Գյումրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Գյումրի
Զինանշան
Զինանշան
Гюмри.jpg
Գյումրիի կենտրոնական հրապարակը
40°47′00″ հս. լ. 43°50′00″ ավ. ե. / 40.783333° հս. լ. 43.833333° աե. ե.
Երկիր Հայաստան
Մարզ Շիրակ
Քաղաքապետ Վարդան Ղուկասյան
Առաջին հիշատակում մ. թ. ա. VII-րդ դար
Այլ անվանումներ մինչև 1840Կումայրի
մինչև 1924Ալեքսանդրապոլ
մինչև 1990Լենինական
մինչև 1992Կումայրի
Տվյալ կարգավիճակում 1837-ից
Բարձր. ծովի մակ-ից >1500 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 984.1 հզ.[1] մարդ (01.07.2010)
Խտություն 994.7 հզ. մարդ/կմ²
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5
Հեռախոսային կոդ +374 (312)
Փոստային ինդեքսներ 3101-3126
Պաշտոնական կայք հղում
##Գյումրի (Հայաստան)
Red pog.png

Գյումրի (նախկինում՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ, Լենինական), բնակչության թվաքանակով Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է, որն գտնվում է Հայաստանի հյուսիս արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը 3626 հա է։ Կլիման ցամաքային է, համեմատաբար տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Տարեկան տեղումները 500 մմ են։ Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988-ի դեկտեմբերի 7-ին։ Բնակչության մեծ մասը հայեր են։ Ապրում են նաև ռուսներ, հույներ և եզդիներ։ Ըստ 2001 թվականին անկացված մարդահամարի պաշտոնական արդյունքների քաղաքում մշտական բնակչության թիվը 2001 թվականին կազմում էր 981.1հզ. մարդ, իսկ առկա բնակչությանը թվաքանակը 985.6 հզ.:

Բովանդակություն

[խմբագրել] Աշխարհագրություն և կլիմա

Գյումրին Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է։ Գյումրին գտնվում է Երևանից 126 կիլոմետր տարածության վրա, Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում ծովի մակարդակից 1550 մետր բարձրություն ունեցող հարթավայրում, Հայաստանի հյուսիս արևմուտքում, Ախուրյան գետի ձախ ափին։ Շիրակի բարձրավանդակի տափարակ մասի երկարությունր կազմում է մոտ 35, իսկ լայնությունը՝ 25 կիլոմետր, որը սահմանակից է Փամբակի արևմտյան, Արագածի հրաբխային զանգբածի հյուսիսային և արևմտյան լեռներին և նախալեռներին։

Քաղաքն ունի աշխարագրական հարմար դիրք, որը ակոսվում է Չերքեզի, Ջաջուռի և այլ ձորերով։ Ռելիեֆը հարթավայրային է, ծածկված լճագետային և հրաբխային շուրջ 350 մ. հզորության նստվածքներով: Ուղիղ գծով Գյումրիից Սև ծով 196, իսկ երկաթուղով մինչև Մոսկվա 2760 կիլոմետր է: Գյումրու օդը կազդուրիչ է ու առողջարար, բուսականությունը տափաստանային է, գետահովիտներում աճուն են ակացիան, թխկենին, հացենին և այլ ծառատեսակներ։ Քաղաքը տարեկան ստանում է մոտ 2500 ժամ արեգակնային լույս և ջերմություն։ Մեծ է հորդաբուխ աղբյուրների քանակը, որոնք միասին մեկ վարկյանում տալիս են 1200 լիտր ջուր: Քաղաքի մոտով հոսում է հանրապետության ջրաշատ գետերից մեկը՝ Ախուրյանը։ Շրջակայքը հարուստ է շինանյութերով, տուֆով, բազալտով, կավով, ինչպես նաև սևահողային դաշտերով։ Ընդհանուր առմամբ այստեղ կլիման ցամաքային է։ Ձմեռը երբեմն ուժեղ սառնամանիքներ են լինում։ Օդի նվազագույն ջերմաստիճանը զրոյից իջնում է մինչև 41 աստիճան։ Ամռանը համեմատաբար շոգ է, սնդկի սյունը հասնում է մինչև 36 աստիճանի, տարեկան տեղումները միջին հաշվով կազմում են 500 մմ, գտնվում է 8-9 բալային սեյսմիկ գոտում։

[խմբագրել] Պատմություն

Գյումրին եղել է բնակավայր դեռ անհիշելի ժամանակներից։ Այդ մասին են վկայում դեռևս 1875-ին, շինարարական աշխատանքների ընթացքում, այսպես կոչված, «Մարտիկի գերեզմանից» գտնված մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե իրերը, ինչպես նաև 1908-ին գտնված մ.թ.ա. X-IX դդ. երկաթե ապարանջանները ու դանակները։ 1929-ին Լենինականում պատահաբար գտնված կավե և բրոնզե իրերը պատկանում են հիմնականում մ.թ.ա. XI-IX դդ. ։ 1939-ին մսի կոմբինատի տարածքում եղած հանագույն բնակատեղիից պեղվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի աշաատանքային գործիքներ ու զենքեր (բրոնզե և երկաթե դանակներ, նետասլաքներ ու նիզակների ծայրեր):

Հնում ստացած Կումայրի անվանումը որոշ պատմաբաններ կապում են Կիմերների հետ։ Կումայրի բնակավայրի մասին մեզ տեղեկություններ է հայտնում նաև Քսենոֆոնը իր Անաբասիս ստեղծագործությունում։ Հայ մատենագիրներից առաջինը Կումայրու մասին տեղեկություներ է հայտնում Ղևոնդ պատմիչը՝ նկարագրելով 773-775 թթ. արաբ զավթիչների դեմ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորած ժողովրդական հուզումները։

Այնուհետև, դարեր շարունակ Կումայրի-Գյումրին նշանակալի առաջադիմություն չի ունենում։ Մինչև XIX դարի սկիզբը, տարբեր ժամանակներում, Գյումրին ընկել է մերթ Պարսկաստանի, մերթ Թուրքիայի տիրապետության տակ, որի պատճառով բազմիցս թալանվել է ու ավերվել։ Գյումրու զարգացման ամենանշանակալից շրջանը դարձավ XIX դարը, երբ իր շրջակայքով 1804 թ. ռուս-պարսկական առաջին պատերազմի ժամանակ այն մտավ Ռուսաստանի կազմի մեջ, այսինքն շատ ավելի վաղ, քան ողջ Արևելյան Հայաստանը։

[խմբագրել] Կումայրի

Բրոնզե զարդեր` պեղված Ազատանի մոտի հնավայրում: Շիրակի Երկրագիտական թանգարան

[խմբագրել] Կումայրիի դերը և նշանակությունը վաղնջական ժամանակներում

Կումայրիի տարածքը բնակեցված է եղել վաղագույն ժամանակներից: Այստեղ հայտնաբերված հնագիտական նյութերը վկայում են, որ այն գոյություն է ունեցել դեռևս քարի դարաշրջանում: Նրա տարածքում եղած երկու բազմաշերտ բնակատեղիներում` Կումայրիում և ներկայիս Մսի Կոմբինատ թաղամասի տարածքում հայտնաբերված հնագիտական իրերը վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին:Մսի Կոմբինատի տարածքում կատարված հողային աշխատանքների ժամանակ բացված հնագույն ընդարձակ բնակավայրն ունեցել է կիսագետնափոր, խոշոր, վեմերով կառուցված քառանիստ բնակարաններ: Ի հայտ բերված նեոլիթյան քարե գործիքները, խեցանոթների բեկորները, ոսկրե, բրոնզե և երկաթե իրերը վկայում են, որ Կումայրին, որպես բնակավայր քարի, բրոնզի և երկաթի դարաշրջաններում գոյատևել ու զարգացել է: Նրա բնակիչներն ունեցել են տոհմատիրական կարգերին բնորոշ կեսնակերպ: Այնտեղ հայտնաբերված բրոնզե կոթառով սեպաձև կացինը, պղնձե դաշույնը, ձուլարանը և մետաղներ ձուլելու քարե կաղապարները խոսուն ապացույց են` տեղում մետաղաձուլության առկայության մասին: Ընդ որում` Գյումրիի գավառագիտական թանգարանում պահվող մարտական կացինը նման է Միջագետքում (հին Շումմերում) մ.թ.ա. IV-III հազարամյակներում արտադրվածին:

Կավե խեցեղեն` հայտնաբերված Ազատանի մոտի հնավայրից: Շիրակի Երկրագիտական թանգարան

Կումայրիում հայտնաբերված բրոնզե, պղնձե և երկաթե զինատեսակները (կացին, դաշույն, նետասլաքներ, ձիու սանձի երկաթե մասեր) վկայում են հեռավոր այդ ժամանակներում տեղում ծանր հետևակազորի ու հեծելազորի առկայության և ընտիր սպառազինության մասին: Դրանք նաև արտադրության տարբեր ճյուղերի մասնագիտացման, ինչպես նաև Կովկասի և այլ երկրաշրջանների հետ տեղաբնիկների ունեցած մշակութային, տնտեսական առնչությունների ապացույցն են: Կումայրիում հայտնաբերված բրոնզաձույլ դաշույններն իրենց զուգահեռներն ունեն Շիրակավանում կատարված հնագիտական պեղումների ընթացքում ի հայտ բերվածների մեջ: Իսկ Արթիկի դամբարանադաշտում հայտնաբերված ձեռքի փոքր կացինը նման է Կումայրիում արտադրվածին: Դրանք անշուշտ, արտադրվել են Կումայրիում, որն, այսպիսով, Շիրակի մյուս բնակավայրներին ևս զինել է անհրաժեշտ զինատեսակներով` նրանց օժտելով պաշտպանական կարողություններով: Կումայրիում վաղնջական ժամանակներից եղել է բերդ: Շիրակի մյուս բնակավայրերի` Արգինա, Մարմաշեն, Գուսանագյուղ, Դարբանդ (այսօր` Կարմրաքար), Հոռոմոս և այլն, մոտերքում հայտնաբերվել են նախաքրիստոնեական ամրակառույց բերդերի ավերակներ: Կարելի է կարծել, որ հնուց ի վեր Շիրակն ունեցել է պաշտպանական զորեղ ուժեր, որոնք զինված են եղել Կումայրիում արտադրված զինատեսակներով:

Բրոնզե նետասլաքներ և կոճակներ` Շիրակի մարզից: Շիրակի Երկրագիտական թանգարան

[խմբագրել] Գրավոր հիշատակություններ՝ Շիրակի և Կումայրիի վերաբերյալ

Շիրակի բազմադարյան պատմության գրավոր էջերը բացվում են Շարայի մասին պատմահայր Մովսես Խորենացու միջոցով` մեզ հասած հին հայկական ավանդազրույցով, որի համաձայն Շարան` հայոց նախահայր Հայկի ծոռը, եղել է Շիրակ գավառի անվանադիրն ու նրա բնակչության նախահայրը: Իսկ Շիրակի ու Շարայի մասին առաջին հավաստի գրավոր տեղեկությունը գտնում ենք դեպի Նաիրի երկրներ (Հայկական լեռնաշխարհ) իր արշավանքի մասին Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար I-ի թողած մի արձանագրության մեջ (մ.թ.ա. 1114 թ.): Վերջինս պատմում է, թե ինչպես հարավից Հայկական Լեռնաշխարհ ներխուժած ասորեստանյան բանակը հաղթական պատերազմով հասել է Դայաենի երկիր (հետագայում` Տայք), և թվարկում այդ ճանապարհին հնազանդեցված Նաիրյան տասնվեց "Հզոր լեռները", որոնցից 11-րդը Շախիշարան է, նաև այն 23 ցեղային երկրները, որոնցից երկուսը` Աբաենին և Ադաենին գիտնականները տեղադրում են հետագա Շիրակի տարածքում:

Շախիշարան (շախի - շարա) լեռը ձոնված է եղել Շարային, ինչպես նրա եղբայր Ամասիային էր ձոնված և նրա անունն էր կրում Մասիս լեռը: Մովսես Խորենացու "Հայոց Պատմության" մեջ կարդում ենք. Արամայիսը "Իր որդուն` բազմազավակ և շատակեր Շարային ամբողջ աղխով ուղարկում է մի մերձակա արգավանդ ու բերրի դաշտ, Հյուսիսային լեռան` Արագածի թիկունքում, որտեղ շատ ջրեր են հոսում. նրա անունով, ասում են, գավառը կոչվեց Շիրակ":

Շախիշարա լեռը, ամենայն հավանականությամբ որպես "հզոր լեռ", կարող էր լինել միայն Արագածը: Ասորեստանի արքայի վերոհիշյալ արձանագրության մեջ հիշատակված Աբաենի և Ադաենի տեղանունների ստուգաբանությունը ցույց է տալիս, որ հնագույն ժամանակներում Շիրակը բնակեցված է եղել հնդեվրոպական ցեղերով:

Նախաուրարտական բնակավայր. կացարան` կենտրոնում ամբար

Հնագույն Շիրակի վերաբերյալ առավել հստակ տեղեկություններ պահպանված են ուրարտական սեպագիր արձանագրություններում: Դրանց վկայությամբ Շիրակը, Էրիախի անունով, մտնում էր Հայկական Լեռնաշխարհի ողջ հյուսիս-արևելքը բռնած Էթիունի ցեղամիության մեջ: Էրիախին Հայկական Լեռնաշխարհի հարուստ ցեղային երկրներից մեկն էր` հայտնի իր զարգացած տնտեսությամբ, հացահատիկի պաշարով, մանր ու խոշոր եղջերավոր անասունների և ձիերի քանակով ու ռազմական ուժով: Էրիախիի մասին առաջին հիշատակությունը կա Արգիշթի I-ի (մ.թ.ա. 786-764 թթ.) Մարմաշենի սեպագրի արձանագրության մեջ: Ախուրյանի ձորում` գետի ձախափնյա ժայռերից մեկին փորագրված այս արձանագրությունն ունի հետևյալ բովանդակությունը. "Խալդյան մեծությամբ Արգիշթին ասում է. գրավեցի Էրիախի երկիրը, գրավեցի Իրդանիու քաղաքը` մինչև Իշկիգուլու երկիրը": Ժամանակին կարծում էին, թե Իրդանիուն գտնվել է Ախուրյանի ձորում և անգամ նույնացնում էին այժմյան Մարմաշենին: Սակայն, ըստ նորագույն ուսումնասիրությունների` Իրդանիուն պետք է փնտրել ոչ թե Մարմաշենի ձորում, այլ ներկայիս Գյումրի քաղաքի տարածքում: Իրդանիուի այսպիսի տեղեկության ճշմարտացիությունը հաստատվում է մի քանի հանգամանքներով. նախ, որ` "Իրդանիու քաղաքը" արձանագրության մեջ հիշատակված է հենց Էրիախիի առնչությամբ, ուրեմն եղել է Էրիախիի կենտրոնատեղին` նրա "արքայական քաղաքը": Երկրորդը` Էրիախիի կենտրոնատեղին` նրա ցեղապետ - արքայի նստավայրը, անտարակույս գտնվելու էր նրա տարածքի մի այնպիսի մասում, որտեղից նրա ցեղապետ - արքաները կկարողանային համեմատաբար հեշտությամբ իրականացնել իրենց հսկողությունը, ինչպես տոհմացեղային կազմակերպությունների ու բնակավայրերի, այնպես էլ Էրիախին արտաքին աշխարհին կապող ճանապարհների վրա: Ուրեմն, Իրդանիուն գտնվել է այնպիսի մի վայրում, որտեղ ձևավորվում էին Էրիախիի (մասնավորապես) և Հայկական Լեռնաշխարհի (ընդհանրապես) չորս կողմերն իրար կապող ճանապարհները: և, վերջապես հնագիտական հարուստ նյութով էլ ապացուցվում է, որ բրոնզե դարից սկսած` Շիրակով և հենց այժմյան Գյումրիի տարածքով էր անցնում Կովկասից Առաջավոր և Փոքր Ասիա տանող մայրուղին: Այդ ճանապարհի` հետագայում ևս բանուկ լինելու փաստը հիմք է տալիս հետազոտողներին` Իրդանիուն տեղադրելու Կումայրիի - Գյումրիի տարածքում և այն նույնացնելու Չերքեզի ձոր գետակի ձախափնյա բարձրադիր մասում գտնվող Կումայրի հնավայրին:

Նախաուրարտական կիկլոպյան ամրոցի պատ` Ազատանի հնավայրում

Իրդանիու քաղաքը, ինչպես համոզված են հնագետները, շարունակել է գոյատևել նաև Սարդուրի II-ի (մ.թ.ա. 764-735 թթ.) ավերիչ արշավանքներից հետո: Իր արձանագրության մեջ Սարդուրին գրում է. "Գրավեցի Էրիախի երկիրը, մեկ օրում նվաճեցի: Մառանները, որ հայրն ու պապն էին Խալդյան հրամանով տիրական` ես մեկ (?) հարյուր հիսուն մառան գրավեցի, կողոպտեցի":

Սարդուրի II-ի հիշատակած մառանները քարանձավային շտեմարաններ, ամբարներ են եղել: Այս տեսակետից ուշագրավ է Գր. Ղափանցյանի կողմից Կումայրիի տեղանվան մեջ "այր"` քարանձավ բառի առկայության նշելը, իսկ "կում", "գում" բառերն ունեն "կույտ", "խումբ" իմաստ: Այսպիսով, Գյումրի անվան Կումայրի նախաձևը նշանակում է "անձավախումբ" և առնչվում է Շիրակի նախնադարյան այն բնական քարանձավներին, որոնք որոշակի ձևափոխման ենթարկվելուց հետո հնագույն շիրակցուն ծառայել են թե՛ որպես գյուղատնտեսական արտադրանքի (նախ և առաջ` հացահատիկի) պահեստավորման վայրեր, թե՛ որպես հուսալի ապաստարաններ: Կումայրի անվանաձևի "Կումիրի" համարժեքը հայտնի է մ.թ. XIII դարի սկզբից, իսկ նրա հնչյունափոխված ձևը` "Կումրին", բարբառային "Գումրի" ձևով ունի "Գյումրի", "Գումբրի", "Գյումբրի", "Գիմրի" արտասանական տարբերակները:

Վանի թագավորության վերացումից (մ.թ.ա. 590 թ.) հետո Կումայրին ընդգրկվել է Հայոց միասնական թագավորության` Երվանդունիների պետության կազմում: Աշխարհագրական բարենպաստ դիրքի ու պաշտպանական առավելությունների, իհարկե, նաև Արարատյան դաշտի, Արմավիր մայրաքաղաքի հետ բանուկ ճանապարհով կապված լինելու շնորհիվ Կումայրին բարգավաճել և դարձել է գավառի կենտրոններից մեկը:

[խմբագրել] Կումայրին Երվանդունիների և Արտաշեսյանների օրոք

Մ.թ.ա. 520 թ. Աքեմենյան Պարսկաստանի թագավոր Դարեհ I-ը կախման մեջ գցեց Երվանդունիների թագավորությունը, որի տարածքը բաժանվեց 2 վարչամիավորների` սատրապությունների: Կումայրին, Շիրակի մյուս մասերն ընդգրկվեցին 8-րդ սատրապության կազմում, որտեղով անցնում էր Դարեհի կառուցած Շոշ քաղաքից մինչև Փոքր Ասիայի Սարդես քաղաք հասնող "արքայական ճանապարհը": Այն Հայաստանը կապում էր Պարսկաստանի, Միջագետքի ու փոքրասիական երկրների հետ և խորապես նպաստում նրա տնտեսության և մշակույթի զարգացմանը: Կումայրին, դեպի Արմավիր ձգվող երթուղու միջոցով կապված էր այդ ճանապարհին:

Ամենայն հավանականությամբ, Կումայրի տանող ճանապարհով մ.թ.ա. 401 թ. անցել է նաև Քսենոփոնի գլխավորած 10 հազարանոց զորքը` շարժվելով Արարատյան դաշտից դեպի Շիրակ , ապա Տայք` խալյուբների երկիր: Այդտեղից հասել են "սկյութենների" երկիր, որի միջով 20 փարսախ (մոտ 120 կմ) ճանապարհ են անցել` "հարթավայր տեղով դեպի գյուղերը, որոնցում, - գրում է Քսենոփոնը, - մնացին երեք օր և պարենավորվեցին: Այստեղից նրանք անցան չորս կայան` 20 փարսախ, դեպի մեծ, բարգավաճ և մարդաշատ մի քաղաք, որը կոչվում էր Գյումնիաս: Այս քաղաքից երկրի իշխողն ուղեցույց ուղարկեց հելլեններին...":

Տեսարան Կումայրի - Գյումրիից

Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանը գրում է. "... Նահանջող զորքի այս ճանապարհը պետք է ենթադրել Արարատյան դաշտից դեպի Շիրակ, իսկ Գյումնիաս քաղաքը, համաձայն Քսենոփոնի ցույց տված տարածության, պետք է լինի հին Կումայրին... Քեսնոփոնի մոտ այս քաղաքի Гоминас անունը պարզապես Կումայրի - Գյումրիի անվան աղավաղությունն է": Նա գտնում է նաև, որ Գյումնիասի ուղիղ ձևը պետք է լինի Գյումրիաս: Բայց դժվար է համաձայնել գիտնականի ենթադրության հետ, որ Գյումնիաս - Գյումրին "կենտրոնն է եղել Շիրակ - Վանանդ - Այրարատում գտնվող կիմմերական սկյութական ցեղերի միության և ծագել է ըստ երևույթին կիմմերների Gimmirrai անունից":

Այն փաստը, որ երկրի իշխողը Գյումնիասից է ուղեկցող ուղարկել հույներին, թույլ է տալիս կարծելու, որ նրա նստավայրն այդ քաղաքում էր: Գյումնիասի նույնացումը Կումայրի - Գյումրիի հետ ցույց է տալիս, որ վերջինիս մ.թ.ա. 5-րդ դարում արդեն մեծ ու բարգավաճ բնակավայր էր:

Մ.թ.ա. 330-ական թթ. Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումների ժամանակ Կումայրին նույնպես ընդգրկվել է հելլենիստական քաղաքակրթության ոլորտ և հոգևոր - մշակութային ու տնտեսական սերտ առնչություններ է ունեցել Մեծ Հայքի մյուս քաղաքների հետ: Երվանդունի վերջին թագավոր Երվանդ 4-րդը մ.թ.ա. III դարի վերջին Երասխի և Ախուրյանի միախառնման տեղում հիմնում է նոր մայրաքաղաք` Երվանդաշատը, որը ևս բանուկ ճանապարհով կապված էր Կումայրիի հետ: Վերջինիս բնակչությունը հոգևոր հաղորդակցություն ուներ նույն թագավորի կողմից Երվանդաշատի մոտ հիմնված պաշտամունքային նոր կենտրոնի` Բագարանի հետ, որտեղ Երվանդ 4-րդն Արմավիրից տեղափոխել էր հայոց հեթանոսական աստվածների հուշարձանները:

