Եփեսոս
Եփեսոս (լատ.՝ Ephesus, հուն.՝ Ἔφεσος, թուրքերեն՝ Efes), Փոքր Ասիայի արևմտյան ափին, Զմյուռնիայից հարավ գտնվող հին քաղաք (ժամանակակից Թուրքիայի տարածք): Ներկայումս Եփեսոսի հնագիտական գոտին 10 քառ կմ-ից ավել է, տեղակայված է Սելչուկ քաղաքի մոտակայքում: Սելչուկի թանգարանում են ցուցադրվում Եփեսոսի հնագիտական հետազոտությունների արդյունքում հավաքված գտածոները:
Քաղաքը հիմնադրվել է Էգեյան ծովի ափին, այն նավահանգստային առևտրային քաղաք էր:
Եփեսոսը հռչակված էր պտղաբերության աստվածուհու պաշտամունքով, որին հելլենիստական դարաշրջանից սկսեցին նույնացնել Արտեմիսի հետ: Քաղաքում կառուցված Արտեմիսի տաճարը համարվում էր աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:
Քաղաքի բնակչության թիվը մ.թ. I դարում հասնում էր 200,000-ի, ինչը դարձրեց այն Հռոմեական կայսրության նշանակությամբ և չափերով երկրոդ քաղաքը Հռոմից հետո: Քաղաքը սկզբնական քրիստոնեության գլխավոր կենտրոններից մեկն էր. Եփեսոսի քրիստոնեական համայնքին է ուղղված Պողոս առաքյալի նամակներից մեկը, որն ընդգրկված է Նոր Կտակարանյան կանոնում:
Մ.թ. 6-7 դդ. Եփեսոսի բնակչությունը սկսեց արագ նվազել, ինչը պայմանավորված էր ծովի նահանջի հետևանքով քաղաքի նշանակության անկմամբ: Թուրք սելջուկների կողմից 1071-1100թթ. տարածքի նվաճման պահին Եփեսոսի տեղում գյուղ էր գտնվում:
Եփեսոսի հնագիտական պեղումները սկսվել են 1869թ. անգլիացի գիտնականների կողմից և շարունակվում են ընդմիջումներով առ այսօր: