Գամալ Աբդել Նասեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գամալ աբդ ալ-Նասեր
Գամալ աբդ ալ-Նասեր
Nasser.jpg
Եգիպտոսի Հանրապետության 37-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ հունվարի 16, 1956
Լքեց պաշտոնը՝ սեպտեմբերի 28, 1970
Այլ տիտղոսներ՝ Միացյալ Արաբական Հանրապետության նախագահ
Կուսակցություն՝ Արաբական Սոցիալիստական Միություն
Նախորդող՝ Մուհամմադ Նագիբ
Հաջորդող՝ Անվար Սադաթ
Ծննդյան օր՝ հունվարի 15, 1918 (1918-01-15) (96 տարեկան)
Ծննդավայր՝ Ալեքսանդրիա, Եգիպտոս
Վախճանի օր՝ սեպտեմբերի 28, 1970
Վախճանի վայրը՝ Կահիրե,Եգիպտոս
Երեխաներ՝ որդիներ` Խալիդ, աբդ ալ-Հակիմ և աբդ ալ-Համիդ
դուստրեր` Խոդա և Մոնա

Գամալ Աբդել Նասերը (արաբ․՝ جمال عبد الناصر‎‎ - Ջամալ Աբդ ան-Նասր, Գամալ Աբդ ալ-Նասեր; հունվարի 15 1918, Ալեքսանդրիա - սեպտեմբերի 28 1970, Կահիրե), Եգիպտոսի երկրորդ նախագահը (1956 - 1970), պանարաբական շարժման քաղաքական գործիչ, Սովետական Միության հերոս։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է 1918 թվականի հունվարի 15-ին Ալեքսանդրիայում՝ մանր պաշտոնատարի ընտանիքում։ Մանկությունը անց է կացրել Կահիրեում, որտեղ էլ ավարտել է դպրոցը։ Արդեն 12 տարեկանում նա սկսում է մասնակցել հակաբրիտանական ցույցերին։ 1936 թվականին Նասերը տապալում է ռազմական ակադեմիայի ընդունելության քննությունները, սակայն այնուամենայնիվ նրան հաջողվում է ընդունվել Կահիրեի համալսարանի իրավագիտության բաժին։ Սակայն զինվորական դառնալու պատանու ցանկությունը չի մարում և նա 1937 թվականին ռազմական ակադեմիա է ընդունվում։ 1938 թվականին Նասերը ծառայության է անցնում իր երեք ծառայակից ընկերների հետ Սուդանի սահմանում։

Եգիպտոսի և մնացած արաբական երկրների կախվածությունը եվրոպական տերություններից Նասերի կարծիքով անպատվաբեր էր արաբական աշխարհի համար։ Երբ երեք ընկերները ավարտում են ծառայությունը, նրանք հավաքվում են Ջաբալ-շարիֆ լեռան վրա և երդում տալիս միմյանց։ Այդ օրվանից նրանց կյանքի նպատակն է դառնում Եգիպտոսում անգլիական զորքերի դեմ պայքարը և Եգիպտոսի բանակի վերակազմավորումը, որը փոփոխություններից հետո կարող էր պաշտպանել արաբական աշխարհը ամեն տեսակի վտանգներից։ Արդեն 30-ական և 40-ական թվականներից սկսվում է երիտասարդ սպաների ձևավորումը, որոնք հետագայում էլ վերցնում են իշխանությունը։

