Բզնունիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բզնունիքը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում

Բզնունիք (Բզնունական, գավառն Խլաթայ), գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում, Տարածվում էր Վանա լճի առափնյա շրջաններում[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածվում էր Վանա լճի հյուսիսարևմտյան առափնյա շրջանում։ Բզնունիքին էին պատկանում նաև Վանա լճի Արծկե, Ծիպան և Տոքյան կղզիները։ Հիմնականում ընդգրկում էր այժմյան Խլաթի կամ Ախլաթի գավառի տարածքը։ Ունի բարեխառն կլիմա, անցյալում պտղաբեր էր, պարտեզներով, այգիներով, անտառներով հարուստ։ Գավառի հյուսիս-արևմուտքում է գտնվում անուշահամ ու ձկնառատ Նազուկ կամ Նազիկ լիճը։ Բզնունիքի Նեմրութ կամ Նեբրովթ (հնում կոչվել է նաև Սարակ) հանգած հրաբխային լեռան (3050 մ) գագաթի խառնարանում ամփոփված է գեղատեսիլ Նեմրութա ծովակը (լիճը)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկանում էր Բզնունի նախարարական տանը, որը Արշակունի Հայոց արքաներին դավաճանելու համար 4-րդ դարում ոչնչացվում է, իսկ տոհմի վերջին շառավիղ՝ Դատաբե Բզնունին գլխատվում է Առեստավանում։ Բզնունիքում էին գտնվում Խլաթ և Արծկե քաղաքները։

Ըստ ավանդազրույցի, Ասորեստանի բռնակալ աստված Բել-Նեբրովթը ուղտերով շինանյութ է կրել, երկնաքեր բերդ կառուցել Սարակ լեռան գագաթին, որպեսզի այնտեղից կռվեր և հաղթեր Հայոց աստծուն։ Բայց վերջինս շանթահարել և գետնասույզ է արել Նեբրովթին՝ նրա կառույցներով հանդերձ, իսկ այդ տեղը ծածկել ջրով՝ անհետացնելով ամբարտավանի հիշատակը։ Այդ տեսիլի սարսափից Բել-Նեբրովթի ուղտերն ու մարդիկ իբր քարացել են լեռան հարավակողմի այն ոչ մեծ դաշտում, ուր այժմ կան ուղտերի քարավանի նմանվող մոտ 50 - 60 տձև ու խոշոր քարեր։ Այս ավանդության հետ է կապված Սարակ լեռան՝ Նեբրովթ և մերձակա դաշտի՝ Ուղտու կամ Ըղտու քարեր անվանումները։

Հնագույն ժամանակներից մինչև IV դ․ կեսը Բզնունիքը հղել է Բզնունիների հայկազուն իշխանական կամ նախարարական տոհմի ժառանգական տիրույթը։ Գավառանունն առաջացել է այդ տոհմանունից։ Այս իշխանության անունով Վանա լիճը կոչվել է Բզնունյաց ծով։ Հայոց հարավային զորաթևի հրամանատար Բզնունի Դատաբենի դավաճանության պատճառով 330- ական թթ․ Խոսրով Գ Կոտակ թագավորի հրամանով բնաջնջվեց Բզնունիների գերդաստանը և Բզնունիքը միացվեց արքունի կալվածներին։

Հայոց Արշակունի թագավորության անկումից (428) հետո Բզնունիքը մնաց տեղի եպիսկոպոսի տնօրինության ներքո։ VIII դարից Բզնունիքին տիրել են արաբները։ Ըստ Շապուհ Բագրատունի պատմիչի, Սմբատ Բ Բագրատունի թագավորը (իշխել է 890 - 914) Բզնունիքը ազատագրեց արաբ տիրապետողներից, բարեկարգեց գավառը, վերակառուցեց Խլաթի ամրոցը։

X - XI դդ․ Բզնունիքը մտել է Վասպուրականի թագավորության մեջ։ XI դ․ կեսից սելջուկ-թուրքերն այն տվեցին Մերվանյան քրդերին։ Օգտվելով սելջուկյան տիրապետության անկումից՝ Բզնունիքի հայերը դուրս քշեցին քրդերին և 1100-ին գավառի իշխանությունը կամովին հանձնեցին ոմն Սոկմանի (նախկինում մամլուք, Մարանդ քաղաքի սելջուկ կառավարչի ստրուկ)։ Սոկմանը Խլաթում հռչակվեց հայերի (արմենների) թագավոր (շահ) և զգալիորեն ընդարձակեց իշխանության սահմանները։ Շահ-ի-Արմենները սիրաշահելով ու համագործակցելով հայերին, ընդունելով նրանց մշակույթն ու բարքերը՝ խաղաղությամբ իշխեցին մինչև 1207-ը։ Լինչն իր ուղեգրություններում ասում է, որ Շահ-ի-Արմենների ժամանակներից պահպանված շինարարական հուշարձանների մնացորդները (բնակարաններ, մատուռներ, դամբարաններ, մահարձաններ) վկայում են դրանց գերազանցապես հայկական կերտվածքի մասին։

