Աղձնիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղձնիք
Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է գավառ
Գլխավոր քաղաք Տիգրանակերտ
Այլ քաղաքներ Քղիմար, Սասուն, Անգղ, Արզան
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387
Աղձնիքը Մեծ Հայքի քարտեզի վրա

Աղձնիքը, ըստ Մովսես Խորենացու (ըստ այլ ուսումնասիրողների՝ Անանիա Շիրակացու) «Աշխարհացույցի», հանդիսանում էր Մեծ Հայքի երրորդ նահանգը։ Ասուրաբաբելական արձանագրություններում հիշատակվում է Ալզի, ուրարտական սեպագիր արձանագրություններում՝ Ալզինի ձևով։

Աղձնիք նահանգն ըստ Ս.Երեմյանի։ Ըստ Բ.Հ. Հարությունյանի ուսումնասիրությունների նահանգի սահմաններն արևմուտքում տարածվում էին մինչև Եփրատ և գավառացանկից բացակայում է Քաղ (=Քղիմար) գավառը՝ նույնանալով Անգեղ Տուն գավառին։ Տարբերություններ կան նաև լեռնային գավառների տեղադրություններում։

Վարչական բաժանում[խմբագրել]

Աղձնիքը բաղկացած էր հետևյալ 11 գավառներից.

Աշխարհագրություն և Երկրաբանություն[խմբագրել]

Աղձնիքը գտնվում էր Արևմտյան Տիգրիսի և Հայկական Տավրոսի միջև, մոտ 18 000 կմ2 տարածությամբ և ուներ 10 գավառ։

Բնական պայմաններով բաժանվում է երկու հակադիր մասերի՝ հյուսիսային, որը Հայկական Տավրոսի շրջանում ունի դաժան կլիմա, և հարավային, որի կլիման տաք է, մակերևույթը՝ հարթավայրային։ Դաշտային մասում էին Անգեղտուն (Քեղ), Նփրկերտ և Աղձն (Արձն, Արզն) գավառները, իսկ լեռնային մասում՝ Կեթիկ, Տատիկ, Ազնվաց ձոր, Երխեթք (Խերխեթք), Գզեղխ, Սալնաձոր և Սանասունք (Սասուն) գավառները։ Արտաշիսյանների և Արշակունիների օրոք Աղձնիքը Մեծ Հայքի չորս բդեշխություններից մեկն էր։ Աղձնիքի խոշոր կենտրոն Տիգրանակերտը «արքունի քաղաք» էր և ուներ ներքին ինքնավարություն։ Քաղաքը կառավարում էր թագավորի նշանակած քաղաքապետը՝ «շահապը»։

Աղձնիքը հարուստ էր գետերով ու աղբյուրներով, հայտնի էր իր երկաթի ու կապարի հանքերով (հատկապես Անգեղտուն և Ազնվաց ձոր գավառներում) և նավթով։ Զարգացած էր խաղողի մշակությունը, գինեգործությունը և անասնապահությունը։

Պատմություն[խմբագրել]

Մեծ Հայքն ըստ «Աշխարհացոյց»-ի
Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Քարտեզի հեղինակ՝ Բ.Հ. Հարությունյան

Վաղ միջնադար[խմբագրել]

Մծբինի 40-ամյա դաշնագրի (298) համաձայն Աղձնիքի դաշտային մասը (Անգեղ-Տուն, Նփրկերտ, Աղձն) առնվեց հռոմեական բանակի հսկողության ներքո։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Աղձնիքը, բացառությամբ Աղձն գավառի, անջատվելով Հայքից, անցավ Արևելյան Հռոմեական կայսրությանը որպես առանձին վարչական միավոր՝ Մեծ Ծոփք (Սոփանենե) անունով, իսկ Աղձնը մնաց որպես բդեշխություն և ենթարկվեց Սասանյան Իրանին։ Սասանյանների ավերած Տիգրանակերտի տեղում հռոմեացիները կառուցեցին Մարտիրոպոլիս (Մարտիրոսաց քաղաք կամ Նփրկերտ) բերդաքաղաքը, որը Աքբա, Ափում և այլ ամրությունների հետ միասին պահպանում էր կայսրության սահմանագիծը Սասանյանների ներխուժումից։ Մեծ Հայքի 591-ի բաժանումից հետո Աղձնիքի ամբողջ տարածքն անցավ Բյուզանդական կայսրությանը և միացվեց Վերին Միջագետք պրովինցիային, սակայն 630-ից հետո վերականգնվեցին նախկին սահմանները։

Արաբական տիրապետության շրջան[խմբագրել]

Աղձնիքի վիճակն արմատապես փոխվեց արաբական նվաճումներից հետո (640-650), երբ դաշտավայրային մասում հաստատվեց արաբական Դիար-ռաբիա ցեղը։ VIII դ վերջին Աղձնիքում ստեղծվեց արաբական ամիրայություն։ Հայությունը մնաց Աղձնիքի լեռնային մասում՝ շարունակելով իր ձեռքին պահել Հայկական Տավրոսից դեպի Միջնաշխարհը տանող լեռնանցքները։

Գրականություն[խմբագրել]

  • Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ., 1822
  • Հյուբշման Հ., Հին Հայոց տեղվո անունները, Վեն., 1907
  • Երեմյան Ս.Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963
  • Հակոբյան Թ.Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Երևան, 1968
  • Հարությունյան Բ.Ն., Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png