Ավարայրի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավարայրի ճակատամարտ
Վարդանանց պատերազմ (449-451)
Battle of Avarayr.jpg
«Վարդանանք», հեղինակ Գրիգոր Խանջյան։
Թվական մայիսի 26, 451
Վայր Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան Վասպուրական, Արտազ գավառ, Տղմուտ գետի ափին
##Ավարայրի ճակատամարտ (Մեծ Հայք)
Miecze.svg
Ավարայրի ճակատամարտի տեղադրությունը
Արդյունք Անորոշ, պարսկական զորքը կրեց մեծ կորուստներ
Հակառակորդներ
Senmurv.svg Սասանյան Իրան Մարզպանական Հայաստան Մարզպանական Հայաստան
Հրամանատարներ
Senmurv.svg Մուշկան Նիսալավուրտ Մարզպանական Հայաստան Վարդան Մամիկոնյան
Կողմերի ուժեր
214.000, այդ թվում վարձկաններ բարբարոս ցեղերից, Մատյան գունդ, 15 փիղ մոտ 100 000, որոնցից 66.000 նախարարական գնդի ռազմիկներ, մնացածը՝ քաղաքային աշխարհազորայիններ, ազատ գյուղացիներ, գյուղացիներ եկեղեցական կալվածքներից
Կորուստներ
մոտ 130.000 սպանված և վիրավոր, այդ թվում 3.544 հոգի պարսկական կողմում հանդես եկող հայերից մոտ 38.000, այդ թվում 1.036 հոգի նախարարական տոհմերից


Ավարայրի ճակատամարտ (պարսկերեն՝ نبرد آوارایر), ճակատամարտ քրիստոնյա հայերի և զրադաշտ պարսիկների միջև 451 թ-ի մայիսի 26-ին։ Հայ ժողովուրդն ապստամբել էր պարսիկների դեմ, վերջիններիս հայերին կրոնափոխ անելու պահանջին ի պատասխան։ Չնայած ճակատամարտում զոհվեց ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը, պարսիկները կրեցին ծանր կորուստներ և հետագայում ստիպված էին հրաժարվել հայերին կրոնափոխ անելու մտադրությունից։ Հայ ժողովորդն այս ճակատամարտում տարավ բարոյական հաղթանակ։ Ինչպես ասել է ճակատամարտի ականատես Եղիշե պատմիչը՝

Aquote1.png Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն Aquote2.png


Մինչ մարտը[խմբագրել]

Հայոց մարզպանություն.      Հայոց Մարզպանություն      Սասանյան Պարսկաստան      Աղվանք      Իբերիա կամ Վրաց թագավորություն      Բյուզանդական կայսրություն

Թափ առնող Վարդանանց պատերազմի պայմաններում 451 թվականի մայիսին, ցանկանալով վերջնականապես արյունարյան մեջ խեղդել հայերին, Հազկերտ II-ը հայերի դեմ շարժեց իր թագավորության ռազմական ուժերի հիմնական մասի կենտրոնացման արդյունքում հավաքած մի խոշոր բանակ։ Մուշկան Նիսալվուրտի և վերջինիս օգնական Դողվճի գլխավորությամբ ուժերի կենտրոնացումը ավարտած Պարսից թագավորության բանակը ուղեկցությամբ շարունակեց առաջխաղացումը դեպի հյուսիս։ Անցնելով Ճվաշ-Արտազ երթուղով՝ մայիսի 23-ին թշնամու բանակը ճամբարեց Տղմուտ գետի հարավային ափին։ Այս ընթացքում սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ու կաթողիկոս Հովսեփ I Վայոց ձորցու հոգևոր առաջնորդությամբ Արտաշատում կենտրոնացած Հայկական բանակն իր հերթին շարժվեց թշնամուն ընդառաջ և, հասնելով վերջինիս մայիսի 25-ին, բանակեց Տղմուտ գետի հյուսիսային ափին։ Անմիջապես էլ հրավիրված խորհրդակցությունում ձևակերպվեց Հայկական բանակի մարտական խնդիրը. հնարավորինս արյունաքամ անել թշնամուն առաջիկա մարտում, որից հետո մասնատել ուժերը և մանր ջոկատներով ծավալել հզոր պարտիզանական պայքար։

Բանակների կազմը[խմբագրել]

Պարսկական[խմբագրել]

