Կինոթատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կինոթատրոն, հասարակական շենք՝ կինոցուցադրման համար։ Կինոթատրոնի շենքը Երևանի «Մոսկվա» ամառային կինոթատրոնը (1968, ճարտարապետներ՝ Ս. Կնաեղցյան, Թ. Գեորգյան) Երևանի «Ռոսիա» կինոթատրոնի մեծ դահլիճի ինտերիերը (1974, ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Հ.Պողոսյան, Ս. Խաչիկյան) հիմնականում բաղկացած է որոշակի թեքություն ունեցող դահլիճից, ճեմասրահից և օժանդակ սենյակներից։ Դահլիճի հանդիպակաց պատերից մեկին էկրանն է (մինչև 30 մ լայնությամբ), իսկ մյուսի ետևում՝ համապատասխանորեն սարքավորված կինոցուցադրման խցիկը։ Առաջին կինոթատրոնները կառուցվել են 1900-ական թվականի վերջերին՝ գրեթե կրկնելով թատերական շենքերի հատակագծային լուծումները (Նոլենդորֆպլացի վրա, Բեռլին, 1910, ճարտարապետ Օ. Կաուֆման, «խուդոժեստվեննի», Մոսկվա, 1910-ական թթ., ճարտ. Ֆ. Օ. Շեխտել և այլն)։ 1920-ական թթ. կազմավորվել է կինոթատրոնի ճարտարապետությունը՝ հատակագծային, տարածական, տեխնոլոգիական ուրույն լուծումներով, ֆունկցիոնալ պրոցեսի կազմակերպվածությամբ, դահլիճի տեսանելիության և լսելիության բարձր հատկանիշներով («Հոկտեմբեր», Լենինական, 1927, ճարտարապետ Ղ. Մարկիսյան, «ուդարնիկ», Մոսկվա, 1928—31, ճարտարապետ Բ. Իոֆան, «Ունիվերսում», Բեռլին, 1928, ճարտարապետ է. Մենդելզոն)։ Տարածում են գտել նաև բնակելի և հասարակական շենքերի առանձին հարկերում ներկառուցված կինոթատրոնները։ 1930-ական թթ. կինոթատրոնի նախագծման տնտեսական ու ճարտարապետական խնդիրների ուսումնասիրությունը հանգեցրել է բազմադահլիճ կինոթատրոնի գաղափարին (Չելյաբինսկում Պուշկինի անվան երկդահլիճ, 1936, ճարտ. Ցու. Կորֆիլդ, Երևանում, «Մոսկվա», երկդահլիճ, 1937, ճարտարապետներ՝ Տ. Երկանյան, Գ. Քոչար, Լենինգրադում «Մոսկվա», եռադահլիճ, 1939, ճարտ. Լ. Ւփդեկել)։ Կինոթատրոնի շինարարության զարգացման ասպարեզում մեծ նշանակություն է ունեցել տիպային նախագծերի ստեղծումը (1930-ական թթ.), որը լայնորեն տարածվել է 1960-ական թթ. (300—1000-տեղանոց դահլիճներ)։ Նույն տարիներին կառուցվել են 2500—4000 տեղով կինո-համերգային դահլիճներ, որոնց տեխնիակական սարքավորումներն ու լսելիության պայմանները հնարավորություն են տալիս իրականացնել նաև համերգային ծրագրեր (Լենինգրադի «Հոկտեմբերյան» դահլիճը, 4000 տեղ, Մոսկվայի «Ռոսիա» հյուրանոցի կենտրոնական համերգային դահլիճը, 3000 տեղ)։ Նախախորհրդային Հայաստանում կինոթատրոնի հատուկ շենք կառուցվել է միայն Ալեքսանդրապոլում («էրատո»), մյուս քաղաքներում գործել են այդ նպատակին հարմարեցված դահլիճներ։ Խորհրդային շրջանում կինոթատրոնի շինարարությունը Հայաստանում սկսվել է 1926-ից (Լենինական)։ 1931—1932-ին կինոթատրոններ են նախագծել Կ. Հալաբյանը, Գ. Քոչարը և ուրիշներ։ 1934-ին Կիրովականում կառուցվել է «Երևան», 1937-ին Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնները։ կինոթատրոնի շինարարությանը մեծապես նպաստել են մեկ և երկդահլիճ կինոթատրոնի տիպային նախագծերի մշակումն ու թողարկումը (ճարտ. Լ. Բաբայան և ուրիշներ)։ 1976-ին Երևանում կառուցված եռադահլիճ «Ռոսիա» կինոթատրոն (մոտ 3000 տեղ, ճարտարապետներ՝ Ա. Թարխանյան, Հ. Պողոսյան, Մ. խաչիկյան) ՍՍՀՄ խոշոր կինոթատրոններից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png