Կորճայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորճայք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում էգավառ
Գլխավոր քաղաքԹման
Այլ քաղաքներՓինիկ, Սմբատաբերդ, Ալկեքար, Սրինգ բերդ, Ջլմար
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ազգային կազմ
Կրոնական կազմ
Կորճայքը Մեծ Հայքի քարտեզի վրա

Կորճայք (Կորճկահայք), Մեծ Հայքի վեցերորդ նահանգը, տարածվում էր Մոկքից և Վասպուրականից հարավ, Ուրմիա լճի և Տիգրիս գետի միջև ընկած շրջաններում։ Տարածքով Կորճեքը համապատասխանում է այժմյան Քրդստանի մի մասին,որը լեռնոտ և անտառներով հարուստ երկիր էր:Կորճեքի գրեթե կենտրոնով էր հոսում Տիգրիսի ձախակողմյան ամենախոշոր վտակը՝ Մեծ Զաբը։ Հարավից սահմանակից էր Ադիբենեին (Ասորեստան), արևմուտքից՝ Հայոց Միջագետք, հյուսիս–արևմուտքից՝ Աղձնիք, հյուսիսից՝ Մոկք և Վասպուրական, արևելքից՝ Նոր Շիրական նահանգներին։ Աղբյուրներում Կորճայքը հաճախ իր ամենաընդարձակ գավառի՝ Կորդուքի անունով կոչվել է «Կորդվաց աշխարհ»։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երկիրը «Աշխարհացոյց»-ի մեջ և մի քանի պատմագիրների մոտ կոչված է Կորճեք (Կորճայք)։ Սակայն ավելի հաճախ հիշատակվում է իր ամենանշանավոր գավառի՝ Կորդուք անունով։ Վերջին անունը նրա համար ավելի գործնական է եղել, քան Կորճեքը։ Գիտնականներից ոմանք, նկատի ունենալով Կորդուք և Քրդստան անունների նմանությունն ու տարածքով կորդուքի և այժմյան Քրդստանի նույնությունը, ենթադրում են, թե վերջինս կապված է Կորդուք անվան հետ և նախկին կորդվացիներն էլ իբր եղել են այժմյան քրդերի նախահայրերը։ Ուսումնասիրողների մյուս մասը մերժում է այդ կարծիքը և գտնում, որ Կորդուք ու Քրդստան և կորդվացիք ու քուրդ անունները իրար հետ կապ չունեն, նրանց նմանությունը քրդերին չեն համարում նախկին կորդվացիների անմիջական հետնորդները, այլ նրանց վերագրում են այլ ծագում։ Բերված այդ երկու կարծիքներից երկրորդը հիմնավորված է պատմական փաստարկումներով և կարելի է համարել ընդունելի, իսկ առաջինը հիմնված է անունների լոկ պատահական նմանության վրա և չունի անհրաժեշտ կռվաններ[փա՞ստ]։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Աշխարհացույց»–ի, Կորճայքը բաղկացած էր 10 գավառից.

Մեծ Հայքի նահանգներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորճեքի մասին հիշատակություններ կան շատ հնուց։ «Հարաւային կողմէն Բարշամը հալածելով՝ տիրեց Ասորեստանի մէկ մասին,այսինքն Կորճայք[1], Մոկք և Պարսկահայք նահանգներուն»։ Առաջին անգամ այս երկրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ հաղորդում է Քսենոփոնը։ Այդ տեղեկություններից երևում է, որ Կորճեքը հնագույն ժամանակներում բավական զարգացած երկիր էր։ Նրա բնակչությունն զբաղվում էր երկրագործուփյամբ, անասնապահությամբ, արհեստներով և առևտրով։ Երկրում եղել են մի քանի քաղաքներ ու բերդեր։ Ինչպես երևում է, թե Աքեմենյանների, թե Սելևկյանների և թե Պարթևների տիրապետության ժամանակաշրջանում Կորճեքը պահպանում էր իր ներքին ինքնուրույնությանը։ Աշխարհակալ այդ պետությունների տիրապետությունը Կորճեքում կրում էր գերիշխանության բնույթ։ Տիգրան Բ-ի օրոք Կորճեքը միացվում է Հայկական պետությանը, սակայն նրա կազմում մնում է շատ կարճ:1-4 դարերում Կորճեքը, Միջագետքի երկրների հետ միասին, կռվախնձոր էր դարձել Հռոմի ու Պարսկաստանի միջև։ Այդ շրջանում նա մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել՝ երբեմն ենթարկվելով Հռոմի, երբեմն էլ Պարսկաստանի գերիշխանությանը։ Կորճեքի որոշ մասեր մտել են Հայկական պետության մեջ։ 363 թվականին պայմանագրով այն ամբողջությամբ մնաց պարսիկներին՝ կազմելով սասանյան Պարսկաստանի մարզերից մեկը, իսկ հետագայում վերջինիս հետ միասին անցավ Արաբական խալիֆայության տիրապետության տակ։

