Տուրուբերան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Տարոն (այլ կիրառումներ) 
Տուրուբերան
Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է 16 գավառ
Գլխավոր քաղաք Մանազկերտ
Այլ քաղաքներ Արճեշ, Արծկե, Խլաթ, Մուշ, Խնուս
Կառավարող տոհմ(եր) Սլկունիները, Մամիկոնյանները, Մանդակունիները, Ապահունիները, Ձյունականները, Բզնունիները, Գնունիները, Խորխոռունիներ
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387
Տարածք 25,008 կմԱ
Ներկայիս երկրներ Թուրքիա Թուրքիա
Պատմական Հայեր
Ներկա Քրդեր, թուրքեր, իսլամացված հայեր
Պատմական Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ներկա Իսլամ
Տուրուբերանը Մեծ Հայքի քարտեզի վրա

Տուրուբերան կամ Տաւրուբերան (Կողմն Տարաւնոյ, Տարոնոյ աշխարհ, Տաւրոյ բերան), Մեծ Հայքի չորրորդ նահանգը։ Արևմուտքից սահմանակից էր Ծոփք և Բարձր Հայք, հյուսիսից՝ Այրարատ, արևելքից՝ Վասպուրական, հարավից՝ Մոկք և Աղձնիք նահանգներին։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել]

Սահմաններ[խմբագրել]

Տուրուբերան նահանգի քարտեզը (ՀՍՀ)

Տուրուբերանի բնական սահմաններն արևմուտքում կազմում էին Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի արևելյան հատվածից սկսվող և դեպի հարավ տարածվող Սերոկի լեռները, հյուսիսում՝ Հայկական Պար և Շարիանի լեռնաշղթաները, արևելքում՝ Վանա լիճը և Բերկրի ու Պատնոց գետերի ջրբաժան լեռները, հարավում՝ Հայկական Տավրոսը։ Ընդգրկել է հիմնականում Արածանու վերին և միջին, ինչպես նաև Արաքսի վերին հոսանքների ավազանը (25, 008 կմ2

Աշխարհագրություն[խմբագրել]

Տուրուբերանի մակերևույթը բազմազան է, մեծամասամբ՝ դաշտային։ Կենտրոնական մասում ձգվող լեռնաշղթաներն ու բլրաշարերը մեծ մասամբ ցածր են և չեն խախտում ընդհանուր հարթ մակերևույթը։ Տուրուբերանի տարածքով հոսող Արածանին և բազմաթիվ վտակները տեղ-տեղ (Մուշ-Խնուս-Մանազկերտ) առաջացրել են ճահճուտներ։

Ունի արգավանդ դաշտեր (Դութաղ, Մանազկերտ, Բուլանըղ, Մուշ, Խնուս, Տուարածատափ)։ Տուրուբերանի մեջ մտնող Բյուրակնյան հրաբխային բարձրավանդակը հայտնի է սառնորակ աղբյուրներով ու փարթամ արոտավայրերով։ Բացառությամբ առանձին շրջանների (Բյուրակն, Տուարածատափ և այլն), կլիման խիստ է, ցամաքային։ Ցածրադիր վայրերում տարածված են փշաբույսերը, փետրախոտերը և այլն, իսկ բարձրադիր շրջաններում՝ ալպյան բուսականությունը։

Բնական պաշարներ[խմբագրել]

Տուրուբերանն ունի նավթի, երկաթի, կապարի, ոսկու, աղի, այլ օգտական հանածոների պաշարներ։

Գավառաբաժանում[խմբագրել]

Տուրուբերան աշխարհը հայ ժողովրդի ձևավորման կարևորագույն կենտրոններից մեկն է։ Այն հանդիսանում է Մեծ Հայքի այն երկրամասերից մեկը, որի աշխարհագրական մանրամասն նկարագրությունը «Աշխարհացոյց»-ի ընդրաձակ խմբագրության շնորհիվ հասել է մեզ։ Այնտեղ ասվում է.

