Իսուվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակելի համալիր, Խաթթուսաս, Թուրքիա

Հայկական լեռնաշխարհի հնագույն պատմության ուսումնասիրության բնագավառում խեթական սեպագիր աղբյուրները շատ հաճախ մինչ այժմ մեզ հասած միակ գրավոր վկայություններն են այդ ժամանակաշրջանում գոյություն ունեցող պետական կազմավորումների քաղաքական, սոցիալական, էթնիկական և մշակութային պատմության ուսումնասիրության համար։ Վերջին շրջանում ավելի հաճախակի հայտնաբերվող և տպագրվող խեթական աղբյուրները, ավելի մեծ ծավալով տեղեկություններ են հայտնում մեզ Ք․ա․ II հազարամյակի մասին, երբեմն լրացնում կամ ամբողջովին փոխում են մեր ունեցած տեղեկությունները այդ շրջանում գոյություն ունեցող պետական կազմավորումների և պետականությունների վերաբերյալ[1]։ Մ․թ․ա․ XVI-XIII դդ․ խեթական սեպագրերը Վերին Եփրատի ավազանում հիշատակում են Խեթական թագավորության մերձակայքում գտնվող բազմաթիվ քաղաքական միավորներ, որոնք Խեթական թագավորության գոյության ամբողջ ընթացքում որոշակի՝ երբեմն շատ կարևոր, երբեմն էլ՝ անուղղակի առնչություն են ունեցել վերջինիս հետ։ Հիշատակվող պետականությունների շարքում մինչ այժմ գիտնականների կողմից առավել մեծ հետաքրքրության են արժանացել Հայասան և Իսուվան[2]։ Իսուվան (Išuwa[3] կամ or Išua[4] ) Հայկական լեռնաշխարհի արևմուտքում հիշատակվում է շուրջ մեկ հազարամյակ, որից հետո, շատ մասնագետների կարծիքով, այն շարունակում է գոյատևել նոր՝ Ծոփք ձևով։ Ցավոք, մենք մինչ այժմ, ինչպես այդ ժամանակաշրջանից մեզ հասած գրեթե բոլոր հատուկ անունների, այնպես էլ Իսուվայի դեպքում, չենք կարող տալ դրա ճշգրիտ արտասանությունը։ Սեպագրի վերծանման դեպքում մինչ այժմ մենք չունենք š/s-ս/շ –ի ճշգրիտ արտասանությունը (չնայած գիտնականների գերակշիռ մասը հակված է այն <ս> արտասանելուն), իսկ -wa վերջածանցը (հավանաբար անատոլիական վերջածանցը) բնորոշ է այդ ժամանակաշրջանի բազմաթիվ այլ տեղանունների և հատուկ անունների՝ Hašuwa, Pahhuwa, Šapinuwa, Šakdunuwa, Pirwa և այլն։ Իսուվայի մասին տեղեկությունները սկիզբ են առնում XVII դարից՝ հասնելով մինչև VII դարը։ Բացի խեթական սեպագիր վկայություններից, Իսուվայի մասին մենք հիշատակություններ ունենք նաև ուրարտական և ասորեստանյան աղբյուրներում։ Համեմատաբար ավելի հստակ տեղեկություններ Իսուվայի մասին մեզ հասել է խեթական թագավոր Թուդխալիյաս III-ի (մոտ XV-XIV դդ) ժամանակաշրջանին վերաբերող սեպագիր աղբյուրներից։ Իսուվան գտնվում էր Եփրատի և Արածանիի միախառնման շրջանում և իր գոյության ամբողջ ընթացքում Խեթական թագավորության կարևոր հենակետն էր արևելքում։ Հաշվի առնելով իր զբաղեցրած կարևոր ռազմավարական դիրքը՝ Իսուվան լուրջ տեղ է զբաղեցրել Առաջավոր Ասիայում, հատկապես Ք․ա․ XVII- XIII դարերի ընթացքում՝ սկզբում գտնվելով Խեթական թագավորության և խուրրիական Միտաննի-Խանիգալբատ, ապա՝ Խեթական թագավորության և Ասորեստանի շահերի բախման կենտրոնում։ Իսուվան, համեմատած