Եհովայի վկաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դիտարան» ընկերության գլխամասը Բրուքլինում (Նյու Յորք, ԱՄՆ)։
Դիտարանի ընկերության ակտիվ անդամների թիվը 1945-2008թթ.

Եհովայի վկաներ, 19-րդ դարի ավարտին Միացյալ Նահանգներում ստեղծված համաշխարհային կրոնական կազմակերպություն։ Պաշտոնապես իրեն կոչում է Եհովայի վկաների քրիստոնեական համայնք, գրականություն է հրատարակում Դիտարան ընկերության միջոցով։ Ստեղծվել է 1883 թ., երբ ադվենտիստների մի խումբ Չարլզ Ռասելի գլխավորությամբ հիմնել է «Աստվածաշնչի ուսանողներ» կազմակերպությունը։

Եհովայի վկաները հայտնի են դռնեդուռ այցերի և փողոցում պատահական անցորդների հետ զրուցելով քարոզչություն իրականացնելով։ Նրանք հանդես են գալիս որպես վերջին ժամանակի շարժում, այսինքն՝ հավատում են, որ մարդկությունը գտնվում է Աստվածաշնչում հիշատակված Վերջին դատաստանին նախորդող ժամանակաշրջանում։

Եհովայի վկաները ընդունում են միայն չափահասների մկրտությունը, որով նորահավատը նրանց համայնքի անդամ է դառնում։ Կրոնական դրույթները սահմանվում են Նյու Յորքի Բրուքլին արվարձանում գտնվող ղեկավար մարմնի կողմից, որը միևնույն ժամանակ կրոնական կառույցի համաշխարհային վարչական մարմինն է։ Եհովայի վկաները 236 երկրում ունեն 107.000 կրոնական համայնք, շուրջ 7,5 միլիոն անդամով։

Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաները ակտիվ են 1975-ից։ 2004 թ. պետության կողմից գրանցվել է Հայաստանում գործող կրոնական կազմակերպությունների ցանկում։ 2011 թ. տվյալներով ակտիվ անդամների («հրատարակողների»[1]) թիվը 11.115 է, կրոնական արարողություններին մասնակցողների թիվը երկու անգամ ավելի է։[2]

Գրականություն[խմբագրել]

  • Ջոշ Մաք Դաուել, «Մոլորեցնողները», Տիգրան Մեծ հրատ. - 2002։ (Գիրքը հանդես է գալիս Եհովայի վկաների և այլ ոչ-ավանդական կրոնական շարժումների քննադատությամբ)։

Ծանոթագրություններ և նշումներ

  1. «Հրատարակողներ» (publisher) են կոչվում այն ակտիվ անդամները, որոնք զբաղվում են քարոզչությամբ։
  2. «Եհովայի վկաները Հայաստանում» հոդված Լեհերեն Վիքիպեդիայում (ստուգված է 19-03-2012)։ Տե՛ս նաև. Վիճակագրական տվյալներ ըստ երկրների «ԱյԼաբՄեդիա» կայքում