Տուշպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

38°30′10″ հս. լ. 43°20′22″ ավ. ե. / 38.502778° հս. լ. 43.339444° աե. ե.

Տարածք, որտեղ հնում գտնվում էր Տուշպան

Տուշպա (ուրարտ.՝ URUṭu-uš-pa), աքքադ.՝ Տուրուշպա), հին քաղաք, Վանի թագավորության ծաղկման ժամանակաշրջանի մայրաքաղաքը։ Տուշպան գտնվում էր Վանա լճի ափին, ժամանակակից Վան քաղաքի արևմտյան ծայրամասում։ Տուշպայի ճարտարապետության գլխավոր տարրն էր ուրարտական թագավորների գլխավոր նստավայր հանդիսացող Վանի ժայռը։ Ռուսա Բ թագավորի իշխանության ժամանակ թագավորության մայրաքաղաքը տեղափոխվել է Տուշպայից մոտակայքում գտնվող Ռուսախինիլի նորակառույց բերդ, իսկ Տուշպան ուրարտական քաղաք էր մնում մինչև մ.թ.ա. 6-րդ դարի սկիզբը, երբ այն հողին հավասարեցրին մեդիացիները։

Ուսումնասիրման պատմություն[խմբագրել]

Վանի ժայռի առաջին ուսումնասիրություններն իրականացվել են ֆրանսիացի երիտասարդ գիտնական Էդուարդ Շուլցի կողմից 19-րդ դարի սկզբին։ Շուլցն իր ֆրասիացի գործընկերների կողմից գործուղվել էր Վան` Վանա լճի[1] ափին քաղաքի կառուցմանը Ասորեստանի թագուհի Շամիրամի մասնակցության մասին հայ միջնադարյան պատմիչ Մովսես Խորենացու հաղորդագրությունը հետազոտելու նպատակով։ Այսպիսով, Շուլցը կարծում էր, որ Տուշպան և Վանի ժայռը, մասնավորապես, ասորական մշակութային հուշարձաններ են։ Շուլցը կատարեց իր հայտնագործած ժայռապատկերների և սեպագիր արձանագրությունների էսքիզները, և, չնայած ինքը` գիտնականը, 1829 թվականին սպանվեց քրդերի կողմից, նրա աշխատանքի նյութերը 1840 թվականին հայտնվեցին Ֆրանսիայում և հրապարակվեցին[2]։ Շուլցը, մասնավորապես, պատճենել էր ուրարտական թագավոր Արգիշտի 1-ինի Խորխորյան ժայռափոր տարեգրությունը` Վանի թագավորության պատմության կարևորագույն փաստագրություններից մեկը, որ փորագրված էր Վանի ժայռի արևմտյան հատվածում և որը, արդյունքում, 20-րդ դարի սկզբին (Առաջին համաշխարհային պատերազմի կռիվների ժամանակ) մեծապես վնասվել է թնդանոթային արկերից։

Այն բանից հետո, երբ պարզվեց, որ Շուլցի պատճենած արձանագրություններն ասորերեն չեն, նոր ենթադրություն ծագեց, թե դրանք գրված են հայերենով[3]։ Այդ ենթադրությունը ևս հաջողություն չունեցավ, և 19-րդ դարի վերջին պատմական գիտության մեջ ամրապնդվեց այն գաղափարը, որ Տուշպան մինչ այդ անհայտ ուրարտական քաղաքակրթությանը պատկանող քաղաք է։ 19-րդ դարի վերջին Տուշպայում պեղումներ իրականացրին Բրիտանիայի թանգարանի և Գերմանիայի արշավախմբերը։ Այդ գիտարշավների ընթացքում հայտնաբերված արժեքավոր նյութերը հարստացրին բրիտանական և բեռլինյան թանգարանները, աշխատանքների արդյունքում հրատարակվեց Լեման-Հաուպտի բազմահատոր աշխատությունը[4]։

1915-1916 թվականներին, երբ Վանը գրավված էր Ռուսական կայսրության զորքերի կողմից, Տուշպայում պեղումներն իրականացնում էր Ռուսական հնագիտական միության արշավախումբը` Հ. Ա. Օրբելու և Ն. Յա. Մառի գլխավորությամբ։ Այդ արշավախմբին բախտ վիճակվեց պեղել Սարդուրի 2-րդի տարեգրությունը` Վանի թագավորության ուսումնասիրության համար ևս մեկ կարևոր փաստագրություն` թաղված Վանի ժայռի հյուսիս-արևելյան լանջի խորշերում[5]։

Ռուսական հնագիտական ընկերության կատարած պեղումները 1916 թվականին Վանի ժայռի վրա
Նիկոլայ Մառի և Հովսեփ Օրբելու գլխավորությամբ
1915 excavations at Tushpa.jpg
Sarduri annals 1915.jpg
Sarduri annals found 1915.jpg
Վանի ժայռի հյուսիս-արևելյան լանջի պեղումները
Ռուսական կայսրության բանակի մասնակցությամբ
Սարդուրիի արձանագրությունը Սարդուրիի արձանագրության շրջման աշխատանքները

Ռուսական հնագիտական միության արշավախմբից հետո Տուշպայում լայնամասշտաբ պեղումներ այլևս չեն իրականացվել։ Ոչ մեծ հետախուզական աշխատանքներ իրականացվել են անգլիական արշավախմբի կողմից 1948 թվականին։ Այդ ընթացքում Տուշպա քաղաքը մեծապես տուժել էր պարբերական անլեգալ պեղումներից[6]։

Երկար ժամանակ գիտնականները կարծում էին, որ մայրաքաղաքը Տուշպայից Ռուսախինիլի տեղափոխել է Ռուսա 1-ինը, որը, ինչպես ենթադրվում էր, պայմանավորված է եղել մ. թ. ա. 735 թվականին Սարդուր 2-րդի դեմ Թիգլաթպալասար 3-րդի արշավանքի ժամանակ Ասորեստանի բանակի կողմից մայրաքաղաքի ավերումով։ Սակայն, այն բանից հետո, երբ իրականացվեցին այժմ Արևմտյան Ադրբեջանի տարածքում գտնվող ուրարտական ամրոցների պեղումները և հայտնաբերվեցին ուրարտական նոր սեպագիր արձանագրություններ, պարզ դարձավ, որ մայրաքաղաքի տեղափոխումը տեղի է ունեցել ավելի ուշ, և այն իրականացրել է Ռուսա 2-րդը[7]։

Պատմություն[խմբագրել]

Հիմնադրման շրջան[խմբագրել]

Տուշպայի` Ուրարտուի կենտրոններից մեկը դառնալու մասին առաջին վկայությունները վերաբերում են Սարդուրի I արքայի տիրապետության տարիներին, այսինքն` ուրարտական արքայատոհմի ձևավորման ժամանակներին:[8] Սարդուրի I-ի արձանագրություններով քարեր են հայտնաբերվել Վանա ժայռի արևմտյան ստորոտին: Ուրարտուն` որպես պետություն, ձևավորվել է հարևան Ասորեստանի հետ մշտական հակամարտությունների պայմաններում և մինչ Սարդուրի I-ի ու նրա որդու` Իշպուինիի տիրապետության տարիները ուրարտական բանակը բավական ուժեղ չէր, որ դիմադրեր Ասորեստանի ներխուժումներին դեպի երկրի կենտրոնական տարածքներ. Վանա լճի շուրջը գտնվող ուրարտական բերդերից շատերն ասորեստանցիների կողմից ավերվել էին նախորդ տարիների ընթացքում: Սակայն ավելի որակյալ երկաթե գործիքների միջոցով ուրարտացիները հետզհետե կատարելագործում են պաշտպանական շինություններ կառուցելու իրենց տեխնոլոգիան, Հայկական լեռնաշխարհում կառուցում են մի շարք բերդեր` դրանով իսկ կանխարգելելով ասորեստանցիների անարգել մուտքը դեպի կենտրոնական Ուրարտու: Դրանից հետո ուրարտական արքաները հնարավորություն ստացան զարգացնել գյուղատնտեսությունը և զբաղվել երկրի բարենորոգումներով:

Ուրարտական պետության կենտրոնի տեղի ընտրության պայմանավորված էր մի շարք հանգամանքներով. նախ, Վանա լճի ափը հարմար էր նրանով, որ լիճը զգալիորեն մեղմացնում էր Հայկական լեռնաշխարհի խիստ ձմեռային կլիման. այնտեղ ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել մինչ −40 °C,[9] երկրորդ` լճափի ժայռը ծառայում է որպես բնական ամրություն, և երրորդ` հավանաբար Վանա ժայռի հետ էր կապված Շիվին աստծո պաշտամունքը, որի պաշտամունքային կենտրոնն էլ, ըստ ենթադրության, եղել է Տուշպան:[10]

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Пиотровский Б.Б. Ванское царство (Урарту) / Орбели И.А.. - Москва։ Издательство Восточной литературы, 1959. - 286 с. - 3500 экз.
  • Марр Н. Я., Орбели И. А. Археологическая экспедиция 1916 года в Ван. - Петроград, 1922.
  • Меликишвили Г.А. Урартские клинообразные надписи. - Москва։ Издательство АН СССР, 1960.

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Мовсес Хоренаци История Армении = ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ / Саркисян Г.Х.. — Ереван: Айастан, 1990. — 291 с. — ISBN 5-540-01084-1
  2. Schulz F.E. Mémoire sur le lac de Van et ses environs // Journal Asiatique. —Paris, 1840. — В. IX.
  3. Mordtmann A. D. Über die Keilinschriften von Armenien // Zeitschrift der Deutschen Morgenländischen Gesellschaft. —Leipzig, 1877. — В. XXXI.
  4. Lehmann-Haupt C.F. Armenien, einst und jetzt. — Berlin: B. Behr, 1910—1931.
  5. Марр Н. Я., Орбели И. А. Археологическая экспедиция 1916 года в Ван. — Петроград, 1922.
  6. Oktay Belli Van, The Capital of Urartu, Eastern Anatolia. — Istambul: Net Yaginlar A.Ş., 1989. — С. 51. — ISBN 975-479-093-0
  7. Zimansky P. An Urartian Ozymandias // The Biblical Archaeologist. — The American Schools of Oriental Research, 1995. — Т. 58. — № 2. — С. 94—100.
  8. Пиотровский: Ванское царство
  9. Пиотровский: Ванское царство, 132
  10. Меликишвили: Наири-Урарту