Հին Հունաստանի մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հին Հունաստանի մշակույթը բարձր զարգացման է հասել մ. թ. ա. XI–IX դարերից մինչև մ. թ. IV դարը։ Այն Հին Հռոմի մշակույթի հետ կոչվում է հունա-հռոմեական կամ անտիկ մշակույթ, մեծապես ազդել է տարբեր ժողովուրդների մշակույթների վրա, դարձել եվրոպական մշակույթի հիմքը։ Հունական մշակույթը ծաղկել է հատկապես մ. թ. ա. V դարի վերջից մինչև մ. թ. IV դարի սկիզբը, որը հայտնի է որպես դասական ժամանակաշրջան։ Մ. թ. ա. VIII–VI դարերում հույներն ունեցել են օլիմպիական (Օլիմպոս լեռան անունից, որտեղ ենթադրաբար ապրել են աստվածները) 12 աստվածների պաշտամունքը՝ Զևս հայր աստծու գլխավորությամբ, որ կյանքի արարիչն էր, երկնքի, լույսի, արդարության, կարգի, օրենքի և իշխանության աղբյուրը։ Եթե Հին Արևելքի մշակույթներում որպես հերոս ներկայացվել են երկինքն ու տարերային ուժերը, այստեղ մ. թ. ա. V դարում նրանց փոխարինել են մարդն ու հասարակական կյանքը։ Մարդը դիտարկվել է որպես մահկանացու աստված, աստվածը՝ չմեռնող մարդ։ Նույն մոտեցումը տարածվել է նաև փիլիսոփայության, գիտության, դիցաբանության և այլ ոլորտներում։ Հին Հունաստանում է ծնունդ առել փիլիսոփայությունը, ձևավորվել են Դեմոկրիտեսի՝ նյութի կառույցի ատոմային ուսմունքը, Սոկրատեսի և Պլատոնի իդեալիզմը։ Պատմահայր Հերոդոտոսի ջանքերով պատմագիտությունն առանձնացել է որպես գիտության ինքնուրույն ճյուղ։ Արիստոտելի «Պոլիտիկա» երկով սկզբնավորվել է պետության առաջին գիտական տեսությունը, Էվկլիդեսը հիմնադրել է երկրաչափությունը, Արքիմեդը՝ մեխանիկան։ Ըստ հույն պատմիչների՝ հունական գիտությունը մեծ ազդեցություն է կրել փյունիկյանից։ Հունաստանի առաջին մաթեմատիկոս, փիլիսոփա և աստղագետ Թալես Միլեթացին փյունիկեցի էր։ Մ. թ. ա. XI դարում Փյունիկիայում ստեղծվել է 22 նշանից բաղկացած այբուբեն, որը հետագայում փոխառել են Փոքր Ասիայի ժողովուրդները և հույները։ Հունական գիրն ստեղծվել է մ. թ. ա. VIII դարում. փյունիկյան այբուբենին ավելացրել են ձայնավորներ և ստեղծել կատարյալ այբուբեն, որը հետագայում մի շարք այբուբենների հիմքն է դարձել։ Հին հունական գրականությունը, որ հնագույնն է Եվրոպայում, ձևավորվել է առասպելների և ասքերի հիման վրա։ Տրոյա քաղաքի դեմ աքքայացիների մղած 10-ամյա պատերազմի մասին են պատմում Հոմերոսի «Իլիական» ու «Ոդիսական» պոեմները, որոնք համաշխարհային գրականության գլուխգործոցներ են։ Դրանց մեջ այնքան ամբողջական է ներկայացված վաղ հունական կյանքը, որ հետագա սերունդներն այդ պոեմներն անվանել են «հունական կյանքի հանրագիտարան»։ Հեսիոդոսը (մ. թ. ա. VIII–VII դարեր) ներկայացրել է աշխարհի ու աստվածների ծագումնաբանությունը («Թեոգոնիա»), կազմել բարոյատնտեսական ու կրոնական խրատների ժողովածու։ Հին հունական թատրոնը սկզբնավորվել է մ. թ. ա. VI դարում՝ Դիոնիսոս աստծուն նվիրված սրբազան տոնակատարությունների ժամանակներից։ Ունեցել է 2 ժանր՝ ողբերգություն և կատակերգություն։ Դասական ժամանակաշրջանի երևելի ողբերգակ թատերագիրներից էին Էսքիլեսը, Սոֆոկլեսը, Եվրիպիդեսը, կատակերգակներից՝ Արիստոֆանեսը։ Թատերական ներկայացումների համար կառուցել են հատուկ շինություններ՝ ամֆիթատրոններ։ Հույները շինարարության (Աթենքի Ակրոպոլիս) ու քանդակագործության (Միլոսյան Աֆրոդիտե) մեջ հրաժարվել են գիգանտոմանիայից. շինությունները կառուցել ու քանդակները կերտել են բնությանը ներդաշնակ համամասնություններով։ Ձևավորվել է ճարտարապետական և գեղագիտական 3 ոճ՝ դորիական՝ խիստ պարզ՝ առանց զարդանախշի, կորնթական՝ ճոխ ու զարդարուն, հոնիական՝ հավասարակշիռ ու զուսպ։ Դրանց համադրությամբ Հունաստանում ստեղծվել են ճարտարապետական արժեքներ, որոնցով առանձնանում էր մ. թ. ա. V դարի Աթենքը։ Պերիկլեսի օրոք այնտեղ են ապրել և ստեղծագործել բոլոր նշանավոր արվեստագետները։ Դասական շրջանի մեծագույն քանդակագործ-ճարտարապետը Ֆիդիասն էր. նա է կերտել Աթենաս աստվածուհու և Զևսի հռչակավոր արձանները։ Հունական նկարչության բարձր զարգացման մասին վկայում են խեցեղենի (թասեր, սափորներ, գավաթներ) վրա արված նկարները։ Հունաստանում (Օլիմպիայում) մ. թ. ա. 776 թ-ից (4 տարին՝ մեկ) անցկացվել են սպորտային մրցումներ, որոնք շարունակվում են մինչև օրս (տարբեր երկրներում)՝ օլիմպիական խաղեր անվանումով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։