Մ.թ.ա. 201 թ. Սելևկյան Անտիոքոս 3-րդ թագավորի կողմից Մեծ Հայքի կառավարիչ կարգված Արտաշեսը վերացրեց Երվանդունիների հայոց թագավորությունը: Արտաշեսը նախարարության աստիճանի է բարձրացնում Դիմաքսյաններին, որոնց մի ճյուղն իշխում էր Շիրակում: Գուցե վերջինիս բնակիչները (նաև կումայրեցիները) սատար են կանգնել Արտաշեսին` հետևելով Դիմաքսյաններին: Մ.թ.ա. 189 թ.-ից Կումայրին ընդգրկվել է Հայոց Արտաշեսյան թագավորության մեջ: Ստրաբոնի վկայությամբ` Արտաշես I թագավորն արշավել է Վրաստան:Այդ արշավանքն անշուշտ, կատարվել է Արտաշատ - Մարմաշեն - Կումայրի - Վրաստան ճանապարհով, քանի որ նույն այդ ճանապարհով էին սովորաբար հյուսիս արշավող զորքերը Արտաշատից հասնում Վրաստան ու Աբխազիա: Հայտնի է, որ հետագայում` 774 թ. Արտավազդ Մամիկոնյանը ծառանալով արաբ հարկահանների դեմ, Կումայրիից անցավ Վրաստանի Սամցխե գավառը, անշուշտ, նույն այդ ճանապարհով:

Մեծ Հայքը և Վիրքը

Արտաշես I-ից հետո գահակալած նրա որդու` Արտավազդ I-ի օրոք (160 - 115 թթ.) ինչպես նաև վերջինիս հաջորդներից` Տիգրան 2-րդի (մ.թ.ա. 95-55 թթ.) թագավորության տարիներին` ընդհուպ մինչև մ.թ.ա. 96 թ., Հայաստանը վայելում էր քաղաքական անդորր, տնտեսական ու մշակութային վերելք, ինչը համակել էր անշուշտ, նաև Շիրակն ու նրա բաբախուն կենտրոններից մեկը` հնավանդ արժեքներով հայտնի Կումայրին: Մ.թ.ա. 69 թ. գարնանը Հռոմի զորապետ Լուկոլլոսի սանձազերծած հայ - հռոմեական պատերազմի ժամանակ Կումայրին հեռու էր ընկած ռազմաբեմերից, ուստի պետք է ենթադրել, որ գրեթե չի տուժել: Բայց նրա և Շիրակի մյուս բնակավայրերի ռազմիկները չէին կաող զորակից չլինել Հայոց թագավորին` երկրի գլխին կախված ահավոր վտանգի ժամանակ: Հնարավոր է, որ Տիգրան Մեծի օրոք Կումայրիում շարունակել է գործել մետաղաձուլարանը, որտեղ նախկինի պես զենքեր են արտադրվել: Մ.թ.ա. 66 թ. Տիգրան Մեծի և հռոմեական զորապետ Պոմպեոսի միջև Արտաշատում կնքված պայմանագրից հետո, վերջինս զորքը շարժեց դեպի Վրաստան (Վիրք)` անշուշտ անցնելով նաև Կումայրիով: 66 թ. հայ - հռոմեական պայմանագրի կնքումից հետո ձեռք բերած խաղաղության պայմաններում Կումայրին ևս շարունակել է տնտեսական և մշակութային զարգացումը Տիգրան Մեծի թագավորության վերջնափուլում (մ.թ.ա. 66 - 55 թթ.) և նրան հաջորդած որդու` Արտավազդ II-ի օրոք, ընդհուպ մինչև նրա ողբերգական վախճանը (մ.թ.ա. 34 թ): Սակայն մ.թ.ա. 36 թ. հռոմեական զորքերը Հայաստանով շարժվել են դեպի Պարթևստան, ապա պարտվել և նահանջել են, դարձյալ Հայաստանով: 34 թ. հռոմեական զորքն Անտոնիոսի գլխավորությամբ ներխուժում է Հայաստան: Արտավազդ II-ը դառնում է Անտոնիոսի նենգադրուժ դավի զոհ: Վերջինս Հայաստանի ամրակառույց վայրերում զորքեր է տեղակայում, կամենում ավարառության ենթարկել երկրի հատկապես այն ամրոցները, որտեղ գանձեր էին պահվում: Սակայն, ինչպես հաղորդում է հռոմեացի պատմիչ Դիոն Կասսիոսը, "գանձերի պահապաններն ուշադրություն չդարձրին նրան և զենք կրողներն էլ Արտավազդի փոխարեն թագավոր ընտրեցին նրա որդիներից ավագագույնին` Արտաշեսին": Չի բացառվում, որ հռոմեացիները փորձել են կողոպտել նաև Կումայրիի անձավներում պահվող գանձերը: Նրանց հաջողվել է Հայաստանից հափշտակել "թագավորության ամբողջ զարդը", գրում է Հովսեպոս Փլավիոսը:

[խմբագրել] Շիրակը և Կումայրին վաղ միջնադարում

Վաղմիջնադարյան Շիրակին տիրում էին երեք նախարարական տոհմեր` Սահառունիները, Դիմաքսյանները և Կամսարականները: Սահառունիների տիրույթը հարավային Շիրակում էր` Սահառունիք կենտրոնատեղիով: Այս նախարարական տոհմը Հայաստանում ժամանակ առ ժամանակազդեցիկներից է եղել: Մուշկ Սահառունին Արշակ 2-րդի օրոք (345-368 թթ.) կաթողիկոսի գլխավորությամբ Կոստանդնուպոլիս գործուղված պատվիրակության մեջ էր, որն իր հետ Հայաստան բերեց Արշակ 2-րդի` կայսեր մոտ պատանդության մեջ գտնվող Գնել և Տիրիթ եղբորորդիներին: Վարազդատ թագավորի օրոք (374-378 թթ.) բացառիկ բարձր դիրքի էր հասել մեկ այլ Սահառունի` Բաթը: Փավստոս Բուզանդի վկայությամբ` "Վարազդատ թագավորը զորավարության և սպարապետության գործը հանձնեց Բաթ Սահառունուն, որ իր դայակն էր... Նա Մուշեղի փոխարեն դարձավ, բոլոր Հայոց զորավար սպարապետը": Դիմաքսյանները տեղավորված էի հյուսիսային Շիրակում (բնականաբար Երազգավորսը և Կումայրին ներառյալ): Հենց նրանք են առաջատար դեր խաղացել Շիրակում մինչև Կամսարականների այստեղ հայտնվելը: Դիմաքսյան տոհմի ազդեցիկ դիրքի մասին է խոսում հետևյալ փաստը. Հռոմը ձգտում էր և հարևան Վրաստանի օգնությամբ հասավ Հայոց գահին իր դրածո Միհրդատի հաստատմանը և դա իրականացրեց` մեծ դժվարությամբ կոտրելով հայոց բանակի համառ դիմադրությունը: Հռոմեացի պատմիչ Տակիտոսի հաղորդմամբ` հայերի զորքի գլուխ կանգնած էր Դեմոնաքս կուսակալը, որին Հ. Մանանդյանը համարում է Դիմաքսյանների նախնիներից մեկը, որ "Հայաստանի սպարապետն էր ու այդ խառն ու անտերունչ շրջանում աշխատում էր պահպանել Հայաստանի անկախությունը ":

Տեսարան Լմբատավանքի մոտից: Հեռվում Արագած լեռան գագաթները.Շիրակի մարզ

Կամսարական նախարարները համարվում էին Շիրակի և Արշարունիքի ժառանգական սեփականատերեր և կրում էին համապատասխան տիտղոս` "տեարք Շիրակայ և Արշարունեաց": Արշարունիքը Հայաստանի պատմական գավառներից մեկն է, որը գտնվում է Շիրակի հարավում, Ախուրյանը Երասխին միանալու եռանկյունում: Կամսարական նախարարական տոհմը սերում էր Արշակունի արքայատոհմի ազգակից պարթևական Կարեն (Կարենի Պահլավ) տոհմից: Այս տոհմի` Հայաստանում հայտնվելը կապված էր Սասանյան Պարսկաստանում նրա դեմ ձեռնարկված հալածանքերի, իսկ Շիրակն ու Արշարունիքը, որպես ժառանգական տիրույթ ստանալը` Տրդատ Մեծի (298-330 թթ.) օրոք քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելու և տոհմի նախնի Կամսարի մկրտության հետ: Պատմահայրը գրում է. "Կամսարը ևս յուրայինների հետ մկրտվում է Մեծն Գրիգորի ձեռքով և (Տրդատ) թագավորը նրան ջրից ընդունելով, ժառանգություն է տալիս Արտաշեսի մեծ դաստակերտը, որն այժմ Դրասխանակերտ է կոչվում, և Շիրակ գավառը` իբրև իր ազգականին և մտերիմ հարազատին": Եւ երբ մկրտությունից 7 օր անց նա վախճանվում է, Տրդատը նրա Արշավիր որդուն "մխիթարելով` նշանակում է հոր փոխարեն, նախարարական ցեղ է սահմանում նրա հոր անունով և մտցնում է նախարարությունների թվի մեջ": Կամսարական նախարարական տան հետագա վերելքը Շիրակի հին նախարարական տոհմերին` Դիմաքսյաններին ու Սահառունիներին, թողեց երկրորդական նախարարությունների կարգավիճակում: Եթե Հայոց գահնամակում Կամսարականները 13-րդն էին, ապա Սահառունիները` 25-րդը, իսկ Դիմաքսյանները` միայն 67-րդը, զորանամակում էլ Կամսարականների հեծելազորն իր քանակով (600) կրկնակի գերազանցում էր մյուս երկուսին:

Տրդատ Մեծի գահակալությունից հետո (298 թ.) ընդհուպ մինչև 338-ը Կումայրին ապրել է խաղաղ զարգացման շրջափուլ` ընդգրկվելով քրիստոնեական քաղաքակրթության ծիրի մեջ: Ագաթանգեղոսի "Պատմության" հունարեն խմբագրության համաձայն` Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրվելուց հետո վերադառնալով Հայաստան` 13 հոգու ձեռնադրեց եպիսկոպոս: Նրանցից Արսուկեսը կարգվում է Շիրակի եպիսկոպոս` իր ենթակայության տակ ունենալով նաև Կումայրին:

Քարե աշխատանքային գործիքներ` կողերին պատկերված սոսու` հայոց հնագույն պաշտամունքային ծառի տերևը

330 թ. Հռոմեական կայսրության մայրաքաղաքը Կոստանդնուպոլիս տեղափոխվելու շնորհիվ մեծացավ Չինաստանից Բյուզանդիա հասնող միջազգային տարանցիկ առևտրաուղու ("Մետաքսյա ճանապարհի") հյուսիսային ճյուղավորման նշանակությունը: Վերջինս անցնում էր նաև Հայաստանի տարածքով, իսկ նրա մի ճյուղավորումն Արտաշատից ձգվում էր դեպի Կումայրի, որպես "հացի շտեմարան" հռչակված Շիրակով, ապա Աշոցքով հասնում էր Կուրի հովիտ, Թբիլիսի:

Հայաստանի առաջին բաժանմամբ (387 թ.) Կումայրին անցավ պարսից տիրապետության տակ: Պարսից Շապուհ թագավորի հրամանով, իրենց դիմադիր կեցվածքի պատճառով, Կամսարականները հալածանքների ենթարկվեցին, իսկ նրանց տիրույթներն, այդ թվում` Շիրակը, Կումայրին հարքունիս գրավվեցին, Գազավոն Կամսարականը նետվեց Անհուշ բերդը: Եղիշե պատմիչի հավաստմամբ` 451 թ. Ավարայրի ճակատամարտին կումայրեցիները մասնակցել են Արշավիր Կամսարականի գլխավորությամբ` Շիրակի և Արշարունիքի ռազմիկների հետ: Շիրակի զորագունդն աչքի է ընկել Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ Խաղխաղ քաղաքի մատույցներում պարսից զորքի դեմ հայոց բանակի մղած հաղթական մարտում: Ղազար Փարպեցին վկայում է, որ այդ մարտից առաջ Վարդանը հայոց այրուձին բաժանեց երեք մասի և "աջ կողմում զորագլուխ կարգեց" Արշարունիքի և Շիրակի իշխան Արշավիր Կամսարականին, իսկ նրան օգնական կարգեց Մուշ Դիմաքսյանին, որի տոհմն իշխում էր Շիրակի մի մասին: Խաղխաղում, ապա Ավարայրում պարսից զորքերի դեմ մղված մարտերին գործում մասնակցություն ունենալու համար Շիրակի և Արշարունիքի տերերը` Արշավիր, Թաթ, Վարձ, Ներսեհ և Աշոտ Կամսարականներին պարսիկները դատապարտեցին տաժանակրության` աքսորում անցկացնելով մոտ 13 տարի` 452-464 թթ.: Մուշ Դիմաքսյանը զոհվել էր Խաղխաղի մարտերում, բայց նույն տոհմից կալանված ազատների մեջ հիշատակվում են Թաթուլը և Սատոն:

Հագուստի բրոնզե մասեր և քորոցներ ու քարե աշխատանքային գործիքներ

Շիրակի ռազմիկների մարտական կորովը դրսևորվեց նաև 482-484 թթ. Վահան Մամիկոնյանի գլխավորածազատագրական մարտերում: Շիրակի և Արշարունիքի իշխաններ Ներսեհ և Հրահատ Կամսարականները 482 թ. Մասիսի հյուսիսային ստորոտում ընկած Ակոռի գյուղի մոտ տեղի ունեցած հաղթական ճակատամարտերում գլխավորում էին ապստամբ բանակի չորս զորագնդերից մեկը: Ակոռիի ճակատամարտում Շիրակի զորասյունը մարտական փառքով պսակեց իրեն` Ներսեհ Կամսարականի գլխավորությամբ:

Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև Հայաստանի 2-րդ բաժանումից (591 թ.) հետո Կումայրին, ամբողջ Շիրակն անցան կայսրության գերիշխանության տակ: Բայց 602 թ. պատերզամը վերսկսվեց կողմերի միջև: Բյուզանդական զորաճամբարը Շիրակում էր: "Հունաց զորքը , - գրում է Սեբեոս պատմագիրը, - գումարվեց Շիրակի դաշտում և Շիրակավան կոչվող գյուղում": Պարսից զորքերի ճնշմանը չդիմանալով` բյուզանդական զորքը նահանջեց ոչ հեռու գտնվող Ականից (Ականիս) դաշտը, ապա Գետիկ ավան, որտեղ տեղացի այրերի մասնակցությամբ հակահարված տրվեց պարսիկներին: Սակայն բյուզանդական զորքը պարտվեց ու նահանջեց, ինչից հետո պարսիկները դաժան հաշվեհարդար տեսան շիրակցիների հետ:

[խմբագրել] Ալեքսանդրապոլ

[խմբագրել] Ռուսական մուտքը Գյումրի. 19-րդ դարի ռուս- թուրքական պատերազմները

Առաջին անգամ ռուսական զորագնդերն Արևելյան Հայաստան արշավեցին 1804 թվականի մայիսի 29-ին: Անցնելով Լոռի-Փամբակով, նրանք մտան Շիրակ և բանակեցին Գյումրիից մոտ 18 կմ հեռու ընկած մի վայրում: Հունիսի 10-ին Փոքր Զարաքիլիսա (Ազատան) գյուղի մոտ նրանք ընդհարվեցին պարսիկների հետ և հաղթանակ տարան: Ռուսներին զորակցում էին շիրակցիները, որոնց շարքերում էին նաև գյումրեցիները: Նույն ժամանակ ռուսական զորքը գրավեց Գյումրին, գերությունից ազատեց 400 հայ ընտանիք: Փոքր Ղարաքիլիսայի մոտ մղած մարտերով սկսվեց ռուս - պարսկական առաջին պատերազմը (1804 - 13 թթ.): 1804-ի հունիսի 12-ին ռուսական կորպուսի գլխավոր ուժերը, գեներալ Ցիցիանովի հրամանատարությամբ, մտան Շիրակ, բանակեցին Գյումրիում և նախապատրաստվեցին Երևան արշավելուն: Հունիսի 15-ին ռուսական գլխավոր ուժերը Գյումրիի, Ապարանի վրայով, շարժվեցին դեպի Երևան: Հուլիսի 2-ին ռուսները պաշարեցին Երևանի բերդը, բայց այն գրավել չհաջողվեց: Գյումրին, ամբողջ արևելյան Շիրակը, վերստին անցան պարսից գերիշխանության տակ` ենթարկվելով Երևանի սարդարից կախյալ Շորագյալի սուլթանությանը: 1805-ի հունվարին ռուսական զորքը, գեներալ Նեսվետաևի գլխավորությամբ, դարձյալ արշավեց Արևելյան Հայաստան, մտավ Շիրակ և մարտի 30-ին գրավեց Շորագյալի սուլթանության կենտրոն Արթիկը: Շիրակի գրավումը հիմք դարձավ Երևանի գավառի գրավման համար: Սակայն Գյումրիի նկատմամբ սպառնալիքը չվերացավ: Ուստի 1805-ի հունիսի 15-ին Փոքր Ղարաքիլիսայից Նեվեստաևը Ցիցիանովին հղած զեկուցագրում նշում է, որ անհրաժեշտ է մեկ գումարտակ տեղակայել Գյումրիում` դեպի Կարս և Թալին տանող ճանապարհը փակելու համար: Գյումրիին սպառնում էին թե' պարսիկները, թե' թուրքերը: Թուրքական ուժերի ներխուժումը կանխելու մտահոգությամբ 1805-ի հունիսի 19-ին Ցիցիանովին ուղղված մեկ այլ զեկուցագրում Նեվեստաևը հույս է հայտնում, որ Գյումրիի ռուսական զորաբաժինը փակելու է թուրքերի ճանապարհը դեպի Շիրակ: Նա միաժամանակ հավաստիացնում է, որ Գյումրիում գտնվող ռուսական գումարտակը կարող է կանխել նաև պարսիկների հնարավոր հարձակումը:

Ալեքսանդրապոլ, 19-րդ դար: Քաղաքի հյուսիսային հատվածի ընդհանուր տեսարանը

Գյումրիի նկատմամբ սպառնալիքը չվերացավ նաև 1806 թվականին: Ուշագրավ է, որ նույն թվականի հունիսի 16-ին կովկասյան ռազմուղու գլխավոր հրամանատար, գեներալ Գլազենապին ուղղված զեկուցագրում Նեվեստաևը նշում է, որ պարսից զորքը կամենում է հարձակվել Շորագյալի, Փամբակի վրա, բայց նրանց հակահարված են տալու Գյումրիի գրենադերական գնդի մարտիկները, որոնց տրամադրության տակ կա երկու հրանոթ: Փաստորեն Շիրակի պաշտպանությունը հանձնարարված էր Գյումրիի ռուսական զորաբաժնին: Մինչդեռ թուրքերն ավելի ու ավելի էին մեծացնում իրենց ուժերը Գյումրիի դիմաց: Ուստի Նեվեստաևը Գյումրի ժամանած գեներալ Գուդովիչին ուղղած զեկուցագրում (1807 թ., մայիսի 27) անհրաժեշտ է համարում նոր ուժեր հասցնել Գյումրի` թուրքերի հարձակումից Շորագյալը պաշտպանելու համար: Թուրքերը փորձեցին գրավել Գյումրին` նրա դեմ նետելով քառապատիկ ավելի ուժեր: Սակայն Գյումրիից ռուսական զորքը, տեղացիների զորակցությամբ, 1807-ի հունիսի 17-18-ին տեղի ունեցած մարտերում ուժեղ հակահարված տվեցին թուրքական զորքերին: Պարսկական զորքը, Աբաս Միրզայի գլխավորությամբ, շարժվեց դեպի Գյումրի, բայց տեղեկանալով թուրքական զորքի պարտության մասին` հեռացավ Նախիջևան: Թեև այդ հաղթաբակով ռազմավարական նախաձեռնությունն անցավ ռուսների ձեռքը, բայց Գուդովիչը դեպի Կարս առաջ շարժվելու փոխարեն զորքը պահեց Գյումրիում: Ռուսական հրամանատարությունը 1808 թվականին վճռեց գրավել Երևանի ու Նախիջևանի խանությունները և Արաքսն ու Ախուրյանը դարձնել ռուս - պարսկական սահմանագիծ: Սակայն անհաջող անցավ սեպտեմբերին Երևանի դեմ գուդովիչի ձեռնարկած արշավանքը: Ելնելով ստեղծված կացությունից` ռուսական հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ռուսական սահմաններն ամրացնելու համար: Հատուկ ուշադրություն դարձվեց Գյումրիին` իբրև կարևորագույն ռազմական հենակետ: Դեկտեմբերի 1-ին այնտեղ տեղաբաշխվեց Անդրկովկասի ռուսական զորքի թիֆլիսյան գումարտակը: Խրախուսվելով Անգլիայի կողմից` Թուրքիան 1809-ի ապրիլի վերջին, խախտելով դեռևս 1807-ի օգոստոսին ռուսների հետ կնքած զինադադարը, հարձակվեց նրանց վրա: Օգոստոսի 22-ին հարձակման անցավ նաև պարսկական զորքը` շարժվելով Գյումրիի վրա, սակայն պատշաճ հակահարված ստանալով` նահանջեց: Հաջորդ տարիևս ռուսական զորքը հաղթեց պարսիկներին` Ախալքալաք բերդի մոտ, որտեղ տեղակայված թուրքական զորքը չհամարձակվեց զորակցել դաշնակից պարսիկներին: Հետաձգվեց ռուսների դեմ թուրք - պարսկական միացյալ ճակատ ստեղծելը: Եւս մեկ տարի անց ռուսները նոր հաղթանակ տարան թուրքերի դեմ` գրավելով Ախալքալաքը: Ձգտելով ռևանշի` թուրքերը 1812-ի մարտի 23-ին հարձակվեցին Գյումրիի վրա: Սակայն տեղի ռուսական զորաբաժինը` տեղացի հեծյալ աշխարհազորայինների զորակցությամբ, պարտության մատնեց հակառակորդին: Ռուսական կողմը ջանքեր է ներդնում տարածքային հարցերը խաղաղությամբ լուծելու համար: Այդ նպատակով 1812-ի մայիսի 3-ին պարսիկների հետ բանակցություններ վարելու համար Թավրիզ է մեկնում Ալեքսանդր կայսեր խորհրդական Ֆրեյգանը, ով այցելում է Գյումրի: "Գյումրիում, - գրում է նա իր ուղեգրության մեջ, - պատկառելի կառուցվածքով մի բերդ կա, որի դիրքը դիմացել է թուրքերի ու պարսիկների հարձակումներին: Գյումրիից քիչ հեռու երևում են մի գյուղի ավերակները, որտեղ երկու հարյուր թուրք խնդրել էին տեղի հայ բնակիչների հյուրասիրությունը և միևնույն գիշերը այս բարբարոսները կոտորել էին նրանց": Բանակցությունները չհանգեցրին սպասված արդյունքների: 1812-ի հոկտեմբերին պարսկական զորքը ներխուժեց Շիրակ, սակայն հակահարված ստանալով ռուսներից` նահանջեց: Խրախուսվելով Անգլիայից` պարսից իշխանությունները շարունակում են հարձակումները: Բայց Ասլանդուզի և Լինքորանի մատույցներում ռուսների տարած հաղթանակները նրանց ստիպեցին հաշտության բանակցություններ վարել: 1813-ի հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքված պայմանագրով Պարսկաստանը ճանաչեց Դաղստանի, Վրաստանի, Մերձկասպյան խանությունների, նաև Ղարաբաղի, Լոռու, Փամբակի, Շորագյալի, Ղազախ - Շամշադինի և Սյունիքի միացումը Ռուսաստանին: Գյուլիստանի պայմանագրով Գյումրին ընդգրկվեց ռուսական տիրապետության ոլորտ, որը հույժ դրական հեռանկարներ բացեց նրա հետագա զարգացման համար: Հաշվի առնելով Գյումրիի պաշտպանական կարևոր նշանակությունը` ռուսական հրամանատարությունն արմացնում է այն, վերածելով զորեղ պատվարի Թուրքիայի և Պարսկաստանի դեմ: Սակայն ռուսական տիրապետության տակ անցնելուց հետո Գյումրին, իր ամրությամբ հանդերձ, մնում էր խոցելի, քանի որ դեռևս մնում էր թուրքական և պարսկական սահմաններին մոտիկ: Նրա դրությունը բարդանում էր հատկաես այն պատճառով, որ Պարսկաստանը, Անգլիայի սատարմամբ, ջանում էր վերացնել Գյուլիստանի պայմանագիրը և վերստին տիրանալ Ռուսաստանին անցած երկրամասերին: Մերժելով տարածքային վիճահարույց խնդիրները լուծելու վերաբերյալ ռուսների առաջարկները` պարսիկներն առանց պատերազմ հայտարարելու, 1826 թվականի հուլիս 16-ին ներխուժեցին ռուսական սահմաներ` առաջին հարվածը հասցնելով Շիրակին: Պարսից զորքը, Միրաք գյուղի մոտ ոչնչացնելով ռուսական պահակակետերը, շարժվեց դեպի Գյումրի: Պարսից զորքը և տեղական թաթարները շրջապատեցին Գյումրին, որի կայազորը, հայ ազխարհազորի օգնությամբ, կարողացավ դիմադրել` կտրված լինելով ռուսական մյուս զորամիավորումներից: Այդ օրերին պարսից զորքը ասպատակեց Գյումրիից ոչ հեռու գտնվող Փոքր Ղարաքիլիսա գյուղը:

Գյումրին գտնվում էր պաշարված վիճակում: Պարսիկները կտրել էին նրա հետ հաղորդակցման բոլոր ուղիները: Գյումրիի բնակչությունը տառապում էր պարենամթերքի պակասությունից, բայց շարունակում էր օգնել ռուսական զորամասին: Գյումրիում ստեղծված ծանր կացության մասին Պասկևիչին գեներալ Կրասովսկու կողմից 1827-ի օգոստոսի 9-ին ուղղված զեկուցագրում հայտնվում է, որ Գյումրիում զգացվում է պարենամթերքի, զորքի և հրետանու պակաս, հաղորդակցության իսպառ բացակայություն: Կրասովսկին խնդրում է օժանդակ ուժեր և պարենամթերք ուղարկելԳյումրի` ռուսական կայազորին օգնելու համար, շեշտում, որ այն կարող է հայտնվել հույժ օրհասական կացության մեջ, եթե ժամանակին օգնությու չհասցվի: Բայց ռուսական հրամանատարությունը ստիպված էր առժամանակ հետաձգել Գյումրի օժանդակ ուժեր առաքելը: Սակայն Գյումրին, իբրև պաշտոնական հույժ կարևոր հենակետ, չէր կարելի թողնել թշնամուն: Ռուսները քաջ գիտակցում էին, որ իրենց կողմից Գյումրին հակառակորդին զիջելու պարագայում "մեր սահմանն այդ կողմից բաց է մնում", ասված է ռուսական կորպուսի գործողությունների մասին ռազմական տեղեկագրում (1827 թ., օգոստոս): Գյումրիի պաշտպանները շուտով ստացան սպասվող օգնությունը` օգնական զորուժ և պարենամթերք, և հետ շպրտեցին թշնամուն: 1827-ի սեպտեմբերի 20-ին արդեն ամբողջ Շիրակն ազատագրված էր: Հակառակորդի դեմ մղված մարտերում աչքի ընկան նաև տեղացի հայ աշխարհազորայինները, որոնց կազմում անձնազոհ կերպով մարտնչում էին և կանայք:

Կարսի բերդը մեր օրերում (լուսանկար 2011 թվականի)

Այս մարտերի ժամանակ Կովկասյան կորպուսի հետ էր նաև Ա. Գրիբոյեդովը, ով 1827-ի դեկտեմբերին այցելեց նաև Գյումրի: Նա Հայաստանում եղել էր սկսած 1819-ից` որպես Պասրկաստանի ռուսական միսիայի քարտուղար և մեծ ջանքեր էր ներդրել Արևելյան Հայաստանի ազատագրման գործում: Նա Գյումրիում եղավ նաև ռուս - թուրքական պատերազմի ժամանակ` 1828-ի հուլիսի 22-ին, երբ մեկնում էր Կարս: 1827-ի հոկտեմբերի 1-ին ռուսների կողմից Երևանի գրավմամբ ավարտվեց Արևելյան Հայաստանի ազատագրումը: Հաջորդ տարի Թուրքմենչայ գյուղում կնքված ռուս - թուրքական պայմանագրով ամրագրվեց Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: Թուրքիայի դեմ հնարավոր պատերազմը հաշվի առնելով ` ռուս հրամանատարությունը հատուկ ուշադրություն է դարձնում Գյումրիի ամրացմանը: Կառուցվեցին զորանոցներ: 1828-ին Թիֆլիսի զինվորական նահանգապետի կողմից Անդրկովկասում գլխավոր հրամանատար Իվան Դիբիչին ուղղված զեկույցում ասվում էր, որ թուրքերի դեմ հնարավոր պատերազմի դեպքում անհրաժեշտ կլինի Գյումրիում կառուցել բերդ և այն խիստ ամրացնել` որպես կարևորագույն ռազմական հենակետ: Պատերազմը սկսվեց նույն տարվա ապրիլին: Կովկասյան ճակատում ռուսները ձգտում էին առաջին հարվածն ուղղել Կարս քաղաքին` իբրև թուրքերի կարևոր հենակետի: Թուրքերն իրենց հերթին ջանում էին ուժեղացնել Կարսի պաշտպանությունը: Այդ նպատակով նրանք Արևմտյան Հայաստանի և Տրապիզոնի վիլայեթի թուրքական և քրդական զորամիավորումները շարժեցին դեպի ռուսական սահման: Սակայն Գյումրիում ռուսական նախապատրաստությունները կանխեցին այդ հրոսակախմբերի հարձակումը: 1828-ի հունիսի 14-ին Կովկասյան զորագնդերը Գյումրիից շարժվեցին դեպի Կարս: Տիգնիս գյուղում նրանց փորձեցին դիմագրավել թուրքերը, սակայն չկարողացան կանգնեցնել ռուսների առաջխաղացումը: Ռուսական զորքին մեծ օգնություն ցուցաբերեցին նաև գյումրեցիները: Նրանցից Դիլոն Կարսի վրա ռուսների հարձակման ժամանակ արժեքավոր տեղեկություններ հաղորդեց ռուս հրամանատարությանը: Հունիսի 28-ին մեկ այլ գյումրեցի ռազմիկ` Ղուկաս Մելքոևը հույժ կարևոր տեղեկություններ բերեց Արդահան քաղաքում տեղաբաշխված թուրքական զորքի մասին: Հունիսի 23-ին Կարսը գրավված էր ռուսների կողմից 1828-29 թթ. ռուս - թուրքական պատերազմն ավարտվեց Ադրիանապոլսի պայմանագրով (1829 թ., սեպտեմբերի 2): 1830-ին Կարսից 2500 հայ ընտանիք գաղթեց Հայաստանի` ռուսական տիրապետության տարածքներ: Նրանց զգալի մասը հաստատվեց գյումրիում: Պատերազմի ավարտից հետո ռուսներն ամրացնում են Գյումրին` դարձնելով այն Անդրկովկասում ռուսական ամենահզոր ամրություններից մեկը: 1837-ին ավարտվեց նոր ամրոցի շինարարությունը: Ամրոցի մեջ կառուցվեց նաև ռուսական եկեղեցի` Սուրբ Մեծ Նահատակ թագուհի Ալեքսանդրա Հռոմայեցու անունով (նահատակվել է 314 թ.), որի հիմնարկեքին մասնակցեց նաև Նիկոլայ I կայսրը: Այդ մասին միանշանակորեն նշված է Վրաստանի քաղաքացիական նահանգապետ Ն. Փալավանդովին ուղղված Կովկասի կառավարչապետ Գ. Ռոզենի գրության մեջ: Ահա այն ամբողջությամբ.

"Վրաստանի քաղաքացիական նահանգապետ, պարոն իսկական պետական խորհրդական և ասպետ, իշխան Ն. Փալավանդովին. Ողորմած Տեր Կայսրը Բարձրագույնս բարեհաճեց հրամայել Գյումրիի ամրոցն այսուհետև անվանել Ալեքսանդրապոլ, նաև անցած հոկտեմբերի 4-ին Նորին Բարձրության ներկայությամբ հիմնադրված համառուսական եկեղեցին կառուցել ի պատիվ Սուրբ Մեծ նահատակ Ալեքսանդրա թագուհու: Այսպիսի բարձրագույն ցանկության մասին գեներալ-համհարզ Ադլերբերգը հոկտեմբերի 5-ին թիվ 399 զեկուցագրով տեղեկացրեց ինձ պատշաճ կատարման համար, ավելացնելով, որ ինքը միաժամանակ այդ մասին հաղորդել է պարոն ռազմական մինիստրին` Գյումրիի ամրոցի վերանվանվան հրամանը բանակին հայտարարելու համար: Այդ մասին իրազեկում եմ Ձերդ պայծառափայլություն: Գեներալ-համհարզ Գ. Ռոզեն: Շտաբի պետ` գեներալ - մայոր Վոլոչևսկի: Թիվ 3208. 8 նոյեմբերի, 1837 թվական, Թիֆլիս":

Գյումրիի ռուսական ամրոցը (1837 թ.) և Ալեքսանդրա Հռոմեացի եկեղեցին: Առաջին պլանում` ամրոցային հրետանին և արկերը:

Գյումրին դասվեց բերդաքաղաքների շարքը: 1840-ին Ալեքսանդրապոլը կարգվեց գավառական կենտրոն: Սակայն նրա նկատմամբ շարունակում էր զգացնել տալ թուրքական սպառնալիքը, որը վերացնելու նպատակով 1853-ին ռուսական հրամանատարությունը Ալեքսանդրապոլի ու Երևանի հայերից կազմակերպեց 3 հեծյալ հարյուրյակ:

1853-ին թուրքական 40 հազարանոց բանակը մոտեցավ Ալեքսանդրապոլին` պատրաստվելով հարձակման: Նրանք գրավեցին Բայամդուր գյուղը: Ալեքսանդրապոլից թշնամուն մոտեցավ ռուսական 7000-անոց զորքը և 800 հոգի հայ աշխարհազորայինների ուղեկցությամբ: Թուրքերը տեղեկանալով ռուսական ուժերի մոտենալու մասին` առանց մարտի բռնվելու հեռացան: Դրանից հետո ռուսական բանակի ալեքսանդրապոլյան խմբավորման զորամասերը շարժվեցին թշնամու դեմ և ջախջախեցին նրա 30 հազարանոց զորամիավորումը: 1855-ի նոյեմբերի 16-ին ռուսական զորքը կրկին գրավեց Կարսը (որը թուրքերը կարողացել էին հետ գրավել): Ալեքսանդրապոլցիների զգալի մասը կարսեցիներ էին, ովքեր երազում էին հաղորդակցվել Կարսում մնացած իրենց հարազատների հետ: Նրանց հույսերը չարդարացան, քանի որ Կարսը վերադարձվեց թուրքերին: Շիրակի հայերը գործուն մասնակցություն ունեցան նաև 1877-78 թթ. ռուս - թուրքական պատերազմին: Կովկասյան ճակատում մարտական գործողությունների համար ձևավորվեց 60 հազարանոց Կովկասյան կորպուսը` գեներալ Լորիս - Մելիքովի գլխավորությամբ: Կորպուսի կեսը 1877-ի ապրիլին կենտրոնացված էր Ալեքսանդրապոլում, որտեղ դեռ նախորդ տարի տեղացի վարպետների օգնությամբ պատրաստվել էր երկու շարժական կամուրջ: Դրանք հետագայում օգտագործվեցին Ախուրյանի գետանցման ժամանակ: Ռուս հրամանատարությունը` մտահոգված Թուրքիայում ռուսահպատակ բնակչների ճակատագրով` ալեքսանդրապոլցի Ավետիս Ձիթողցյանին որպես բանագնաց ուղարկեց թուրքական կողմ` բանակցելու և ապահովելու նրանց կյանքը: Նա հաջողությամբ կատարեց այդ առաքելությունը: Կովկասյան կորպուսի մարտակա գործողություններին մասնակցում էր ալեքսանդրապոլցի Դանիել Հարությունյանը: 1877-ի մայիսի 8-ին ռուսական զորքը Ալեքսանդրապոլից շարժվեց դեպի Կարս: Գեներալ - լեյտենանտ Լազարևը ժամանելով Ալեքսանդրապոլ` ձեռնամուխ եղավ թուրքերին ջախջախելուն ուղղված գործողությունների կազմակերպմանը: Նոյեմբերի 6-ին Լազարևը խիզախ գրոհով գրավեց անառիկ Կարսը: Դրանից հետո ալեքսանդրապոլցիներից մի քանիսն արժանացան կառավարական շքանշանների` մարտական գործողություններին իրենց նպաստը բերելու համար:

Պատկեր:1310127180 33.jpeg
Ռուսական բանակատեղին Ալեքսանդրապոլի մոտ՝ 1877-78 թթ. ռուս - թուրքական պատերազմի ժամանակ:

[խմբագրել] 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարասկիզբ

[խմբագրել] Մշակույթ

Գյումրիի քաղաքի թատրոնում է առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի Անուշ օպերան։

[խմբագրել] Գյումրին կինեմատոգրաֆում

  • Գյումրի (1987) վավերագրական ֆիլմ նկարահանված 1988-ի երկրաշարժից մեկ տարի առաջ:Գյումրեցի կառապանի անունից պատմում է դերասան` Ազատ Գասպարյանը: Ռեժիսոր Լևոն Մկրտչյան:
  • Հովհաննես Շիրազ (2005) վավերագրական ֆիլմ, նվիրված մեծահամբավ Գյումրեցի բանաստեղծին և Հայոց Մեծ Եղեռնին, ռեժիսոր Լևոն Մկրտչյան:
  • Lux Aeterna և Terra Emota (Ֆրանսիա-1999) վավերագրական ֆիլմ-պոեմներ (դիպտիխ), 1988-ի երկրաշարժի օրը (Lux Aeterna) և 10 տարի հետո (Terra Emota) նկարահանված նյութերի հիման վրա։ Ռեժիսորներ Լևոն Մինասյան և Սերժ Ավետիկյան:

[խմբագրել] Գյումրիի հայտնի մարդիկ

[խմբագրել] Սոցիալիստական Աշխատանքի Հերոսները

[խմբագրել] Սովետական Միության Հերոսները

[խմբագրել] Սպորտ

[խմբագրել] Գրականություն

[խմբագրել] Թատրոն, Կինո

[խմբագրել] Երգ երաժշտություն

[խմբագրել] Քույր-քաղաքներ

[խմբագրել] Լուսանկարներ

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Աղբյուրներ

  • Ազատյան Վազգեն, Լենինական, Երևանի հարատակչություն, 1988
  • Սովետական Հայաստան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1970
  • Գյումրի. քաղաքը և մարդիկ, 2009


[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով