Սուեզի ճգնաժամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգլո-Ֆրանս իսրայելական ագրեսիա Եգիպտոսի դեմ
Սուեզի ճգնաժամ
Իսրայելցի զինվորները Սինայի թերակղզում
Թվական Հոկտեմբեր 1956 -մարտ 1957
Վայր Եգիպտոս
Արդյունք Բրիտանական ու ֆրանսիական բանակների անհաջողությունը և նրանց ուժերի հարկադրաբար դուրսբերումը Եգիպտոսից խորհրդանշեց Մերձավոր Արևելքում եվրոպական (Անգլիայի և Ֆրանսիայի) օտար գերիշխանության դարաշրջանի ավարտը
Հակառակորդներ
Իսրայել
Մեծ Բրիտանիա
Ֆրանսիա
Եգիպտոս
Հրամանատարներ
Իսրայել Մոշե Դայան
Միացյալ Թագավորություն
Ֆրանսիա
Գամալ Աբդել Նասեր
Աբդել Հակիմ Ամեր
Կողմերի ուժեր
Իսրայել ավելի քան 100 000 նախատեսված է մոբիլիզացիա (կանոնավոր բանակը չհաշված)
Միացյալ Թագավորություն 45 000
Ֆրանսիա 34 000
70 000
Կորուստներ
Իսրայել 172 կամ 190 զոհված, 817 վիրավոր, 3 անհետ կորած, 20 գերի[1], 1 пленный[2]
Միացյալ Թագավորություն 16 զոհված[3]
Ֆրանսիա 10 զոհված[4]
650[4] կամ 1650[5] զոհված
4900 վիրավոր
6185 գերի
առնվազն 3000 խաղաղ բնակիչներ զոհվել են[6]

Անգլո-Ֆրանս իսրայելական ագրեսիա Եգիպտոսի դեմ, Եգիպտոսի կառավարությունը 1956 թվականի հուլիսի 26-ին ազգայնացրեց Սուեզի ջրանցքը։ Իրենց խախտված դիրքերը Եգիպտոսում վերականգնելու և արաբական աշխարհում ազգային-ազատագրական շարժումներին հարված հասցնելու նպատակով Անգլիան և Ֆրանսիան, օգտագործելով Իսրայելին, ռազմական ագրեսիա ձեռնարկեցին Եգիպտոսի դեմ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլո-եգիպտական հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղափոխությունից հետո Եգիպտոսի կառավարությունը որոշում էր ընդունել Նեղոսի վրա՝ Ասուանի մոտ, վիթխարի ամբարտակ կառուցելու մասին։ Այն պետք է նպաստեր ոռոգելի հողատարածքների կտրուկ ընդարձակմանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև զարգացող արդյունաբերության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի արտադրությանը։ Ասուանի ամբարտակաը ապահովելու էր ամբողջ Եգիպտոսի տնտեսական առաջընթացը և տնտեսական բարեփոխումների համալիր ծրագրերի իրականացումը։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հսկայական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ էին վիթխարի ֆինանսական միջոցներ, որոնցից զուրկ էր Եգիպտոսը։ Եգիպտական կառավարությունը դիմեց ԱՄՆ-ի և Անգլիայի կառավարություններին։ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը հայտնեց, որ պատրաստ է Եգիպտոսին տրամանադրել 200 մլն ԱՄՆ դոլար վարկ ամբարտակի կառուցման առաջի փուլի համար։ Եվս 70 միլիոն ԱՄՆ դոլար համաձայնեցին տրամադրել ԱՄՆ-ն և Անգլիան։ Սակայն ԱՄՆ-ն, Անգլիան և Վերակառուցման և զարգացման բանկը հենց այնպես չէին տրամադրում այս գումարը։ Նրանք դրա դիմաց Եգիպտոսից երաշխիքներ էին պահանջում, որ նա կապված կմնա Արևմուտքի հետ և չի փորձի նայել խորհրդային բլոկի կողմը։

Բացի այդ, նրանք երաշխիքներ էին ուզում, որ Կահիրեն կմիանա Բաղդադի ռազմական պակտին, որը Եգիպտոսում համարում էին հետադիմաական վարչակարգերի ագրեսիվ խմբավորում և վճռականորեն մերժում էին նրան միանալ։ Համոզվելով, որ իրեն չի հաջողվի փոխել Եգիպտոսի դիրքորոշումը՝ ԱՄՆ-ն պաշտոնապես տեղեկացրեց Եգիպտոսին, որ հրաժարվում են նրան տրամադրել խոստացած 270 միլիոն վարկը։ Սակայն Եգիպտոսի կառավարությունը Գամալ Աբդել Նասերի գլխավորությամբ չվհատվեց և ի պատասխան Արևմուտքի այս որոշման՝ 1956 թվականի հուլիսի 26-ին դիմեց անսպասելի քայլի. ազգայնացրեց Սուեզի ջրանցքի ընկերությունը։

Նախատեսվում էր նրանից ստացվող եկամուտներն ուղղել Նեղոս գետի վրա Ասուանի ամբարտակի կառուցմանը, ինչպես նաև այլ տնտեսական ծրագրերի իրականացմանը։ Ընդ որում՝ հայտարարվեց, որ բաժնետերերը համապատասխան փոխհատուցում կստանան, իսկ Եգիպտոսը կհետևի 1888 թվականին Կոստանդնուպոլսի միջազգային համաձայնագրի պայմաններին և կապահովի ջրանցքով ազատ երթևեկություն։ Այս քայլը աջակցություն գտավ Արաբական երկրների լիգայի կողմից, աֆրիկյան և սովետական երկրների կողմից։ Սակայն ջրանցքի ազգայնացումը լուրջ վնաս հասցրեց Անգլիայի և Ֆրանսիայի շահերին։ Ուստի պատահական չէ, որ դրանից հետո Անգլիան և Ֆրանսիան փորձեցին զանազան միջոցներով ճնշում գործադրել, անգամ սպառնալ Եգիպտոսին։ Համոզվելով, որ Եգիպտոսի կառավարությունը որոշումը չի փոխի, նրանք սկսեցին բացահայտ պատրաստվել Եգիպտոսի վրա հարձակվելուն։

Սուեզի հարցի քննարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականի օգոստոսի 16-ին Լոնդոնում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց խորհրդաժողով, որում քննարկվելու էր Սուեզի հարցը։ Նրանում մասնակցում էին 22 երկիր։ Խորհրդաժողովի ժամանակ առաջ քաշվեց երկու ծրագիր՝ հնդկական և ամերիկյան։

Հնդկական ծրագիրը, որում նախատեսվում էր Եգիպտոսի կողմից Սուեզի ջրանցքի հսկողության իրականացում, աջակցվում էր ԽՍՀՄ-ի, Ինդոնեզիայի և Ցեյլոնի պատվիրակությունների կողմից։ Ամերիկյան պատվիրակության ղեկավար Ջոն Դալլեսը իր ծրագրում առաջ էր քաշում ջրանցքի «Միջազգային կառավարման» տարբերակը, որը փաստորեն նշանակում էր Սուեզի ջրանցքի նախկին վիճակի վերականգնում այլ պիտակի տակ։ Դալլեսի ծրագիրը ստացավ ժողովի 18 մասնակիցների աջակցությունը։

Թուրքիայի ներկայացուցիչը հայտարարեց.

