Օձեր
| Օձեր | ||
|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||
|
||
| Լատիներեն անվանում | ||
| Ophidia կամ Serpentes | ||
|
|
Օձեր (Ophidia կամ Serpentes), ողնաշարավորների տիպի սողունների դասի թեփուկավորների կարգի ենթակարգ։ Հայտնի են 26 ընտանիքի շուրջ 2978 (2006թ. դրությամբ), ՀՀ-ում` 4 ընտանիքի 23 տեսակ։
Հայտնի են օձերի ցամաքային, կիսաջրային և ծովային կենսակերպ վարող տեսակների խմբեր։
Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սանտիմետրից - 12 մետր է, զանգվածը` 5 գ - 200 կգ։ Կյանքի տևողությունը 8-40 տարի է։
Գանգի ոսկորները միացած են շարժուն ձևով, իսկ ներքին ծնոտ աջ ու ձախ աղեղները` ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը և նրանց թույլ է տալիս կուլ տալ բավական խոշոր կենդանիներ և առանց ծամելու մանրացնել։ Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված։ Ողերն ու կողերը բազմաթիվ են, գրեթե միանման։ Կրծքավանդակ չունեն։ Զուրկ են վերջավորություններից, միայն որոշ տեսակախմբերում պահպանված են հետին վերջավորությունների մնացորդներ, որոնք որոշ տեսակների մոտ արտահայտված են նաև հետանցքի կողքերում գտնվող զույգ ճանկերի տեսքով։ Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ. աջը սովորաբար ուժեղ է զարգացած և զբաղեցնում է մարմնի առջևի 2/3 հատվածը։ Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ։ Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով։ Արտաքին ականջ չունեն. լսողությունը գրեթե զարգացած չէ, տեսողությունը զարգացած է համեմատաբար լավ։ Հիմնական զգայարանը վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանն է. օդում և առարկաների վրա առկա քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով` փոխանցում է յակոբսոնյան օրգանների մակերեսին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ և անծանոթ լինելը։ Սնվում է բացառապես կենդանական ծագման կերով, այդ թվում` լեշերով։
Բազմանում է ձվադրությամբ, ձվակենդանածնությամբ կամ կենդանածնությամբ (2-100 ձու)։ Ձվերը ծածկված են փափուկ թաղանթով։
Թունավոր տեսակների թույնն օգտագործվում է բժշկության մեջ։ Մաշկն արժեքավոր է։
Հայաստանի օձերը[խմբագրել]
- Որդանման կույր օձ
- Արևմտյան վիշապիկ
- Պալլասի մագլցող սահնօձ
- Անդրկովկասյան մագլցող սահնօձ
- Սովորական պսակաօձ
- Սատունինի սևագլուխ ռինխոկալամուս
- Պարսկական պսևդոցիկլոֆիս
- Վզնոցավոր էյրենիս
- Հանդարտ էյրենիս
- Հայկական էյրենիս
- Կապարագույն իժանման սահնօձ
- Շմիդտի սահնօձ
- Նայադային սահնօձ
- Խայտաբղետ սահնօձ
- Սովորական լորտու
- Ջրային լորտու
- Կովկասյան կատվաօձ
- Սովորական մողեսաօձ
- Դարևսկու վահանագլուխ իժ
- Հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ
- Ռադդեի լեռնային իժ
- Գյուրզա
Աղբյուրներ[խմբագրել]
- Հայաստանի բնաշխարհ, Ե., Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2006, էջ 543։