Արտաշես Ա–ի օրոք (Ք.ա 189-160) հայկական հողերի վերամիավորումից հետո ըստ Հյուբշմանի Հայաստանն իր մեջ ներառում էր 13 գավառները ինչպես նաև Կորճայքի[2] մեծ մասը մտել է Մեծ Հայքի մեջ, Արշակունիների ժամանակ եղել Մեծ Հայքի չորս բդեշխություններից կամ սահմանակալ զորաթևերից մեկը, որի բդեշխը, ըստ Ագաթանգեղոսի, կոչվել է «Երկրորդ սահմանակալն յԱսորեստանեայց կողմանէն»։ Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի միջև Մեծ Հայքի 387 թվականի բաժանումից հետո Կորճայքը անջատվել է՝ դառնալով նրանց միջև կռվախնձոր։ 5-6 դդ Սասանյան Իրանը Կորճայքը միացրել է Ադիաբենե–Հեդայաբին և մտցրել Խորավարան քուստակի մեջ։ Սակայն այդ վարչաքաղաքական բաժանումը չի խոչընդոտել Կորճայքի և կենտրոնական Հայաստանի ազգային միասնությանը, տնտեսական և մշակութային սերտ կապերին, մանավանդ, որ Կորճայքը կրոնա–եկեղեցական առումով մնում էր Հայոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանության ներքո։ Այդ դարերում հայերի կողքին Կորճայքում հաստատվել էին զգալի թվով ասորական, հատկապես՝ նեստորական համայնքներ։ Արաբական տիրապետության ժամանակ Կորճայքի զգալի մասը մտել է Զազիրա կուսակալության մեջ։ IXդ. Տմորիքի հյուսիսային մասը՝ Ալկի կամ Ալկեքար ամրոցով, և Մեծ Զավի հովտի գավառները՝ Ջլմար, Սրինգ և Ագարակ ամրոցներով, մտնում են Վասպուրականի Արծրունյաց իշխանության կազմում։

Սելջուկյան նվաճումների ժամանակ Կորճայքի հարավային շրջաններում գերիշխող են դառնում քրդական վաչկատուն ցեղերը։ Որոշ ուսումնասիրություներ «քուրդ» անվան ծագումը կապում են «Կորճայք» կամ «Կորդուք» անունների հետ։ Այլ ուսումնասիրողներ մերժում են այդ ենթադրությունները՝ պատճառաբանելով, որ հասարակական զարգացման համեմատաբար ցածր մակարդակում ապրող վաչկատուն ու խաշնարած քրդերը ցեղակցական որևէ կապ չունեն բարձր քաղաքակրթության հասած, երկրագործ կորճայեցիների կամ կորդվացիների հետ։ Օսմանյան տիրապետության հաստատումից հետո Կորճայքը[3] մտնում է Վանի փաշայության՝ Հեքյարի սանջակի որը կազմավորված է եղել 1555 թվականին, իսկ նրա Կորդուք գավառը՝ Դիարբեքիրի վիլայեթի մեջ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ՝ հայերի ու ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կորճայքը հիմնականում դարձավ քրդաբնակ։

Նշանավոր գավառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորդուքը Կորճեքի ամենանշանավոր գավառն էր, հյուսիսային կողմում Արևելյան Տիգրիսով այն բաժանված էր Մոկքից և գրավում էր Արևելյան Տիգրիսի ու Արևելյան Խաբուրի (Տիգրիսի ձախակողմյան վտակ) միջև ընկած լեռնային շրջանները։

Կորդրիք, ավելի հնում այս գավառը հայտնի էր Տմորիք անունուվ։ Տարածվում էր Կորդուքից արևելք։ Կորդրիքը ուներ բազմաթիվ ամրություններ և դժվարամատչելի էր արտաքին թշնամիների համր։ Ֆիզիկաաշխարհագրական առումով այս գավառը բաժանված էր երեք մասի՝ Վերին, Միջին և Ստորին կամ Ներքին Կորդիքների։

Որսիրանք գավառն ընկած էր Տիգրիսի ձախակողմյան վտակ Մեծ Զաբ գետի վրա։ Այս գավառում էին գտնվում Թվայ գյուղը և Արյան լիճը։ Սրանց մոտ Վասպուրականի զորքերը 852 թվականին մեծ դիմադրություն են ցույց տվել Բուղայի բանակին, որը Խալիֆայության կողմից ուղարկվել էր Հայաստանում, Վրաստանում և Աղվանքում ծավալված ժողովրդաազատագրական ապստամբությունները ճնշելու։

Փոքր Աղբակ, այս գավառն արևելքից հարևան էր Վասպուրականի Մեծ Աղբակ գավառին։ Նրա գրաված տարածքի մոտ դրա մեծությունը տարբեր չափով է տրված։ Միայն անհերքելի է այն, որ այս գավառի մի մասն էր կազմում այժմյան Ջուլամերկի շրջանը։ Գավառի գլխավոր բերդերն էին՝ Ջլմարը և Սրինգը, որոնց մնասին գոյություն է ունեցել մի առասպելական ավանդություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թադիկ Հակոբյան «Հայաստանի Պատմական Աշխարհագրություն» Եր.1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 658