Aquote1.png Դ աշխարհ՝ Տարուբերան, յելից Չորրորդ Հայոց, ունի գաւառս վեշտասան. զԽոյթ, զԱսպականունեաց ձոր, զՏարօն, յորում գայ գետն Մեղ և անկանի յԵփրատ. որ ըստ հիւսիսոյ՝ Աշմունիք առ Սրմանց լերամբ, որ կոչի Կատար երկրի. յորմէ յոյժ բղխեն աղբիւրք. որոց ըստ հիւսիսի Մարդաղի առ Մեղեդուխ լերամբ, մինչև ցնոյն Այծպտկունս որ բաժանէ ընդ Կարին և ընդ նա. յորում գտանի սալակ և ձիղկ և նաւթ սև և սպիտակ. որոյ յելից բղխէ Մուրց գետ, գնալով ընդ հիւսիսի՝ իջանէ ի Բասեն գաւառ և խառնի յԵրասխ, և գետացուցանէ զնա։ Յելից Մարդաղոյ է Գաստովոր գաւառ. և նորա յելից Տուարածատափ. նորա յելից Դալառ. և ի հարաւոյ նոցա Հարք և Վաժնունիք, մինչև ցԱրածանի, որ իջանէ յԱպահունեաց. որոց ի հարաւոյ՝ Սարակ ի Բզնունեաց գաւառի. ի Նեխ Մասեաց սկսանելով՝ պատէ զարևմտեայ եզր հոմանուն ծովուն, մինչև ցբերդն Բաղէշ, և անդր ևս ի հարաւ կոյս ցԵրէվարդ գաւառի սահման։ Եւ Բզնունիք ունի յիւր հոմանուն ծովէն կղզիս երեք. զԱրձկէոյն, զԾիպանին և զՏոքեանն, որոյ ըստ հարաւոյ ի մէջ լերինն Տորոսի և ծովու՝ գաւառ Երէվարք, յորում լիճ ինչ՝ որ կոչի Եղիգի, յուխից. զի ի վարելն յակօսն ջուր ըմպէ եզն, և սերմանեալն քառասուն աւրն հասանէ, և բերէ ընդ միոյ՝ յիսուն։ Եվ ծովն Բզնունեաց յերկայնն հարիւր մղոն է ու լայնն վաթսուն։ Որոյ ըստ հիւսիսոյ Աղիտովիտ գաւառ, և զմտիւք նորա Ապահունիք. ընդ որոյ մէջն անցանէ Արածանի յեզրն Բզնունեաց։ Գտանի պստակ, և կաստանոնն որ է մաշկամիրգ, և մեղր անոյշ քան զամենայն երկրի և երկաթ։ Ասեն թէ նհանգ կայ յԱրածանի, որպէս յԵփրատ, զոր հաւաստի գիտեմք, կենդանի քարքաշամ զուգեալ, զարիւնն ծծեալ և թողեալ, զոր ոմանք ասեն թէ գազան է և չէ դև, այլ գազան զոր Յոհան վազն դստերն Հերոդիադայ ասէ թէ քան զնհանգսն ծովայինս արիւնարբու էր...
— Աշխարհացոյց, ընդարձակ խմբագրություն
Aquote2.png


«Աշխարհացոյց»-ի համառոտ խմբագրության մեջ, որում ավելի պակաս են աղճատվել գավառանունները, ասվում է.

Aquote1.png Տուրուբերան, յերի կայ Չորրորդ Հայոց. գաւառք են ի նմա վեշտասան. Խոյթ, Ասպակունիք, Տարօն, Աշմունիք, Մարդաղի, Դասնաւորք, Տուրածատափ, Դալառ, Հարք, Վարաժնունիք, Բզնունիք, Երևարք, Աղիովիտ, Ապահունիք, Կոր, Խորխոռունիք։ Ունի և ծով զԲզնունեացն յերկայն հարիւր մղոն, և ի լայն վաթսուն։ Ունի և գազպէն և մեղր և մաշկամիրգ, և սպիտակ նաւթ, և երկաթ։
— Աշխարհացոյց, համառոտ խմբագրություն
Aquote2.png


Այսպիսով, Տուրուբերանը վարչականորեն բաժանվում էր 16 գավառի՝ Խութ (Խույթ), Ասպակունեաց ձոր (Ասպակունիք), Տարաւն (Տարօն), Արշամունիք, Մարդաղի, Դաստաւորք (Դաստանաւորք, Դաստարաւորք), Տուարածատափ, Դալառ, Հարք, Վարաժնունիք, Բզնունիք, Երևարք, Աղիովիտ, Ապահունիք, Կորոյ, Խորխոռունիք։

Պատմություն[խմբագրել]

Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանումն ըստ «Աշխարհացոյց»-ի։ Քարտեզի հեղինակ՝ Բ.Հ. Հարությունյան

Տուրուբերանը Սելևկյանների տիրապետության վերջին շրջանում մտել է Մեծ Հայքի սատրապության մեջ, այնուհետև եղել է Մեծ Հայքի թագավորության կենտրոնական նահանգներից։ Տուրուբերանի Տարոն, Հարք և Ապահունիք գավառներով է անցել «Արքունի պողոտան»։ Հետագայում նշանավոր էին նաև Տուրուբերանով անցնող Կարին (Թեոդոսուպուլիս) – ՄանազկերտԽլաթԲաղեշ (Բիթլիս) – Մծբին, ինչպես նաև ԱրտաշատՄանազկերտՏիգրանակերտ ճանապարհները։ Քաղաքներից նշանավոր էին Մանազկերտը, Արճեշը, Արծկեն, Խլաթը, Մուշը, Խնուսը և այլն։

Տուրուբերանի տարբեր գավառներում հնում իշխել են Սլկունիները, Մամիկոնյանները, Մանդակունիները, Ապահունիները, Ձյունականները, Բզնունիները, Գնունիները, Խորխոռունիները և այլ նախարարական տոհմեր։ Հայաստանի առաջին բաժանմամբ (387) Տուրուբերանն անցել է Սասանյան Պարսկաստանի, իսկ 591-ի վերաբաժանմամբ՝ Բյուզանդական կայսրության ազդեցության ներքո։ Բյուզանդիայի Մավրիկիոս կայսեր (582-602) վարչական փոփոխություններից հետո առաջացած «Ներքսագույն Հայքի» (Armenia inferior, Այրարատ), Չորրորդ Հայքի և Աղձնիքի (Mesopotamia) միջև գտնվող Տուրուբերանի տարածքը կոչվել է «Մեծ Հայք»։

VII դարում ասպատակել են արաբական նվաճողները։ VIII-IX դարերում Տուրուբերանի տարածքում հաստատվել են արաբական ցեղեր։ Վերացվել է Աղբիանոսյան տան իշխանությունը Հարքում և Բզնունիքում, Խլաթը և Մանազկերտը դարձել են արաբական ամիրաների նստավայր։ Վերացել է Ապահունյաց տոհմը, իսկ Գնունիներն անցել են Տայք։

Կայսիկների արաբական ամիրայությունը, որ սկզբում ընդգրկել է Մանազկերտ քաղաքը և շրջակայքը, հետզհետե ծավալվել է և X դարում տարածվել Ծաղկանց լեռների արևմտյան լանջերից մինչև Հաշտյանքի (Ճապաղջուր) արևմտյան սահմանը, Կարինի (Թեոդոսուպոլիս) մերձակայքից մինչև Տարոնի հյուսիսային սահմանը։ IX դարում Տուրուբերանը վարչաքաղաքական տեսակետից բաժանվել է երեք մասի՝ Տարոնի իշխանություն (հայ Բագրատունիների սեփականությունը), Կայսիկների ամիրայության (Բագրատունիների թագավորության վասալը) և Խութ (Սասունի իշխանության կազմում)։ Բյուզանդական կայսրությունը X դ. երկրորդ կեսին զավթել է Տուրուբերանը (բացառությամբ Խութի)։

1064–ին Տուրուբերանը զավթել են սելջուկ թուրքերը, և մինչև XIII դարի սկիզբն այն եղել է սելջուկյան Շահարմենների սուլթանության կազմում։ XIII դարի սկզբին հայ–վրացական միացյալ ուժերը Զաքարյանների գլխավորությամբ ազատագրել են Տուրուբերանի հյուսիսային գավառները, Մանազկերտ և Արճեշ քաղաքները։ XIII-XIV դարերում Տուրուբերանը ասպատակել են թաթար–մոնղոլական և թուրքական հրոսակ ցեղերը։ 1555–ին և 1639–ին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տուրուբերանը զավթել է Օսմանյան սուլթանությունը։ XV-XVI դարերի թուրք–պարսկական պատերազմների ժամանակաշրջանում Տուրուբերանը բազմիցս կողոպտվել, ավերվել և ամայացել է։ Չնայած այդ ամենին, ընդհուպ մինչև Հայոց Ցեղասպանությունը, Տուրուբերանի հիմնական բնակիչները եղել են հայերը։ XX դարի սկզբին Տուրուբերանի տարածքը մտել է հիմնականում Բիթլիսի և Էրզրումի վիլայեթների մեջ։

Գրականություն[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png