Նասերի և իր կողմնակիցների քաղաքական հայացքները շատ խառն բնույթ էին կրում։ Մի կողմից Նասերին հետաքրքրում էր արևմտյան ժողովրդավարությունը, իսկ մյուս կողմից ազգերի միապետական կառավարումը որի գլուխը պետք է լիներ միապետը և դիկտատորը։ Նրան շատ էին գերում և՛ արաբական ազգայնականների գաղափարները, և՛ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը։ Նրա բոլոր քաղաքական հայացքները իրար հակասող էին և միայն մի զգացում նրա մեջ հակասական չէր՝ դա ատելությունն էր անգլիացիներ նկատմամբ, որոնք Եգիպտոսի փաստացի տերերն էին համարվում։ Անգամ նրա ընկերներից մեկը՝ Անվար Սադաթը կապի մեջ է մտնում Նացիստական Գերմանիայի ռազմական լրտեսների հետ, որի համար էլ շուտով ձերբակալվում և բանտ է նետվում։ Սակայն Նասերին հատուկ էին ավելի զգույշ գործողությունները։ Նա իր ամբողջ կյանքի ընթացքում կապեր էր հաստատել ամեն տեսակ զինվորականների հետ, որոնք բոլորը միջին խավի ներկայացուցիչներ էին։ Հենց նրանցից էլ Նասերը կազմավորում է իր կուսակցությունը։ 1948—1949 թթ. Արաբա-իսրայելյան պատերազմի ժամանակ Նասերը և իր կողմնակիցները որոշում են որ Եգիպտոսի թագավոր Ֆառուկ 1-ինը չի կարող ղեկավարել երկիրը և գտնվում է արևմուտքի անմիջական ազդեցության տակ։ Նասերի կազմակերպության՝«Ազատ սպաների» մեջ սկսում են մտնել գեներալներ, մայորներ և այլ զինվորական պաշտոնյաներ։ Նրանք ռազմական հեղափոխություն էին կազմակերպում՝ «հայրենիքի և արաբ ազգի փրկության» համար։ 1952 թ.-ի Հուլիսյան հեղափոխությունը Եգիպտոսում, որոնք կազմակերպում են Նասերն ու նրա կողմնակիցները տապալում է Եգիպտոսի իշխանությունը։ Կազմավորվում է Հեղափոխության ղեկավարության խորհուրդ, որի գլուխ կանգնեց Մուհամմադ Նագիբը։ Եգիպտոսը հռչակվում է հանրապետություն։ Սակայն Նասերը չէր պատկերացնում Եգիպտոսի ապագան, քանի որ նրա նպատակն էր տարածել հեղափոխությունը ամբողջ արաբական աշխարհով մեկ։ Ինչպես նշել ենք Նասերը պանարաբիզմի կողմնակից էր։

Եգիպտոսի Հանրապետության ղեկավար է դառնում Մուհամմադ Նագիբը, իսկ փոխվարչապետը Գամալ աբդ ալ-Նասերն էր։ Սակայն անմիջապես հակասություններ են առաջանում Նագիբի և Նասերի միջև։ Նասերը պառլամենտի գոյությանը դեմ էր արտահայտվում, իսկ Նագիբը՝ կողմ։ Արդյունքում 1954 թ.-ի նոյեմբերի 14-ին Նասերը իր կողմնակիցների հետ՝ որոնք բոլորն էլ բարձրաստիճան զինվորականներ էին, հեղափոխություն է կազմակերպում ու խլում իշխանությունը Մուհամմադ Նագիբից։ 36 տարեկան Նասերը դառնում է Եգիպտոսի Հանրապետության փաստացի ղեկավարը, չնայած նա պաշտոնապես զբաղեցնում էր միայն վարչապետի պաշտոնը։ Նասերը սկսում է պայքարը անգլիացի ինտերվենտների դեմ, և այնուամենայնիվ հասնում է նրան որ անգլիական զորքերը լքում են Եգիպտոսը։

1956 թ. հոկտեմբերին սկիզբ է առնում հակամարտություն Եգիպտոսի և եվրոպական տերությունների միջև Սուեզի ջրանցքի համար `այդ ժամանակ Սուեզի ջրանցքին բաժին էր ընկնում ամբողջ աշխարհի ծովային բեռնափոխադրումների 1/6-րդ մասը, Անգլիայի արտաքին առևտրի 1/4 –րդ մասը, ԱՄՆ նավթափոխադրումների մեծ մասը և Ֆրանսիայի առևտրի 8 %-ը։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն` անհանգստացած արաբական ազգայնականության աճից, սպառնում է չվարկավորել Եգիպտոսին Ասուանի պատնեշի շինարարության համար, Նասերը (1956թ.-ից արդեն Եգիպտոսի նախագահ) հրաման է տալիս ազգայնականացնել ջրանցքը։ Այս քայլը Արևմուտքին գցում է իսկական շոկի մեջ։ Երբեմնի Անգլիայի գաղութը որոշում է այդպիսի համարձակ քայլ անել` այն էլ հենց Արևմուտքի դեմ։

