Անի
Տես նաև Անի (այլ կիրառումներ)
| Պատմական Հայաստանի 11-րդ մայրաքաղաք
Անի
|
|||||||||||||||||||||||||||||
|
Անիի ավերակները
|
|||||||||||||||||||||||||||||
Անի, Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկը, գտնվում է Շիրակում՝ Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև սարահարթի վրա։ Տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից, սկզբնապես մտել է Կամսարական նախարարական տան կալվածքների մեջ: Քաղաքն ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։
Հայոց թագավորությունը երկար ժամանակ չունեցավ մշտական մայրաքաղաք: Դվինը շարունակում էր մնալ արաբական ամիրայության կենտրոն, իսկ այն արաբներից մաքրելու համար մղվող պայքարն առայժմ հաջողությամբ չէր պսակվում: Բացի այդ, Դվինը դուրս էր Բագրատունիների հիմնական տնտեսական կենտրոն Շիրակից: Նրանք անգամ թագավորանիստ Կարս քաղաքը տնտեսական առումով հարմար չգտան դարձնելու մշտական մայրաքաղաք: Երկրի տնտեսական զարգացումն ինքնաբերաբար ծնեց այդպիսի կենտրոն: Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961 թ հռչակեցին մայրաքաղաք: Անին աշխարհագրական և ռազմավարական հարմար դիրք ուներ և գտնվում էր բանուկ առևտրական ճանապարհների խաչմերուկում: Անին, դառնալով մայրաքաղաք, արագ աճեց ու կառուցապատվեց շքեղ շինություններով և պարսպապատվեց:
Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը: Անին մայրաքաղաք դարձնելու տոնակատարությունը միացվեց Աշոտ Գ-ին թագադրելու հանդիսության հետ: Անի էին հրավիրված Հայաստանի և հարևան երկրների՝ Վիրքի, Աղվանքի նշանավոր դեմքերը: Այդ հանդիսությունները ժամանակակիցների վրա այն տպավորությունն էին գործում, որ կարծես վերականգնվել էր Հայ Արշակունիների թագավորությունը:
Աշոտ Գ-ն և նրա հաջորդները միջոցներ չէին խնայում նոր մայրաքաղաքը բարեկարգելու, ամրացնելու համար: 963-964թթ կառուցվեց արագ աճող քաղաքն ընդգրկող աշտարակներով ամրացված պարիսպների առաջին գիծը (Աշոտաշեն պարիսպներ): Հետագայում Անին այնքան արագ ընդարձակվեց, որ Սմբատ Բ-ի օրոք՝ 989 թ, անհրաժեշտ եղավ կառուցել քաղաքի պարիսպների երկրորդ գիծը (Սմբատաշեն պարիսպներ):
«Չեմ սխալիր, եթե ըսեմ,- գրում է նշանավոր ճարտարապետ Թորամանյանը,- որ մոտավորապես 2500 մեթրեն ավելի երկարությամբ պարիսպ է շինված Սմբատի ձեռքով քաղաքի շուրջը, առնվազն 8-10 մեթր բարձրությամբ և մեկ մեթր թանձրությամբ, ամբողջովին կրաշաղախ մածուցիկ հրաբխային ավազաքարերով, երկու կողմեն սրբատաշ:
Ճարտարապետական հոյակապ շինություններով մայրաքաղաքի կառուցապատումը շարունակվեց նաև հետագա տասնամյակներում: Քաղաքն ուներ ընդարձակ շուկա, իջևանատներ: Այնտեղ կառուցվել էին տասնյակ եկեղեցիներ, տաճարներ, պալատներ, շքեղ հյուրանոցներ, աշխարհիկ բազմաթիվ այլ շենքեր: Այն Միջնադարյան Հայաստանի ամենամեծ ու հռչակավոր քաղաքն էր: Ժողովրդի ասելով՝ Անին ուներ հազար ու մի եկեղեցի: 961 թ Աշոտ Գ Բագրատունին դարձնում է Անին իր երկրի մայրաքաղաքը։ Սկսվում են վերակառուցման աշխատանքներ, Անիի նոր մասը պարսպով անջատվում է հնից։ 989 թ Սմբատ Բ արքան կառուցում է Սմբատաշեն պարիսպը, որն ուներ 2500 մ երկարություն, 8-10 մ բարձրություն։ Այն ավարտվում էր ատամնաշարով։ Պատերից մեկի վրա Սմբատ Բ-ի քանդակն էր, ձեռքում՝ քաղաքի մանրակերտը։
Քաղաքն ունեցել է 40 դուռ, ամրոցը շրջապատվել է խորը փոսով։ Ախուրյան գետի վրա կառուցվել է կամուրջ, որը թշնամու հարձակման ժամանակ բարձրացվում էր։ Անին առևտրական և արհեստագործական խոշոր կենտրոն էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ, ըստ արհեստների, զբաղեցնում էին ամբողջական թաղամասեր։ Թագավորական պալատի ընդհանուր մակերեսը 3500 - 4000 քառակուսի մետր է։ Պալատի սրահների պատերը զարդարված էին աշխարհիկ թեմաներով կատարված որմնանկարներով։ Գործում էր յոթ սրահներից բաղկացած պալատական բաղնիք՝ սառը և տաք ջրի ավազաններով, խողովակաշարի միջոցով օգտագործված ջրի հեռացմամբ։
Անին հայտնի էր իր եկեղեցիներով: Միայն պալատական համալիրի մեջ մտնում էր 7 եկեղեցիներ, որոնցից ամենավեհասքանչը Մայր տաճար Սուրբ Աստվածածին եկեղեցին էր: Անիի զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցին, որը ոչ թե վերջինիս կրկնությունն էր, այլ կատարելագործված տարբերակը։ Այստեղ, պատերից մեկի վրա ամրացված էր Գագիկ թագավորի 2,26 մ բարձրություն ունեցող արձանը։ Անիի այլ հայտնի եկեղեցիներն էին՝ Անիի Սուրբ Առաքելոցը, Ս. Փրկիչը, Տիգրան Հոնենցու, Մանուչեի եկեղեցիները։ Վերջինս հետագայում վերածվել է մզկիթի:
Անին առևտրական հանգույց էր զանազան երկրների միջև։ Չինաստանից ներմուծվում էր մետաքս և ճենապակի, Բյուզանդիաից, Կիլիկիայից և Եգիպտոսից՝ նկարազարդ ապակեղեն, ներկեր, Պարսկաստանից՝ ճենապակի և այլն։ Անին նաև արդյունաբերող քաղաք էր. այստեղ արտադրվում էին բարձրորակ խեցեղեն, պղնձե իրեր, գորգեր, ոսկուց, արծաթից և այլ մետաղներից պատրաստված զարդեղեն, զենք, որոնք լայն պահանջարկ ունեին։ Անիի պեղումների ընթացքում հայտնաբերված կիրառական արվեստի նմուշները աչքի են ընկնում բազմազանությամբ, ոճերի և ճաշակների խայտաբղետությամբ։
Քաղաքում գործել են բազմաթիվ դպրոցներ, որոնցից հռչակված էր Հովհաննես Իմաստասերի կողմից հիմնած համալսարանը։
[խմբագրել] Պատկերներ
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Անիի ճարտարապետությունը վիրտուալ ներկայացմամբ www.virtualani.org/-ում։
- Անիի պատմությունը www.armenian-history.com-ում։
- Անիի պատմությունը www.ermeni.org-ում։
- 2008042602 Այցելություն Անիի ավերակներին։
- Թադևոս Հակոբյան «Պատմական Հայաստանի քաղաքները»։
|
|||||