Գուգարք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուգարք
Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է 10 գավառ
Գլխավոր քաղաք Վանաձոր
Այլ քաղաքներ Տաշիր
Կառավարող տոհմ(եր) Գուգարաց
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387
Ներկայիս երկրներ Վրաստան Վրաստան, Հայաստան Հայաստան
Պատմական Հայեր
Ներկա Հայեր, Վրացիներ
Պատմական Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ներկա Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի, Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի
Գուգարքը Մեծ Հայքի քարտեզի վրա

Գուգարք, Մեծ Հայքի տասներեքերորդ նահանգը։ Հույն պատմիչները հիշատակում են Գոգարենե անվանաձևով։ Ունի էթնիկական ծագում։ Արևելքից սահմանակից է եղել Ուտիք, հարավից՝ Այրարատ, արևմուտքից՝ Տայք նահանգներին, հյուսիսից՝ Վիրքին։ Գուգարքը մթա VIII դ մտել է Ուրարտական, մթա IV-II դդ՝ Երվանդունիների հայկական պետության կազմի մեջ։ Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ Գուգարքը Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկն էր։ 387–ին, Բյուզանդիայի և Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ Տաշիր գավառի, միացվեց Վիրքին։ Գուգարքի կազմում էին Ձորոփոր, Կողբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանգարք, Արդահան, Վերին Ջավախք և Կղարջք գավառները։ 652–ի հայ–արաբական համաձայնագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գուգարքը։ VIII դ Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IX դ կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970–ին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով։ 1065–ին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ XI դ վերջին և XII դ սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123–ին այն սելջուկներից գրավել է Դավիթ Շինարար թագավորը և տվել վրաց Օրբելիներին։ Ճնշելով Օրբելիների խռովությունը 1177–ին՝ վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185–ից՝ Զաքարյաններին։ XII-XIII դդ Գուգարքում կալվածներ են ունեցել նաև Մամիկոնյանները և Արծրունիները։ Կյուրիկյանների և Զաքարյանների օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, թայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տուտեորդին և Մխիթար Գոշը։ Մոնղոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ։