Խարբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Խարբերդ
Elazığ Turkey Provinces locator.gif
Խարբերդի մարզն ու Խարբերդը
38°40′00″ հս. լ. 39°13′00″ ավ. ե. / 38.666667° հս. լ. 39.216667° աե. ե.
Երկիր Մեծ Հայք
Աշխարհ Ծոփք
Բարձր. ծովի մակ-ից 1067 մ
Բնակչություն 312 584 մարդ (2008)
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Փոստային ինդեքսներ 23000
Պաշտոնական կայք www.elazig.bel.tr (թուրքերեն)
##Խարբերդ (Մեծ Հայք)
Red pog.png
Հայ երեխաները Խարբերդի Սուրբ Հակոբ մանկապարտեզում, 1900–ական թվականներ։

Խարբերդ, քաղաք Արևմտյան Հայաստանում, այժմ Թուրքիայում: Գտնվում է Խարբերդի դաշտում, Արածանիի ձախ ափին: Ըստ որոշ հետազոտողների, Խարբերդը Ստրաբոնի հիշատակված Կարկաթիակերտն է: « Խարբերդ» տեղանունը նախապես ստուգաբանվել է որպես քար և բերդ բառերից կազմված անվան ձևափոխություն: Մի այլ տեսությամբ՝ այն սերում է քաղաքի այժմյան տարածքում մթա 2000 տարի առաջ եղած Խար գյուղի անունից, որին ավելի ուշ ավելացվել է բերդ բառը: Այսպիսով, Խարբերդ նշանակում է ճանապարհի բերդ կամ բերդի ճանապարհ: Հետագայում Դարեհ I-ի ժամանակ (մթա 522-484) կառուցված Աքեմենյանների մայրաքաղաք Սուզան Միջերկրականին միացող ուղին ևս անցնում էր Խարբերդի գավառով՝ պատմական Անձիտով: Որպես ջրային ճանապարհ օգտագործվել է Արածանիի ստորին հոսանքը: Մեր ժամանկներում էլ Խարբերդը պահպանում է ճանապարհների հանգույցի այդ դերը: Մի այլ վարկածի համաձայն Խարբերդը եղել է որսորդության, հողագործության և լուսնի՝ խեթա-խուրրիական աստվածուհի Խատիին նվիրված մեհենական սրբավայր, որից և՝ անվանումը: Պեղված հնագույն դամբարանները թվագրվում են մթա XX-XVIII դդ, երբ այդտեղ բնակվել են խուրրիական ցեղերը: Խարբերդի բերդը հիմնադրել են ուրարտացիները մթա IX-VIII դդ: 1070-ական թթ Խարբերդում բյուզանդական կայազորի հրամանատարն էր հայազգի զորավար Փիլարտոս Վարաժնունին: Մանազկերտի ճակատամարտում բյուզանդացիների պարտությունից հետո (1071) նա, միավորվելով Կապադովկիայի, Կիլիկիայի, Հյուսիսային Սիրիայի և Միջագետքի հայկական իշխանությունները մի պետության մեջ, Խարբերդը դարձրեց մայրաքաղաք: X-XIII դդ քաղաքը հայտնի էր իր ամուր բերդով: 1185-ին Խարբերդը անցավ Որդոքյաններին: 1236-ին գրավեցին մոնղոլները: Դրանից հետո Խարբերդը հաճախ է ձեռքից ձեռք անցել. այն տիրել են Լենկթեմուրը, կարակոյունլոիները, ակ-կոյունլունները: 1507-ին Խարբերդ ներխուժեց պարսից շահ Իսմայիլի զորքը, որը կողոպտեց ու ավերեց քաղաքը: 1515-ին Խարբերդին տիրեց օսմանյան սուլթան Սելիմ I-ը: Թուրքական տիրապետության շրջանում ավելի սաստկացավ բնիկների՝ հայերի կեղեքումը: Վիճակը հատկապես ծանրացավ XVI դ վերջին, երբ իշխող վերնախավի կամայականությունների, ենիչերինների բռնությունների և կրոնական հալածանքների հետևանքներով ծայրահեղորեն քայքայվեցին արտադրողական ուժերը, մոլեգնեց ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող սովը, որի զոհ դարձան շատ խարբերդցիներին: Ապրուստի միջոց որոնելով՝ նրա բնակչության զգալի մասը շարժվեց դեպի կայսրության արևմտյան սահմանները: 1617-ին Խարբերդը հիմնահատակ կործանեց և բնակիչներին սրի քաշեց Չոփան օղլի բեկը: XVIII դ Խարբերդը և շրջակայքը մտնում էին Սեբաստիայի վիլայեթի մեջ: Այդ ժամանակ Խարբերդը նորից դարձավ մարդաշատ քաղաք՝ հիմնականում շրջակա գավառների հայերի հաշվին: 1800-ին այնտեղ բնակվում էր 8000, 1850-ին՝ 6000 ընտանիք: Թուրքիայի 1834-ի վարչական բաժանմամբ Խարբերդը մտավ Դիարբեքիրի վիլայեթի մեջ: 1878-ին կազմվեց Խարբերդի վիլայեթը: XX դ սկզբին Խարբերդի թաղերին էին. հարավ-արևելքում երկու ձորի մեջ տարածված Սինամուտը, որից վեր հաջորդաբար բարձրանում էին ասորիների Ս.