Խնուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնուս (այլ կիրառումներ)
Բնակավայր
Խնուս
թուրքերեն՝ Hınıs
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մակերես1360 կմ²
ԲԾՄ1720 մետր
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն26 865 մարդ (2018)
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ25600
Ավտոմոբիլային կոդ25
Պաշտոնական կայքhinis.gov.tr
Խնուս (Թուրքիա)##
Խնուս (Թուրքիա)

Խնուս (նաև՝ Խանուս, Խնիս, Խնուզ, Խնութ, Խնուսբերդ), պատմական հայկական քաղաք (բերդաքաղաք, գյուղաքաղաք, ավան, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի Խնուսի գավառակում, վերջինիս կենտրոնը։ Հնում հիշատակված է նաև Խնուն (Խնունիք) ձևով, որպես թոնդրակյան շարժման կենտրոն, իսկ թուրքերը կոչում են Խնըսկալե։ Համարվել է նաև ավան կամ բերդ, նոր ժամանակներում երբեմն՝ գյուղ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջանի քարտեզ

Գտնվում է Արածանիի աջակողմյան վտակ Խնուսի գետի ափին, Բյուրակնյան լեռների արևելյան ստորոտում, հյուսիսից և հարավից աղեղնաձև ձգվող լեռնաճյուղերով սահմանափակված Խնուսի գոգավորության արևմտյան մասում, ձորահովտում, որի կենտրոնում բարձրանում է քարքարոտ, խիստ զառիվեր լանջերով մի լեռ։ Հենց այդ լեռան վրա էլ հիմնված են Խնուսի ամուր բերդը և նոր ժամանակներում կառուցված թուրքական պահակակետը։ Դրա ստորոտով հոսում է Խնուսի գետը՝ քաղաքը բաժանելով երկու մասի, իսկ վերջինս շրջափակող առապարը խիստ թեքությամբ և պարսպի նման փակում է ազատ մուտքը դեպի քաղաք։ Քաղաքը տեղադրված է զառիթափ լեռնալանջերի վրա, ծովից մոտ 1800 մ բարձր։ Խնուսի դիրքը գեղեցիկ է, բանաստեղծական։ Տների մեծ մասը տեղավորված էր գետի ձախ ափին, իսկ մի մասը՝ ձորից վերև, մի փոքրիկ հարթության վրա։ Ջրառատ է, ունի լեռնային առողջարար օդ։ Խնուսի մոտ կան շինարարական ընտիր քարի պաշարներ, քարածխի և կերակրի աղի հանքավայրեր, ածխաթթվային հանքային աղբյուրներ, որտեղ լոգանք էին ընդունում մեծ մասամբ կանայք։ Հնում Խնուսը Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Վարաժնունիք գավառի կենտրոնն էր։ Ոմանք այն տեղադրում են նույն աշխարհի Հարք, ոմանք էլ Տվարածատափ (այժմ՝ Կարայազ) գավառում, որ անընդունելի է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնուսի միջին դարերի բնակչության քանակի մասին ուղղակի տեղեկություններ չկան, իսկ անուղղակի նկարագրություններից երևում է, որ այդ ժամանակներում այն բավական խոշոր բնակավայր է եղել։ 19-20-րդ դարերում բնակչության քանակի վերաբերյալ եղած տվյալները խիստ հակասական են։ Թուրքական պաշտոնական վիճակագրական աղբյուրներում արևմտյան Հայասաանի մյուս քաղաքների պես Խնուսի բնակչության քանակը միտումնավոր պակասեցված է։ Անհատ հեղինակների ավելի արժանահավատ վկայություններով 1800-1830-ական թթ. Խնուսի բնակչության թիվը հասնում էր 5 000 մարդու, որի 80%-ը (4 000-ը) հայեր էին, 1830 - 1850–ական թթ՝ 6 000 մարդու, որից 3 000-ը՝ հայեր։ Հետագա տասնամյակներում թուրքական բռնությունների ու հալածանքների հետևանքով հայերի քանակը գնալով նվազում է։ 1909 թ. Խնուսի 900 տներից հայկական էր միայն 325 տունը (2163 բնակչով)։ 1914 թ. նրա 8 000 բնակչից հայեր էին միայն 2 000-ը։ 1915 թ. Մեծ եղեռնի հետևանքով Խնուսի գավառակի հազարավոր բնակչության հետ բնաջնջվեց նաև քաղաքի հայությունը։ 1916 թ. այստեղ մնացել էր միայն 200 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասնավորապես ձիաբուծությամբ, արհեստագործությամբ և առևտրով։ Հայերի հիմնական զբաղմունքը արհեստներն ու առևտուրն էին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում մինչև 8-րդ դ Խնուսի շրջանում իշխել են Մամիկոնյանները, այնուհետև կայսիկները, Մերվանյանները, Խլաթի Շահարմենները, ապա՝ սելջուկներն ու մոնղոլները։ 1555 թվականի բաժանմամբ անցել է թուրքական տիրապետության տակ։ 18-րդ դ. մտել է Բայազետի փաշայության Խնուսի հյուքյումեթության մեջ։ Հետագայում մինչև 1829 թ. թեև մտնում էր Էրզրումի փաշայության մեջ, բայց հարևան (Մուշի, Սասունի) գավառների հետ ուներ կիսանկախ վիճակ։ 19-րդ դ 60-ական թթ. վարչական նոր բաժանմամբ նորից մտցվում է Էրզրումի նահանգի մեջ, այս անգամ որպես գավառակ (կազա), թեև այս և հետագա շրջաններում ևս շատերի կողմից շարունակում է անվանվել գավ։

Խնուսը բաժանված էր թաղերի, գետի աջ ափին էին գտնվում Խառտալարը, Ճսթմահլեն, Բաղջեն և Բերդը, ձախում՝ Ժամու թաղը, Խայպաշին և Պալու քիթը։ Քաղաքի տներն առանց բացառության տափակ հողածածկ կտուրներով էին, փողոցներրը նեղ ու անբարեկարգ։ Ուներ մի քանի բաղնիք։ Դեռևս 13-րդ դարում Խնուսը եղել է առևտրական կարևոր հանգույց՝ Խոյ-Վան-Բերկրի-Մանազկերտ-Էրզրում-Բաբերդ-Տրապիզոն ճանապարհին։ 20-րդ դարի սկզբներին ևս քաղաքն ուներ բավական աշխույժ առևտուր, իր առատ շուկան՝ տասնյակ առևտրական կրպակներով։ Առևտրական սերտ կապերով կապված էր Էրզրումի, Բիթլիսի և Մուշի հետ։ Հայտնի էին նրա արտահանած անասնապահական մթերքներն ու մեղրը։ XIX դ. վերջերին և XX դ. սկզբներին Խնուսի մշակութային և ազգային կյանքը բավական եռուն էր։ Այստեղ Ս.Աստվածածին եկեղեցուն կից գործում էր մի վարժարան՝ 100-ից ավելի աշակերտով ու 4 ուսուցչով։ Դպրոցն ուներ նորակառույց, քարաշեն բարեկարգ շենք՝ շինված Միացյալ ընկերության կողմից։ Նույն ընկերությունն էր կառուցել նաև առաջնորդարանը և Երիտասարդաց ակումբը, որը նույնպես Ս. Աստվածածին եկեղեցուն կից էր և կարևոր դեր էր խաղում քաղաքի հայ մշակույթի կյանքում։ Խնուսի ամենանշանավոր կառույց-հնությունը նրա բերդն է, որի մասին հին հայկական աղբյուրներում տեղեկություններ չեն հաղորդված։ Առաջին հիշատակությունը իտալացի մի ճանապարհորդի (1471 - 1478 թթ) վկայությունն է։ Հաջորդ կարևոր վկայությունը պատկանում է թուրք հեղինակ Էվլիա Չելեբիին (1647 թ), որը բերդը համարում է «անառիկ կառուցվածք»։ Ըստ եվրոպացի Պանվիշիսա Քսենոֆոնի «Նահանջ բյուրոցի» մեջ վկայված Դիմնիաս կոչված տեղն է։ Այն կառուցված է Խնուս գետի աջ ափին բարձրացող անմատչելի լեռան վրա։ Ամուր կառուցվածք էր, քառակուսի հատակագծով, որի երկարությունը հասնում էր 600 քայլի։ Շրջապատված էր ժայռերով ու պաշտպանական ամրակուռ պարսպով։ Ուներ միայն մեկ դուռ՝ հյուսիսից։ Դեպի ձորն իջնող ստորերկրյա գաղտնի ճանապարհով կապված էր քաղաքի հետ։ Բերդի տարածքում զանազան նպատակներով կառուցված պաշտպանական շինվածքներից բացի կային նաև շուկա և մզկիթ։ Ըստ ոչ արժանահավատ տեղեկությունների, կառուցվել է XV դ-ում՝ Ուզուն Հասանի կողմից։ XIX դ վերջերին Խնուսի բերդն արդեն միանգամայն ավերակ ու ամայի էր։ Բուն քաղաքում կար մի հին և մեկ նոր եկեղեցի։ Դրանցից նշանավորն առաջինն էր Ս. Աստվածածին քարաշեն, կամարակապ եկեղեցին, որ գտնվում էր գետի ափին, մի առանձին ժայռի վրա։ Քաղաքն ուներ մի անշուք մզկիթ։ Գետի վրա կար երկու կամուրջ, որոնցից մեկը բավական ճաշակով կառուցված քարաշեն կամուրջ էր։ Խնուսի արևելյան կողմում կային զանազան հնություններ։ Այստեղ դիպվածով գտնվել է փղի ընտանիքին պատկանող նախապատմական մի վիթխարի կենդանու բրածո, որը երկրաբանության մեջ կոչվել է հայկական փիղ։ Կմախքը վերականգնված է և պահվում է Բրիտանական թանգարանում։ 1587 թ. Խնուսում օրինակվել է Ավետարան։ 1915 թ. մայիսին թուրքերը Խնուսից ձերբակալում և գնդակահարում են 150 հայ մտավորական։ 1918 թ. ռուսական նահանջող զորքերի հետ Արևելյան Հայաստան գաղթեցին Խնուսի վերջին հայ բնակիչները։ Այստեղ է ծնվել ՀՍՍՀ վաստակավոր դերասան Գառնիկ Կարապետյանը (1917 թ.)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քորթոշյան Ր., Հայաստնի պատմություն, հատոր Ե, Խնուս, Երևան, 2022։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 63