Զարեհավան (Այրարատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զարեհավան (այլ կիրառումներ)

Զարեհավան, գրաբար՝ Զարեհաւան, քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ծաղկոտն գավառում, Արածանի գետի աջ ափին, Բագավանի մոտ, Թավրիզ-Կարին-Տրապիզոն ճանապարհի մոտ։

Մեծ Հայքը Արշակունիների օրոք։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարեհավանը գտնվում էր Դիադինից ոչ հեռու, Արածանի գետի ակունքի շրջանում, նրա աջ ափին, Բագավանի (Ուչքիլիսե) մոտ, Թավրիզ-Կարին-Տրապիզոն քարավանային բանուկ ճանապարհի վրա, Նպատ լեռան հյուսիսային ստորոտում։ Նրա մոտակայքում էր գտնվում նաև Անգղ բերդը։ Մի այլ Զարեհավան էլ գտնվում էր նույն Այրարատյան աշխարհի Բասեն գավառում։ Այս վերջինս նույնպես հելլենիստական քաղաք էր, և անունը կապված էր Արտաշես թագավորի հոր՝ Զարեհի անվան հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա. 2-րդ դարում։ Փավստոս Բուզանդի վկայությամբ Զարեհավանը 4-րդ դարում եղել է նշանավոր քաղաք։ Այստեղ հայերից բացի բնակվում էին հազարավոր հրեաներ, որոնց տեղափոխել էր Տիգրան Բ Մեծը։ Սակայն նույն դարի 60-ական թվականներին պարսկական զորքերը, Մեծ Հայքի մի շարք այլ քաղաքների հետ միասին, ավերեցին Զարեհավանը։ Դրանից հետո քաղաքը վերածվել է մի սովորական գյուղի։

Զարեհավանը սերտորեն առնչվում է 450-451 թվականների Վարդանանց պատերազմի հետ։ Սասանյան լծի դեմ ելած ապստամբներն այստեղ Հովսեփ կաթողիկոսի գլխավորությամբ կոտորել են պարսիկ մոգերին, որոնք փորձում էին կանգնեցնել զրադաշտական ատրուշաններ։ Այնուհետև հիշատակվում է 650-ական թվականներին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետ կապված։ Այդ մասին եղած բավական ընդարձակ վկայության մեջ Սեբեոսը հաղորդում է, որ արաբները, նեղվելով բյուզանդացիների կողմից, խուսափեցին վերջիններիս հետ ճակատամարտի բռնվելուց, «ելին յանկարծակի և գնացին անցին զգետովն, և չոգան ամրացան ի Զարեհաւանի»։ Իսկ այդ հիշատակությունից ակնհայտ է դառնում, որ Զարեհավանն ամրացված բնակավայր է եղել։

Հետագա դարերում Զարեհավանը չի հիշատակվում, բայց իբրև հայաբնակ ոչ խոշոր գյուղ գոյություն ուներ մինչև 19-րդ դարը, իսկ այդ հարյուրամյակի երկրորդ կեսին այն արդեն ամայի էր, և բնակիչները գաղթել էին զանազան կողմեր։ Զարեհավանն այժմ ավերակ է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

akunq.net

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 668