Ստեփանոս և Ս. Կարապետ թաղերը: Տարածքի արևմտյան բարձունքները զբաղեցնում էր Վերի թաղը, որը անվանվում էր նաև Ս.Հակոբի կամ Սիսիոներների թաղ, որովհետև այնտեղ էին գտնվում Ս. Հակոբի եկեղեցին և Եփրատ կոլեջը: Քաղաքը կառուցապատված էր մեկ-երկհարկանի տներով: Խարբերդի պատմական հնագույն հուշարձանը և ճարտարապետական խոշորագույն կառույցը բերդն էր, որը կառուցված էր լեռան բարձրունքին և զբաղեցնում էր ավելի քան 5 հատարածություն: Այն հիմնադրվել է ուրարտացիների օրոք, ապա վերակառուցվել մթա II դ՝ Արտաշեսյանների ժամանակ: Գլխավոր պարիսպը կառուցապատված էր մինչև 1.5 մ լայնությամբ և 2 մ բարձրության քարե զանգվածներով: Բերդը ունեցել է տարբեր նշանակության բազմաթիվ սենյակներ, իսկ ստորերկրյա ճանապարհը հասել է մինչև մերձակա Քեորբե, Հյուսեյնիկ և Մեզիրե գյուղերը: XIX դ վերջին, XX դ սկզբին թուրք բարբարոսները հիմնահատակ արեցին Խարբերդի բերդը՝ քարերն օգտագործելով Մեզիրեում կառավարական շենք երկառուցելու համար: Խարբերդի բնակչությունը զբաղվում էր արհեստներով, երկրագործությամբ, առևտրով: Հայերը հռչակված էին որպես հմուտ դերձակներ, կոշկակարներ, դարբիններ, թիթեղագործներ, հուսներ, կտավագործներ, ոսկերիչներ, կաշեգործներ, զինագործներ: XIX դ վերջին նրանք առևտրական կապեր ունեին Հալեպի, Կ.Պոլսի, Տիգրանակերտի, Այնթապի, Սեբաստիայի, Մալաթիայի, Սամսունի, Թոխաթի, Վանի, Ադանայի, Արաբկիրի, Բալուի, Բիթլիսի և այլ շատ վայրերի հետ: Վանի Գափամաջյան առևտրական ընկերությունը մասնաճյուղ ուներ Խարբերդում: Քաղաքում կար շուրջ 100 խանութ: 1880-90-ին Խարբերդի հայ վաճառականները հայտնվեցին նաև արտասահմանյան շուկայում՝ Ռուսաստանում, Պարսկաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում, նույնիսկ Ամերիկայում: Արտահանում էին բամբակ, բուրդ, կաշի, ցորեն, գարի, մետաքս, գինի, օղի, գորգեր, չորացված պտուղներ: Տեղական հումքի հիման վրա ստեղծվեցին խոշոր ձեռնարկություններ: Խարբերդը եղել է հայ մշակույթի նշանավոր կենտրոն: Դեռևս 1160-ի մի ձեռագրում նշվում է, որ այն գրված է «ի մայրաքաղաքին Խարբերդ»: Ազգային-մշակութային կյանքում Խարբերդի դերը բարձրացավ XIX դ, և պատահական չէ, որ 1880-ական թթ այն հիշատակվում է որպես «գավառի Աթենք»: Համազգային հռչակ էր վայելում Աստվածաբանական ճեմարանը, որ գործել է 1859-1915-ին: Այստեղ դասավանդում էին հայերեն, գրաբար և աշխարհաբար քերականություն, հայոց պատմություն, աստվածաբանություն, մարդակազմություն, փիլիսոփայություն, տիեզերագիտություն: Ավելի քան 600 շրջանավարտ է տվել Եփրատ կոլեջը: 1865-ին կազմակերպվեց կրթական և մշակութային «Սմբատյան ընկերություն»-ը, որը բացեց երկսեռ վարժառան: 1880-ական թթ Խարբերդում բեմադրվեց առաջին ներկայացումը՝ «Քաջն Վարդան»-ը: 1889-ին հայերն այնտեղ հիմնադրվեցին տպագրական գործը, 1909-ին հրատարակվեց «Եփրատ» թերթը: Կանանց շրջանում իր գործունեությունը ծավալեց «Արաքս» ընկերությունը: Տնտեսական և մշակութային վերելքին զուգընթաց 1880-ական թթ արագորեն աճում էր Խարբերդի բնակչությունը, որի մեծ մասը հայեր էին: Բնակվում էին նաև թուրքեր, ասորիներ, քրդեր: Այդ ժամանակից էլ ծայր առավ խարբերդցիների արտագաղթը՝ նախապես դեպի Կանադա, ապա՝ ԱՄՆ: Արտագաղթը ուժեղացավ հատկապես 1895-96՝ համիդյան ջարդերի ժամանակ: 1914-ին Խարբերդը ուներ 18-20 հազար բնակիչ, որից մոտ 10 000 հայ: 1915-ի հուլիսին սկսվեց հայերի զանգվածային բնաջնջումը: 2500 և 3000 մարդուց բաղկացած 2 քարավանով, Խարբերդ-Մեզիրե-Տիգրանակերտ-Ռաս էլ Այն ճանապարհով, բռնագաղթեցվեցին դեպի Դեյր էզ-Զոր և ոչնչացվեցին անապատներում:


Օգտագործված աղբյուներ

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան

Ծանոթագրություններ և նշումներ