Պարթենոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2004-02-29-Athenes-mod.jpg

Պարթենոն (հուն՝ Παρθενών), Աթենքի գլխավոր տաճարը, նվիրված քաղաքի հովանավոր Աթենաս կույսին (հուն. պարթենոս նշ. է կույս)։

Տաճարի շինարարությունը , որը Փիդիասի հսկողությամբ ղեկավարել են ճարտարապետներ Իկտինոսը և Կալիկրատեսը, ավարտվել է մ.թ.ա. 432։ Այն կառուցված է Պենտելիկոնի սպիտակ մարմարից։ Եռաստիճան քառանկյուն հարթակի վրա բարձրանում է 46 սյուներ ունեցող դորիական ոճի շենքը։ Սյունների բարձրությունն է 10, 43 մ։ Շենքի երկու ճակտոնները ամբողջապես զարդարված են արձանախմբերով, որոնք պատկերում են Աթենասի ծնունդը (արևելյան ճակտոն) և Ատտիկային տիրելու համար Աթենասի և Պոսեյդոնի ունեցած վեճը (արևմտյան ճակտոն)։ Ֆրիզի 92 սալերի (մետոպեների) վրա պատկերված են դրվագներ գիգանտոմաքիայից, կենտավրոսների և լապիթոսների կռվից, ամազոնուհիների հետ ճակատամարտից և Տրոյական պատերազմից։ Մյուս ֆրիզը, որը ձգվում է սյուներից հետո, պատկերել է Պանաթենական տոնի շքերթը՝ աստվածուհու համար գործած շղարշը տանող աթենուհիների թափորը։ Տաճարի խորքում կանգնած է եղել 12 մ բարձրությամբ Աթենասի արձանը՝ պատրաստած փղոսկրից ու ոսկուց։ Այս արձանը, ինչպես նաև մեծ ֆրիզը, համարվել է Փիդիասի ստեղծագործությունը։ Աթենասի արձանը կանգնած է եղել ավելի քան յոթ հարյուրամյակ և ավերվել է մ.թ.ա. 4 դ-ում։ Դրա արտապատկերումը մնացել է դրամների վրա։

Միջնադարում Պարթենոնը վերածվել է եկեղեցու, թուրքական տիրապետության տարիներին դարձել է մզկիթ, ապա և զինապահեստ։ 1687 թուրք—վենետիկյան պատերազմի ժամանակ Պարթենոնի վրա ընկած ռումբը մեծ ավերածություններ է պատճառել։ 19 - դարի սկզբին Թուրքիայի անգլիական դեսպան Էլջինը բարբարոսաբար ջարդել և տեղից հանել է Պարթենոնի քանդակների մի մասը և տարել Լոնդոն (այժմ այդ քանդակները գտնվում են Բրիտանական թանգարանում)։ Հակառակ այս բոլոր ավերումներին Պարթենոնը այսօր ևս ապշեցնում է համամասնությունների կատարելությամբ և անտիկ ճարտարապետների բարձր վարպետությամբ։[1]

Աղբյուրներ [խմբագրել]

  1. Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 187–188։