Խեթական թագավորության իշխանության ներքո գտնվող մնացած պետականությունների՝ անհամեմատ ավելի բարձր դիրք և ավելի մեծ արտոնություններ ուներ։ Խեթական արքա Մուվատալիից մեզ հասած ՝ "Խաթթիի բոլոր աստվածներին" ուղղված աղոթքում կայծակի աստծո հիշատակումը Իսուվայի աստվածների ցանկից, որտեղ Իսուվայի աստվածները հանդես են գալիս ինքնուրույն՝ Խեթական թագավորության մյուս շրջանների աստվածներից առանձին, ևս վկայում է Իսուվայի զբաղեցրած բավականին բարձր դիրքի մասին[5] ։ Այդ շրջանից մեզ հասած բազմաթիվ այլ պետական կազմավորումների համեմատ՝ Իսուվան ավելի լավ է ուսումնասիրված, չնայած, դրա մասին տեղեկություն պարունակող գրավոր աղբյուրների սղության կամ մեծ մասի վնասվածության և թերի լինելու պատճառով մենք մինչև այսօր չունենք Իսուվայի պատմության ամբողջական պատկերը։ Բազմաթիվ հարցեր կապված Իսուվայի բնակչության, տնտեսության, կառավարման համակարգի, դինաստիայի, կրոնի և այլն, դեռևս բավականին թերի են։

Իսուվայի տեղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսուվայի տեղադրության հարցում ևս չկա ընդհանուր հստակ տեսակետ․ այն վկայված է Հայկական լեռնաշխարհի արևմուտքում, նույն վայրում, որտեղ անտիկ և միջնադարյան հայկական աղբյուրներում հիշատակվում է Ծոփքը (սակայն, ինչպես վերը նշվեց, դժվար է ասել՝ արդյոք հին հայկական Ծոփքի տարածքը համապատասխանում է խեթական արձանագրություններում հիշատակվող Իսուվայի տարածքին)[6] ։ Չնայած որ մեզ հասած աղբյուրներից Իսուվայի զբաղեցրած տարածքի հարցում մենք չունենք հստակորեն ընդգծված սահմաններ, սակայն դրա մոտավոր տեղադրության դեպքում էլ հասկանալի է, որ այն տարանցիկ երկիր էր Միջագետքի և Կենտրոնական Անատոլիայի միջև, ինչի շնորհիվ էլ այն կարևոր դեր էր կատարում Ք․ա․II հազարամյակում Մերձավոր Արևելքի քաղաքական կյանքում։ Իսուվան մոտավոր տեղադրվում է Եփրատից արևմուտք՝ Արածանիի միախառնման հատվածում՝ այսօրվա Թուրքիայի Էլյազղի շրջանում։ Դեպի հարավ-արևելք Իսուվայի սահմանը ևս հստակ որոշված չէ, սակայն այն, ամենայն հավանականությամբ, պիտի հասներ մինչև Տիգրիսի ակունքը (այժմ Իսուվայի հետազոտության առարկա հնավայրերը հիմնականում ընկած են ներկայիս Կեբանի ջրամբարի մակերեսին՝ Կորուջութեփե, Նորշունթեփե և այլն )։

Իսուվայի արքաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուպիլուլիումաս II

Իսուվայի մասին գրավոր աղբյուրներում հանդիպում ենք մի քանի հատուկ անունների՝ այդ թվում 2 արքաների անունների՝ Արի-շարրումա և էխլի-շարրումա, սրանք երկուսն էլ, ամենայն հավանականությամբ, խուրրիական ծագմամբ անձնանուններ են, որոնք հանդես են գալիս խուրրիական դիցարանում Թեշուբ և Հեբա աստվածների որդու անունից[7] ։ Հայտնաբերված սեպագիր աղբյուրների և կնիքների դաջվածքների հիման վրա, կարելի է եզրակացնել, որ Խեթական թագավորության և Իսուվայի արքայատոհմերի միջև եղել է ազգակցական կապ։ Այս հարցով զբաղվող մասնագետների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, համոզված են դրանում․ խոսքը Իսուվայից հիշատակվող Կիլուշխեպա թագուհու մասին է, ով, ամենայն հավանականությամբ, խեթական թագավոր Խաթթուսիլիս III-ի և Պուդուխեբա թագուհու դուստրն էր, Իսուվայի արքա Արի-շարրումայի կինը և, հավանական է որ, մեզ հայտնի Իսուվայի մյուս արքա Էխլի-շարրումայի մայրը։ Ցավոք, մեզ հայտնի չէ նաև Իսուվայի հայտնի արքաների կառավարման հստակ ժամանակահատվածը, սակայն մասնագետների մեծ մասը հակված է այն տեսակետին, որ նրանք հայր և որդի էին (և, հավանաբար, մեզ հայտի Իսուվայի արքա Արի-շարրուման գահնկեց է արվել, որից հետո Իսուվայի գահը փոխանցվել է Էխլի-շարրումային)։ Սակայն որոշակիորեն հնարավոր է գտնել նրանց կառավարման մոտավոր ժամանակահատվածը․ ամենայն հավանականությամբ Նիխրիյայի մոտ մ․թ․ա․ 1234 թ-ին խեթա-ասորեստանյան ճակատամարտի ժամանակ Իսուվայի արքան Էխլի-շարրուման էր[8] ։ Իհարկե, այս եզրահանգմանը գալը բավականին մեծ ջանքեր էին պահանջում այս հարցով զբաղվող գիտնականների կողմից․ բանն այն է, որ այդ շրջանից մեզ հասած ամենակարևոր փաստաթղթերից մեկում՝ "Բրոնզե տախտակ "-ում[9] (խեթական արքա Թուդխալիյաս IV-ի և Թարխունտասսայի (Փոքր Ասիայի հարավում) արքա Կարունտայի միջև կնքված պայմանագրի վերջում ) բերված վկանների ցուցակում չեն հիշատակվում ո՛չ Արի-շարրումա, ո՛չ էլ Էխլի-շարրումա արքաների անունները։ Սակայն Կարունտային հաջորդող արքա Ուլմի-թեշուբի հետ կնքած պայմանագրում Արի-շարրումա արքայի անունը ցուցակում կա։ Հաշվի առնելով այն փաստը, որ Ուլմի-թեշուբ արքան Թարխունտասսայի գահին բազմել էր Կարունտա արքայից անմիջապես հետո, հետևաբար նրա կնքած պայմանագրի ժամանակը պետք է որ առանձնապես շատ հեռու չլիներ Կարունտա արքայի կողմից կնքված պայմանագրից ժամանակից։ Ներկայումս գիտնականների մեծ մասը հանգել է նրան, որ Կարունտա արքայի կողմից կնքած պայմանագիրը (Բրոնզե տախտակ) կնքվել է խեթական արքա Թուդխալիյաս IV-ի գահակալման սկզբնական շրջանում ՝1240-ական թվականներին։ Հաջորդ կարևոր փաստաթուղթը, որի շնորհիվ հնարավոր է եզրահանգման գալ Էխլի-շարրումա արքայի կառավարման թվականի որոշման հարցում, դա Թուդխալիյաս IV-ի կառավարման առաջին տարիներով թվագրվող (ամենայն հավանականությամբ Նիխրիյայի ճակատամարտի նախօրեին) ասորեստանյան հնարավոր վտանգի մասին տեղեկացնող Միտաննիի արքայի ուղարկած նամակն է խեթական թագավորին, որտեղ հիշատակվում է Իսուվայի արքա Էխլի-շարրուման։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Էխլի-շարրումայի գահակալումը Իսուվայում պետք է որ Նիխրիյայի ճակատամարտից շատ առաջ չլիներ։

Իսուվայի արքայի վերաբերյալ (ընդհանրապես Իսուվայի պատմության շուրջ) շատ կարևոր գրավոր աղբյուր հայտնաբերվեց 1973 թվականին, որը առաջնահերթ նշանակություն ուներ խեթա-ասորեստանյան հարաբերությունների լուսաբանման հարցում (հատկապես Ք․ա․ XIII դարի վերջ), միաժամանակ կարևոր էր նաև Իսուվայի մասին տեղեկություններով․խոսքը աքքադերենով գրված մի նամակի մասին է, որտեղ Ասորեստանի արքա Թուկուլթի-Նինուրտան Ուգարիտի արքա Ամմուրապիին ներկայացնում է խեթական արքա Թուդխալիյաս IV-ի և իր միջև գոյություն ունեցող հարաբերությունները մինչև Նիխրիյայի ճակատամարտը (նամակի բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ Նիխրիյայում ունեցած հաջողությունից հետո միայն Ասորեստանը հնարավորություն ուներ շարժվել դեպի հյուսիսի լեռնային շրջաններ։ Բացի այդ՝ այն հանգամանքը, որ Ասորեստանի արքան նամակ է ուղղում Խեթական թագավորության գերիշխանության տակ գտնվող և իր երկրի հետ ոչ մի սահման չունեցող Ուգարիտին, ևս խոսում է այդ շրջանում խեթերի դեմ հպատակ տարածքների անջատողական ձգտումների մասին, ինչպես Իսուվայի դեպքում)։ Նիխրիյայի ճակատամարտից ոչ շատ հետո գրված խեթական սեպագիր մի տեքստում ( Խեթական զորավարի նամակը թագուհի մորը՝ Պուդուխեպային) լուրջ տեղեկություններ ենք գտնում Իսուվայի վերաբերյալ․ ըստ երևույթին, խեթական արքա Թուդխալիյաս IV-ը Իսուվային մեղադրում է դավաճանության մեջ, սեպագիր տեքստում նշելով, որ եթե Իսուվայի արքան նրան չլքեր մարտի ընթացքում, թշնամին նման հաջողության չէր կարող հասնել Խեթական թագավորության դեմ։ Մեզ հասած տեքստից պարզ է դառնում, որ ռազմական գործողությունների ընթացքում, ըստ նախնական պայմանավորվածության, Իսուվայի զորքերը պիտի միանային Խեթական թագավորության զորքերին՝ լուրջ ներդրում ունենալով ի օգուտ խեթերի, սակայն Իսուվան ոչ միայն դրժում է նախնական պայմանավորվածությունը, դեռ ավելին՝ միանում է ինչ-որ հակախեթական ուժերի (հակախեթական ուժերի ինքնության հարցում խեթական սեպագիր աղբյուրներում դեռ որևէ տեղեկություն չի հայտնաբերվել), որից հետո Իսուվան դադարում է Խաթթիի արքայի դաշնակիցը լինելուց՝ չնայած որ մինչ այդ Իսուվան դիտարկվում էր որպես Խաթթիի կարևոր դաշնակիցներից մեկը և Խեթական թագավորության գլխավոր հենարանը արևելքում։ Տեքստի շարադրանքից պարզ է դառնում, որ Իսուվան դավաճանել է Խեթական թագավորությանը, սակայն դժվար է որևէ կոնկրետ պատճառաբանություն գտնել դրա շուրջ․ իհարկե, այդ շրջանում խեթական արքայի հեղինակությունը բավականին ընկած էր, բացի այդ Նիխրիյայի ճակատամարտից ոչ շատ առաջ Խեթական թագավորությունում ներքին խժդժություններ էին սկսվել, ինչից, իհարկե, չէին կարող չօգտվել հպատակ պետությունները, այդ թվում և Իսուվան։ Ինչևէ Իսուվայի արքայի դավաճանության հիմնական պատճառի մասին խոսող որևէ գրավոր վկայություն մենք առայժմ չունենք։ Սակայն, բացի մեզ հասած այդ դեպքերին վերաբերող խեթական սեպագրի այն հատվածից, որում խեթական արքան զգուշացնում է Իսուվային, որ նրա դավաճանությունը այլևս չպետք է կրկնվի, մենք չունենք մեկ այլ տեղեկություն, որից հնարավոր կլիներ եզրակացնել, թե ինչպիսի պատիժ է կրել Իսուվան իր դավաճանության համար կամ, ընդհանրապես, որևէ պատժի ենթարկվել է, թե ոչ (սակայն կան գրավոր վկայություններ այն մասին, թե ինչպես է Նիխրիյայի ճակատամարտից հետո Թուդխալիյաս IV-ը իրականացնում պաժիչ միջոցառումներ կենտրոնախույս երկրների դեմ՝ վերականգնելով Խեթական թագավորության ամբողջականությունը)։ Եղած գրավոր վկայություններից, սակայն, կարելի է եզրակացնել, որ այս միջադեպից հետո Խաթթին վերջնականապես չի խզել իր կապերը Իսուվայի հետ։ Խեթական թագավորության և Իսուվայի միջև գոյություն ունեին որոշակի դիվանագիտական հարաբերություններ․ Իսուվան շարունակում էր մնալ Խեթական թագավորության հպատակ երկիր արևելքում։ Սակայն, Նիխրիյայի ճակատամարտին վերաբերող արձանագրությունները միակը չեն, որ մեզ հայտնում են Իսուվայի կողմից Խեթական թագավորությանը դավաճանելու մասին․ Խեթական թագավոր Թուդխալիյաս I/II-ի "Տարեգրություններում" հիշատակվում է Իսուվայի նվաճումը, որի դրդապատճառը, ամենայն հավանականությամբ, Իսուվայի ապստամբությունն է եղել[10]։ Ավելի վաղ, Միտաննիի օգնությամբ, Իսուվան ապստամբություն է բարձրացնում Խեթական թագավորության դեմ, սակայն, Թուդխալիյասն կարողանում է ճնշել այն, կրկին իրեն ենթարկելով Իսուվան, չնայած Իսուվայից բազմաթիվ ապստամբներ փախնում և ապաստան են խնդրում Միտաննիից։ Խաթթիի թագավոր Թուդխալիյասը դիմում է Միտաննիի արքային՝ ապստաբներին վերադարձնելու պահանջով, ինչին մերժողական պատասխան է ստանում, որից հետո Միտաննին իր զորքերով ավերածությունների է ենթարկում Իսուվայի բազմաթիվ տարածքներ (բացառությամբ այն տարածքներից, որոնք գտնվում էին Խեթական թագավորության իշխանության ներքո) ։ Թուդխալիյասը, սակայն, այդ ընթացքում, չէր կարող դիմակայել Միտաննիին, քանի որ նրա ուժերը ռազմական գործողություններ էին վարում երկրի ուրիշ հատվածում, հավանաբար հյուսիսում կամ արևմուտքում։ Եվ միայն Արևմտյան Անատոլիայում և Կասկերի հետ հակամարտությունների խնդրի լուծումից հետո նա կարող էր իր ուշադրությունը սևեռել Իսուվայի վրա։ Ինչքանով որ հնարավոր է եզրահանգում անել նրանից մեզ հասած տեղեկություններից՝ նրան հաջողվում է վերականգնել իր իշխանությունը Իսուվայի վրա։ Սակայն միայն ժամանակավոր․ Իսուվան շարունակում էր մնալ ռազմավարական կարևորագույն տարածք Խեթական թագավորության և Միտաննիի համար, և, ավելի շատ, ուներ միտաննիամեդ կողմնորոշում։ Հետագայում Իսուվան կրկին միանում է Միտաննիի թագավորությանը խեթերի դեմ ռազմական գործողությունների ժամանակ՝ Խեթական թագավորությանը հասցնելով կործանման եզրին։ Մեզ հասած սեպագիր աղբյուրների քննարկման արդյունքում հնարավոր է հանգել այն բանին, որ մինչև այժմ հայտնի խեթական կարևոր տեքստերց մեկի՝ "Պախխուվացի Միտայի" (որում վկայվում են Հայկական լեռնաշխարհի երկրների մի մեծ խումբ) տեքստի ժամանակաշրջանում Իսուվան օժանդակություն է ցույց տվել Միտաննիի արքային, որը, հավանաբար, պետք է կապված լիներ "Իսմերիգայի պայմանագրին" նախորդած խեթա-միտաննական բախման հետ։ "Իսմերիգայի պայմանագրից" ստացված տեղեկությունից, սակայն, մենք կարող ենք պնդել, որ այդ պայքարը ավարտվել է խեթերի հաջողությամբ[11]։

Իսուվայի պատմության բազմաթիվ անպատասխան հարցերից մեկն էլ Իսուվայի անկման հարցն է․ ամենայն հավանականությամբ Իսուվան արժանացավ այդ շրջանում հայտնի նմանատիպ պետականությունների նույն ճակատագրին (ուշբրոնզեդարյան բնակչության և բնակավայրերի կտրուկ նվազում, համեմատաբար շատ ավելի պարզունակ մշակույթի կրողների զանգվածային ներհոս և այլն)։ XII դարում Իսուվայում, հավանաբար, տեղի են ունենում քաղաքական և մշակութային արմատական փոփոխություններ՝ վայրէջք, որի արդյունքում Իսուվայում գոյություն ունեցող պետականությունը վերանում է, քաղաքային կենտրոնները վերածվում են փոքրիկ գյուղատիպ բնակավայրերի, իսկ բնակչությունը, ամենայն հավանականությամբ, դեգրադացիայի է ենթարկվում։ Հավանաբար, Իսուվայի պատմության ավարտի մասին որոշ տեղեկություններ ունենալու համար պետք է ուսումնասիրել նաև ասորեստանյան արքա Թիգլաթպալասար I-ի կողմից թողված վկայությունները՝ կապված մուշկերի, կասկերի, ուրումեացիների էթնիկական լայն տեղաշարժի հետ, քանի որ հնագետ-պատմաբանների զգալի խումբ հարում է այն տեսակետին, որ դրանում ընդգրկված է եղել նաև Իսուվան (և ոչ միայն)։ Սակայն վստահորեն կարելի է նշել, որ այն մշակույթը, որին հանդիպում ենք Իսուվայի տարածքում արդեն Իսուվայից հետո, բոլորովին կապ չունի Իսուվայից մեզ հայտնի մշակույթի հետ, քանի որ այն շատ ավելի պարզ ու պրիմիտիվ մշակույթ էր, որը հնագետների վկայությամբ մշակութային, տնտեսական վայրէջքի փուլ էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քոսյան Ա․Վ․, Իսուվան (Ծոփքը) մ․թ․ա․ XIII-XII դարերում, Պատմա-բանասիրական հանդես (այսուհետ՝ ՊԲՀ), 1997, N 1, էջ 177-180
  2. Քոսյան Ա․, Հայկական լեռնաշխարհի տեղանուննեը (ըստ խեթական սեպագիր աղբյուրների), Երևան, 2004, էջ 6-8։
  3. Giuseppe F. del Monte und Johann T i s с հ I e r. Die Oris- und Gewässernamen der hethitlschen Texte (RGTC 06.1), Wiesbaden, 1978, S. 155:
  4. Khaled Nashef, Die Orts- und Gewässernamen der mittelbabylonischen und mittelassyrchen zeit ( RGTC 5), Wiesbaden 1982, s 143
  5. Stefano de Martino, MALATYA AND IŠUWA IN HITTITE TEXTS: NEW ELEMENTS OF DISCUSSION, ORIGINI XXXIV, 2012, 375-383։
  6. Քոսյան Արամ, Իսուվան և Գորդիոնը մ․թ․ա․ XII-X դարերում, ՊԲՀ, 1998, N 3, էջ 117-120։
  7. Խանզադյան Մ․, Իսուվայի արքան և Թուդխալիյաս IV-ը, ՄՄԱԵԺ, հ․23, Երևան, 2004, էջ 343։
  8. Itamar Singer, The Battle of Nihriya and the End of the Hlttlle Empire. ZA 75, 1985, p. 101-123; KBo IV 14։
  9. Heinrich Otten, Die Bronzetafel aus Pogazkoy. Ein Stiatsvertrag Tuthalijas IV. StBoT Bh. 01, Wiesbaden, 1988 (Bo 86/299)
  10. Քոսյան Ա․, Նոր նյութեր Խեթական թագավորության և Հայկական լեռնաշխարհի երկրների փոխհարաբերություններ մասին, ՄՄԱԵԺ, հ․ 20, էջ 239-240
  11. Քոսյան Ա․, Խեթական պետությունը և Հայկական լեռնաշխարհի երկրները մ․թ․ա․ XV դարում, ՊԲՀ, N 3 (155), Երևան, 2000