Գործք առաքելոց
Գործք առաքելոց (հունարեն՝ Πραξεις Αποστολων (Praxeis Apostolon), լատիներեն՝ Actus Apostolorum կամ Acta apostolorum, կրճատ՝ Գործք), Նոր Կտակարանի գիրք, որտեղ պատմվում է Հիսուս Քրիստոսի խաչելությունից և հարությունից հետո մինչև Պողոս առաքյալի մ.թ. 60-ական թթ. սկզբներին Հռոմ ժամանելը տեղի ունեցած դեպքերի մասին: Ավանդապես համարվում է, որ «Գործք»-ի հեղինակը Ղուկաս ավետարանիչն է, որը նաև համանուն ավետարանի հեղինակն է:
Գործքը Նոր Կտակարանի միակ գիրքն է, որն ունի պատմական տարեգրության բնույթ: Այլ նորկտակարանյան գրքերի մեջ այն նաև առանձնանում է անհամեմատ լայն աշխարհագրական ընդգրկմամբ՝ գրքում նկարագրված իրադարձություններն ընդգրկում են Հրեաստանը, Ասորիքը, Փոքր Ասիան, Կիպրոսը, Հունաստանը, Միջերկրական ծովն իր Մալտա կղզիով և Հռոմ քաղաքը: Մեծ թիվ են կազմում և գործող անձինք, որոնցից շատերը հիշատակվում են նաև անտիկ այլ պատմական աղբյուրներում:
Բովանդակություն |
Գրքի բովանդակությունը [խմբագրել]
Գրքի հիմնական թեման քրիստոնյա եկեղեցու հիմնադրումն ու զարգացումն է Հիսուս Քրիստոսի հարությունից հետո նրա գոյության առաջին 30 տարվա ընթացքում: Գիրքն իմաստային առումով կարելի է բաժանել երկու մասի. 1-ից 12-րդ գլուխներում պատմում է Պաղեստինում Եկեղեցու հիմնադրման և քարոզչության մասին, իսկ 13-ից 28-րդ գլուխներում խոսքը հիմնականում գնում է Պողոսի Փոքր Ասիա, Հունաստան, Կիպրոս կատարած միսինարական ճանապարհորդությունների մասին:
Հայ ավետարանչական եկեղեցու աստվածաբան Ա.Ռ. Գայաեանը առաջարկում է Գործքի հետևյալ բաժանումը.
1. Առաքելությունն ու բնութագիրը, 1 - 2:47
2. Եկեղեցին հրեաների մեջ (Պետրոս)
- ա) Ավետարանը Երուսաղեմում (3:1 - 5:42)
- բ) Տարածումը Հրեաստանում, Սամարիայում, Գալիլիայում ու Դամասկոսում (6:1-9:31)
3. Անցում դեպի հեթանոսական առաքելություն (9:32-12:35) 4. Եկեղեցին հեթանոսների մեջ (Պողոս)
- ա) Տարածումը Փոքր Ասիայում (13:1-16:5)
- բ) Հաջողությունը Եվրոպայում (16:6-19:20)
- գ) Բարձրակետը. Ավետարանը Հռոմում (19:21-28:31) [1]
Հեղինակը և գրության ժամանակը [խմբագրել]
Գրքի առաջին իսկ տողերում ոմն Թեոփիլին ուղղված խոսքերում հայտարարվում է, որ «Գործքը» Ղուկասի ավետարանի շարունակությունն է և գրված է նույն մարդու կողմից: Այն, որ Ղուկասի ավետարանի և «Գործքի» հեղինակը նույն մարդն է վկայում է նաև այդ գրքերի ոճն ու գրական առանձնահատկությունները: Բոլոր հնագույն գրավոր սկզբնաղբյուրները միահամուռ հաստատում են, որ երկու գրքերի հեղինակը Ղուկաս առաքյալն է, որը հիշատակվում է Նոր Կտակարանում որպես Պողոս առաքյալի ուղեկիցներից մեկը` «բժիշկը և սիրելին» (Կող 4:14), «գործակիցը» (Փիլ 23:1): Թեսաղոնիկեցիներին ուղղված 2-րդ թղթում Պողոսը գրում է, որ Ղուկասը մնացել է իր մոտ Հռոմուն իր բանտարկության ժամանակ (2 Տիմոթեոս 4:11): Ղուկասի` «Գործքի» հեղինակ լինելու մասին վկայում են նաև եկեղեցական գրողներ Հիրենեոս Լիոնացին, Կղեմես Ալեքսանդրացին, Եվսեբիոս Կեսարացին, Տերտուղիանոսը, Որոգինեսը և ուրիշներ:
Աղբյուրները [խմբագրել]
Տեքստի ուսումնասիրությունը [խմբագրել]
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Գայաեան Ա.Ռ., Նոր Կտակարանի ընդհանուր ներածություն, 2003, էջ 289
Արտաքին հղումներ [խմբագրել]
Գործք առաքելոց գիրքը աշխարհաբար արևելահայերենով