Երբ Եգիպտոսը մերժում է ՄԱԿ-ի պահանջները դարձնել ջրանցքը ազատ իսրայելական նավերի համար, Իսրայելի Պաշտպանության Բանակը Անգլիայի և Ֆրանսիայի աջակցությամբ հարձակվում է Եգիպտոսի վրա և գրավում ամբողջ Սինայան թերակղզին և Գազայի հատվածը։ Միևնույն ժամանակ Նասերի գաղափարների ազդեցության տակ Ադենում նույնպես հասունանում էին հակաբրիտանական տրամադրություններ, որոնք դեռ չէին զգացվում իրադարձությունների ընդհանուր ֆոնի վրա։ Նասերը նաև առաջարկում էր որ Եմենը նույնպես ընդգրկի արաբական միության շարքերը, սակայն Անգլիան ամեն ձևով խոչնդոտում էր դրան` վախենալով կորցնել իր գաղութները։ Գամալ աբդ ալ-Նասերին ի վերջո հաջողվում է իր ծրագրերը հասցնել տրամաբանական ավարտին։ Նա կարողանում է ազգայնականացնել ո՛չ միայն Սուեզի ջրանցքը, այլ նաև անգլիական և ֆրանսիական բանկերը, ապահովագրական ընկերություններն ու առևտրական կազմակերպությունները։

Ձգտելով գտնել հակակշիռ Արևմուտքին` Նասերը սերտ կապեր է հաստատում Արևմուտքի գլխավոր թշնամու` ԽՍՀՄ-ի հետ։ ԽՍՀՄ-ն դեմ չէր Մերձավոր Արևելքում այդպիսի դաշնակից ունենալ և երբ Արևմուտքը Եգիպտոսին արդյունաբերական բլոկադա է հայտարարում, ԽՍՀՄ-ն Եգիպտոս է առաքում այնքան անհրաժեշտ նաֆթն ու ցորենը։ Նախագահ Նասերը միշտ իր ամենամեծ ուշադրությունը դարձրել է Եգիպտոսի էկոնոմիկայի զարգացման վրա և այս բնագավառում նա շատ դրական փոփոխություններ է կատարում, որոնք համաձայնեցված էին ԽՍՀՄ-ի հետ։ Երբ վեցօրյա պատերազմում Եգիպտոսը պատերազմում պարտություն է կրում Գամալ Աբդել Նասերը հրաժարական է տալիս։ Փողոցում սկսվում են ցույցեր, որոնք պահանջում են Նասերին հետ վերցնել իր հրաժարականը։ Մեկ օր հետո նա համաձայնվում է և վերադառնում։

Գամալ Աբդել Նասերը մահանում է 1970 թ.-ի սեպտեմբերի 28-ին։

Գամալ Աբդել Նասերի կառավարությունը[խմբագրել]

  • Նասերի 1-ին կառավարություն (25 փետրվար - մարտ 1954 թ.)
  • Նասերի 2-րդ կառավարություն (18 ապրիլ - 1 սեպտեմբեր 1954 թ.)
  • Նասերի 3-րդ կառավարություն (1 սեպտեմբեր 1954 թ. - 30 հունիս 1956 թ.)
  • Նասերի 4-րդ կառավարություն (30 հունիս 1956 թ. - 5 մարտ 1958 թ.)
  • Նասերի 5-րդ կառավարություն (5 մարտ - 7 հոկտեմբեր 1958 թ.)
  • Նասերի 6-րդ կառավարություն (7 հոկտեմբեր 1958 թ. - 17 օգոստոս 1961 թ.)
  • Նասերի 7-րդ կառավարություն (17 օգոստոս - 19 հոկտեմբեր 1961 թ.)
  • Նասերի 8-րդ կառավարություն (19 հոկտեմբեր 1961 թ. - 29 սեպտեմբեր 1962 թ.)
  • Նասերի 9-րդ կառավարություն (19 հունիս 1967 թ. - 20 մարտ 1968 թ.)
  • Նասերի 10-րդ կառավարություն (20 մարտ - 28 նոյեմբեր 1968 թ.)
  • Նասերի 11-րդ կառավարություն (28 նոյեմբեր 1968 թ. - 28 սեպտեմբեր 1970 թ.)[1]

Անձնական կյանքը[խմբագրել]

Գամալ աբդ ալ-Նասերը ամուսնացած էր և ուներ 5 երեխա։ Նրանցից Խալիդ աբդ ալ-Նասերը (1949-2011) նման էր հորը և անչափ սիրում էր քաղաքականությունը։[2]

Նասերը ԽՍՀՄ հերոս[խմբագրել]

Գամալ աբդ ալ-Նասերը պարգևատրվել է ԽՍՀՄ բարձրագույն՝հերոսի կոչումով Նիկիտա Խրուշչովի հրամանով։

Նասերը մշակույթում[խմբագրել]

  • Եգիպտոսում Նասերի մասին ֆիլմ է նկարվել՝ «Насер 56» («Nasser 56», 1956)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. R. Hrair Dekmejian Egypt under Nasir: a study in political dynamics. N-Y, 1971 — p.176.
  2. Khaled Abdel Nasser dies - Politics - Egypt - Ahram Online-->