Նիկիտա Խրուշչով
Նիկիտա Խրուշչով (1894թ. ապրիլի 15, Կալինովկա, Կուրսկի գուբերնիա — 1971թ. սեպտեմբերի 11, Մոսկվա, ԽՍՀՄ), ԽՄԿԿ առաջին քարտուղար 1953-1964 թթ., ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ 1958-1964 թթ., Խորհրդային Միության հերոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս:
Կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության ճանաչված գործիչ: 1930-ական թթ. սկսել է զբաղեցնել բարձր պաշտոններ: Եղել է Ուկրաինայի կոմկուսի առաջին քարտուղար: Հայրենական պատերազմի տարիներին (1941-1945)՝ տարբեր ռազմաճակատների ռազմական խորհրդի անդամ: 1953 թ.` Ստալինի մահից հետո, հաղթել է իշխանության համար մղվող պայքարում: Իշխանության գալուց հետո հանդես է եկել Ստալինյան բռնությունների սուր քննադատությանբ, չնայած որ ինքն էլ ժամանակին հատուկ դաժանությամբ է աչքի ընկել հակակոմունիստական տարրերի դեմ պայքարելիս: Մեծ քանակությամբ բռնադատվածների ներում է շնորհել: Փորձել է հաստատել ժողովրդավարություն, ազատականացնել տնտեսությունը: Սակայն կուսակցության հետադիմական ուժերը 1964թ. կազմակերպեցին դավադրություն և նրան հեռացրին իշխանությունից: