Մարդաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդաստան, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում։ Տեղադրվում է Մակու քաղաքից արևմուտք, Կոտուրի լեռների արևելյան ստորոտներում։ Ըստ երևույթին գավառը Մարդաստան է կոչվել այնտեղ բնակված Մարդ ցեղի անունով։ Մինչև Vդ. մտել է Մարդպետունիների տոհմի տիրույթների մեջ, ապա անցել է Արծրունիներին՝ պահպանելով նաև Մարդպետական անունը։ IX դարից Մարդաստանը հիշվում է որպես Արծրունիների երկրորդական տոհմածյուղերից մեկի կալված։ Նույն դարի վերջից Մարդաստանի Համբույրազան ավանը դարձել է եպիսկոպոսյան կենտրոն։ X դ. սկզբին այստեղ ճակատամարտ է տեղի ունեցել Վասպուրականի և Ատրպատականի զորքերի միջև։ 902-ին Վասպուրականը Գագիկ և Գուրգեն Արծրունիների միջև բաժանելիս՝ գավառը մտել է Գագիկի տիրույթների մեջ։ 1021թ. Վասպուրական թագավորության անկումից հետո՝ Մարդաստանը ենթարկվել է սելրուկ-թուրքական, մոմղոլ-թաթարական և թուրքմենական ցեղերի ասպատակությունների թատերաբեմ։ 1502-ից մտել է Սեֆյան Իրանի կազմի մեջ։


Օգտագործված աղբյուրներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