Երնջակ (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երնջակ (այլ կիրառումներ)
Երնջակ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում էգավառ
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ազգային կազմ
Կրոնական կազմ
Երնջակը Մեծ Հայքի քարտեզի վրա

Երնջակ , Մեծ Հայքի Սյունիք նահանգի գավառներից։ Երնջակ գավառը տարածվում էր Երնջակ գետի (այժմ՝ Ալինջա-չայ) ավազանում։ Երնջակը շրջապատված էր Գողթն, Ծղուկք, Ճահուկ և Նախճավան գավառներով, հարավում, հավանաբար, նրա սահմանը հասնում էր Երասխ գետին։ Երնջակի հարավային մասը հնագույն ժամանակներից ի վեր հայտնի է եղել իր ընտիր մրգերով՝ ծիրանով, նռնով, թուզով, տանձով և այլն։ Այս մասում մշակվում էին նաև բամբակ, իսկ հյուսիսային մասում՝ քնջութ, կտավատ, հացահատիկներ և այլ մշակաբույսեր։

Տարածքն ու ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երնջակի գավառը Իգնատիուս Խաչատուրյանի կողմից Վենետիկում տպագրված հայկական «Աշխարհացույցում». 1751 թվական

Նրա պատմական տարածքը ընդգրկում է այժմյան Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանը և տարածվում Արաքս գետի աջ և ձախ կողմի հարթություններում ու լեռնալանջերում, հանրահայտ Վիշապասար (Օձասար) անվանվող բարձրաբերձ լեռան փեշերին, որը միաժամանակ հանդիսանում է գավառի հիմնական խորհրդանիշներից մեկը։ Լեռը ծովի մակարդակից ունի 2412 մ. բարձրություն, որի երկգագաթ բարձունքի վրա տարբեր հատվածներում կան ճգնարաններ, X-XVII դդ. թվագրվող մատուռ։ Վերջերս նրա վրա հայտնաբերվել է նաև ուրարտական սեպագիր արձանագրություն։
Երնջակի նպաստավոր բնակլիմայական պայմանները, ճոխ բուսականությունն ու խմելու ջրի պաշարները, բարեբեր դաշտերն ու բնական ամրությունները պատճառ են դարձել, որպեսզի տարածքը մշտապես լինի բնակեցված սկսած անհիշելի ժամանակներից։ Երնջակը միջնադարում հռչակված էր որպես «Գեղեցկանիստ երկիր»[1] Ս. Երեմյանը տեղադրելով պատմական Երնջակի տարածքը, ժամանակին նշել է, որ այն գրավել է «շուրջ 600 կմ² տարածությամբ. գրավում էր Երնջակ գետի գետի վերին հոսանքի շրջանը»[2]։ Այս տեղադրությունն այնքան էլ ճիշտ չէ, քանզի գավառի պատմական տարածքը VII-XVII դդ. ընդգրկել է ոչ միայն Երնջակի վերին, այլ միջին և ստորին հոսանքի տարածքները՝ հաճախ մինչև Արաքս գետի ափերը։ Այնպես որ Երնջակի տարածքը, ոչ թե 600 կմ² է եղել, այլ ավելի քան 900 կմ²[3]։

Անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երնջակը որպես Սյունյան աշխարհի գավառ, հիշատակվում է դեռևս VII դարից[4]։ Երնջակ կամ Երնճակ, Երնջնակ անվան լեզվաբանական բացատրությունը, ըստ Հրաչյա Աճառյանի մեկնաբանության, նշանակում է.

- Մի տեսակ ուտելի փուչ. eryngium campestre L...Երնջակ բառից է...որ բառացի նշանակում է "ցուլի փուչ"

[5]

Կարծիք կա, որ Երնջակ բառի հիմքը երեի-ն է, որից էլ առաջանում է երևալ-ծագել բայլը։ Տեղանվան այսպիսի բացատրության վերաբերյալ Ս. Ումառյանը նշում է, որ «Երնջակ անվան հիմքը երեի-ն է, որից ունենք երևալ -ծագել բայը և Երևակ (Սատուրն) մոլորակի անունը։ Երևակ (Զոհալ, զոհրայ) մոլորակին Վինդիշմանը և Տոմաչեկը դնում են «երև» բառի հետ»։
Ինչպես երեի հիմքում (լուսափայլ) և ակ մասնիկով ստացվել է Երևակ անունը, այնպես էլ՝ Երեի (Ճ) ակ>Երեի (նճ) ակ> Երնջակ։ Հետևապես տեղանունը կրում է Երևակ մոլորակի անունը»[6]։

Մեկ այլ ստուգաբանությամբ էլ (Գր. Ղափանցյան) տեղանունը կապում է հեթանոսական տաճարներում զոհաբերված Երինջի հետ։ Երնջակ անվան վերաբերյալ Ստեփանոս Օրբելյանի մոտ բերված է մի ավանդություն, ըստ որի այդ անունը ծագել է Սյունյաց տիկիններից մեկի՝ Երնջիկի անունից[7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակունյաց անկումից հետո (428), Երնջակն ընկել է Սասանյան Պարսկաստանի, ապա 698 թվականից՝ Արաբական Խալիֆայության տիրապետության տա։ Այնուհետև հայոց Սմբատ Ա Բագրատունու կողմից գավառն ազատագրվել է արաբական տիրապետությունից։ Մինչ այդ այն գտնվել էր Ատրապատականի Յուսուփ ամիրայի իշխանության տակ։

11-րդ դարի վերջերից Երնջակն ընկնում է Սելջուկ թերքերի տիրապետության տակ և 12-րդ դարի վերջերին ազատագրվում Զաքարյանների կողմից։

Սյունյաց աշխարհի կազմում գտնվող Երնջակին հետագա դարերում ժամանակ առ ժամանակ տիրել են իսլամադավան զանազան նվաճողները։ 17-րդ դարի սկզբներից այն գտնվում էր Սեֆյան Պարսկաստանի Նախիջևանի Խանության կազմում։ Հենց այս ընթացքում էլ՝ Դավիթ Բեկի հայտնի ապստամբությունից հետո տարիներ անց՝ 1749-1750 թվականներին անհնազանդություն է կազմակերպում խանական իշխանության հարստահարումներ դեմ հայտնի Շահկերտ ավանը, ուր տասնամյակներ շարունակ ապրել ու գործել են տեղի ազնվական հայկական տոհմերը՝ Խանդամիրյաններն ու Աղամալյաններ։ Չնայած, որ պայքարն ավարտվում է Հովհաննես Խանդամիրյանի հաղթանակով, այդուհանդերձ Նախիջևանի Հեյդար Ղուլի խանը պարտադրանքով կարողանում է իր մոտ՝ Նախիջևան կանչել անվանի տների ներկայացուցիչներ ու սպանել նրանց։ Դեպքերի մասին, որը հայտնի է Շահկերտի ապստամբությունը անվամբ, մանրամասն պատմում է Միքայել Չամչյանն իր հայտնի եռահատոր Հայոց Պատմության երրորդ հատորում։

1828 թվականի Թուրքմենչայի ռուս-պարսկական դաշնագրով գավառն ազատագրվելով անցել է Ռուսաստանի տիրապետության տակ՝ կազմելով Հայկական մարզի մի մասը։ Այնուհետև Երնջակը Նախիջևանի մյուս հայկական գավառների թվում 1840-1846 թվականներին եղել է Վրաց-իմերեթական, 1849-1918 թվականներին՝ Երևանի նահանգների կազմում։ 1921 թվականից այն ապօրինաբար մաս է կազմում այժմյան Նախիջևանի ինքնավար Հանրապետության ու գտնվում Ադրբեջանի Հանրապետության ենթակայության ներքո։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղ. Ալիշան - Սիսական, Վենետիկ, 1893, էջ 349
  2. Ս. Երեմյան, Հայաստանը ըստ «Աշխարհացույցի», Եր., 1963 թ., էջ 51
  3. Արգամ Այվազյան- Նախիջևանի վիմագրական ժառանգությունը, Հատոր Դ, Երնջակ Գավառ, Եր., 2008, էջ 5
  4. Ա. Աբրահամյան - Անանիա Շիրակացու մատենագրությունը, Եր., 1944, էջ 350
  5. Հր. Աճառյան - Հայերեն արմատական բառարան, հատ Բ, Եր., 1930 էջ 859-860
  6. Ս. Ումառյան, Սյունիքի դիցարանը, Եր., 1981, էջ 95
  7. Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 210-211.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 637