Սոթք (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սոթք (այլ կիրառումներ)

Սոթք (նաև՝ Սոդք, Սոտք), գավառ Մեծ Հայքի Սյունիք նահանգում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդգրկել է Գեղամա (Սևանա) լճի հվ-արլ. ափամերձ շրջանը՝ Սոդից կամ Մազրա (այժմ՝ Մասրիկ) գետի և դրա վտակների (Ականից, Կարմիր աղբյուր, Կալեր ևն) հովիտները։ Մաքենյաց (Կարճաղբյուր) գետով արմ-ից սահմանակից էր Գեղարքունիք գավառին, Վարդենիսի լեռնաշղթայով հվ-ից սահմանազատվում էր Վայոց ձոր գավառից, Գանձակի (այժմ՝ Սևանի) լեռնաշղթայով (հս-ից)՝ Ուտիքից, Սյունիքի լեռնաշղթայով (արլ-ից)՝ Արցախից։ Տարածքով հիմնականում համընկնում է նախկին Վարդենիսի շրջանին։ Մակերևույթը դաշտային է, հողը՝ արգավանդ (թերևս որի համար երբեմն կոչվել է Արտից գավառ)։ Ունի խոտավետ արոտավայրեր, սառնորակ ջրեր, մետաղահանքեր, հյուսիսում՝ կաղնու և գիհու անտառներ։ Սոթքի ոսկին շահագործվել է դեռևս մթա II հազարամյակից (Սոդքի ոսկու հանքավայր)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոթքը հնում եղել է Սոդացի նախարարական տան ժառանգական տիրույթը՝ Սոդ (այժմ՝ գ. Սոդք) իշխանանիստ կենտրոնով։ Ըստ Զորանամակի, Ս-ի իշխանությունը Հայոց զորաբանակին տվել է 50 մարտիկ։ Ենթադրվում է, որ Արշակունյաց թագավորության անկումից (428) հետո միացվել է Արցախ նահանգի Վայկունիք (հետագա դարերում իշխանանիստ կենտրոնի անունով կոչվել է Ծար) գավառին։ Ստույգ հայտնի է, որ IX դ 1-ին կեսից Սոթքը մտել է Խաչենի տեր Սահլ Սմբատյանի իշխանության մեջ։ Այնուհետև՝ մինչև XIII դ Սոթքը պատկանել է Ծար-Վայկունիքում իշխող Սահլ Սմբատյանի տոհմաճյուղին, XIII - XVI դդ՝ Դոփյաններին, XVI–XVIII դդ՝ Մելիք-Շահնազարյաններին։

Սոդ ավանից բացի, Սոթքի հին բնակավայրերից հիշատակվում են Խորասանիբակը, որը Հայոց Սմբատ Բ Բագրատունի թագավորը 895-ին պարգևել էր Տաթևի վանքին, Վասակաշեն ավանը (այժմ՝ Վարդենիս), որի Ս. Աստվածածին եկեղեցու դամբարանում թաղվել են XVI դ ժամանակագիր Հովհաննես Ծարեցին և Սարգիս վարդապետը, Վարդանաբակ կամ Վարդանաշեն ավանը (այժմ՝ գ. Ակունք), ինչպես նաև Մեծ Մազրա գյուղը (հնում՝ քաղաքավան, այժմ՝ Մեծ Մասրիկ), որը եղել է Մելիք-Շահնազարյանների իշխանանիստ կենտրոնը։ XIII - XIV դդ պատմիչ Ստեփանոս Օրբելյանը Սյունյաց եկեղեցուն հարկատու Սոդք-Ծարի բնակավայրերից հիշատակում է հետևյալները՝ Սոթք, Ծափաթաղք, Ունջի ձոր (Ունչիձոր), Հովուաթափք (Հավսաթաղք), Ավազան, Համամաբակք, Արավիսաբակք (Արևիսաբակ), Գուկառինճ, Տրետուք, Սափչի անապատ (Սափչանապատ), Խորթագետ, Վարդանաբակք, Նորաբակք, Վասակաշեն, Կութն, Անապատ, Արփունջն, Շատջրեք, Կուչկունիք (Կուշկունիք), Բարկույք (Պարկիս), Վաղավեր, Ուռակարբ, Ամեռնափոր, Շատվան, Շինիք, Աստվածածին, Երեզ, Բակափոր, Մաքենոց, Ետեցիք, Զերիշատ, Ասխոզ (Ագխոզ), Աղբերաձոր, Արմնա (Արմնալ), Շապուհաթաղ, Կուտակք (Կատակ), Վաչեիբակ, Ջաղացաձոր, Ջաջուրաբակ, Բաշուք (Պաշուք), Տեռնատյան, Բերդաձոր, Դրունք (Տրունք), Որթնիք (Որդնիք), Դարանք (Տարոնք), Դարանակ (Տարանակ), Ախոռատուն (Ախոռանտուն), Ոզմունք, Պաշո, Չահո, Խարասանիբակ, Որոկիք (Որոգիք), Ականք (Ակունք), Գողոց Ագարակ, Այրք, Գեղամաբակ, Կախանաղբյուր, Սահակաբակք, Խոնթաբակ, Ջաղացաձոր, Որուց, Դպրաբակ, Տկոլաբակ, Ատրմղենաբակ, Խորժա, Սնաձոր, Ծար, Գետաբակ, Երերի, Վարժանկա աղբյուր, Տոնշենք, Եղջերուենիկ, Անապատ, Աղձի գետ (Օձիգետ), Քթաշեն, Գավառնի, Կնձուտ, Դարանակ, Կաթունիք։

Թուրք-թաթար, զավթիչների, կարակոյանլուների, ակ-կոյանլուների տիրապետության շրջանում և մինչև 19-րդ դարի 30-ական թվականները գավառում աստիճանաբար հասատատվել են թուրքմեն, խաշնարած ցեղեր, որոնք մշակովի դաշտերը վերածել են արոտավայրերի, ավերել բազմաթիվ գյուղեր, վերափոխել իրենց բռնագրաված գյուղերի անվանումները։ XVIII դ Սիմեոն Ա Երեանցի կաթողիկոսը գավառում հիշատակում է հետնյալ հայաբնակ գյուղերը՝ Ցրտագետ, Հոտած աղբյուր, Նշխարք, Կածի, Բար, Քավթառանոց, Սալկուտ, Փառակունիս, Ախնեիք, Կաթիկ, Կաթաշեն, Կարմիրշեն, Բաստամ, Ծուկրուկ, Խոշկաշեն, Ոսկեշեն, Անմեռ, Խսլինակ, էտիլ Դավալանոց, Կալեր, Արքաուներ, Երիցաշեն, Համարիար, Երիշատ, Ոկունիս, Ջիլ, Արտվուճ, Գետիկ, Կարմունջ։ 1829-30 թվականներին գավառում բնակություն են հաստատել Արևմտյան հայաստանից գաղթած հայերը։ 1930 թվականին ստեղծված Վարդենիսի շրջանը տարածքով հիմնականում համընկնում էր Սոդք գավառին։ 1989-90 թվականներին տարածքի նախկին ադրբեջանաբնակ գյուղերում բնակություն են հաստատել Ուտիքից, Գանձակից, Բաքվից և Ադրբեջանական ԽՍՀ այլ վայրերից բռնագաղթված հայերը։ 1996 թվականից գավառի տարածքը մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։ Գրականություն՝ ՀՍՀ հ. 10։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]