Հովսեփ Օրբելի
Հովսեփ Աբգարի Օրբելի (մարտի 8` նոր տոմարով մարտի 20, 1887 - փետրվարի 2, 1961), հայ հայտնի գիտնական-ակադեմիկոս, հասարակական գործիչ և արևելագետ։ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի առաջին նախագահն է եղել, իսկ 1934-51 թթ եղել է Էրմիտաժի տնօրենը։
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1887 թվականին Քութայիսում, Վրաստան։ Օրբելի եղբայրներից է. Ռուբեն և Լևոն Օրբելիների եղբայրն է:
Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը 1911 թ-ին, իսկ 1914-ին աշխատել է այնտեղ որպես պրոֆեսոր։ Ակադեմիկոսի կոչում է ստացել 1943-ին։
Հիմնական աշխատանքները վերաբերում են հայագիտությանը, կովկասագիտությանը, Մերձավոր Արևելքի երկրների միջնադարյան մշակույթի պատմությանը։ Ուսանողական տարիներին ուղեկցել է գիտնական Նիկողայոս Մառին Հայասատան պեղումներ և հետազոտություններ անելու համար, մասնակցել է Անիի պեղումներին։ Հետագայում Օրբելին պեղումներ է կատարել նաև Վանում (1916)։ Ուսումնասիրել է նաև տեղական լեզուները (հատկապես քրդերենը) և ճարտատարապետությունը։
Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի (2), Իրանի «Գիտական ծառայությունների համար» I աստիճանի շքանշաններով։
Ծաղկաձորում գործում է Օրբելի եղբայրների թանգարանը (1982)։
Զբաղեցրած պաշտոնները [խմբագրել]
- ՀՀ ԳԱԱ առաջին նախագահ (1943-1947)։
- ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության նախագահ (1938-1943)։
- ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն (1943-1947),
- Ս.Պետերբուրգի (ապա՝ Լենինգրադի) համալսարանի պրիվատ-դոց., դոց. (1914-1918), պրոֆ. (1919-1933, 1955-1961)։
- Հայ-վրացական բանասիրության (1925-1929), նյութական մշակույթի (1929-1931), Մերձավոր և Միջին Արևելքի պատմության ամբիոնների վարիչ (1956-1961)։
- Էրմիտաժի ավանդապահ (1920-1926), բաժնի վարիչ (1926-1933), տնօրեն (1934-1951)։
- ԽՍՀՄ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտի տնօրեն (1937-1939)։
- Լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող (1953-1956)։
- Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի վարիչ (1956-1961)։
