Դիարբեքիրի վիլայեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլայեթ

Դիարբեքիրի վիլայեթ
Diyarbakir Vilayet, Ottoman Empire (1900).png
Վարչական տարածք Արևմտյան Հայաստան
Մակերես 47 220 կմ²
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 470 000 մարդ (XIX դարասկիզբ)
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը), Ասորիներ, Թուրքեր
Կրոնական կազմ Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականուն դիարբեքիրցի

Դիրաբեքիրի վիլայեթ, Տիգրանակերտի նահանգ. Օսմանյան Կայսրության վարչատարածքային միավոր Արևմտյան Հայաստանում, որի կենտրոնը Դիարբեքիր քաղաքն էր։ Եղել է Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթներից մեկը։ Վիլայեթը ստեղծվել է 1515-1520 թթ.։

Տարածքը[խմբագրել]

Վիլայեթի տարածքն ընդգրկում էր Աղձնիքի զգալի մասը, Ծոփքի հարավ-արևելքը, Հայոց Միջագետքը, Ծավդեքը, Արվաստանը։ Հյուսիսից սահմանակից էր Էրզրումի, հյուսիս-արևելքից՝ Բիթլիսի, հարավ-արևելքից՝ Վանի, հարավից՝ Մոսուլի, Դեյր Էզ Զորի և Հալեպի, հարավ-արևմուտքից՝ Ուրֆայի, արևմուտքից՝ Խարբերդի նահանգներին։ Տարածքը՝ 47220 կմ2։ Դիարբեքիրի նահանգի մեծ մասը գտնվում է Տիգրիսի վերին ավազանում։

Մինչև XIX դարի 40-ական թթ. զբաղեցրել է գրեթե ամբողջ Ծոփքը և Աղձնիքը, Հյուսիսից՝ Միջագետքի որոշ շրջաններ։ Դիարբեքիրի նահանգում պահպանվել էին հայկական փոքր իշխանապետություններ (Իսայան, Սավուր և այլն), ստեղծվել քրդական ժառանգական տիրույթներ (յուդլուկ, օջակլըկ) և կիսաանկախ իշխանապետություններ (հյուքյումեթություններ)։ Նահանգի Բերդակ, Մեծկերտ, Սաղման և Բերի գավառները XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին հայտնի էին Չարսանջակ անունով, իսկ Արղնին, Խարբերդը և Ջերմուկը միավորված էին «Հանքերի կառավարչի սահման» կոչվող ընդարձակ վարչամիավորման մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել]

Դիարբեքիրի վիլայեթի տարածքով հոսում են Արևմտյան Տիգրիսը և Արածանին։ Մակերևույթը հիմնականում տափարակ է, հարավ-արևմուտքում կան կիսաանապատներ։ Հյուսիսում ձգվում են Արղնիի և Բալուի լեռները։

Արևմտյան Տիգրիսից հարավ գտնվող Կարաջադաղի և Մարդինի (Մասիոն, Տուրբ-Աբդին) լեռնաշղթաների շարունակությունն են Ջուդի լեռները (Տիգրիսի աջափնյակում)։ Նշանավոր լեռնագագաթներ են Շարյեքշանը (2651 մ), Կարա-Օմարը (2477 մ), Շըխաբադը (2089 մ), Կարաջալին (Աշիմուն, 1919 մ), Խաչերդումը (1560 մ), Բեմադան (Իզալա, 1520 մ)։

Տնտեսություն[խմբագրել]

Նահանգը հարուստ է աղի (Լըջե) հանքերով, արճիճի (Արղանա-Մադեն), երկաթի (Սևան-Մադեն, Չնքուշ), պղնձի (Արղանա-Մադեն, Բալու), ոսկու և արծաթի (Արղնի), քարածխի (Բալու, Էգիլ, Կարաջադաղ, Ջեզիրե, Ջերմուկ), սիլիկատների (Սավուր), նավթի (Ջեզիրե) և ծծմբային ջերմուկներով (Ջերմուկ)։ Ընտիր հացահատիկի առատ բերքով հռչակված էին Արևմտյան Տիգրիսի հովտում գտնվող Արղնիի, Բշերիկի, Դիարբեքիրի և Սիլվանի բերդի դաշտերը։

Այգեգործության և գինեգործության կարևոր կենտրոններ էին Արղնին, Բալուի հովիտը, Էգիլը, Հազրոն, Հիսնիքեյֆը, Մարդինը, Սևերեկը, բանջարաբոստանային կուլտուրանների՝ Դիարբեքիրը, Սևերեկը, Միդիաթի (Տուր Աբդինի սարահարթը)։

Բնակչություն[խմբագրել]

XX դարի սկզբին ուներ մոտ 470 հազար բնակչություն (հայեր, ասորիներ, քրդեր, թուրքեր, արաբներ, հույներ, հրեաներ և այլն)։ 1882 թ.-ին Դիարբեքիրի նահանգում ապրել է 150 հազար հայ։ 1895 թ.-ի կոտորածի ժամանակ շատ հազարավոր հայեր սպանվեցին, շատերն էլ արտագաղթեցին։[1]

Կ. Պոլսի հայոց պատրիարաքարանի տվյալների համաձայն 1912 թ.-ին Դիարբեքիր նահանգի հյուսիսային մասում (Բշերիկ, Սիլվան, Լըջե, Դիարբեքիր, Բալու, Մադեն, Ջերմուկ) ապրում էր 105 հազար հայ (բնակչության ամենաստվար էթնիկական խումբը, 35,4 %)։ Հարավում հայերը բնակվում էին Սևերեկ, Դերիկ գավառակներում (մեծ մասամբ՝ քաղաքներում)։

1914 թ.-ին բնակչության թիվը կազմում էր 296 000, որից 105 000-ը հայեր էին։[1]

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Դիարբեքիրի նահանգի ավելի քան 130 հազար հայերն զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով՝ մանածագործություն, գորգագործություն, ասեղնագործություն, պղնձագործություն, զինագործություն, դարբնություն, ոսկերչություն, կոշկակարություն և այլն, առևտրով, մասամբ՝ անասնապահությամբ։ Դիարբեքիրի նահանգի հայ և ասորի բնակիչները բնաջնջվել են 1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ։ Դիարբեքիրի վիլայեթում եղեռնին զոհ գնացած հայերի թիվը հասնում էր 100 000-ի։[1] Փրկվածներն գաղթել են տարբեր երկրներում։

1975 թ.-ի դրությամբ Դիարբեքիրի նահանգում ապրում էր մոտ 4000 թրքախոս հայեր։[1]

Վարչական բաժանում[խմբագրել]

Դիարբեքիրի վիլայեթը բաժանված էր երեք գավառների.

Դիարբեքիրի գավառ[խմբագրել]

Դիարբեքիրի գավառի կազմում մտնում էին հետևյալ գավառակները.

Արղանա-Մադենի գավառ[խմբագրել]

Արղանա-Մադեն կամ Արղն գավառի կազմում մտնում էին հետևյալ գավառակները.

Մարդինի գավառ[խմբագրել]

Մարդինի գավառի կազմում մտնում էին հետևյալ գավառակները.

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 99
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 458
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 728
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png