Նիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նիգ, Այրարատ նահանգի 15-րդ գավառը։ Կենտրոնն էր Քասաղ ավանը (այժմ՝ քաղաք Ապարան)։ Տարածքով մոտավորապես համապատասխանում էր ՀԽՍՀ հետևյալ վարչական շրջաններին. 1. Ապարանի շրջան, 2. Սպիտակի շրջան, 3. Վանաձորի շրջան կամ Գուգարքի շրջան, 4. Հրազդանի շրջանի հյուսիսային և արևելյան մասերը, 5. Սևանի շրջանի լճափնյա մասերը, 6. Նաիրիի շրջան։

Մեծ Հայքի թագավորության ավատականացման (ֆեոդալականացման) գործընթացին զուգընթաց, Նիգ գավառից անջատվել են Մազազ և Վարաժնունիք գավառները։

Տե'ս Մեծ Հայքի թագավորության Այրարատ նահանգի քարտեզը։

Նիգ գավառի տերերն էին Գնթունիները։ Գնթունիներ, հայ նախարարական տոհմ։ Ըստ Մովսես Խորենացու, Գնթունիների նախարարությունը հաստատել է Հայոց ավանդական թագավոր Վաղարշակը՝ Հայաստանում բնակված քանանական ցեղի սերնդից Ձեռես իշխանին կարգելով արքունիքի զգեստավորման գործակալ։ Քանիդաս տոհմապետի գլխավորությամբ քանանացիների ներգաղթի և Հայաստանում բնակություն հաստատելու մասին տեղեկացնում են նաև Պրոկոպիոս Կեսարացին և Ստեփանես Տարոնեցին։ Ներսես Լամբրոնացին Գնթունիներին անվանում է քանանեդացիներ։ Սահակյան գահնամակում Գնթունիները դասվել են 21-րդ տեղում։ Հայոց բանակին տվել են 300 հեծյալ։ Մովսես Խորենացին հիշատակում է Գնթունիների նահապետ Զորային, Ղազար Փարպեցին՝Վարդանանց պատերազմում նահատակված Տաճատ իշխանին Վահանանց կողմնակից Վառգոշին։ Գնթունիները հայ մատենագրության մեջ հետագա դարերում հիշվում են որպես հմուտ զինվորականներ։ Սմբատ Ա թագավորի ժամանակ (890-914 թթ.) Հովհաննես Դրասխանակերտցին Գնթունիներից հիշատակում է Հասան իշխանին՝ որպես արքունի տան ամրոցի՝ Կարսի պահակազորի հրամանատար, իսկ Աշոտ Բ թագավորի ժամանակ (914-929 թթ.)՝ Աշոտ և Վասակ իշխաններին՝ որպես Գուգարք նահանգի վերակացուներ և նրա Շամշուլդե գլխավոր ամրոցի բերդապահներ։ Գնթունիների նախարարական տիրույթի մասին տեղեկությունները կցկտուր են։ Տրդատ Գ թագավորը իր հունական արձանագրության մեջ հիշատակել է Գնթունիների իշխաններից մեկին՝ Նիգ գավառում կալվածք պարգևելու առիթով։ Այս, ինչպես նաև Ապարանում, Քասաղ գետի ափին, մի հին եկեղեցու ավերակներում պահպանված Գնթունիների իշխան Գրիգորի արձանագրության հիման վրա էլ ենթադրվում է, որ Նիգ գավառը եղել է Գնթունիների կալվածքը։ Բնակվել են Գեղամա լճի հյուսիսային եզերքին։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Ումառյանի կարծիքով, «Նիգ» գավառանունը առաջացել է հնդեվրոպական sneu «նայ, «հոսել», «ջուր» նախահիմքից։ Sneu-ն հայերի հնդեվրոպական նախնի տուհեր ցեղախմբի լեզվով տառադարձվել է naj կամ new, որից էլ w>g, հնչյունափոխությամբ տեղանունը Neg>Nig, որը նշանակում է «ջրատեղ» կամ «ջրաշատ»։ Այս անունը թարգմանվել է պահլավերեն abaran, որի էլ Ապարան, նույն բովանդակությամբ՝ «ջրաշատ»։ Ըստ Ուռումյանի, Ապարան անունը բնավ կապ չունի շինծու «ապարանք» բառի հետ[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեմյան Ս. Տ., Հայաստանն ըստ «Աշխարհացոյց»-ի, Երևան, 1963, էջ 72
  • Ղևոնդ Ալիշան, Այրարատ, Վենետիկ։
  • Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները։ Երևան, 1988։
  • Բաբկեն Հարությունյան, Մեծ Հայքի վարչա-քաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի, Մաս Ա, Երևան, 2001 (մեծադիր քարտեզով)։
  • Բաբկեն Հարությունյան, Հայաստանի պատմության ատլաս, Ա մաս, Երևան, 2004, 2005։
  • Բաբկեն Հարությունյան, Հայաստանի պատմության ատլաս, Բ մաս, Երևան, 2008։
  • Բաբկեն Հարությունյան, Հայաստանի ազգային ատլաս, Բ մաս, Երևան, 2008։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սերգեյ Ումառյան, Սյունիքը՝ դիցարան, Երևան, «Հայաստան», 1981 — 100-106, էջեր 100-106 — 116 էջ. — 3000 հատ։