Բարբառագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարբառագիտություն, լեզվաբանության բաժին, որն զբաղվում է լեզվի տարածքային տարբերակների ուսումնասիրությամբ:

Բովանդակություն

Հիմնական տեսակները [խմբագրել]

Բարբառագիտությունն, ըստ քննության մեթոդների ու նպատակների, լինում է նկարագրական, լեզվաաշխարհագրական, վիճակագրական, ըստ ժամանակային կտրվածքի՝ համաժամանակյա և տարաժամանակյա, ըստ հարցադրումների բնույթի՝ տեսական և գործնական:

Խնդիրներն ու նպատակները [խմբագրել]

Նկարագրական բարբառագիտությունը նպատակ ունի խոսվածքային առանձին միավորների բազմակողմանի նկարագրությունը մենագրությունների կամ հոդվածների ձևով: Լեզվաաշխարհագրական բարբառագիտության առաջնահերթ նպատակը լեզվական հատկանիշների (զուգաբանությունների) տարածման սահմանների և բարբառային կենտրոնների որոշումն է քարտեզագրման միջոցով: Լեզվաաշխարհագրությունը բարբառագիտության տիրապետող ուղղությունն է, ենթադրում է հաջորդական աշխատանքների մի շարք փուլեր՝ զուգաբանական հատկանիշների ընտրություն ու ծրագրի (կամ հարցարանի) կազմում, նյութերի հավաքագրում ըստ այդ ծրագրի, զուգաբանությունների քարտեզագրում ու բարբառագիտական ատլասի կազմում, քարտեզների մեկնաբանում: Վիճակագրական բարբառագիտության հիմնական խնդիրը բարբառների բազմահատկանիշ դասակարգումն է: Այն գործ ունի աղյուսակների, ցուցակների, գծապատկերների հետ և հենվում է լեզվական տարբերությունների վրա: Վիճակագրական բարբառագիտության հիմնադիրը Հայաստանում Գևորգ Ջահուկյանն է: Տարաժամանակյա բարբառագիտությունն ուսումնասիրում է բարբառների ծագման, զարգացման, փախհարաբերությունների, նրանցում առկա ժամանակային ու լեզվական տարբեր շերտերի վերհանման հարցերը: Բարբառագիտությունն ընդհանուր առմամբ մեծապես նպաստում է պատմագիտության, բանասիրության, ազգագրության շատ խնդիրների լուսաբանմանը:

Հայ բարբառագիտություն [խմբագրել]

Հայերենի բարբառներին նվիրված առաջին ուսումնասիրությունները գրվել են 19-րդ դարում: Հայ բարբառագիտության, որպես ինքնուրույն գիտակարգի, վերջնական ձևավորումն ու առանձնացումը կապված է Հրաչյա Աճառյանի անվան հետ: Հայ բարբառագիտությունը մինչև 1970-ական թվականները գերազանցապես նկարագրական էր: Հայաստանում լեզվաաշխարհագրական բարբառագիտության հիմքը դրել է Հովհաննես Մուրադյանը. նա ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի բանասիրության բաժնի աշխատակիցների համագործակցությամբ կազմել է «Հայերենի բարբառագիտական ատլասի նյութերի հավաքման ծրագիրը» (1977թ.) և կազմակերպել նյութերի հավաքումը շուրջ 350 հայաբնակ վայրերից: Հայ բարբառագիտության մեջ նշանակալից ավանդ ունեն Գ. Ախվերդյանը, Ք. Պատկանյանը, Հ. Աճառյանը, Գ. Ղափանցյանը, Ա. Ղարիբյանը, Է. Աղայանը, Գ. Ջահուկյանը, Հ. Մուրադյանը, Ռ. Բաղրամյանը, Մ. Ասատրյանը և այլք:

Աղբյուրներ [խմբագրել]

Տես նաև [խմբագրել]