Արևիք
Տես նաև Արևիկ (այլ կիրառումներ)
Արևիք - գավառ պատմական Հայաստանի Սյունիք նահանգում: Սյունիքի ամենահարավային գավառն է:
Համապատասխանում է ՀԽՍՀ Մեղրու շրջանին։[1]
Արևիք անունը հնագույն ծագում ունի: Այս անունը հավանաբար կապված է նույնանուն ցեղի կամ Արև աստծու հետ:
Արևիքը Սյունիքի ամենափոքր գավառներից է: Տարածքը գրեթե համընկնում է Մեղրի գետի ավազանին, նրա միայն մի փոքր մասը տարածվում է դեպի արևելք` Կովսականի կողմերը, այս մասերում իր մեջ ընդգրկելով մի քանի փոքրիկ ձորահովիտներ:
Արևիքը հնում կազմում էր Գողթնի մի մասը, իսկ հետագայում նրանից անջատվելով` միացել է Սյունիքին:
Այս գավառը 1226-ին ավերման է ենթարկվել էմիր Հարունի կողմից, որը դեռ 1158-ին գրավել էր Մեղրին:
Արևիքի պատմա-աշխարհագրական վայրերից ամենահայտնիներն են` Մեղրին, որը համապատասխանում է այժմյան Մեղրի քաղաքին, Կարճավան ավանը, որը համապատասխանում է այժմյան Կարճևան գյուղին (Մեղրի քաղաքից 7-8 կմ արևմուտք` Կարճևան գետի հովտում), Կաքավաբերդը, որը գտնվում է այժմյան Կալեր-Վանքի շրջանում և հանդիսանում էր Սյունիքի թագավորության նշանավոր բերդերից մեկը:[2]