Արտավազդ Բ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտավազդ Բ
Մեծն Հայքի Արքա
ArtavasdesII.jpg
Մեծն Հայք
Իշխանություն մ.թ.ա. 55մ.թ.ա. 34
Հաջորդող Արտաշես Բ
Տոհմ Արտաշեսյան
Հայր Տիգրան Բ Մեծ
Մայր Համասփյուռ

Արտավազդ Բ (ծն. թ.անհայտ– մ.թ.ա.31), Հայոց թագավոր մ.թ.ա. 55-34-ին։ Հաջորդել է հորը՝ Տիգրան Մեծին։ Տիգրան Մեծի կառավարման վերջին տարիներին Արտավազդը եղել է նրա գահակիցը։ Գտնվելով հռոմեական և պարթեական պետությունների միջև, Հայաստանը հարկադրաբար մասնակցել է նրանց բախումներին, հարելով մերթ մեկին, մերթ մյուսին։ Արտավազդը նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում, որովհետև Հռոմի հետ Հայստանը ունեցել է դաշնակցային պարտավորություններ, իսկ Պարթևաց թագավորության հետ՝ թշնամական հարաբերություններ։ 54-ին Արտավազդը այցելել է Հռոմի եռապետ ու զորավար Մարկոս Կրասոսին, որը 42000 զինվորով ժամանել էր Ասորիք և առաջարկել արշավել Պարթևաստան՝ Հայաստանի վրայով, քանի որ լեռնոտ տեղանքում նրա լեգեոնները կպաշտպանվեին պարթևական հեծելազորի վտանգավոր գրոհներից, չէր խափանվի պարենավորումը, Հայաստանը կապահովվեր պարթևական հարձակումներից, հայկական բանակը կմիանար հռոմեականին։ Սակայն Կրասոսը մերժել է Արտավազդի առաջարկը, գերադասելով հակառակորդի դեմ պատերազմել Միջագետքի անապատներում։ Վերադառնալով Հայաստան Արտավազդը ենթարկվել է պարթևական զորքերի հարձակմանը։ Համոզվելով, որ Կրասոսի սխալ ռազմավարությունը հռոմեական բանակը դատապարտել է պարտության, Արտավազդը հաշտություն է կնքել Պարթևաց Որոդես II թագավորի հետ։ Հաշտությունը վերածել է հայ–պարթևական դաշնակցության, որն ամրապնդվել է Արտավազդի քրոջ և Որոդեսի գահաժառանգ որդի Բակուրի ամուսնությամբ։ Մ.թ.ա. 53-ին, Խառանի ճակատամարտում հռոմեական բանակի ջախջախումից և Կրասոսի սպանվելուց հետո, Արտավազդի ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է հայկական պետության անկախությունն ու հզորությունը։ Մ.թ.ա. 37-ին Արտավազդի դաշնակից Որոդես II թագավորի դավադրական սպանությունից, ինչպես նաև Ատրպատականի թագավոր Արտավազդի ու Պարթևաց նոր թագավոր Հրահատ IV–ի հակահայկական դաշինքից հետո, հայ–պարթևական հարաբերությունները դառնում են թշնամական։ Երբ մ.թ.ա. 36–ին հռոմեական նոր եռապետ և զորավար Մարկոս Անտոնիոսի բանակը Հայաստանի վրայով հարձակվել է Ատրպատականի վրա, Արտավազդը խոստացել է օգնել հռոմեացիներին։ Սակայն Անտոնիոսի անխոհեմ ռազմավորության պատճառով Ատրպատականում հռոմեական բանակի պետությունից հետո Արտավազդը գրավել է չեզոք դիրք, թեև ապահովել է հռոմեական պարտված ուժերի նահանջը Հայաստանի վրայով։ Հռոմի առջև արդարանալու նպատակով Անտոնիոսն արշավանքի ձախողման պատճառ է հայտարարել Արտավազդի դիրքորոշումը։ Անտոնիոսը քանիցս փորձել է խարդախորեն ձերբակալել Արտավազդին, բայց վերջինս չի արձագանքել նրա հրավերներին։ Իսկ մ.թ.ա. 34-ին, երբ Անտոնիոսը ներխուժել է Հայաստան և շարժվել Արտաշատի վրա, Արտավազդը հանձնվել է՝ ինքնազոհության գնով փորձելով երկիրը փրկել ավերածություններից ու արյունահեղություններից։ Անտոնիոսը շղթայակապել է Արտավազդին և տարել Ալեքսանդրիա՝ հաղթահանդեսի։ Արտավազդի հանդեպ Անտոնիասի նենգ վերաբերմունքը դատապարտել են նույնիսկ հռոմեացի պատմիչները։ Անտոնիոսի դեմ Հռոմի ծերակույտի հարուցած չորս մեղադրանքից մեկը համարվել է Հայոց թագավոր Արտավազդի ձերբակալումը։ Ակտիումի ճակատամարտից հետո Արտավազդը գլխատվել է Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի հրամանով։ Արտավազդը ստացել է հելլենական կրթություն։ Պլուտարքոսը վկայում է, որ Արտավազդը գրել է ճառեր, պատմություններ ու ողբերգություններ, որոնք, սակայն, չեն հասել մեզ։