Թեոդորոս Ռշտունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Թեոդորոս Ռշտունի (այլ կիրառումներ) 

Թեոդորոս Ռշտունի (7-րդ դար), Հայոց իշխան և զորավար։

Սասանյան արքունիքի համաձայնությամբ 628 թվականին նշանակվել է Մարզպանական Հայաստանի սպարապետ։ 634 թվականից վարել է նաև Հայոց մարզպանի պաշտոնը։ Եղել է Հայաստանի մարզպանը արաբական առաջին արշավանքների ժամանակ: Սասանյան Պարսկաստանի՝ արաբների կողմից գրավվելուց և դրա հետևանքով Մարզպանական Հայաստանի փաստացի անկախություն ձեռք բերելուց հետո Թեոդորոս Ռշտունին իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտպանությունը։

Լարված հարաբերություններ է ունեցել բյուզանդական մասի Հայաստանի կառավարիչ Մժեժ Գնունու հետ: Հայ նախարարների և կաթողիկոս Ներսես Գ Տայեցու աջակցությամբ միավորել է նաև Բյուզանդիային ենթակա Հայաստանը։ 639 թվականին միավորված Հայաստանը փաստացի վարել է ինքնուրույն քաղաքականություն՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ։ Նա ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել թշնամուն։

Բյուզանդական կայսրության նոր նվաճողական նկրտումներին դիմադրելու նպատակով Թեոդորոս Ռշտունին իր շուրջն է համախմբել Հայոց, Աղվանից և Վրաց իշխող վերնախավերին, դիվանագիտական հմտությամբ բանակցել և 652 թվականին համեմատաբար նպաստավոր պայմանագիր է կնքել Ասորիքի արաբական կառավարիչ Մուավիայի հետ։ Ճանաչելով խալիֆայության գերիշխանությունը՝ Թեոդորոս Ռշտունին 3 տարով երկրում թեթևացրել է հարկավճարումը, պահպանել հայոց այրուձին և ինքնուրույնությունը կառավարման բոլոր հարցերում։ Հիվանդության պատճառով առժամանակ մեկուսացել է քաղաքական կյանքից։ Գլուխ բարձրացրած կենտրոնախույս և բյուզանդամոլ տարրերին հնազանդեցնելու պատրվակով արաբական զորքերը գրավել և կողոպտել են Հայաստանը։

652 թվականին պայմանագիրը վերահաստատելու հույսով՝ Թեոդորոս Ռշտունուն 1800 հայ մեծատոհմիկ պատանդների հետ մեկնել է Դամասկոս։ Սակայն երկարատև հիվանդությունից հյուծված նա այնտեղ շուտով վախճանվել է։ Նրա դին տեղափոխվել է հայրենի երկիր և թաղվելտոհմականգերեզմանատանը։