Օրբելիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրբելիներ, իշխանական տոհմ Հայաստանում և Վրաստանում։ Օրբելիները բարձր դիրք են զբաղեցրել վրացական արքունիքում, վարել թագադիր ասպետի, սպարապետի և այլ պաշտոններ։ Ձգտելով պետական բարձրագույն իշխանության՝ ամիրսպասալար Իվանե Օրբելին 1177-1178 թթ-ին, թագաժառանգ Դեմնային գահին բազմեցնելու պատրվակով, գլխավորել է վրացական ավատատիրական տների ապստամբությունը՝ Գեորգի III թագավորի դեմ։ Սակայն վերջինիս հաջողվել է ղփչաղների աջակցությամբ ջլատել ապստամբների զինված ուժերը, մեկուսացնել Իվանեին, ձերբակալել և կուրացնել նրան։ Իվանեի եղբայր Լիպարիտը, որ ռազմական օգնության խնդրանքով ներկայացել էր սելջուկյան Ելտկուզ Աթաբեկին, այնուհետև հաստատվել է Գանձակում։ 1184–ին Գեորգի III թագավորի մահից հետո, Լիպարիտի որդիներից մեկը՝ Իվանեն, վերադարձել է Գուգարք, Թամար թագուհուց հետ ստացել Օրբելիների տիրույթների մի փոքր մասը և Օրբեթ ամրոցը։ Լիպարիտի մյուս որդին՝ Էլիկումը, հաստատվել է Նախճավանում։ Դրանով Օրբելիների տոհմը բաժանվել է երկու ճյուղի՝ վրաց Օրբելիների և հայ Օրբելյանների։

Տես նաև[խմբագրել]