«Մենք կարծում ենք, որ Դալլեսի նախագիծը հանդիսանում է դրական հիմք Սուեզի ճգնաժամի խնդիրը լուծելու համար»։

Ամերիկյան ծրագիրը աջակցող երկրները լիազորեցին Ավստրալիայի վարչապետին, որ նա մեկնի Կահիրե և Նասերին համոզի ընդունել «Միջազգային կառավարման» ծրագիրը։ 1956 թվականի սեպտեմբերի 9-ին Նասերի և Մենզեսի միջև ընթացող բանակցություններն ավարտվեցին անհաջողությամբ։

Սեպտեմբերի 10-ին Դալլեսը հանդես եկավ «Սուեզի ջրանցքի օգտագործողների ընկերություն» ստեղծելու նոր նախագծով։ Նասերը մերժեց նաև այս ծրագիրը։ Այնուամենայնիվ, ընկերություն ստեղծելու հարցը քննարկվեց սեպտեմբերի 19-21-ին տեղի ունեցած Լոնդոնյան երկրորդ կոնֆերենցիայում։

Ընկերությունը ստեղծվեց Լոնդոնյան երրորդ խորհրդաժողովում (սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 5-ը)։ Սակայն և՛ Անգլիան, և՛ Ֆրանսիան չէին կարող բավարարված լինել այս ամենով։ Նրանք ձգտում էին վերականգնել իրենց նախկին ազդեցությունը տարածաշրջանում և բոլոր բանակցությունները ընկերության վերաբերյալ դիտում էին իբրև Եգիպտոսի վրա հարձակումը քողարկելու միջոց։ Նրանք սկսել էին նախապատրաստել այս հարձակումը Իսրայելի հետ դեռևս 1956 թվականի սեպտեմբերից։ Բացի Սուեզի ջրանցքի խնդրից, Ֆրանսիան վախենում էր, որ Եգիպտոսի օրինակը Ալժիրի ազգային ազատագրական պայքարի խթաններից մեկը կհանդիսանա։ Դրան գումարվում էր նաև այն, որ Եգիպտոսը մեծ չափով ռազմական և դիվանագիտական օգնություն էր ցուցաբերում Ալժիրի ազգային ազատագրական պատերազմին (1954-1962)։

Անգլիան իր հերթին գտնում էր, որ Եգիպտոսի ռեժիմի տապալումը արգելակ կհանդիսանա տարածաշրջանի երկրների ազգային ազատագրական պայքարին։ Դեռևս մինչև Սուեզի ջրանցքի ազգայնացումը արևմտյան երկրներն աջակցում էին Իսրայելին՝ համարելով նրան արաբական երկրներին հակակշռող մի ուժ։

Եգիպտոս համատեղ ներխուժման պլան[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականի հոկտեմբերի 22-ին Իսրայելի նախագահ Բեն Գուրիոնը Ֆրանսիայում՝ Փարիզի մոտակայքում, հանդիպում ունեցավ Անգլիայի արտաքին գործերի նախարար Ս. Լոյդի և ֆրանսիայի վարչապետ Գի Մոլլեի հետ։ Հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունենում խիստ գաղտնի պայմաններում, քննարկվեց Եգիպտոս համատեղ ներխուժման պլանը։ Իսրայելի՝ Եգիպտոսի վրա հարձակվելուց հետո Ֆրանսիան և Անգլիան նպատակ ունեին շարքից հանելու Եգիպտոսի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև խոստանում էին Իսրայելին պաշտպանել ՄԱԿ-ում։

1956 թվականի հոկտեմբերի 29-ին իսրայելական զորքերը ներխուժեցին Եգիպտոսի տարածք և սկսեցին շարժվել Սինայի թերակզու խորքերը՝ դեպի Սուեզի ջրանցք։ Իր հարձակումը Իսրայելը պատճառաբանեց ֆիդայիների ռազմական ճամբարները վերացնելու մտադրությամբ՝ Սինայի հյուսիսում։ Իսրայելի հարձակումը սկսելու պահից ամբողջ արաբական աշխարհը պաշտպանեց Եգիպտոսին։ Սակայն ոչ մի արաբական երկրիր չհարձակվեց Իսրայելի վրա ՝ խաղաղությունը խախտելու համար։

Հոկտեմբերի 30-ին Սինայ ուղարկված եգիպտական դիվիզիաները մտան կռվի մեջ Իսրայելի բանակի հետ։ Իսրայելի հարձակում սկսելու հաջորդ օրը Եգիպտոսին և Իսրայելին ներկայացվեց վերջնագիր, համաձայն որի՝ մարտերը պետք է դադարեցվեին, և եգիպտական ու իսրայելական զորքերը պետք է հեռացվեին ջրանցքի երկու կողմերից 10 միլ հեռավորության վրա և պետք է թույլ տրվեր անգլոֆրանսիական զորքերի մուտքը Պորտ Սաիդ։ Իսրայելը, որի զորքերը այդ ժամանակ դեռ 200 կմ հեռու էին ջրանցքից, համաձայնեց ընդունել վերջնագիրը, սակայն չկանգնեցրեց զորքերի առաջխաղացումը։

Եգիպտոսը, սակայն, մերժեց վերջնագիրը՝ գտնելով, որ նրանում ներկայացված պահանջները դեմ են երկրի անկախությանը։ Իսրայելի առավելությունը իրեն զգացնել տվեց, և մինչև նոյեմբերի 2-ը նրան հաջողվեց գրավել Սինայի թերակղզին և Գազայի շրջանը։ Ցամաքային մարտերին զուգահեռ տեղի էին ունենում ծովային և օդային մարտեր։ Անգլիական և Ֆրանսիական ավիացիան հոկտեմբերի 31-ին սկսեց Կահիրեի, Ալեքսանդրիայի և ջրանցքի գոտու քաղաքների ռմբակոծումը, իսկ նոյեմբերի 5-ին և 6-ին զորք ափ հանեցին Պորտ-Սաիդում։ Ընդ որում՝ Անգլիան և Ֆրանսիան հայտարարեցին, որ իրենք միջամտել են եգիպտաիսրայելական պատերազմը կանխելու համար։

Իրականում Անգլիան և ֆրանսիան գտնում էին, որ Եգիպտոսը ներխուժումը դադարեցնելու համար կընդունի վերջնագիրը։ Արդյունքում Եգիպտոսում տեղի կունենա իշխանափոխություն, ինչի հետևանքով Նասերի կառավարությանը փոխարինելու կգա ավելի արևմտամետ կառավարություն, որը զիջումերի կգնա Սուեզի հարցում։ Պորտ Սաիդի մոտ դեսանտը մարտերի մեջ մտավ քաղաքի պաշտպանների հետ, իսկ մի մասն էլ շարժվեց հարավ՝ Իսմաիլիայի վրա։

Նոյեմբերի 7-ին անգլո-ֆրանսիական զորքերը գրավեցին Պորտ Սաիդը, սակայն փողոցային մարտերը շարունակվում էին։ Ագրեսիայից հետո ՄԱԿ-ը մի քանի անգամ քննարկեց ագրեսիայի հարցը և պահանջեց դադարեցնել այն։ Նույնիսկ Բաղդադի պակտի Անգլիայի դաշնակիցները՝ Իրանը, Իրաքը և Պակիստանը, քննադատեցին Եգիպտոսի վրա հարձակումը։ Իրաքը և Պակիստանը անգամ պահանջեցին հեռացնել Անգլիային Բաղդադի պակտից։

Նոյեմբերի 4-ին Խորհրդային Միության կառավարությունը դատապարտեց ագրեսոր կողմի երկրներին միջազգային նորմերը խախտելու համար, իսկ նոյեմբերի 5-ին Խորհրդային Միության նախարարների խորհուրդի քարտուղար Ն. Բուլգանինը նոտա հղեց Անգլիային, Ֆրանսիային և Իսրայելին, որ եթե նրանք չդադարեցնեն ագրեսիան, ապա Խորհրդային Միությունը լի է վճռականությամբ.

«ուժի գործադրումով կործանիչ հարված հասցնել ագրեսորներին և խաղաղությունը վերականգնել Արևելքում։»

։

Ագրեսիան դադարեցնելու պահանջով հանդես եկավ նաև ԱՄՆ-ի նախագահ Էյզենհաուերը։ Այսպիսով՝ ներխուժումից հետո ագրեսորները հայտնվեցին միջազգային մեկուսացման մեջ։ Նրանք ստիպված էին դադարեցնել հարձակումը և նահանջել։ Արդեն 1956 թվականի նոյեմբերի 7-ին եռյակ երկրները դադարեցրին իրենց ռազմական գործողությունները Եգիպտոսում, ապա կես ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին, Եգիպտոսից իրենց զորքերը դուրս բերեցին Անգլիան և Ֆրանսիան, իսկ 1957 թվականի մարտին՝ Իսրայելը։ Այսպիսով՝ ագրեսորներին չհաջողվեց հասնել իրենց հիմնական նպատակին՝ ստիպել Եգիպտոսին հրաժարվել Սուեզի ջրանցքից և հնարավորության դեպքում փոխարինել Նասերի կառավարությունը ավելի արևմտամետ կառավարությամբ։

1956 թվականիի պատերազմի ամենակարևոր արդյունքը այն էր, որ բրիտանական ու ֆրանսիական բանակների անհաջողությունը և նրանց ուժերի հարկադրաբար դուրսբերումը Եգիպտոսից խորհրդանշեց Մերձավոր Արևելքում եվրոպական (Անգլիայի և Ֆրանսիայի) օտար գերիշխանության դարաշրջանի ավարտը։ Անգլիացի նշանավոր լեյբորիստ Ջոն Ստրեչին ժամանակին գրել է.

«1956 թվականի անհաջող ինքնաբերական ջանք գործադրվեց հետ շրջելու Մերձավոր Արևելքի ամբողջ գործընթացը, նորից օկուպացնելու Սուեզի ջրանցքի գոտին և վերկանագնելու Արևմուտքի տիրապետությունը արաբական աշխարհում։ Այս փորձը տևեց 3 շաբաթ և միայն արագացրեց քայքայման գործընթացը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Суэцкий кризис 1956
  2. «POW Exchanges (1948—1998)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Dupuy, R. Ernest; Dupuy, Trevor N. (1994). The Collins Encyclopedia of Military History. HarperCollins. էջ 1343.
  4. 4,0 4,1 The Suez Crisis of 1956
  5. «Suez Crisis: Operation Musketeer». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. Суэцкий кризис 1956 так же известная как Вторая арабо-израильская война, Англо-франко-израильская война против Египта. Операция "Кадеш", операция "Мушкетер", Сточасовая война

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննիսյան Նիկոլայ «Արաբական երկրների պատմություն», հատ. 3-րդ,, Երևան 2006 թ.
  • Կարապետյան Ռուբեն «Արաբական երկրների նոր և նորագույն պատմություն», Երևան 2003 թ.
  • Андреев В.И., В Стране Пирамид, Москва 1972 г.
  • Ближневосточная политика великих держав и арабо-израильский конфликт, Нижний Новгород, Коллектив авторов, 2008.
  • Иванова И.И.Тупецко- «Арабские отношения и их место в системе международных связей на Влижнем Востоке» /1945-1983/ Москва 1985,
  • Керуман Ахмед, Восставшие арабы в битве за Порт –Саид, Москва 1958г.
  • Киссинджер Г. Дипломатия // Пер. с англ. В. В. Львова / Послесл. Г. А. Арбатова. — М. 1997г.
  • Новеищая история арабских стран Африки 1917-1987 Москва 1990 г.
  • Политика США на Ближнем и Среднем Востоке (США и страны СЕНТО) / Отв. ред. Б.Г. Гафуров. М осква, 1960.
  • Николаев А. Н. Правовой режим суэцкого канала и национализация Египтом Суецкой кампани, Москва 1960,
  • Goldschmidt JR. Arthur, A brief history of Egypt, Pennsylvania, 2008
  • Ovendale R. Britain, the United States, and the Transfer of Power in the Middle East. London., 1996.
  • Patrik N. Allit The rise and fall of the British Empire Georgia 2009
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 384