Վիրք
Վիրք (վրաց.՝ იბერია, լատ.՝ Iberia, հին հուն.՝ Ἰβηρία), պատմական երկիր Անդրկովկասի կենտրոնական մասում: Հարավից և հարավ-արևմուտքից սահմանակցում էր Մեծ Հայքին, արևմուտքից՝ Կողքիսին, հյուսիսից Ալանիային, արևելքից Աղվանքին: Մայրաքաղաքներ են եղել Մցխեթը, Արմազը և Թբիլիսին: Հունա-հռոմեական հեղինակների մոտ կոչվել է նաև Իբերիա: Մինչև մ.թ.ա. III-IIդդ. Իսպանիան ևս կոչվել է Իբերիա և անունների նմանություններից հույն և լատինական հեղինակները ենթադրել են, որ Կովկասի իբերները, այսինքն՝ վրացիները, առաջացել են Պիրենեյան թերակղզու իբերներից: XIX դարից սկսած առանց գիտական որևէ լուրջ կռվանի, որոշ հետազոտողներ ջանում են հիմնավորել այդ ենթադրությունը՝ առնչություններ որոնելով բասկերենի և վրացերենի միջև: Կուր գետի հովտում՝ ցեղային միության հիմքի վրա, մ.թ.ա.IV-III դդ. սահմանագծում առաջացավ վաղ ստրկատիական պետություն, որի հիմնադիրը, ըստ վրացական ավանդական պատմության, Քարթլիի տանուտեր Փառնավազն էր: Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր: Մայրաքաղաք Մցխեթայում, ինչպես նաև մյուս քաղաքներում զարգացած էին արհեստներն ու առևտուրը: Արտաշես Ա-ն Վիրքից ազատագրում է զավթված և Երվանդունիների օրոք Երվանդյան Հայաստանի կազմի մեջ մտնող Գուգարք նահանգը և միացնում Մեծ Հայքին: Տիգրան Մեծի ժամանակ Վիրքը եղել է Մեծ Հայքի գերիշխանության տակ: Մ.թ.ա. 66 թ. Արտաշատի պայմանագրով դուրս է եկել հայկական գերիշխանությունից: 387 թ. Մեծ Հայքի բաժանումից հետո Գուգարք նահանգը կցվել է Վիրքին և ստեղծվել Վրաց մարզպանությունը: 337-ին քրիստոնեությունը հայտարարվեց պետական կրոն: Ծիսակատարության լեզուն հունարենն ու ասորերենն էին, օգտագործվող այբուբենը՝ հունականն ու ասորականը: Վահանանց պատերազմի ժամանակ հայ-վրացական զորքերը Ճարմանայի դաշտում ծանր պարտություն կրեց պարսկական զորքից:862-1022թթ. Վիրքը եղել է Հայ Բագրատունիների տերության մեջ : Սելջուկյան արշավանքների և տրիապետության ժամանակ զգալի թվով հայեր գաղթել են Վրաստան: Վիրքը իր հզորության գագաթնակետին է հասել Դավիթ Շինարար թագավորի օրոք: Վրաց Թամար թագուհին հայ-վրաց. զորքրով Զաքարե և Իվանե եղբայրների օգնությամբ ազատագրել են Հայաստանի բազմաթիվ շրջաններ: 1199թ. վերջնական ազատագրվում է Բագրատունյաց Հայաստանի սիրտ Անին: Ազատագրած տարածքները տրվեցին հիմնականում Զաքարյաններին: Վրաց Բագրատունյաց թագավորությունը ավարտվեց 1801թ. երբ Վրաստանի զգալի մասը անցավ Ռուսաստանի տիրապետության տակ : Վիրքի տարածքի վրա այժմ Վրաստանն է:
Տես նաև [խմբագրել]
| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիրք կատեգորիայում։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |