Հուդայի թագավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայրաքաղաք Երուսաղեմ
Levant 830.svg

Հուդայի թագավորություն, հրեական հնագույն պետություն Հարավային Պաղեստինում մ.թ.ա. 928-586 թվականներին։ Ստեղծվել է Իսրայել-Հուդայի թագավորության (մ.թ.ա. XI դարի վերջ - մ.թ.ա. X դարի վերջ) տրոհումից հետո։ Մայրաքաղաքը Երուսաղեմն էր։ Հուդայի թագավորությունում իշխել են Դավթի հետնորդները։ Նրան բնորոշ էին հիմնականում միևնույն սոցիալ-տնտեսական երևույթները, ինչպիսիք Իսրայելի թագավորությունում էին։

Թագավորներ[խմբագրել]

  • Առաջին թագավորը Սողոմոն Իմաստունի որդի Ռոբովամն էր (մ.թ.ա. մոտ 928-911), որի օրոք Հուդայի թագավորություն են ներխուժել եգիպտացիները` փարավոն Շեշոնկի գլխավորությամբ։ Ռոբովամի, Աբիայի (Աբիամ, մ.թ.ա. մոտ 911-908), Ասայի (մ.թ.ա. մոտ 908-867) օրոք Իսրայելի թագավորության դեմ մղված պատերազմները թուլացրել են այն։
  • Հովսափատի ժամանակ (մ.թ.ա. մոտ 867-842) հաշտություն է կնքվել Իսրայելի թագավորության հետ, անցկացվել են դատական և կրոնական բարեփոխումներ։
  • Ազարիան (Ոզիա, մ.թ.ա. մոտ 785-733) Եդովմից (երկիր Հուդայի թագավորությունից հարավ) վերագրավել է մի նավահանգիստ Կարմիր ծովի ափին, վերականգնել ծովային առևտուրը Արաբիայի և այլ երկրների հետ։ Նրա օրոք Հուդայի թագավորությանը հարկատու են դարձել Մովաբը (թագավորություն Հուդայի թագավորությունից արևելք) և փղշտացիները (Հուդայի թագավորությունից արևմուտք բնակվող ցեղեր)։
  • Եզեկիան (մ.թ.ա. մոտ 727-698) Եսայի մարգարեի ազդեցության տակ անցկացրել է ռազմական, տնտեսական, սոցիալական, կրոնական բարեփոխումներ՝ ամրապնդելու համար երկիրը Ասորեստանի հնարավոր հարձակման դեպքում։ Եգիպտա-ասորեստանյան հակամարտությունների ընթացքում հարել է հակաասորեստանյան խմբավորմանը, սակայն անհաջողության մատնվելով՝ դարձել Ասորեստանին հարկատու։
  • Հովսիայի օրոք (մ.թ.ա. 639-609) Թագավորությունն ազատվել է Ասորեստանի լծից, իրեն ենթարկել նախկին Իսրայելի թագավորության տարածքի մի մասը։ Նա թեթևացրել է ստրուկ-պարտապանների վիճակը, Երուսաղեմում կենտրոնացրել Եհովայի պաշտամունքը։

Թագավորության վերջին թագավորները, հրաժարվելով բաբելոնյան կողմնորոշումից, փորձել են հենվել Եգիպտոսի վրա։ Մ.թ.ա. 587 կամ 586 թվականին այն գրավել է Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր II։ Երուսաղեմը և Սողոմոնի կառուցած տաճարը հրկիզվել են, բնակչության զգալի մասը գերեվարվել Բաբելոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png