Սալմաստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սալմաստ
سلماس‎
38°12′00″ հս. լ. 44°46′00″ ավ. ե. / 38.2° հս. լ. 44.766667° աե. ե.
Երկիր Իրան Իրան
Օստան Արևմտյան Ադրբեջան
Բարձր. ծովի մակ-ից 1396 մ
Խոսվող լեզուներ պարսկերեն
Բնակչություն 79 560 մարդ (2006)
Ժամային գոտի UTC+3:30
Հեռախոսային կոդ +98 421
##Սալմաստ (Իրան)
Red pog.png

Սալմաստ (պարս․՝ سلماس Salmās, քրդ.՝ Dilmaqan, ադրբեջաներեն՝ Salmas), քաղաք Իրանում։ Գտնվում է Ուրմիա (Կապուտան) լճի հյուսիսարևմտյան ափի մոտ, Խոյ քաղաքից հարավ, հարթավայրում, Ուրմիա լիճը թափվող համանուն Սալմաստ ձկնառատ գետակի ափին[1]։

Անվանում[խմբագրել]

Հնում սովորաբար կոչվել է Սաղամաս, Սաղամաստ, հետագայում նաև Սալմաս։ Գ. Խալաթյանի կարծիքով առաջացել է Ասորեստանի Սալմանասար թագավորներից մեկի անունից։ Հիշատակվում է նաև իբրև գյուղ։

Պատմություն[խմբագրել]

Հնում Մեծ Հայքի Նոր Շիրական աշխարհի նշանավոր բնակավայրերից էր, ֆեոդալական փոքրիկ բերդաքաղաք, որը IX - XI դարերում ենթակա էր Վասպուրականի Արծրունիներին։ Հիշատակում են Փավստոս Բուզանդը, Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերտցին, Մատթեոս Ուռհայեցին, Սմբատ Գունդստաբլը, Յակուտը և ուրիշներ։ Դժվար է ասել, թե երբ է այն հիմնադրվել։ Համապատասխանում է ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվող Սագամասում վայրին։ Յակուտին իր «Աշխարհագրական բառարանում» համարել է «հռչակավոր քաղաք»։

Սալմաստը շատ է տուժել 1791 թ դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած սաստիկ երկրաշարժից։ Հետագայում քաղաքն ավելի է կորցրել իր նշանակությունը և եթե մի ժամանակ այն համանուն խանության, իսկ հետո Պարսկաստանի Ատրապատական կոչված նահանգի, Սալմաստ գավառի կենտրոնն էր, ապա այժմ սովորական գյուղ է։ XX դ սկզբներից դադարել է գավառի կենտրոն լինելուց։ Գավառը շարունակվում է կոչվել Սալմաստ, բայց կենտրոնը արդեն Դիլման գյուղաքաղաքն է։ Սալմաստի գավառից 1829-1830 թթ մեծ թվով հայեր են գաղթել Արևելյան Հայաստան, սակայն հետագայում էլ նրա բնակչության հիմնական զանգվածները շարունակում էին կազմել հայերը։ 1906 թ դրությամբ Սալմաստի գավառը (մահալ) ուներ հայկական 75 գյուղ՝ Հավթվան, Մահլամ, Ղալասար, Փայաջուկ (Րաֆֆու ծննդավայրը), Սավրա և այլն։

XIX դարի սկզբում Սալմաստն ուներ մոտ 1200 տուն հայ, քուրդ և ասորի բնակչություն, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին միայն հայկական տների թիվը հասնում էր 700-ի։

1923 թվականին Սալմաստի հայ բնակիչներից շատերը գաղթել են Խորհրդային Հայաստան և բնակություն հաստատել Գետազատ (մինչև 1948 թ՝ Աղջաղալա) գյուղում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Salmas, Iran Page»։ Fallingrain Global Gazetteer։ http://www.fallingrain.com/world/IR/01/Salmas.html։ Վերցված է 2013-12-29։