնելու էր Բյուզանդիային։ Ապա անկում է ապրում Մոկքի իշխանությունը։

1000 թվականին Դավիթ կյուրոպաղատի մահից հետո բյուզանդացիները դավադրաբար զավթում են Տայք-Կղարջքը։ 1016 թվականից սկսվում են բանակցությունները Արծրունիների հետ, և 1021 թվականին՝ Վասպուրականի թագավոր Սենեքերիմ-Հովհաննեսը երկիրը հանձնում է Բյուզանդիային՝ փոխարենը ստանալով Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքը իր շրջակայքով։

Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը։ Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թվականի հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային։ Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են 2 մասի՝ Շիրակը՝ շրջակա գավառներով մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան հատվածը՝ Սևանի ավազանը, անցել է Աշոտին։

Հովհաննես-Սմբատի մահից հետո (1042) բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան, պաշարել Անին։ Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները

սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի 18-ամյա Գագիկ Բ-ին։ 1045 թվականին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմախը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունը։

Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում վերանում է, և նրա բոլոր իրավահաջորդները դառնում են այս կամ այն պետության վասալները։ Ապա Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ։ 12-րդ դարի վերջից արևելյան Հայաստանի մի խոշոր հատված ազատագրվում է վրաց Բագրատունիների զորքերի կողմից, որոնց հրամանատարներն էին Զաքարյանները։ Սակայն այս վիճակը տևում է մի քանի տասնամյակ։

Անիի թագավորության անկումից հետո հիմնական ճյուղը հաստատվում է Կեսարիայում: Գագիկ Բ-ն իշխում է (1044-1079) թվականները, ում հաջորդում է որդին՝ Աշոտը (1079-1088)։ Կարսի Բագրատունիները հաստատվում են Ծամնդավում. Գագիկ Կարսեցին իշխում է 15 տարի՝ 1065-1081 թվականները։

Բագրատունիների մասին հիշատակություն կա մինչև 16-րդ դարի սկիզբը։ Դրանք Թոռնիկյաններն էին՝ Տարոնի Բագրատունիների ճյուղը։ Դրանից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից։

Տես նաև[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png