Կաղզվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կաղզվան
թուրքերեն՝ Kağızman
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏարածաշրջանԱրևմտյան Հայաստան
ՄարզԿարս
Մակերես1970 [1] կմ²
ԲԾՄ1321 մ մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչությունշրջան 47․093[2]
քաղաք 17,999
գյուղեր 29,094 մարդ (2012)
Ազգային կազմՔրդեր, Թուրքեր
Կրոնական կազմմուսուլմաններ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+90) 474
Փոստային ինդեքս36700
Փոստային դասիչ36700
Ավտոմոբիլային կոդ36
Պաշտոնական կայքkagizman.bel.tr
Կաղզվան (Թուրքիա)##
Կաղզվան (Թուրքիա)

Կաղզվան (թուրքերեն՝ Kağızman, քրդ.՝ Kaxizman), քաղաք և շրջան ներկայիս Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի կազմում։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղզվանը երբեմն հիշատակվել և քարտեզների վրա նշանակվել է Կաղըզվան ու Կաղզման ձևերով։ Վրացական աղբյուրներում սովորաբար կոչված է Աղզևանի։ Հայտնի է նաև Երասխաձորի բերդ անունով։ Ենթադրվում է, որ այն սկզբում հավանաբար կոչվել է Կաղզովան։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Կարսից 76 կմ հեռավորության վրա, Արաքսի աջ ափին, Շատակն (կամ Կաղզվան) գետի վրա, որ երբեմն կոչվել է նաև Կապույտ գետ՝ իր այդ անունը հավանաբար ստանալով համանուն բերդի անունից։ Քաղաքը փռված է Բարդող (Թաքալթու) լեռան արևմտյան ստորոտին, հյուսիսից հարավ 4—5 կմ ձգվող բավական բարձրադիր սարավանդի վրա, որի երկու կողմերում ձգվող լեռները կազմում են գեղատեսիլ ամֆիթատրոն։

Բուն քաղաքի բարձրությունը ծովի մակերևույթից մոտ 1500 մ է, իսկ Արաքսի հունից՝ 125 մ։ Գտնվում է երկրաշարժերի գոտում։ Քաղաքն առանձնապես մեծ վնասներ է կրել 1840 թվականի երկրաշարժից, որը սկսվելով հունիսի 20-ին, ընդհատումներով շարունակվել է մինչև նույն թվականի սեպտեմբերի 28–ը։ Շրջապատված է մրգատու այգիներով։ Բուսականությունը փարթամ է։ Ամբողջ Հայաստանում հայտնի են եղել Արաքսի ափերով արևմուտքից արևելք մի քանի տասնյակ կիլոմետր ձգվող Կաղզվանի ձորի տանձենու այգիները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղզվանի տեղում բնակավայր է եղել դեռևս հնագույն ժամանակներից։ Այդ են ապացուցում նրա աղահանքերում հայտնաբերված քարի ու պղնձի գործիքները։ Մեծ Հայքի ժամանակ Կաղզվանը մտնում էր Այրարատ նահանգի Գաբեղեանք գավառի մեջ։ Հայ մատենագիրներից Կաղզվանի մասին կարևոր հիշատակություն է կատարել Ստեփանոս Ասողիկը, և ըստ իր վկայության, 863 թվականին այդտեղ տեղի է ունեցել ճակատամարտ՝ Բագրատունի Աբաս սպարապետի և կայսիկ ցեղի առաջնորդ Սևադայի որդի Շահապի զորքերի միջև։ Ճակատամարտն ավարտվել է Աբասի հաղթանակով, այդ պահից սկսած Բագրատունիները ավելի են ընդլայնել ու ամրացրել Արշարունիքի ու Շիրակի իրենց տիրույթները։

Կաղզվանի մասին հիշատակություններ ունեն նաև Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը, Մատթեոս Ուռհայեցին, Վարդան Արևելցին, Սմբատ Գունդստաբլը, վրաց հեղինակ Վախուշտին և ուրիշներ։ 9—10-րդ դարերում Կաղզվանն արդեն ամրոց էր և բավական մարդաշատ հայկական կայազորի կայան։ Այն իր շրջակայքով մտնում էր Բագրատունիների թագավորության մեջ։

Վերը նշված 863 թվականի ճակատամարտից հետո, այստեղ 1099 թվականին նույնպես տեղի են ունենում մարտեր Գրիգոր կյուրոպաղատի և սելջուկյան զորքերի միջև։ Գրիգոր կյուրոպաղատը այդ մարտերում ջարդում և Կաղզվանի շրջանից դուրս է շպրտում ավարառու սելջուկներին։

12-րդ դարի վերջերին Կաղզվանը վերջնականապես ազատագրվում է սելջուկյան լծից և միացվում Զաքարյանների իշխանությանը։ Եթե մինչև այդ Կաղզվանը սովորական ամրոց էր իր ավանով, ապա 13-րդ դարի սկզբներին արդեն վերածվել էր գյուղաքաղաքի։ Մոնղոլների և թուրքմենական ցեղերի տիրապետության շրջանում (13—15-րդ դարեր) չնայած այն գոյություն ուներ, բայց մեր մատենագրության մեջ չի հիշատակվել։

Կաղզվանը հայ և թուրք հեղինակների մոտ նորից է հիշատակվում 17-րդ դարից։ 16-րդ դարից մինչև 1878 թվականը այն ընդհանուր առմամբ գտնվում էր Օսմանյան կայսրության տիրապետության տակ, այն Կարսի փաշայության Կաղզվանի սանջակի կենտրոնն էր։

Ռուսները 1854 թ.-ին, Ղրիմի պատերազմի ժամանակ գրավել են Կաղզվանը, բայց 1856 թ.-ի մարտի 18Փարիզի պայմանագրով՝ ստիպված վերադարձրել Թուրքիային։ 1878—1917 թվականներին Կաղզվանը եղել է Ռուսական կայսրության Կարսի մարզի Կաղզվանի շրջանի կենտրոնը։ 1918—1920 թթ. Հայաստանի Հանրապետության կազմում եր։ Կարզի պայմանագրի կնքան արդյունքում Կաղզվանը անցավ Թուրքիային։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Մեծ Եղեռնը քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը կազմված էր հայերից, ապրում էին նաև թուրքեր ու հույներ։ 19-րդ դարի սկզբին Կաղզվանը ուներ շուրջ 500 տուն բնակիչ, 1877 թ.-ին՝ 8000 բնակիչ, 1906 թ.-ին՝ շուրջ 9400, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ավելի քան 10 հազար բնակիչ, որից 7652-ը հայեր, իսկ 1920-ը թուրքեր։ Ներկայում քաղաքի բնակչությունը կազմում է 18,000 մարդ, հիմնականում քրդեր։

1913 թ.-ի հունվարի 1-ի տվյալներով Կաղզվանի գավառը քաղաքի հետ միասին ուներ 71014 բնակիչ, որոնցից 30162-ը՝ հայ, 22589-ը՝ քուրդ, 11185-ը՝ հույն, 4418-ը՝ թուրք, 410-ը՝ ռուս, մնացածը՝ այլազգիներ։ 1920 թ.-ի նոյեմբերին Քեմալական Թուրքիայի հարձակման հետևանքով Կաղզվանի և գավառի հայերը գաղթեցին Արևելյան Հայաստան, զգալի մասն էլ ճանապարհին զոհվեց։

Կաղզվանի գավառի հայկական գյուղերի ցանկ՝ 1913 թվականի դրությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղերի անուններ Ընտանիքիների
թիվ
Բնակիչների
թիվ
Ագարակ 69 665
Ախքիլիսա 50 557
Բագրան 86 796
Բաշքեյ 228 2397
Ելիզավետինսկոյե 38 332
Ենիջա 21 173
Զըռչի 169 1526
Լալոյի-Մավրակ 67 537
Խար 85 762
Խոբերան 64 564
Կարավանք 49 439
Կյուլանթափա 46 467
Կոշաքիլիսա 57 590
Ծպնի 212 1643
Ղարաբաղ 114 1046
Նախիջևան (Նախճավան) 272 2177
Շատևան 63 657
Չանգլի 85 790
Չուրուկ 29 452
Չուրուկ 59 719
Ջալալ 54 396
Սիտական 76 872
Տանձուտ, Արմուտլի 106 1141
Տիկոր 50 572
Քերս 142 972
Ընդհանուր 2141 22251

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ն. Սարգիսյան, «Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս», Վենետիկ, 1864 թ.։
  • Ղևոնդ Ալիշան, «Այրարատ», Վենետիկ, 1890 թ.։
  • Պողոսյան ա. մ., «Սոցիալ-տնտեսական հարաբերությունները Կարսի մարզում», Երևան, 1961 թ.։
  • «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828—1923)», խմբ. Ջ. Մ. Կիրակոսյան, Երևան, 1972 թ.։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 195