1207-ից Բզնունիքին փոխնիփոխ տիրել են Այուբյան քրդերը, մոնղոլ-թաթարները, թուրքերը, որոնց օրոք տեղի հայերի թիվը հետզհետե նվազել է, իսկ արգավանդ հողերը հիմնականում վերածվել են ավազուտների։

Բզնունիքի հնագույն բնակավայրերից հիշատակվում են Արծկեն, Խլաթը, Դատվանը, Մատնավանքը, Շամիրամու բերդը։ Կրկնակի պարիսպ ու բերդ ունեցող Արծկե կղզի-քաղաքը միջին դարերում հուսալի ապաստան է եղել շրջակա հայերի համար։ Երբեմնի այդ բարգավաճ բերդաքաղաքը ջրածածկ եղավ ուշ միջնադարում։ XX դ․ սկզբին դեռես տեսանելի էին պարսպի աշտարակները, եկեղեցիների գմբեթները և բարձրակառույց այլ շինությունների մնացորդները։ Վահան Գողթնեցու վարքում VIII դ․ սկզբին քաղաքին առընթեր հիշատակվում է Երաշխավոր մենաստանը։ Արծկեցիները հետագայում բնակվեցին լճափի բարձր ու գեղադիր մասում՝ հիմնելով Նոր Արծկեն։ Ըստ Արծկե քաղաքի արաբական Դաթ ալ-Ջաուզ անվանման՝ թուրքերը Նոր Արծկեն կոչում են Ալջավազ կամ Ադլջեազ։ Այն համանուն գավառի կենտրոնն է, ուր XIX դ․ սկզբին բնակվում էր շուրջ 2000, իսկ XX դ․ սկզբին՝ 600 հայ։

Բզնունիքի գլխավոր բերդաքաղաքը՝ Խլաթը, ուներ ամուր բերդ և աշտարակավոր մեծակառույց պարիսպ (եռադարպաս)։ Շահ-ի- Արմենների օրոք այն դեռես բարգավաճ էր, որից հետո անկում ապրեց։ Խլաթում հիշվում են Սբ․ Խաչ և Գամաղիել եկեղեցիները։ Վերջինս եպիսկոպոսարանն էր և գտնվում էր քաղաքից դուրս։ Խլաթը վերջնականապես կործանեց Պարսից Թահմուզ խանը՝ Սուլեյման I սուլթանի դեմ մղվող կռիվների ժամանակ (1548)։ Թուրքերն ու քրդերը Խլաթի ավերակներն անվանում են Խարաբա-շեհր կամ Թախտ-ի Սուլեյման։ Սուլեյման I սուլթանը հետագայում Վանա լճի ափին հիմնեց Նոր Խլաթ բերդը։ XX դ․ սկզբին այստեղ բնակվում էին մոտ 170 տուն քրդեր և 25 - 30 տուն հայեր։

Բզնունիքի Դատվան ավանը (Վանա լճի արևմտյան ափին, Տոքյան կղզուց ոչ հեռու) X - XI դդ․ ուներ 10 - 15 հզ․ հայ բնակիչ, ամուր բերդ (այժմ՝ ավերակ)։ Վաճառաշահ նավահանգիստ էր, Արծրունի թագավորների ամառանոցը։ XX դ․ սկզբին Դատվանը վերածվել էր գյուղի՝ մոտ 700 տուն հայ բնակչությամբ, զբաղվում էին առևտրով և երկրագործությամբ։

Բզնունիքի Մատնավանք գյուղը ճանաչված էր առանձնապես իր գեղեցիկ ու բազմահարկ անձավային բնակարաններով։ Գյուղի մոտ գտնվող Դիվակուլ կոչվող խաչաքանդակ ապառաժի ստորոտից բխում են սառնորակ աղբյուրներ։

Կրկնապարիսպ Շամիրամու բերդը (այժմ՝ ավերակ) կառուցված էր Շամիրամ գյուղի (Նեմրութի ստորոտում) հարավային կողմում գտնվող եռագագաթ բլուրներից կենտրոնականի վրա։

Ըստ Էփրիկյանի, XIX դ․ վերջին գավառում կար 33 գյուղ, որից 25-ը հայաբնակ էին։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Բզնունիքի հայերը բնաջնջվեցին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան։ «Միտք»։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 429