Պարսիկների 214.000-անոց բանակի կազմի մեջ կային ապարացիներ, կատիշներ, հեփթաղներ, գիլաններ, լփիններ, բաղասականներ, ճղբեր, վատեր, գավեր, գղվարներ, խրսաններ, հեճմատականներ, փասխեր, փոխեր, փյուքվաններ, թավասպարներ, իժմախներ, գուգարներ, շչբեր, եգերսվաններ, Մատյան գունդը, ինչպես նաև 15 փիղ։ Նրանց էին միացել Վասակ Սյունու ու դավաճան այլ նախարարները և նրանց գնդերը (ընդհանուր՝ 6.000 հեծյալ)։ Պարսից թագավորության բանակի առաջին շարքում տեղավորված էր հետևակը, երկրորդում՝ հեծելազորը։ Ընդ որում երկրորդ շարքի աջում Պարսից թագավորության բանակի կազմում գտնվում էին վայրենի ցեղերի և դավաճանների գնդերը։ Աջի և կենտրոնի հետևում գտնվող երրորդ շարքում տեղավորված էր փղերի գունդը, որը ուժեղացված էր 45.000 հետևակայինով, իսկ չորրորդ շարքում, որպես ընդհանուր պահեստազոր, տեղաբաշխված էր Մատյան գունդը։

Հայոց[խմբագրել]

Հայկական բանակում զինվորների քանակը հասնում էր 100.000-ի, որից 66.000 նախարարական գնդի ռազմիկ և 34.000 աշխարհազորայիններ։ Հայկական բանակի առաջին շարքում ծանր հետևակի պաշտպանության ներքո տեղավորված էր թեթև հետևակը, երկրորդ շարքում՝ աշխարհազորը, երրորդում՝ հեծելազորը, չորրորդում՝ պահեստազորը, իսկ մարտակարգի ծայր աջում և ծայր ձախում, համապատասխանաբար Ներսեհ Քաջբերունու ու Փափագ Առավեղյանի գլխավորությամբ, տեղադրված էին առանձնացված հեծյալ ջոկատներ։ Հայկական բանակի աջը գլխավորում էր Խորեն Խորխոռունին, որպես օգնական ունենալով Արսեն Ընծայեցուն, ձախը՝ Թաթուլ Վանանդեցին, որպես օգնական ունենալով Տաճատ Գնթունուն, կենտրոնը՝ Ներշապուհ Արծրունին, որպես օգնականներ ունենալով Վահան Արծրունուն, Արտակ Մոկացուն և Միհրշապուհ Մարդպետունուն, իսկ պահեստազորը՝ Արշավիր Կամսարականը, որպես օգնական ունենալով Համազասպ Մամիկոնյանին։ Սպարապետ Վարդան Մամիկոնյանը իր վրա վերցրեց բանակի ընդհանուր ղեկավարումը։

Մարտը[խմբագրել]

Ճակատամատի ընթացքը՝      Հայոց այրուձիի հարձակումը      Հայոց հետևակի հարձակումը      Հայոց պահեստային ուժերի հարձակումը      Պարսկական հետևակ      Պարսկական հեծալազոր      Պարսկական հակահարձակում      Մարտական փղեր

Մայիսի 26-ի վաղ առավոտյան կողմերը մարտակարգ ընդունեցին։

I փուլ – Արեգակը ծագելուն պես հայոց սպարապետը և կաթողիկոսը ոգևորիչ խոսքով դիմեցին իրենց բանակին՝ հորդորելով հայ ռազմիկներին չերկնչել թշնամուց ու մինչև վերջ կատարել իրենց զինվորական պարտքը։ Այնուհետև Հայկական բանակի նետաձիգները մոտեցան գետի հյուսիսային ափին և սկսեցին նետերի տարափ տեղալ թշնամու վրա։ Սրան ի պատասխան Պարսից թագավորության բանակի նետաձիգները մոտեցան գետի հարավային ափին ու սկսեցին պատասխան նետաձգությունը։ Աղեղնամարտը տևեց բավականին երկար։

II փուլ – 10։00-ի մոտակայքում Պարսից թագավորության բանակի թևերը անցան գետը և հարձակվեցին հայկական բանակի թևերի վրա։ Սկսված և բավականին երկար տևած համառ հանդիպակաց մարտը Հայկական բանակի աջում հաջողություն չբերեց կողմերից ոչ մեկին, սակայն դրա փոխարեն արդեն 12։00-ի մոտակայքում Հայկական բանակի ձախում թշնամին մղվեց ելման դիրքեր։

III փուլ – Զգալով պահի վճռական նշանակությունը՝ Հայկական պահեստազորի ու ձախ թևի մի մասից, ինչպես նաև ծայր ձախի առանձնացված հեծելազորից ստեղծված հատուկ հարվածային ջոկատը Վարդան Մամիկոնյանի անձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի, ճեղքեց Պարսից թագավորության բանակի աջ թևի ձախ մասի և կենտրոնի աջ մասի դասավորությունը, ներխուժեց նրա շարքերը ու ծանր կորուստներ պատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրած թշնամուն։ Ընդ որում միաժամանակ Հայկական բանակի կենտրոնը և թևերը ևս անցան գետը ու հզոր հարված հասցրին Պարսից թագավորության բանակին, դրանով իսկ առժամանակ կաշկանդելով վերջիններիս գործողությունները և որոշ ժամանակով ապահովելով սպարապետի ջոկատի գործողության ազատությունը։

IV փուլ – Հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը՝ սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց Պարսից թագավորության բանակի երրորդ շարքի վրա, որը ևս ծանր կորուստներ կրելով դիմեց փախուստի։ Դրանից հետո Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաև կենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունու ջոկատները հզոր հարված հասցրեցին Մատյան գնդին ու փախուստի մատնեցին նաև անմահ կոչվածներին։

V փուլ – Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատները սկսեցին սրընթաց մանևրներով ծանր հարվածներ հասցնել թշնամու կենտրոնին ու ձախին՝ նպատակ չունենալով նահանջել և ձգտելով հնարավորինս ծանր կորուստներ պատճառել հակառակորդին։

VI փուլ – 15։00-ի մոտակայքում, օգտվելով ընձեռնված դադարից և անմիջական հետապնդման բացակայությունից, Մատյան գունդը ու թշնամու բանակի երրորդ շարքը վերականգնեցին մարտակարգերը ու շրջապատեցին այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի աջում ու կենտրոնում հսկայական կոտորած իրականացրած Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատներին։ Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան սպարապետն ու Վահան Արծրունին և զոհվեցին նրանց ջոկատների գրեթե բոլոր մարտիկները։

VII փուլ – 18։00-ի մոտակայքում Հայկական բանակը ողջ ճակատով նահանջեց և ամուր դիքեր գրավեց գետի հյուսիսային ափին՝ երեք ժամվա ընթացքում ետ մղելով թշնամու բոլոր գրոհները ու հաջող հակագրոհներով շպրտելով վերջինիս ելման դիրքեր։ 21։30-ի մոտակայքում մարտը վերջացավ։ Գրեթե անմիջապես էլ հրավիրվեց ողջ մնացած նախարարների երեկոյան խորհրդակցություն, որում որոշվեց, որ Հայկական բանակը կատարել է իր մարտական առաջադրանքը, ծանր կորուստներ է պատճառել թշնամուն և ճակատամարտը շարունակելը այլևս իմաստ չունի. ժամանակն է ցրել ուժերը և սկսել պարտիզանական պայքար։

VIII փուլ – 23։00-ի մոտակայքում Հայկական բանակը իրականացրեց հաջող նահանջ և հեռացավ մարտադաշտից, իսկ հսկայական կորուստներ կրած Պարսից թագավորության բանակը չհամարձակվեց որևէ կերպ խոչնդոտել դրան։

Կորուստներ[խմբագրել]

Հայկական կողմ[խմբագրել]

«Ավարայրի ճակատամարտ», 1482 թ., Ականց անապատ, գործ Կարապետ Բերկրեցու

Հայերը կորցրին մոտ 38.000 զինվոր, այդ թվում զոհվեցին սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Վահան Արծրունին, Խորեն Խորխոռունին, Արտակ Պալունին, Տաճատ Գնթունին, Հմայակ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին և Գարեգին Սրվանձտյանը։ Ընկան նաև 133 ռազմիկներ Մամիկոնյան տոհմից, 57 ռազմիկներ Պալունի տոհմից, 22 ռազմիկներ Դիմաքսյան տոհմից, 20 ռազմիկներ Սրվանձտյան տոհմից, 19 ռազմիկներ Խորխոռունի տոհմից, 19 ռազմիկներ Գնթունի տոհմից, 7 ռազմիկներ Ընծայեցի տոհմից, 7 ռազմիկներ Քաջբերունի տոհմից, 3 ռազմիկներ Գնունի տոհմից, ինչպես նաև 739 ռազմիկներ այլ նախարարական տոհմերից։

Պարսկական կողմ[խմբագրել]

Պարսից թագավորության բանակը կորցրեց մոտ 130.000 զինվոր, որոնց թվում 3.544 ռազմիկներ դավաճաններից։

Հետևանքներ[խմբագրել]

Տակտիկական տեսանկյունից ճակատամարտը վերջացավ Հայկական բանակի օգտին, քանի որ թշնամին երեք անգամ շատ կորուստ կրեց։ Ստրատեգիական տեսանկյունից ևս Հայկական բանակը շահեց այն, քանի որ դրա, ինչպես նաև հետագա պարտիզանական գործողությունների արդյունքում Պարսից թագավորության բանակը հեռացավ Մարզպանական Հայաստանից, կնքվեց Նվարսակի պայմանագիրը և վերականգնվեց 428 թվականին Մարզպանական Հայաստանում տիրող վիճակը։

Արվեստում[խմբագրել]

Ավարայրի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում։

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]