Հունաստան
| Հունաստանի Հանրապետություն Ελληνική Δημοκρατία |
||||||
|---|---|---|---|---|---|---|
|
|
||||||
| Ազգային հիմն՝ Ύμνος εις την Ελευθερίαν |
||||||
| Մայրաքաղաք Ամենամեծ քաղաք |
Աթենք | |||||
| Պետական լեզու(ներ) | հունարեն | |||||
| Տարածք | ||||||
| - | Ընդհանուր | 131,990 կմ² մղոն² |
||||
| - | Ջրային (%) | 0.8669 | ||||
| Բնակչություն | ||||||
| - | 2006 նախահաշիվը | 11,125,179 | ||||
| - | 2001 մարդահամարը | 10,964,020 | ||||
| - | Խտություն | 84 /կմ² 218 /մղոն² |
||||
| Դրամական միավոր | Եվրո (EUR) |
|||||
| Ժամային գոտի | (UTC+2) | |||||
| - | Ամռանը (DST) | (UTC+3) | ||||
| Ինտերնետ | .gr | |||||
| Հեռախոսային կոդ | +30 | |||||
Հունաստանը (հունարեն՝ Ελλάδα) երկիր է Հարավ-Արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքը Աթենքն է: Հարևաններն են Ալբանիան, Մակեդոնիա և Թուրքիան: Գտնվում է Էգեյան և Հոնիական ծովերի ափին:
[խմբագրել] Հայերը Հունաստանում
Հայերը Հունաստանում զանգվածային բնակություն են հաստատել V-VI դարերից։ Հայկական պետականության անկման և պարսկա-բյուզանդական պատերազմների պատճառով շատ հայեր ապաստանել են Հունաստանում։ Բյուզանդական կայսրության (որի մասն էր կազմում Հունաստանը) կայսրերը պետության սահմաններն ապահովելու նպատակով VI-VII դդ․ բազմաթիվ հայերի (շուրջ 30 հզ․) գաղթեցրել և բնակեցրել են Թրակիայում ու Մակեդոնիայում։ VIII-IX դդ․ բռնի Թրակիա են գաղթեցվել նաև բազմահազար պավլիկյաններ, որոնք պավլիկյան ուսմունքի տարածողները եղան Հունաստանում և, ընդհանրապես, Բալկաններում։ Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում (IV-XV դդ․ 1-ին կես) պետության գերակշռող տարրից՝ հույներից հետո մեծ կշիռ ունեին հայերը։ Նրանք կարևոր դեր են խաղացել Բյուզանդիայի հասարակական, ռազմական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։ Բազմաթիվ հայեր եղել են VII դ․ ստեղծված բյուզանդական ռազմական շրջանների բանակաթեմերի զորավարներ։ Վաղ միջնադարում Բյուզանդիայի մշակութային կենտրոններում (Աթենք, Կոստանդնուպոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք, Տրապիզոն) կրթվել են հայ երիտասարդներ։ Հայ մտավորականներից շատերը նպաստել են Բյուզանդիայի հոգևոր կյանքի զարգացմանը։ 858-867-ին և 877-886-ին Կոստանդնուպոլսի պատրիարքությունը վարել է նշանավոր գիտնական, հայազգի Փոտը։ Բյուզանդական մշակույթի հայտնի գործիչներից էր կայսր Կոստանդին VII Ծիրանածինը։ Հայ-բյուզանդական մշակութային փոխազդեցություններն առկա են նաև ճարտարապետության մեջ ու արվեստում։
Կիլիկիայում հայկական պետականության ստեղծումից հետո, XI-XII դդ․ բազմաթիվ հունահայեր գաղթել են Կիլիկիա, որի հետևանքով համայնքը նվազել է, կրկին բազմամարդ է դարձել XVII-XVIII դդ․, թուրքական բռնատիրությունից խուսափած հայերի հաշվին։ Հունաստանի անկախության ձեռքբերումը (1829) նպաստել է հայերի մեծ հոսքին Հունաստան։ Համայնքը սկսել է ստվարանալ XIX դ․ վերջից և շարունակվել Մեծ եղեռնից ու հատկապես 1919-22-ին հույն-թուրքական պատերազմներից հետո։
Տարբեր տարիներ (1924-29, 1932-33, 1946-47-ին) Հունաստանից հայրենադարձվել են հազարավոր հայեր։ Հունաստանում բնակվում է 35 հազար հայ (1999), որոնք կենտրոնացած են Աթենքի և Պիրեայի շրջաններում, Սալոնիկում, Թրակիայում, Կրետե կղզում։ Զբաղվում են արհեստագործությամբ (ոսկերիչներ, կոշկակարներ, կահույքագործներ) և առևտրով։ Կան նաև հայտնի գործարանատերեր, մեծ ընկերությունների տնօրեններ։
Համայնքը ղեկավարում է Ազգային վարչությունը (որին ենթակա են տնտեսական և ուսումնական խորհուրդները)։ Գործում են 10 առաքելական (70-ամյա պատմություն ունի Աթենքի արվարձան Ֆիքսի Ս․Կարապետ եկեղեցին), 2 կաթոլիկ, 2 ավետարանական եկեղեցիներ, 3 ամենօրյա (Սոֆի և Լևոն Հակոբյան, Ա․ և Ժ․ Ճենազյան, Զավարյան) և կիրակնօրյա դպրոցներ, հայ ազգային կուսակցությունների տեղական կազմակերպությունները, ՀԲԸՄ, ՀՄԸՄ, Հայ կապույտ խաչ, Հայ գթության խաչ, Հովարդ Կարագյոզյան հաստատության Հունաստանի մասնաճյուղը, երիտասարդական և պատանեկան միություններ, Համազգային մշակութային, Հաճնի հայրենակցական, «Արաքս», «Արարատ» միությունները, Հայ դատի հանձնախումբը։ 1996-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։
1890-ին Աթենքում լույս է տեսել Հունաստանում առաջին հայերեն պարբերականը՝ «Ասպարեզ»-ը։ Առայսօր Հունաստանում հրատարակվել են 67 անուն պարբերականներ։ Ներկայումս լույս են տեսնում «Ազատ օր» (1945-ից), «Նոր աշխարհ» (1969-ից), «Ժողովրդային պայքար» (1982-ից), «Դրոշակ», «Բռունցք» (1991-ից), «Երիտասարդական կանչ» (1995-ից) պարբերականները։
Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին։
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
|||||