Աշոտ Գ Ողորմած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Գ Ողորմած
Թագավոր
կալանք
Աշոտ Գ Ողորմածի արձանը Գյումրիում
Իշխանություն 953977
Թագադրում 953
Լրիվ անուն Աշոտ Գ Բագրատունի
Հարստություն Բագրատունի
Նախորդ Աբաս Բագրատունի
Հաջորդող Սմբատ Տիեզերակալ

Աշոտ Գ Ողորմած (ծն. թ. անհայտ–977) Հայոց թագավոր 953–ից։ Հաջորդել է հորը՝ Աբասին (Աբաս Բագրատունի (Հայոց թագավոր))։ Աշոտ Գ–ի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական և մշակութային վերելք, երկրում տիրում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ 953–ին փորձել է Դվինն ազատագրել արաբներից, բայց հաջողություն չի ունեցել։ 961–ին արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, որը պարսպապատել է, կառուցել տվել պալատներ և այլ շինություններ, հռչակել Հայաստանի մայրաքաղաք։ Աշոտ Գ հաջողությամբ ետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրայի հարձակումները։ 973 թ.-ին 80 հազարանոց բանակով դուրս է եկել Տարոնով դեպի Միջագետք արշավող բյուզանդական զորքերի դեմ՝ հեռացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհան Չմշկիկ կայսեր առաջարկով հաշտություն է կնքվել Հայաստանի և Բյուզանդիայի միջև։ Աշոտ Գ–ի օրոք Հայաստանում ընդարձակվել են հին քաղաքները, կառուցվել նորերը։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966–ին հիմնել է Սանահինի, իսկ 976–ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով գիտա–կրթական կենտրոններ են դարձել։ Աշոտ Գ երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որ բացառիկ երևույթ էր այդ ժամանակի համար։ Աշոտ Գ «բարեգործ էր», որի համար էլ անվանել են «Ողորմած»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png