Եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եկեղեցի - (հունարեն էկլեսիա բառից) - ժողով, ժողովարան, հավաքատեղի, Քրիստոնեական իմաստով` քրիստոնյաների համախմբում, ժողովում, քրիստոնեական համայնք:

Բովանդակություն

[խմբագրել] Անվանումը

Եկեղեցի բառը մի քանի նրբիմաստներ ունի: Նոր Կտակարանը երկու իմաստով է գործածում եկեղեցի բառը.

  • Տեղական եկեղեցի - Քրիստոնեական առանձին համայնքներ` հավատացյալների տեղական, տեսանելի հավաքույթները բնորոշելու համար (Կորնթոս, Փիլիպպե):
  • Տիեզերական - Կիրառվում է ավելի լայն իմաստով` մատնանշելու համար բոլոր քրիտոնյաների ամբողջությունը:
  • Քրիստոնյաների հավաքատեղին ` շինությունը, նույնպես անվանում ենք եկեղեցի:

Եղիշե վարդապետը եկեղեցի բառը մեկնում է իբրև ցրվածներին մի տեղում ժողովել, կանչել իմաստով: Հայ մատենագրության մեջ հանդիպում է նաև կոչարան բառը եկեղեցու շինություն իմաստով:

[խմբագրել] Եկեղեցու սահմանումը

Ըստ Շնորհք Պատրիարք Գալուստյանի` «Եկեղեցին Ժողով է հավատացյալների, որոնք մեկ հավատքով և մեկ մկրտությամբ կապված են Քրիստոսին` իբրև իրենց Տիրոջը և Փրկչին, պաշտում են Մեկ ճշմարիտ Աստծուն` Ամենասուրբ Երրորդությանը, մեկ հաստատուն հույսով ակնկալում են փրկություն և Աստվածային երանական տեսություն, և մեկ անկեղծ սիրով միացած են իրար Սուրբ Հոգով, նույն խորհուրդների հաղորդության մեջ են և կառավարվում են նույն նվիրապետական իշխանությամբ:»

[խմբագրել] Եկեղեցու հատկանիշները

Համաձայն Նիկիական հավատամքի, որն ընդունվում է քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից, եկեղեցին բնորոշվում է հետևյալ կերպ. «Հավատում ենք Մեկ, Ընդհանրական և Առաքելական, Սուրբ Եկեղեցուն:»

Եկեղեցին մեկ է, քանի որ այն Հիսուս Քրիստոսի մարմինն է, այդ մարմնի գլուխն էլ Քրիստոս է: Եկեղեցին մեկ է իր հավատքով, մկրտությամբ, նվիրապետությամբ և միավորիչ Սուրբ Հոգով: Ըստ Իգնատիոս Անտիոքացու` «որտեղ Քրիստոսն է, այնտեղ է նաև Եկեղեցին» (Ubi Cristus, ibi ecclesia): Աստծո կողմից տրված եկեղեցին ունի այդ միությունը, որն արտահայտվում է տարբեր համայնքներում, մշակույթներում և իրավիճակներով: Ըստ Նիկոլաս ֆօն Ցինզենդորֆի` Եկեղեցու պատմական էվոլուցիան նման է ծառի ճյուղերի աճմանը, և հակառակ եղած տարբերությունների, բոլոր ավանդական եկեղեցիները օրգանական միության մեջ են:

Եկեղեցին ընդհանրական է կամ կաթողիկե: Այս բառը հաճախ շփոթում են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ: Այն նշանակում է ընդհանրական կամ տիեզերեական: Ընդհանրական է կոչվում բոլոր եկեղեցիների ամբողջությունը:

Եկեղեցին առաքելական է, քանի որ Քրիստոս առաքյալների միջոցով հաստատեց Եկեղեցին: Այն առաքելական է ըստ ծագման, ըստ վարդապետության, որովհետև առաքյալների փոխանցած հավատքն է պահում, և ըստ հաջորդականության, քանի որ առաքյալներից սկսած իր իշխանությունը, նվիրապետությունը հաջորդաբար շարունակում է:

Եկեղեցին Սուրբ է, իր գլխով` Հիսուս Քրիստոսով, որով սրբված է, իր մեջ ունի Սուրբ Հոգու ներկայությունը և զորությունը, իր մեջ է Մկրտության ավազանը, որից ծնվում են քրիստոնյաները մեղքերից մաքրված: Ըստ Օգոստինոսի` Եկեղեցու սրբությունը վերաբերում է ոչ թե իր անդամներին, այլ Քրիստոսին: Այս աշխարհում եկեղեցին չի կարող սրբերի համայնք լինել, այստեղ նրա անդամներն ապականված են նախնական մեղքով: Այնուամենայնիվ եկեղեցին նվիրագործված և սրբված է Քրիստոսի կողմից:

[խմբագրել] Այլ հատկանիշներ

Եկեղեցաբանության մեջ եկեղեցուն տրվող հատկանիշներից են նաև անսխալականությունը և անպակասելիությունը: Եկեղեցին անսխալական է վարդապետական և հավատքային հարցերում, քանի որ դրանք հիմնված են Սուրբ Գրքի և Սրբազան Ավանդության վրա և հաստատվել են Սուրբ Հայրապետների կողմից գումարված տիեզերական ժողովներում: Ըստ Պողոս առաքյալի` Սուրբ Հոգին է առաջնորդում եկեղեցուն, որպեսզի այն չսխալվի: Եկեղեցին, որ մարդկանց առաջնորդում է դեպի փրկություն, անպակասելի է այս երկրի վրա մինչև աշխարհի վախճանը, որից հետո դառնում է հավիտենական երկնքում: Ըստ Հովհան Ոսկեբերանի` «Ավելի հեշտ է, որ արեգակը հանգչի, քան եկեղեցին խավարի»:

[խմբագրել] Եկեղեցու մասերը

Ըստ Հայ եկեղեցու եկեղեցաբանության` բոլոր սրբերը և երկնային էակները` հրեշտակները մաս են կազմում Հաղթանակած եկեղեցու, քանի որ նրանք այլևս այս աշխարհում չեն և չեն պայքարում չարի դեմ: Իսկ այս երկրի բնակիչները, որ զինված Աստծու խոսքով, պայքարի են ելել չարի դեմ, մաս են կազմում Զինվորյալ եկեղեցու: Սա իր հերթին բաժանվում է երկու մասի` Ուսուցանողների և ուսանողների: Ուսուցանողները հովիվների ամբողջությունն է, եկեղեցու նվիրապետությունը, իսկ ուսանողները` աշխարհական հավատացյալները:

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Աղբյուրներ

  • Եզնիկ քհն. Պետրոսյան, «Հայ Եկեղեցու պատմություն», 1990:
  • Շնորհք եպս. Գալուստյան, «Տեղիք աստվածաբանության», Երուսաղեմ, 1993:
  • Հակոբ Քյոսեյան, «Եկեղեցու հայրեր, վարդպետներ», Երևան, 2007:
  • Ալիստեր Ե. Մակ-Գրեթ, «Աստվածաբանության հիմունքներ», թարգմ. Գևորգ աբղ. Սարոյան, Էջմիածին, 2009:

[խմբագրել] Այցելեք նաև

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով